Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

ԵՊՀ մի շարք դասախոսներ հանդես են գալիս մայր բուհում բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությամբ

Մայիս 24, 2018թ. 00:29
ԵՊՀ

Հայտարարություն

Համալսարանական հարգելի գործընկերներ և սիրելի ուսանողներ,
Բարձրագույն կրթության ոլորտում էական բարեփոխումների թեմայի՝ հանրային քննարկումների օրակարգ մտնելը և ծառացած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը հիմք են տալիս Երևանի պետական համալսարանի մի շարք դասախոսների՝ հանդես գալ Մայր բուհում բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությամբ:

Նկատի ունենալով, որ Երևանի պետական համալսարանի կանոնադրական կարևորագույն նպատակների՝ բարձրորակ կրթության և բարձրակարգ հետազոտության ուղղություններով բարեփոխումները կապված են բազմաթիվ փոխկապակցված խնդիրների հետ՝ համալսարանականներին ենք ներկայացնում ԵՊՀ-ում առկա, մեր կարծիքով, առավել հրատապ խնդիրների օրակարգը:

Ստորև ներկայացված խնդիրների ընտրությունը պայմանավորված է համալսարանական ռեսուրսների հաշվին դրանց լուծումների իրատեսականության աստիճանով: Այդ խնդիրների ցանկում առանձնացնում ենք հետևյալները.
1. ԵՊՀ կրթական մի շարք ծրագրերի ցածր որակը,
2. համալսարանական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ոչ բավարար մակարդակը,
3. պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի ցածր վարձատ¬րությունը,
4. բուհական ինքնավարության առկա ցածր մակարդակը,
5. կադրային հարցերը (դասախոսների մի մասի որակավորման ոչ պատշաճ, վարչական աշխատակիցների մի մասի պրոֆեսիոնալիզմի ոչ բավարար մակարդակ, վարչական, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և առաջխաղացմանն առնչվող խնդիրներ),
6. վարչական ընթացակարգերի և փաստաթղթաշրջանառության անկատարությունը,
7. ուսանողներին և ուսանողական ինքնակառավարմանն առնչվող խնդիրները,
8. ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրները,
9. համալսարանական ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները,
10. սոցիալական ապահովության հավելյալ երաշխիքներ ձեռք բերելու հետ կապված խնդիրները,
11. ուսանող-դասախոս-վարչական հատված կայուն հետադարձ կապի ապահովման խնդիրները:
Անկասկած, վերը թվարկված խնդիրների ցանկը կարելի է համալրել:

ԵՊՀ վարչական ու պրոֆեսորադասախոսական կազմի մտահոգ բոլոր անդամներին և ուսանողներին կոչ ենք անում միանալ այս նախաձեռնությանը, ձևավորել քննարկումների պրոֆեսիոնալ հարթակ, քննարկել վերոնշյալ, ինչպես նաև հնարավոր այլ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Սույն նախաձեռնող խմբի անդամներն ակտիվ համագործակցության ու ԵՊՀ-ում առկա խնդիրների փոխշահավետ լուծումներ գտնելու կոչ են անում նաև համանման հիմնահարցեր բարձրացնող դասախոսական և ուսանողական մյուս նախաձեռնություններին՝ ակնկալելով օպերատիվ արձագանք:

Նախաձեռնության առաջնային խնդիր ենք դիտարկում ԵՊՀ բարեփոխումների գործընթացում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերից առկա խնդիրների ու նրանց հնարավոր լուծումների վերաբերյալ գրավոր առաջարկների հավաքագրումը: (acssysu@gmail.com, https://www.facebook.com/groups/631036773901203/): Առաջարկներն ստանալուց, դրանք ամփոփելուց ու դասակարգելուց հետո, նախատեսում ենք լայնաֆորմատ հանդիպում-քննարկում՝ ԵՊՀ-ում բարեփոխումների միասնական փաթեթ ստեղծելու նպատակով:

Նախաձեռնող խումբ՝
փ.գ.թ., դոց. Մովսես Դեմիրճյան
ք.գ.թ., դոց. Ալեն Ղևոնդյան
ք.գ.թ., դոց. Նարեկ Գալստյան
փ.գ.թ., դոց., Արմեն Սարգսյան
պ.գ.թ. Լևոն Հովսեփյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն