Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց բանակցությունների ժամանակ ես նրա մեջքին կանգնած եմ լինելու

Մայիս 22, 2018թ. 19:38
Էդուարդ շարմազանով

Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ

-Ինչպե՞ս կբնորոշեք առկա իրավիճակը. արտահերթ ընտրություններին  ՀՀԿ-ն կմասնակցի՞, կպայքարե՞ք իշխանության գալու համար:

– Մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ. կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն, այսինքն՝ մենք: Ես հուսով եմ, որ թե կառավարությունը, թե ընդդիմությունը կգործեն բացառապես Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով: Մենք որպես քաղաքական ուժ, լինելու ենք բացառապես պետական ու ազգային շահերի ջատագովը, լինելու ենք պետական ու կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու ու գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնելու կառավարությանը: Բայց ես մնում եմ իմ այն կարծիքին, որ այս գործընթացները քաղաքական չեն: Իմ այս կարծիքը գուցե գալիս է իմ գաղափարախոսությունից. ես պահպանողական մարդ եմ, իսկ պահպանողականները մերժում են հեղափոխությունը, նրանք կողմ են էվոլյուցիոն, բնականոն ճանապարհով իշխանափոխության:

Ինչ վերաբերում է ընտրւոթյուներին մասնակցելուն, ապա այն քաղաքական ուժը, որը չի մասնակցում ընտրություններին ու իր առաջ խնդիր չի դնում ստանալու ընտրողների ձայների մեծամասնությունը,  որպեսզի մեկ օր դառնա իշխանություն, ուրեմն, այն քաղաքական ուժ չէ,  կուսակցություն չէ,  ֆուտբոլի թիմ է կամ էլ գարեջրի սիրահարների միություն:

 -ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցի ուսուցիչներին դուրս գալ ՀՀԿ շարքերից. ինչպե՞ս կարձագանքեք նրա կոչին:

-ԿԳ նախարարին կոչ կանեմ զբաղվել իր գործով՝ կրթությամբ ու գիտությամբ, և չխառնվել մարդկանց ազատ, սահմանադրական իրավունքին:  Կլինի դպրոցի ուսուցիչ, հավաքարար, թե լրագրող, ամեն ոք ինքն է  որոշում՝ լինել կուսակցակա՞ն, թե՞ ոչ, լինել  ՀՀԿ-ից, ՔՊ-ից, ՀԿԴ-ի՞ց, թե՞ ԲՀԿ-ից: Նման որոշում կայացնելն այդ մարդկանց իրավունքն է: Իսկ ԿԳ նախարարը, ինչպես  ցանկացած նախարար, չպետք  է հանդես գա նման կուսակցական կոչերով: Ի վերջո, եթե ուսուցիչներից ոմանք որոշեն դուրս կգա կուսակցությունից, դա կլինի  իրենց որոշելիքը, ես այն կարծիքին չեմ, որ ՀՀԿ 150 000 անդամները բոլորն էլ նժդեհյան գաղափարախոսության ջերմեռանդ պաշտպաններ են: Այնպես որ, ով գնում է՝ բարով գնա, ով մնում է՝ բարով մնա: Ես Արային Հարությունյանին անձամբ չեմ ճանաչում, լսել եմ, որ նա կիրթ, գրագետ մարդ է, բայց ինձ առանձնապես մտահոգեց, անհանգստացրեց նրա բացասական կարծիքը ռազմահայրենասիրական կրթության հայեցակարգի վերաբերյալ: Ես գտնում եմ, մի երկրում որտեղ ամենագլխավոր խնդիրն ազգային պետություն, հասարակություն կառուցելն է, որն ունի պատերազմի վտանգ Թուրքիայից ու Ադրբեջանից, առնվազն քաղաքական կարճատեսություն կլինի հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության հայեցակարգից:

-ԱԱԽ քարտուղարն էլ նմանատիպ մեկ այլ հայտարարությամբ  հանդես եկավ, ասելով, թե  հրաժարվելու է ազգ-բանակ գաղափարից:

-ԱԱԽ քարտուղարի հայտարարությանը  ծանոթ չեմ, ոչ էլ կարդացել եմ:  Վիգեն Սարգսյանը հստակ պատասխանել է նրան:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ է սուպերվարչապետական համակարգին, ու հնարավոր է, որ  սկսի վարչապետին գերլիազարություններից զրկելու գործընթաց: Կմասնակցե՞ք:

-ՀՀ-ում չկա  սուպերվարչապետական համակարգ, ՀՀ-ում կա բացառապես խորհրդարանական համակարգ: Այս մասին ես ասել եմ ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում, այնպես էլ  ասում եմ այժմ՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Խորհրդարանն ունի լուրջ վերահսկողական մեխանիզմներ, և եթե խորհրդարանական ուժերը լինեն իրենց տեղում որևէ վարչապետ չի կարող վերածվել սուպերվարչապետի՝ կլինի Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Պողոս Պողոսյանը: Ինչ վերաբերում է այդ հարցի շուրջ քննարկումներին, ապա մեր դռները բաց են ցանկացած հարցի քննակման համար:

-Ո՞ր հարցերն են, որոնք ՀՀԿ-ն կհամարի ոչ  քննարկելի, և որոնց դեպքում կլինեք անզիջում:  

-Այո, կան մի շարք ծրագրային կետեր, որտեղ մենք որևէ քննարկում, սակարկումը չենք պատկերացնում, դրանք հարցեր են, որտեղ մենք լինելու ենք անզիջում: Թվարկեմ: Առաջինը, ժողովրդավարության, քաղաքական հանդուրժողականության, բազամակարծության և այլակարծության զարգացումն է: Ակնհայտ է, որ բոլոր թերություններով հանդերձ, մեր կառավարման շրջանում դրանք զարգացել են: Եվ նոր իշխանություններին չի խանգարի, որ այս հարցերում ընդօրինակի այդ մոտեցումները: Նշեմ, որ այլակարծության ու բազամակարծության բացակայությունը, մերժումը ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա:

Երկրորդ, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննակման ենթակա չէ: Սա  տարածքային հակամարտություն չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես ցանկանում են ներկայացնել ոմանք, այլ ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և ազատության պայքար է:

Երրորդ, Ազգային անվտանգության ու բանակաշինության խնդիրներն առաջնային են մեզ համար: Իմ խորին համոզմամբ, մի կողմից իրական, ոչ թե շինծու ժողովրդավարական, մյուս կողմից իրական ազգային ավանադական ու քրիստոնեական արժեքները ոչ թե հակադրելի են,  այլ համադրելի:  Մենք շարունակելու ենք աջակցել և արժևորել ավանդական, ազգային ընտանեկան արժեքները և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, միևնույն ժամանակ հարգել դիմացինի մշակույթն ու ազգային ավանդույթները:

Չորրորդ, տնտեսության դիվերսիֆիկացումը և տնտեսական աճի տեմպերի պահպանում, զարգացում: Հիշեցնեմ, որ մեր կառավարությունը նոր կառավարությանը ժառանգել է 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր: Եվ մենք նոր կառավարությունից ակնկալում ենք ոչ պակաս, քան տարեկան 7,5 տոկոս տնտեսական աճի տեմպերի պահպանում:

Հինգերոդ. Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին պետք է պահպանվի ու խորացվի: Արձանագրենք, որ շատ կարճ ժամանակում, նորանշանակ վարչապետը փոխեց և սրբագրեց իր նախկին դիրքորշումը և ընդունեց, որ այդ կառույցներին անդամակցումը ոչ միայն չի սպառնում մեր անվտանգությանը, ինչպես ինքն էր նշում հենց այս դահլիճում, այլ հակառակը:

Եվ  վերջապես, մենք որպես ազգային պահպանողական քաղաքական ուժ, որի համար ազգային ու քրիստոնեական արժեքները առանցքային են, շարունակելու ենք գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի միասնության լինելու ենք կառավարության գործընկերը, բայց ոչ երբեք կցորդը:

-Երբ Փաշինյանը խորհրդարանում որպես վարչապետի թեկնածու հանդես եկավ ելույթով, դուք ասացիք, որ Արցախի մասին նրա տեսլականն այնքան էլ ձեզ համար ընդունելի չէ: Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը ավելի հաճախ  անդրադարձավ արցախյան հիմնախնդիրն, ու հիմա  ամենից շատ քննակվողը Արցախը բանակցությունների դաշտ  վերադարձնելն է: Այժմ  ձեզ համար պա՞րզ են նրա դիրքորոշումները:

-Արցախի հարցով ես առաջինն եմ արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ու նշել եմ, որ ՀԱյաստանը հանդես է գալիս ոչ թե հակամարտության կողմ, այլ որպես բանակցային կողմ և Արցախի բնակչության անվտանգության միջազգային  երաշախվոր:   Կարծում եմ, որ նա այլևս նման հայտարարություն չի անի, գուցե դա քաղաքական անզգուշություն էր, գուցե էմոցիոնալ գնահատական, կամ այլ բան էր ուզում ասել, բայց այլ բան ստացվեց: Ամեն դեպքում նրա այդ հայտարարությունը չէր բխում մեր բանակցային շահերից:

Ինչ վերաբերում է մյուս հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, դա միանշանակորեն ողջունելի է, քանի որ մենք այդ մասին շատ ենք խոսել:

Ես մի բան ասեմ ձեզ. ինքս պետական մտածողության տեր մարդ եմ, չնայած Նիկոլ Փաշինյանն էլ իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցությունների ժամանակ ես նրա մեջքին կանգնած եմ լինելու, որովհետև ինքը իմ պետության վարչապետն է: Թող ալիևներից ու էրդողաներից որևէ մեկի մտքով այլ բան չանցնի: Իմ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ես ունեմ խորը՝ գաղափարական, քաղաքական տարաձայնություններ, բայց ես նրա յուրաքանչյուր հանդիպումից առաջ աղոթելու եմ, ու ամեն ինչ անելու եմ, որ ինքը հաջողի բանակցություններում: Քանի որ այդ դեպքում կհաջողի Արցախն ու հայ ժողովուրդը:

Ես ինչպես եղել եմ այդպել էլ մնում եմ պետական մտածողության մարդ, Հայաստանիցս մեծ այլ սեր չունեմ, վերևն Աստված, ներքևում ՝ իմ Հայաստանը:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն