Գլխավոր » TOP, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Դեռ հայտնի չէ, թե այս պահին ի՞նչ վիճակում է հայ-ռուսական ռազմական համագործակցությունը

Մայիս 15, 2018թ. 15:03
ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆԻ հետ

 -Սոչիում կայացավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, որի հիմնական մասը տեղի ունեցավ  լրագրողների աչքից հեռու, այնուհանդերձ, հրապարակային հայտարությունները, մտքերը վերլուծելով ի՞նչ եզրակացության հանգեցիք:

-Հանդիպման տեսանելի մասում ես ոչ մի արտառոց բան չնկատեցի: Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այնպես, ինչպես տարիներ առաջ ընդունել է Հայաստանը ներկայացնող առաջին դեմքերին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին:  Անկեղծ ասած՝ ես նրա կողմից ոչ  բարյացակամ վերաբերմունք չնկատեցի: ՀՀ ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ Պուտինը  մշտապես խոսել է երկկողմ  ձեռքբերումների մասին, հույսեր հայտնել հարաբերությունների շարունակականության ու առավել զարգացման վերաբերյալ: Նույնը եղավ նաև այս անգամ, ու ինչպես ասացի, հանդիպման տեսանելի մասը, նախորդ հանդիպումների հետ համեմատած՝ ոչ մի էական տարբերությամբ աչքի չընկավ:

Ինչ վերաբերվում է ոչ տեսանելի մասին՝ առանձնազրույցին, եթե, իհարկե, որոշ ժամանակ անց երևանյան կամ մոսկովյան աղբյուրները միտումնավոր  տեղեկատվական արտահոսք չկազմակերպեն, ապա մենք այդպես էլ չենք կարող իմանալ, թե Պուտինն ու Փաշինյանը երկուսով ինչի՞ մասին խոսեցին:

Այնպես որ, ես կդժվարանամ առանց որոշակի փաստերի՝ հստակ գնահատական տալ:

Առայժմ կարող եմ  իրավիճակը այսպես բնորոշել՝  զորյական, բայց պլյուսով: Սակայն դրական աճի միտումներ չկան, կլիներ, եթե Պուտինը Փաշինյանի հետ խոսեր այն ամենի մասին, ինչից խոսեց 2013-ին՝  այցելելով Երևան: Հիշեցնեմ, որ նա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հրապարակավ հայտարարեց, թե Ռուսաստանն ինչպիսի դրական քայլեր կանի իր  ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի համար, մասնավորաբար, կիջեցնի գազի գինը:

Մինչդեռ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ մենք նման խոսակցություն  չլսեցինք: Սա ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ նման կարգի հարցեր առհասարակ չեն քննարկվել: Չեմ կարծում, որ քննակված լինեն նաև ռազմավարական կարևորության  հարցեր, մասնավորաբար, Հայաստանը կարող է՞ հանկարծ միանա Ռուսաստանի դեմ  Արևմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցներին: Եվ առհասարակ, Հայաստանը ինչպե՞ս է կառուցելու իր հետագա հարաբերությունները  ԵՄ, ԱՄՆ ուղղությամբ: Սրանք հարցեր են, որոնք կարևոր են ՌԴ համար: Բայց տպավորությունս այնպիսին է, որ նման հարցեր այս հանդիպման ժամանակ չեն քննարկվել: Նույնիսկ չեմ կարծում, որ խորապես քննարկված լինի նաև մեզ համար  կարևոր Արցախի հարցը:

Փոխարենն ինձ զարմացրեց Սոչիում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, թե պետք է հայրենադարձություն կազմակերպենք: Մարդիկ լավ կյանքից չեն գնացել երկրից: Նրանց հետ բերելու համար պետք է կոնկրետ քայլեր անել,  աշխատատեղեր ստեղծել:  Զարմանում եմ, որ նման կարգախոսներ է հնչեցնում, երբ իր վարչապետությունից ընդամենը մեկ ամիս էլ չի անցել, ուրեմն ի՞նչ վստահությամբ է  մարդկանց հետ կանչում:

-Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ վերջինս մի կարևոր միտք ասաց, թե քննարկման ենթակա չեն կարող լինել Հայաստանի ու ՌԴ միջև ռազմական դաշնակցային հարբերությունները: Սակայն հետաքրքիր է, որ նման հայտարարություններին զուգահեռ Փաշինյանը հաճախ է շեշտում նաև այն մասին,  թե կան ոլորտներ, երկկողմ հարաբերություններում կան հարցեր, որոնք պետք է շտկվեն: Ինչի՞ մասին է, ըստ ձեզ, ակնարկում նա:

-Քանի դեռ այս պահին իմ ձեռքի տակ չկան հստակ փաստեր, այդ առումով ես դեռ ոչինչ չեմ ուզում ասել: Սական դրա  փոխարեն, իմ ձեռքի տակ է ՙՙԵլք՚՚ դաշինքի նախընտրական ծրագիրը , որն ապացույցն է այն բանի, որ հիշյալ ուժը արևմտամետ է, հետևաբար, այդ ուժի ներկայացուցիչները արևմտամետ գործիչներ են: Իհարկե, ՙԵլքի՚  ծրագրում դուք չեք գտնի հակառուսական կամ հակաիրանական թեզեր, այդպիսի մտքեր չկան դրանում ամրագրված:  Բայց այդ ծրագիրն այնպես է գրված, որ այն  իրականցնելով՝ ուզած-չուզած դառնում ես այդ ուղղության կրողը:

Դառնալով հարցին ասեմ, որ հայ-ռուսական հարաբերություններում խոշոր հաշվով չկան ուղղման ենթակա վիճելի հարցեր:

-Գուցե ակնարկը վերաբերում է անվտանգության խնդիրներին կամ զենքի վաճառքի՞ն:

 -Երևի Փաշինյանն ուզում է հարց ուղղել, արդյոք, ճիշտ է՞ անում Ռուսաստանը, որ  զենք է վաճառում Ադրբեջանին: Պուտինը նրան կարող է հակադարձել, եթե Ադրբեջանին վաճառում ենք շուկայական գներով, ապա Հայաստանին վաճառում ենք պետական գներով, իսկ որոշ զինատեսակների դիմաց ընդհանրապես գումար չենք վերցնում: Տարօրինակ է, որ սա մեզ մոտ չեն հասկանում:

Իհարկե, մեզ բոլորիս ցավ է պատճառում այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, կամ հենց Թուրքիային: Բայց ես չեմ կարծում, որ այդ հարցը մենք պետք է դարձնենք քննարկման կամ  առևտրի առարկա:
Գիտեք, ես չեմ ընդունում, որ Երևանում նստած մենք պետք է միջուկային տերության նախագահին թելադրենք, թե ինչպե՞ս պետք է նա իրականացնի իր տարածաշրջանային քաղաքականությունը: Սրանում է հարցը, ոմանց թվում է, թե Մոսկվան մեր մայրաքաղաքն է ու մեր ուզածով պետք է առաջնորդվի:  Մենք մոռանում ենք, որ Ռուսաստանը գերտերություն է ու իր քաղաքականությունը վարում է այդ տրամաբանության շրջանակներում: Մեզ մոտ կան որոշ շրջանակներ, որոնք հենց այս իրողության հետ չեն ուզում հաշվի նստել, համակերպվել: Դե, գուցե մարդիկ այդպես մտածելու համար Արևմուտքից փող են ստանում, ընտանիք են պահում, դա իրենց գործն է, բայց անընդունելի է, երբ այդ մոտեցումները դարձնում են քաղաքական գիծ ու նպատակ:

Ի՞նչ եք կարծում, ՌԴ իշխանության կողմից կա՞ վստահություն Հայաստանի ներկայիս իշխանության հանդեպ: Թե՞ դեռևս տրամադրությունների շոշափման փուլում ենք:

– Դա չերևաց Պուտին-Փաշինյան այս հանդիպումից: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառով արդեն մի քանի անգամ հետաձգվում  է Երևանում կայանալիք  հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Այ, երբ այդ նիստը կկայանա մեզ մոտ, այդ ժամանակ էլ կկարողանանք ասել՝ կա՞ վստահություն Ռուսաստանի կողմից ՀՀ նոր կառավարության հանդեպ, թե՞ չկա: Բացի այդ, նախկինում ռուս հզոր  ռազմական գործիչները շատ հաճախ էին գալիս Հայաստան: Եվ դա բնական է, քանի որ Ռուսաստանն այստեղ ունի հզոր ռազմաբազա՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազաբազան, նաև ստեղծվեց հայ-ռուսական միացյալ զորախումբը: Իրավիճակը տարածաշրջանում այնքան լարված է, որ ռուս ռազմական գործիչները Հայաստանից չպետք է դուրս գային: Մինչդեռ այս ընթացքում չկան փաստեր, որոնք կհաստատեն նրանց ժամանման մասին, կամ էլ կա տեղեկատվության պակաս: Ամեն դեպքում հայտնի չէ, թե ի՞նչ վիճակում է այս պահին ռազմական փոխգործակցությունը: Գուցե նոր կառավարության 100 օրը լրանալուց հետո ամեն ինչ պարզ երևա՞:

-Պուտինը հույս հայտնեց, թե Հայաստանն ու Ռուսաստանը հետայսու ևս միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում, կքվեարկեն համահունչ: Սրանով, փաստորեն,  նա  նաև չթաքցրեց իր անհանգստությունն փաշինյանի կառավարությունից: 

-Այդ արտահայտությամբ Պուտինը նախազգուշացրեց՝ շատ կարևոր հարցերում ինքն սպասում է, որ Փաշինյանի կառավարությունը  տրամաբանության սահմաններում կկատարի քվարկություն ու չի մոռանա, որ ռուսական ռազմավարական շահերի մեջ նաև տեղ կա Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի համար: Հեռու չգնանք, բերեմ Սիրիայի օրինակը. չնայած Հայաստանը տարբեր առիթներով հայտարարում է, թե պատրաստ է  պաշտպանելու  հայ ազգի իրավունքներն աշխարհում, սակայն, այն, որ երկու տարի առաջ սիրիահայերի պատվիրակությունը մեկնեց Ռուսասատան, խոսում է այն մասին, որ սիրիահայերը  այդպիսի աջակցություն ակնկալում են հենց Ռուսաստանից: Եվ ուրեմն, ներկայիս կառավարությունը հիմա պատրա՞ստ է թեկուզ տեսականորեն պաշտպանելու  սիրիահայության իրավունքները՝ Սիրիայի հարցում կանգնելով Ռուսաստանի կողքից: Կարծում եմ, այս հարցի հետ էր կապված Պուտինի ակնարկը:

Կիսո՞ւմ եք այն մտահոգությունը, թե հայ-ռուսական քողի տակ ծավալվում են բարդ գործընթացներ, ու եթե հիմա Արևմուտքը թույլ է տվել Փաշինյանին արտահայտելու իր համագործակցային ջերմ վերաբերումունքը Ռուսաստանի հանդեպ, ապա երբ գա պահը, կձգեն  ՙթելերն՚  ու կպարտադրեն Հայաստանինէ պոկվել Ռուսաստանից:

 –Այդ մտավախությունն, իրոք, կա: Տարբեր երկրներում տեղի ունեցած փողոցային շարժումներից, հեղափոխություններից հետո սկսվում է, այսպես կոչված՝ սառը ցնցուղի  շրջանը: Դա այն է, երբ էֆորիայի մեջ հայտնված հասարակությունը սկսում է սթափվել ու դեմ արտահայտվել  հեղափոխականներին : Օրինակ Սերբիայում հեղափոխության հեղինակներից մեկը սպանվեց իր իսկ բնակարանի մոտ, կամ Ղրղըզստանում հեղափոխությունից հետո նրա առաջնորդը ստիպված եղավ կարճ ժամանակ անց փախնել երկրից: Իհարկե, ասվածը չի  նշանակում, որ մեզ մոտ ևս կարող են նման դեպքեր կրկնվեն, ես ընդամենը փաստերն եմ հիշեցնում:

Ո՞վ գիտի, թե մինչև ո՞ւր է թևակոխելու այս զարգացումը, հետևաբար նման մտավախություններն անշուշտ կան: 

 Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն