Գլխավոր » Analitika, Society, TOP, Լրահոս, Կրթություն

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատարը գրագո՞ղ

Նոյեմբեր 3, 2018թ. 18:33
karen petrosyan

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողներ բաց նամակով դիմել են ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, ՀՀ ԿԳՆ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պրն վարչապետ,

Կրթության և գիտության ոլորտի հարգելի՛ պատասխանատուներ.

Մեծ ոգևորությամբ ենք ականատես լինում, թե ինչպես է հայրենի կառավարությունը ձեռնամուխ եղել քաղաքական դաշտի՝ «սանիտարական» մաքրման աշխատանքներին։ Դա նաև հավատ է ներշնչում երկրի ապագայի հանդեպ։ Սակայն թույլ տվեք նկատել, որ նմանատիպ աշխատանքների ծարավ է նաև կրթության և հատկապես գիտության ոլորտը: Վերջին տարիներին այնպիսի տարրեր են թափանցել գիտության ասպարեզ, որ իրականում դպրոցը պիտի ավարտած չլինեին, ուր մնաց պաշտոն զբաղեցնեն կամ գիտական կոչումներ ձեռք գցեն։ Եթե իրապես ցանկություն ունենաք գիտության և կրթության ոլորտը պատահականություններից և թյուրիմացություններից մաքրելու, ապա հավատացա՛ծ եղեք, որ անշուշտ կգտնվեն գիտության բազում ազնիվ մշակներ, որ ըստ կարելվույն կաջակցեն և կնպաստեն այս գործին։ Եվ որպես վերևում հնչած խոստման իրականացում, թույլ տվեք հայտնել, որ գիտական շրջանակների և հատկապես ձեր վստահությունը չարաշահելով՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատարությունը ստանձնել է մեկը, որ շարքային անգրագետ է և գրագող։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նշյալ անձնավորությունը 2006 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ (ՀՀ ՕՐԻՆԱԿՈՎ)» թեմայով։ Միանշանակ կարելի է «աշխատությունը» ջախջախել տնտեսագիտորեն՝ մանրամասն կանգ առնելով ամեն կետի ու դրույթի վրա, սակայն չէինք կամենա շարադրանքն ավելորդ ծանրաբեռնել նեղ մասնագիտական վերլուծությամբ, որ անհետաքրքիր, գուցե նաև հոգնեցուցիչ կլինի այլ բնագավառների մասնագետների համար։ Տնտեսագիտական տեսանկյունից բավարար է ասելը, որ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» -ի մասին խոսողն ընդամենը պիտի պատասխաներ 5-6 տարրական հարցի, այն է՝ ֆոնդերի գործունեության ցուցանիշները, դրանց շահութաբերությունը, ակտիվների կազմն ու կառուցվածքը, լիկվիդայնությունը, ակնկալվող և օրենսդրությամբ թույլատրելի տոկոսները և այլն, որոնք ատենախոսն «արհամարհել» է, փոխարենը խոսելով երկրորդական, իսկ ավելի հաճախ՝ տսաներորդական բաներից։ Սա զուտ տնտեսագիտորեն՝ ատենախոսըչիկարողացելընկալելթեմայիէությունըև, բնականաբար, չէրկարողլուծելիրառջևդրվածխնդիրները։

Այժմ անդրադառնանք այն հանգամանքներին, որ ոչ միայն տնտեսագետը, այլ նաև ցանկացած բնագավառի գիտնական կվկայի, որ գիտական թեզի պարագային երևույթն առնվազն անընդունելի է։

1) Ատենախոսություններին ներկայացվող տարրական պահանջ է հղումները որոշակի սահմանված կարգով ձևակերպելը, որից, անգամ արտաքնապես, պիտի երևա հեղինակի, կազմողի կամ խմբագրի հանգամանքը։ Կից էջերում մենք երկու օրինակ ենք բերել (նման օրինակները բազմաթիվ են), ուր ակնառու է դառնում, որ ատենախոս Կ. Պետրոսյանը հղումների կարգին կամ անտեղյակ է, կամ, որ առավել հավանական է, ընդհանրապես չի էլ տեսել այդ գրքերը։ Կարևոր է նաև այն, որ Կ. Պետրոսյանը հղումները տալիս մերթ գրում է հեղինակի անունը հետո ազգանունը, մերթ՝ հակառակը։ Սա գրագողերի ինքնաբացահայտման ամենաբնորոշ դեպքն է. ամեն բան կախված է, թե երբ և որտեղից է արտագրում։

2) Գիտական աշխատանքներում անթույլատրելի է գիտահանրամատչելի և առավել ևս հանրամատչելի գրականության վրա հիմնվելը։ Բերված օրինակները վկայում են, որ Կ. Պետրոսյանն այս դրույթին ևս ծանոթ չէ։

3) Եվ վերջապես՝ բոլորիս հիշողության մեջ վառ է այն օրինակը, երբ գերմանացի պաշտոնյան, ընդամենն առանց չակերտի մեջբերում անելով, մեղադրվեց գրագողության մեջ և ստիպված էր հրաժարական տալ։ Կցվող էջերում մենք զուգադրել է Կ. Պետրոսյանի բառացի, անչակերտ, ծավալուն «քաղվածները» ռուսական «Կոմերսատ» թերթի 2004 թ. հավելվածից։ Լա՛վ, գրագողությունն էլ մի կողմ, բայց մի՞թե արդեն հայ տնտեսագիտական միտքն այնտեղ է հասել, որ թերթերից են սկսում արտագրել։ Սա մեծագույն խայտառակություն է, և ժամանակի հրամայականն է, որ այս երևույթը լուրջ ուշադրության առնվի։

Մեծարգո՛ պարոններ.

Քաջատեղյակ ենք և ծանոթ ՀՀ ԲՈԿ գործունեությունը կարգավորող օրենսդրական և իրավական փաստաթղթերին և գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում դիպլոմը կամ վկայականը ետ կանչելու հնարավորություն չի նախատեսված։ Բայց դա, բազմաթիվ գիտնականների համոզմամբ, շուտափույթ լուծում պահանջող խնդիր է։ Գրագողությամբ, թարգմանությունը իբրև սեփական աշխատանք ներկայացնելով, փողով ուրիշի փոխարեն ատենախոսություն գրելով՝ տարիներ շարունակ կործանել են հայրենի գիտությունը։ Ժամանակն է, որ մաքրենք մեր բուհերը, ինստիտուտները, ակադեմիան։ Եվ վերջում, դարձյալ գալով գերմանացի պաշտոնյայի հրաժարականին, նկատենք, որ նրա քայլը զուտ բարոյականության հարթության մեջ էր, ինչը չենք կարող ակնկալել Կ. Պետրոսյանի դեպքում, ուստի խնդրում, պահանջում և ակնկալում ենք ձեր անհապաղ արձագանքը. գրագող, թերուս-անգրագետն իրավունք չունի անգամ ժամանակավոր պաշտոնակատար լինելու պետական որևէ հիմնարկում», –ասված է համացանցում տարածված հայտարարության մեջ, որտեղ կից ներկացրել են նաեւ համապատասխան փաստարկներ:

karen gragoxkaren gragox 1karen gragox 2karen gragox 4karen gragox 3karen gxagox 6

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Society, TOP, Լրահոս, Կրթություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն