Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Մեր անցած ճանապարհը, ձեռքբերումները, առաքելությունը հարցականի տակ դնող բոլոր պոպուլիստական կոչերը դատապարտված են ձախողման. Մեսրոպ քահանա Արամյան

Մայիս 22, 2018թ. 13:17
Մեսրոպ քահանա Արամյան

ԿՈՉ «ԱՅԲ» ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՒ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ

«Այբ» ակումբի հարգելի անդամներ, «Այբ» հիմնադրամի և «Այբ» դպրոցի հարգարժան բարերարներ, «Այբ» դպրոցի և Արարատյան բակալավրիատի ծրագրում ընդգրկված դպրոցների սիրելի ղեկավարներ, ուսուցիչներ, աշխատակիցներ, աշակերտներ, շրջանավարտներ և ծնողներ, «Այբ» հիմնադրամի սիրելի աշխատակիցներ, Հայաստանը կրթությամբ վերափոխելու գործին հավատացող գաղափարակիցներ և նվիրյալներ,

Ավելի քան տասներկու տարի մենք միասին իրականացրել ենք մի մեծ առաքելություն, որի նպատակն է եղել կրթությամբ վերափոխել Հայաստանը, կերտել ուսյալ և առաքինի սերունդ, լավագույնի հնարավորությունն ընձեռել մեր զավակներին, ազատվել միջակության գաղջությունից և դառնալ հզոր ու մրցունակ ազգ, համախմբվել և տեր կանգնել կրթությանը, շարունակել և կենսագործել մեր սուրբ Թարգմանիչ հայրերի կենդանի ավանդները: Մենք միավորվել ենք արժեքներով, գործել հավատքով, խիզախել հույսով և պտղաբերել սիրով: Միավորվելով մենք կոտրել ենք կարծրատիպեր, անհավանականը դարձրել հավանական, ստեղծել ենք կրթության նոր մշակույթ, վերափոխման և կատարելության կրակ վառել սովորողների սրտում, փոխել հասարակության վերաբերմունքը կրթության հանդեպ:

Այս տարիների ընթացքում մենք նախաձեռնել և իրականացրել ենք բազմաթիվ կրթական ծրագրեր. մշակել ենք ժամանակակից առարկայական ծրագրեր և ռեսուրսներ, թարգմանել դասագրքեր, կազմակերպել ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, ստեղծել օրինակելի կրթական միջավայրեր, իրականացրել համազգային առարկայական մրցույթներ, մշակել 21-րդ դարի հայկական դպրոցի գաղափարը և մոդելը: Մեր ամենամեծ ձեռքբերումը «Այբ» դպրոցն է և նրանից ծնված միջազգայնորեն ճանաչված հայալեզու կրթական ծրագիրը` Արարատյան բակալավրիատը: Վերջին չորս տարիների ընթացքում, համագործակցելով ՀՀ ԿԳՆ-ի և կրթության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային կրթական հաստատությունների` Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ, մենք իրականացնում ենք Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը կոչված է ներդնելու Արարատյան բակալավրիատը Հայաստանի հանրակրթական դպրոցներում: Ծրագրի նպատակն է լավագույն կրթության հնարավորությունը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների համար: Անցել ենք նախապատրաստական հագեցած փուլ, վերապատրաստել ուսուցիչների և լիովին պատրաստ ենք ծրագիրը ներդնելու ՀՀ մարզերի` առաջին փուլում ընդգրկված տասնյակ դպրոցներում:

Արարատյան բակալավրիատի բոլոր ձեռքբերումները Հայաստանի և հայ ժողովրդի նվաճումն ու սեփականությունն են: Մենք ուրախ ենք, որ մեր մասնակցությունն ենք բերել և համաֆինանսավորել այս կարևոր ծրագիրը: Սա պետության և հանրային ոչ պետական կառույցի համագործակցության լավագույն օրինակներից է: «Այբ»-ի բարերարների` աշխարհով սփռված մի մեծ համայնք ավելի քան 12 տարի իր ներդրումն է կատարում Արարատյան բակալավրիատի ստեղծման մեջ: Այս ծրագրի նախաձեռնողը եղել է ոչ թե «Այբ» հիմնադրամը (խնդրում եմ չշփոթել «Այբ» դպրոցի հետ), այլ պետությունը` ի դեմս ԿԳՆ-ի: Պետությունը, գնահատելով և արժևորելով մեր գործը, առաջարկել է մեզ մեր ստեղծած կրթական ծրագիրը և մշակույթը ներդնել հանրակրթական դպրոցներում: Ի սկզբանե կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է եղել, որ ծրագիրը պետք է իրականացնի կառավարության հիմնադրած համապատասխան հիմնադրամը` «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» անվանումով: Սակայն տարբեր պատճառներով, այդ թվում` միջոցների խնայողության հիմնավորմամբ, ԿԳՆ-ն առաջարկեց նախապատրաստական փուլում ծրագիրն իրականացնել «Այբ» հիմնադրամով, իսկ ներդրումային փուլում, այսինքն` 2018 թվականից, վերադառնալ համապատասխան կառույցի ստեղծման անհրաժեշտությանը:

Մենք անցել ենք ծրագրի փորձարկման, լրամշակման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման հսկայական ճանապարհ, և արդյունքում Հայաստանն այսօր ունի`

ա) միջազգային ճանաչում ստացած և ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր, որը կոչվում է «Արարատյան բակալավրիատ» (գործընկերն է Քեմբրիջի համալսարանը).

բ) ուսուցիչների մանկավարժական և առարկայական վերապատրաստման` միջազգային չափանիշներին համապատասխան մեկամյա ծրագիր, որը փորձարկված է և լիովին տեղայնացված. ծրագրով արդեն պատրաստվել են հարյուրավոր ուսուցիչներ, որոնք պետք է այս տարվա սեպտեմբերի 1-ից դասավանդեն ծրագրում ընդգրկված մարզային հանրակրթական դպրոցներում (գործընկերն է Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտը).

գ) տնօրենների վերապատրաստման` միջազգային չափանիշներին համապատասխան ծրագիր, որի մեկնարկը նախատեսված է այս տարվա հունիսից (գործընկերն է Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտը).

դ) հայալեզու միջազգային քննություններ և այդ որակավորումներն իրականացնող քննական կենտրոն. Արարատյան բակալավրիատի քննությունների հիման վրա շրջանավարտներն ընդունվում են աշխարհի հեղինակավոր համալսարաններ, նաև Հայաստանի բուհեր (գործընկերն է Քեմբրիջի համալսարանը):

Հարգելի ընկերներ, համախոհներ, գործակիցներ և աջակիցներ, Արարատյան բակալավրիատը Հայաստանի հանրակրթության ամենանշանակալից ձեռքբերումն է, որը տեսանելի է դարձրել մեզ համաշխարհային կրթության քարտեզի վրա, ամրագրել է հայերի` որպես հարատև կրթվող ազգ լինելու ճշմարտությունը և մեր երկրի զարգացման համար բացել մեծ հնարավորություններ: Սա հարստություն է, որը ո՛չ հնարավոր է անտեսել, ո՛չ էլ դրա կողքով անցնել: Այսօր մեր երկիրն անցնում է բուռն փոփոխությունների ու ցնցումների միջով: Կոչ եմ անում բոլորիդ լինել է՛լ ավելի վճռական, միասնական, լավատես, համարձակ և արարելու պատրաստակամ: Ոչ մի փորձություն, ոչ մի հարձակում չի կարող կոտրել մեր հավատը և շեղել մեզ մեր տեսլականից: Մեր անցած ճանապարհը, մեր ձեռքբերումները և առաքելությունն այսօր հարցականի տակ դնող բոլոր պոպուլիստական կոչերը և նկրտումները դատապարտված են ձախողման: Մեր հասցեին հնչող հերյուրանքներին և վիրավորանքներին վերաբերվենք քրիստոնեական ներողամտությամբ` հիշելով Տիրոջ խոսքն Իրեն խաչողների համար. «Հա՛յր, թո՛ղ դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն»:

Փորձություններ միշտ լինելու են: Ամուր կանգնենք մեր արժեքների վրա, հարգենք մեր անցած ճանապարհը և շարունակենք մեր խոնարհ ու անկասելի սպասավորությունը: Մեր գործը մնայուն է: Մեր ուժը մեր միասնության և մաքրության մեջ է: Իսկ մեզանից վախեցողներին հորդորորենք չվախենալ, որովհետև այն ամենը, ինչ ստեղծել ենք, բոլորինս է:

Աստված պահապան բոլորիս:

Օրհնությամբ`

Մեսրոպ քահանա Արամյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն