Գլխավոր » TOP, Լրահոս, Մշակույթ

Երևան Արտ էքսպոն դառնում է ավանդույթ

Հունիս 9, 2018թ. 19:34
lil 4

Նկարիչ, արվեստի համադրող Նարինե Իսաջանյանն արդեն քսան տարի  ապրում է Միացյալ նահանգներում, սակայն սիրում է գալ Երևան,  շփվել իր լեզվով, զրուցել ընկերների հետ, այդ թվում նաև երիտասարդների, որոնց մեջ տեսնում է իր մտքի շարունակողներին։ Նա երիտասարդներին ուզում է տալ այն, ինչ ինքն է սովորել, այն, ինչ կարող է ամբիոններից ասել՝ ուզում է այստեղ պատմել, փոխանցել իր  գիտելինքները:

 

Նարինեի կարծիքով հայաստանցի այսօրվա երիտասարդները շատ տաղանդավոր են, կարող են լինել լավ փիլիսոփաներ, գրողներ և ցանկացած մասնագետ, սակայն արվեստագետ երիտասարդն այսօր բարդ վիճակում է։ Նրա խոսքով՝ իր երիտասարդության տարիներին իրենք ավելի հանգիստ էին, ունեին դպրոց, ունեին արվեստանոցներ, ավելի շատ էին շփվում արվեստագետների ու միմյանց հետ։ Մինչդեռ ամեն անգամ Հայաստան այցելելիս Նարինեն նկատում է, որ երիտասարդ արվեստագետների միջև պակաս են շփումները,  յուրաքանչյուրն իր արվեստանոցում՝ ինքն իր մեջ ամփոփված:

 

Նկարչուհին  շատ է ուզում, որ այն, ինչն ինքն զգացել է երիտասարդ տարիքում,  զգան նաև այսօրվա երիտասարդները: Հիշում է՝ իրենք ունեին փոքրիկ գրքեր, վատ տպագրություն, չունեին ինտերնետ, բայց հավաքվում էին մի սենյակում, քննարկում, համեմատում տարբեր նկարիչների գործերն ու բացահայտում նույնանման մտածողության տեր մարդկանց՝ առանց երկրից երկիր տեղափոխվելու։

 

Սակայն շփման, միմյանց ճանաչելու և միմյանցից սովորելու բան ունեն ոչ միայն երիտասարդները։ Եվ այս նպատակի իրագործման համար արդեն երրորդ տարին է, որ Երևանի Երազ գործարանի տարածքում իրականացվում է Մշակութային փոխանակման ծրագիրը՝ Երևան Արտ էքսպոն:

Այս տարի այն տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 12.00–ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում՝ ճարտարապետ Արա Կարապետյանի աջակցությամբ։  Թեև ցուցադրության ընթացքում ներկայացվում են տարբեր ու խառը (ոճի, ուղղության) աշխատանքներ, այնուամենայնիվ, Երևան արտ էքսպոյի թեման ու ամբողջ շեշտադրումը ոչ այնքան ոչ ավանդական արվեստ ցուցադրելն է, որքան արվեստի ոչ ավանդական ցուցադրությունը։

 

Իսկ ինչո՞ւ հենց Երազ գործարանում։ Ընդհանրապես, այլ երկրներում ընդունված է հրավիրել նկարիչների, արվեստագետների ամբողջ աշխարհից և իրենց բաց, լքված տարածքներ տրամադրել, նրանց հնարավորություն տալ տեղում օգտագործել ձեռքի տակ եղած գործիքներն ու առարկաները, տարածությունն՝ ինչպես կամենան, մեկօրյա ցուցադության ու ինստալացիաների միջոցով ներկայացնել իրենց գործերը և այդպիսով նաև նոր կյանք ու իմաստ հաղորդել այդ տարածքներին։ Երազ գործարանն ունի այդպիսի լքված տարածք, և Էքսպոյի կազմակերպիչները, օգտագործելով այն, փորձում են նման ցուցադրությունները դարձնել ավանդույթ։

 

Հետագայում, եթե այդ տարածքը մնա, հաջորդ էքսպոները նույնպես այնտեղ կիրականացնեն, եթե ոչ՝ այլ տարածք կփնտրեն կամ կտեղափոխվեն Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, քանի որ թանգարանն իրենց աջակցում է, հատկապես Էքսպոյից առաջ կամ հետո կազմակերպվող ցուցադրությունների հարցում։

 

Եվ հենց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում էլ հունիսի 7-ին տեղի ունեցավ “2018 Էքսպոյից առաջ” (Before expo 2018) խորագրով խմբային ցուցահանդեսը, որին Հայաստանի արվեստագետների հետ մեկտեղ մասնակցեցին նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից հրավիրված թվով 42 ոչ միայն հայազգի հեղինակներ՝ ինչպես բավականին հայտնի, այնպես էլ դեռևս նոր անուններ։ Միտքն այն էր, որ դրսի և ներսի նկարիչները ցուցադրվեն մեկ տարածքում, հաղորդակցվեն, կարողանան հարաբերություններ ստեղծել ու պարզապես շփվել, ինչը և տեղի ունեցավ բացման օրը։

 

Գրաֆիկական, գեղանկարչական, լուսանկարչական աշխատանքների, քանդակների ու ինստալացիաների հետ մեկտեղ ցուցահանդեսին ներկայացված է նաև մեկ ռոք-օպերա։ Իսկ արտասահմանցի մասնակիցներից մեկն իր աշխատանքը կներկայացնի ցուցադրության մասին պատմող վիդեոարտի միջոցով, կպատրաստի տեսաֆլմ, որը կներկայացվի տարբեր երկրներում և աշխարհի բոլոր նկարիչներին կառաջարկվի գալ և մասնակցել այս մշակութային փոխանակմանը։

Էքսպոյի և ցուցահանդեսի հովանավորն է “Alan Derian Production” (ԱՄՆ)։ Համադրող Նարինե Իսաջանյանի և կազմակերպիչ “Արվեստի գանձեր” ոչ առևտրային կազմակերպության (“Art’s Treasures” non-profit organization, ԱՄՆ) նպատակն է Երևանը դարձնել մշակութային փոխանակման ծրագրի մասնակից, ակտիվացնել մշակութային կյանքը և շփման ու փոխանակման կամուրջ ստեղծել նաև երիտասարդների համար։

 

Նշենք, որ “2018 Էքսպոյից առաջ” ցուցահադրությունը կշարունակվի մինչև հունիսի 14-ը, այնպես որ հանդիսատեսը դեռևս ժամանակ ունի ծանոթանալու ներկայացված աշխատանքներին ու հեղինակներին։

Լիլիթ Ալեքսանյան

Lil 1lil 2lil 3

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն