Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Նոր կառավարությունից տրամադրություններս սպասողական են

Մայիս 14, 2018թ. 23:55
Կարեն Քոչարյան

Հարցազրույց քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ

-Վարչապետ Փաշինյանը շեշտեց, թե ձևավորում է մի նոր կառավարություն, որն  իր հետ բերելու է նոր ոճնոր մոտեցումնոր փիլիսոփայություննոր մշակույթ: Նշանակված կադրերն այդ հույսը ներշնչում ե՞ն,  նոր կաբինետը կարդարացնի՞ մեր քաղաքացիների հույսերը:

-Եկել է նոր վարչապետ, որը բերել է իր նոր թիմը, ձևավորել է  նոր կաբինետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  ստեղծվում է համաձայնության կառավարություն, որտեղ կան 4 կուսակցությունների ներկայացուցիչներ:

<<Ծառուկյան դաշինքն>> ավելի մեծ չափաբաժնով է ներկայացված այս կառավարությունում, ընդ որում, փոխվարչապետերից մեկը՝ Մհեր Գրիգորյանն այդ դաշինքի կողմից է ներկայացվել, իհարկե, զուտ ԱԺ <<Ծառուկյան>> խմբակցության կարկառուն դեմքերից ոչ մեկը չկա, բացի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանից, որը նախկինում եղել է ԲՀԿ խմբակցությունից: Նկատենք նաև, որ այս դաշինքի կողմից ներկայացված  բոլոր կադրերը քաղաքական դաշտին անծանոթ մարդիկ են:

Երկու պորտֆել ստացավ ՀՅԴ-ն, մեկական պարտֆելներ՝ <<Հանրապետությունն>> ու <Լուսավոր Հայաստանը>>: Կան երիտասարդ կադրեր, մի հանգամանք, որն ինձ երբեք չի վախեցրել, ես վերջին 10 տարիներին մշտապես ասել եմ՝ տեղ տվեք երիտասարդներին: Եթե մարդը չպետք է երիտասարդ տարիքում նման հաջողություններ ունենա,  բա էլ ե՞րբ, 70 տարեկանո՞ւմ, երբ արդեն մառազմը խեղդում է:

Ես հիմա ընդամենը պետք է շնորհավորեմ նոր կառավարության բոլոր անդամներին: Անկեղծ ասած, որոշել էի որևէ կարծիք չհայտնել՝ ոչ լավ, ոչ վատ, որովհետև ես <<կոֆե>> նայող չեմ: Ու այդ մասին գրել եմ իմ ֆեյսբուքյան էջում: Պետք է կարծիք հայտնել այդ մարդկանց աշխատանքը տեսնելուց հետո միայն: Հասարակությունը վարչապետին տվել է քարտ բլանշ կառավարություն ձևավորելու համար, դե նա էլ արել է: Իսկ թե ինչպիսի՞ն կլինի այս կառավարությունը, այդ մասին, սովորաբար ընդունված է խոսել 100 օրից ոչ շուտ, եթե, իհարկե, մինչ այդ հիմար <բըլթ>-եր  չլինեն:

Գիտեք, խնդիրն այն չէ, որ այս կառավարությունն ունենա ինչ-որ նոր ոճ: Նոր կառավարության  առաջնային խնդիրը, կամ նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, որը պետք է հիմնականում իրականացվի Փաշինյանի թիմի, Ելքի ու ՀՅԴ միջոցով:  Այս հարցում <<Ծառուկյան դաշինքի>> վերաբերյալ դժվարանում եմ ինչ-որ բան ասել:

-Երիտասարդ կադրեր ունենալն, իհարկե, լավ է, բայց նախարարի պորտֆել ստացող մարդու համար առաջանայինը չպե՞տք է լինի աշխատանքային փորձը:

 -Իհարկե, փորձը շատ կարևոր է: Բայց եթե միայն այդ չափանիշներով առաջնորդվենք դարձյալ կկանգնենք այն նույն վիճակի առաջ, ինչի մեջ եղել ենք 25 տարի շարունակ, երբ պահանջվում էր աշխատող, որը պետք  է անպայման ունենա տարիների աշխատանքային փորձ: Հարց եմ տալիս, բա երիտասարդները որտե՞ղ աշխատեն, որ փորձ ձեռք բերեն:

-Փորձ ձեռք բերելու համար միանգամից պետք է սկսել նախարարի պաշտոնի՞ց:

-Հիշո՞ւմ ենք, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց ու ստեղծվեց անկախ Հայաստանը, բոլոր երիտասարդները  միանգամից նշանակվեցին  նախարարներ: Ու նաև այդ կադրերով մենք պատերազմը հաղթեցինք: Այնպես որ, եթե այս մտածողությամբ առաջ գնանք նույն հարց ենք տալու՝ միանգամից նախարա՞ր, ու քննադատելու ենք բոլորին:

Հիմա ամենից կարևոր խնդիրն այն է, թե հասարակությունն ու վարչապետ Փաշինյանն ի՞նչ կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ են դնում այս կառավարության առաջ:  25-30 տարիների ընթացքում մենք այդպես էլ չձևակերպեցինք, թե ո՞ւր ենք ուզում գնալ և ամենից կարևորը՝ ո՞ր ճանապարհով ենք ուզում գնալ:

Ի դեպ, այս պահին վարչապետը տվել է կարճաժամկետ քայլերի ձևակերպում, նախ պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, երկրորդ, պետք է արմատախիլ անել կոռուպցիան: Եվ իր ձևավորած կաբինետն ամբողջովին համապատասխանում է այս խնդիրների լուծմանը: Ու ինչպես տեսնում ենք, Փաշինյանն առայժմ երկարաժամկետ խնդիրներ չի ձևակերպել:

 -Մեկ օրում սոցիալական ցանց ֆեյսբուքը <<դիմափոխվեց>>.  հիացական խոսքերը տեղի են տվել, կա հիասթափություն: Մասնավորաբար, մարդիկ հիասթափված են  առողջապահության, մշակույթի, արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարների պաշտոններում կատարված նշանակումներից:

-Նախ ասեմ, որ ֆեյսբուքը  ինձ համար երբեք չի եղել հասարակական  լայն զանգվածների տրամադրությունների արտահայտողն ու կրողը: Տրամադրությունները  ֆեյսբուքում մեկ օրում փոխվեցին, որովհետև մեր ազգը 3 մլն վարչապետ ունի ու  3 մլն նախարար:

Ինչ վերաբերում է հնչող  քննադատություններին, բնականաբար,  դրանք լինելու են: Պատճառները տարբեր են՝ և  օբյեկտիվ են, և սուբյեկտիվ: Ասեմ, որ նման քննադատությունները նաև գնալով շատանալու են: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա լուծել իր առաջ դրած գոնե կարճաժամկետ խնդիրները, ապա այս քննադատությունները կդառնան երկրորդական: Դրա համար եմ ասել, որ 100 օր լռելու եմ ու  գնահատականներ չեմ տալու,  որպեսզի 100 օրում հասկանամ՝  կարողանո՞ւմ է այս կառավարությունը լուծել խնդիրները, թե՞ ոչ: Իսկ կառավարության  անդամների լավ կամ վատ լինելը  խնդիր չէ, նրանք կարող են փոխվել և  ուրիշները կարող են գալ նրանց փոխարեն: Դժգոհություն միշտ լինելու է:

Եթե մշակույթի նախարարի պաշտոնում նշանակեին օրինակ,  թատրոնի ներկայացուցիչ , համոզված եղեք, որ նկարիչները, երաժիշտները, կինոգործիչները բոլոր նրանք, ովքեր թատրոնում չեն՝ ոռնոց էին բարձրացնելու:

-Մեր  մշակութային դաշտում չունե՞նք այնպիսի փորձառու անհատականություն, որի  նշանակումը նախարարի պաշտոնում կարող էր ընդունելի լիներ բոլորի կողմից:

-Ունենք, ես հիմա կտամ  կոնկրետ անուն՝ Տիգրան Մանսուրյանը: Նրա նշանակումը ոչ միայն ներսում ընկալելի կլիներ, այլև  սփյուռքի ու ամբողջ աշխարհի մշակութային հանրութի կողմից կլիներ ընդունելի: Բայց նախ Մանսուրյանը  կհամաձայնվե՞ր այդ առաջարկին, ի վերջո, կա տարիքային խնդիր:

Մյուս կողմից,  մեկ բան է լինել հանճարեղ արվեստագետ, մեկ այլ բան է լինել նախարար: Սակայն խելոք Մշակույթի նախարարը նման մարդկանց անպայմանորեն կտանի իր մոտ որպես խորհրդական, այդպիսիք հաստատ իրեն պետք կգան: Նման փորձառու անձինք կարող են շատ լավ խորհրդատուներ լինել, քան նախարարներ: Եվ լավ կլինի, որ բոլոր նախարարները սա ընդունեն ի գիտություն ու իրենց շրջապատեն փորձառու մասնագետներով:

-Կարծես թե,  նոր կառավարությունից ձեր սպասումները լավատեսական են:

-Չէ, այս պահին ոչ թե լավատեսական են, այլ շատ չեզոք են: Տրամադրություններս սպասողական են, մինչև չտեսնեմ նրանց գործ,  ես որէ կարծիք չեմ հայտնելու: Ինչ վերաբերում է    լավատեսությանս, ապա այն չի առնչվում կառավարության նոր կաբինետի հետ, ամենևին չի առնչվում նաև այս հեղափոխության հետ,  իմ լավատեսությունը սկսցվեց այն օրից, դեռ հինգ տարի առաջ,  երբ սկսեցի շփվել մեր երիտասարդների հետ,  հատկապես, ամենախելացիների: Միշտ ասել եմ, գալիս է փայլուն երիտասարդություն, որը սրբելու է աղբը:

Ա.Ս.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն