Գլխավոր » TOP, Լրահոս

Համասեռամոլության քարոզի դեմ պայքարը պետք է դառնա հստակ քաղաքականություն

Նոյեմբեր 16, 2018թ. 22:31
46291541_774152159594699_8680590158933786624_n

Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու. այս մասին հայտնի դարձավ դեռ մեկ շաբաթ առաջ, թեև մի քանի ամիս շարունակ Հայ առաքելական եկեղեցին, հասարակական սեկտորը և քաղաքական որոշ գործիչներ բարձրաձայնում էին դրա անթույլատրելիության մասին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրեթե բոլորը՝ հասարակության լայն շրջանակներից սկսած, մտահոգ էին այդ երևույթով, բացի իշխանություններից:

«Մեզ, որպես քաղաքական ուժի, անհանգստացնում է այն կեցվածքը, որ ունեն ՀՀ ներկայիս իշխանությունները: Այն հայտարարությունները, թե ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում տեղի չի ունենալու, որովհետև դա բխում է մասնակիցների անվտանգությունից, անընդունելի է, որովհետև մենք ուզում ենք կառավարության կոնկրետ կեցվածք տեսնենք այս արատավոր երևույթների դեմ: Եվ որպես քաղաքական ուժ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀում ընդունվի օրենք, որը կարգելի համասեռամոլության քարոզչությունն ու նման դրսևորումները»,-  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Բանախոսի խոսքով, ԼԳԲՏ ֆորումը ոչ առաջին նման արատավոր երևույթն էր, ոչ էլ վերջին և ակնհայտ է, որ սա հստակ ուղորդվող և արտերկրի կոնկրետ կենտրոններից ֆինանսավորվող քաղաքականություն է: Վերջին տարիներին Հայաստանում, ասաց նա, կոնկրետ քաղաքականություն է տարվում, որպեսզի հայ ավանդական և հոգևոր արժեքները ոչնչացվեն: Ղուկասյանի խոսքով, սա քաղաքական նպատակ է հետապնդում՝ ազգի պառակտման, երկրի ու պետականության թուլացման և երկրի ներքին ապակայունացման համար:

ՀԱՍԱԿ առաջնորդը նշեց, որ եկել է խոսքերից կոնկրետ գործողությունների անցնելու ժամանակը՝ կուսակցությունը պահանջագիր է ներկայացնելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Կառավարության աաջիկա նիստի օրը՝ հինգշաբթի, մենք պատրաստվում ենք պահանջագիր ներկայացնել կառավարության ղեկավարին, որում կնշվի հստակ պահանջ այդ օրենքն ընդունելու մասով, որը կարգելի ՀՀ-ում համասեռամոլության քարոզչությունը: Մեր կուսակցությունը պատրաստվում է բարձրաձայնել այս խնդիրը ամենուր, փորձելու ենք մեր ուշադրության կենտրոնում պահել և կոչ ենք անում բոլոր մտահոգ ուժերին ու անհատներին հետամուտ լինել այս գործընթացին»,- ասաց նա:

Արման Ղուկասյանը վստահ է, որ սա դժվար գործընթաց է, որին հակադրվելու են արևմտյան կենտրոնները, որոնք տարիներ շարունակ հսկայական գումարներ են ծախսել Հայաստանում իրենց արժեքները տարածելու և հաստատելու համար: Դա է, որ պարտադրում է էլ ավելի պայքարել:

Հարցին, թե նախընտրական այս շրջանում ո՞րն է իրենց ուղերձը ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերին, որոնցից շատերը հանդես են գալիս ազգային-պահպանողական ուժի դիրքերից, Արման Ղուկասյանն ասաց, որ նախևառաջ անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա համասեռամոլության, այլասերվածության քարոզչության դեմ օրենքի ընդունման հարցում:

«Շատ երկրների օրինակներ ունենք, որտեղ նման օրենսդրություն է գործում. օրինակ, Ռուսաստանում, արևելյան շատ երկրներում, անգամ ԱՄՆ ութ նահանգներում այդ քարոզչությունն արգելված է: Մենք պետք է հասկանանք, որ այդ քարոզչությունն ունի քաղաքական ենթատեքստ ու նպատակ, որն ուղղված է ազգը պառակտելու և երկիրն ավելի կառավարելի դարձնելու համար: Հետևաբար քաղաքական ուժերս պետք է կոնսոլիդացվենք այս գաղափարի շուրջ ու ավելի ակտիվ պայքար մղենք»,- հավելեց նա:

ՀԱՍԱԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը ևս նշեց, որ կուսակցությունը, որի վարչության կազմում են անձիք, որ երկար տարիներ ակտիվ պայքար են մղել համասեռամոլության քարոզի դեմ, մտադիր է ակտիվ բարձրաձայնել իշխանությունների վտանգավոր լռության մասին և պահանջել, որպեսզի այս խնդիրը բերվի օրենսդրական դաշտ և ընդունվի համապատասխան օրենք:

«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այն հասարակական կազմակերպությունների մասին, որոնք արտերկրից ֆինանսավորում են ստանում ոչ հայանպաստ գործունեություն ծավալելու համար: Մեր ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ միայն վերջին երեք-չորս տարիների ընթացքում «Բաց հասարակություն» հիմնադրամից կողմից մի շարք հայաստանյան ՀԿ-ներ ստացել են 5 մլն դոլարի դրամաշնորհներ և ծավալել ոչ հայանպաստ գործունեություն՝ զբաղվելով համասեռամոլության քարոզչությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ կուսակցությունը շարունակելու է ուսումնասիրել այդ կազմակերպությունների գործունեությունը:

Գլխավոր նպատակները, որ այս փուլում իր առջև դնում է կուսակցությունը, հետևյալն են. համասեռամոլության քարոզչությունը բացառող օրենսդրության ընդունում և կոչ ՀՀ պատկան մարմիններին ուշադրության կենտրոնում պահել նմանատիպ ՀԿ-ների գործունեությունը, որոնց ֆինանսավորվում են արտերկրի աղբյուրներից ու անհասկանալի բովանդակությամբ միջոցառումներ են կազմակերպում:

Կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ ավելացրեց, որ անհանգստացնող է ոչ միայն իշխանությունների լռությունը, այլև այն, որ կառավարությունը մերժում է բոլոր ջանքերը կանխելու այս արատավոր երևույթի ամրապնդումը Հայաստանում: Որպես օրինակ նա հիշեցրեց, որ օրերս գործադիրը մերժեց քաղաքական ուժերից մեկի համանման օրինագիծը, ուստի նա կոչ արեց ուժերին, որոնք կլինեն ապագա խորհրդարանում, համախմբվել այս հարցի շուրջ ու միահամուռ կերպով ընդունել համասեռամոլության քարոզն արգելող օրենքը.

«Սա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության դեմ ուղղված գործընթաց է և պետք է ամեն ինչ անենք այդ գործընթացը կասեցնելու համար»,- շեշտեց նա:

Գրիգոր Բալասանյանը ևս մի անհանգստացնող հանգամանք մատնանշեց: Օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ՀՀ ԼԳԲՏ համայնքի վառ ներկայացուցիչներից մեկի հետ, ինչի մասին վերջինս տեղեկացրել էր Facebook-ի իր էջում, նաև հրապարակելով լուսանկար:

«Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքական նոր մշակույթ մտցրեց՝ այսպես կոչված լայվերի մշակույթը: Մենք այն շատ ենք կարևորում, որովհետև սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ բաց է հանրության և քննարկումների համար: Իհարկե, մենք չենք ակնկալում, որ նախարարների բոլոր հանդիպումները պետք է լայվի միջոցով հեռարձակվեն, սակայն քանի որ հանդիպման կողմերից մեկը դրա փաստը արձանագրել է, ապա պահանջում ենք հանրությանը տրամադրել սույն անձի հետ հանդիպման սղագրությունը: Մենք սրա տակ վտանգ ենք տեսնում այն առումով, որ նման շփումները կարող է հիմք հանդիսանան, որպեսզի զանազան անունների տակ դպրոցներում տարածվեն ԼԳԲՏ համայնքին վերաբերող նյութեր, մենք ունենք այդ կասկածները: Հետևապես ԿԳՆ-ին ևս մեկ անգամ կոչ ենք անում փարատել  այդ կասկածները և տրամադրել հանրությանը այդ հանդիպման սղագրությունը»,-հավելեց Գրիգոր Բալասանյանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն