Գլխավոր » NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Իսկապես, մենք սպասում ենք համանախագահների հետ երկխոսության գործընթացի մեջ մտնելուն. Զոհրաբ Մնացականյան

Մայիս 23, 2018թ. 22:34
Զոհրաբ Մնացականյան

ՀՀԿ պաշտգամավոր Կարեն Բեքարյանը այսօր՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  հարց ուղղեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին. << Եղավ տեղեկատվություն, որ հունիսին արդեն սպասում ենք համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Երևան: Առնվազն իրենց կողմից ամրագրվեց այն: Կա՞  հստակեցում մեր դիրքորոշումներում: Մենք շարունակականության վրա ե՞նք, թե՞ ինչ-որ փոփոխություն ունենք: Սա հարցի առաջին բաղադրիչն է:

Երկրորդը կապված է մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ թե՛ մեր մասով, թե՛, Ադրբեջանի մասով:

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. <<Իսկապես, մենք սպասում ենք համանախագահների հետ երկխոսության գործընթացի մեջ մտնելուն։ Մեզ համար շատ էական է պահպանել գործընթացի դինամիկան, որովհետև դրա հիմքում դրված է հանձնառությունը` շարունակելու խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ մասին բարձրաձայնվել է և՛ վարչապետի կողմից, և՛ տարբեր առիթներով` մեր կողմից: Մեզ համար շատ էական է այդ դինամիկան պահպանելը:

Պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս կունենանք այդ հնարավորությունը՝ հանդիպելու, ամբողջ գործընթացը, այսպես ասած, վերականգնելու: Մենք առիթ ունեցանք խոսելու համանախագահների հետ. արդեն կապի մեջ ենք իրենց հետ, հեռախոսազրույց ենք ունեցել: Իրենք տեղեկացրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Նախատեսում ենք հունիսին վերականգնել գործընթացը:

Ինչպես նշեցի, ինչ վերաբերում է դիրքորոշմանը, մեր դիրքորոշման շարունակականությունը նույնպես արտահայտվել է: Դրա հիմքում, ես կարող եմ նորից վերահաստատել, առաջնային, ամենակարևոր սկզբունքը բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես խաղաղ գործընթացի երաշխավորումն է, ապահովումը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առումով մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանն այն առումով, որ չունենանք որևէ զարգացում, որը բացասական ազդեցություն կունենա բանակցությունների վրա, մթնոլորտը փչացնելու վրա, որևէ իրավիճակ, որը կարող է բերել էսկալացիայի. լինի դա էսկալացիա անմիջապես տեղում կամ որևէ դիվանագիտական հարթակում, այն բարդացնելու է գործընթացը: Հորդորում ենք խուսափել նման իրավիճակներից և բնականոն ձևով վերականգնել մեր բանակցային գործընթացը>>:

Կարեն Բեքարյանը դարձյալ հարց ուղղեց. << Վերջին մի քանի օրերի ընթացքում բավական մեծ ակտիվացում ենք նկատում՝ Ադրբեջանի նախագահի այց Նախիջևան, Նախիջևանում հավաք, զրույց, ինչպես միշտ, ոչ շատ լավ հռետորաբանությամբ: Մինչ այդ առիթ ունեցաք Դուք էլ պաշտպանության նախարարի հետ լինել այնտեղ: Մենք այնտեղ ինչ-որ արտասովոր բա՞ն ենք նկատում պրոցեսում, թե՞ սա պետք է դիտարկել ընդհանուր մշտական գործող հռետորաբանության ներքո, ինչն առկա էր բավական երկար ժամանակ>>:

Զոհրաբ Մնացականյան. << Իրապես, այդ այցը նպատակ ուներ, եթե ուզում եք այդպես ասենք, կանխարգելել և ազդակ փոխանցել, որ մենք շատ ուշադիր ենք և շատ մեծ կարևորություն ենք տալիս` բացառելու որևէ զարգացում, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Հուսով եմ, որ որևէ ուրիշ զարգացում չենք ունենա: Բայց մեր կողմից մեծ կարևորություն է տրվում հենց այդ նպատակին ևս՝ բացառել որևէ նման զարգացում, որևէ էսկալացիա: Դա դրական որևէ դեր չի ունենալու բանակցային գործընթացում>>:

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն