Գլխավոր » Society, Լրահոս

Մենք անելու ենք ամեն ինչ՝ արատավոր երևույթները ոչնչացնելու համար. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան

Մայիս 14, 2018թ. 23:34
Վալերի Օսիպյան

Մենք անելու ենք ամեն ինչ՝ արատավոր երևույթները ոչնչացնելու համար», – այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ես արդեն հանդիպել են ոստիկանության մի քանի կարևոր ստորաբաժանումների հետ, հենց այն ստորաբաժանումների, որ մեր հասարակության մեջ կարծիք կա ձևավորված, որ հենց այդտեղ է կոռուպցիան թաքնված՝ ճանապարհային ոստիկանություն, արտաքին ծառայություն, և ուղղակի վստահ եմ, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտեցան, մենք գծեցինք կարմիր գիծ։ Ես փաստ չունեմ, չեմ տեսել, բայց և չեմ էլ բացառում, որ եղել են նման դրսևորումներ, բայց մենք նոր էջից ենք էս ամենը սկսում, ովքեր հասկացան՝ փառք ու պատիվ իրենց, ովքեր չէ՝ ցավում եմ, բայց պատժվելու են օրենքով, ուղղակի պատժվելու են», – ասաց Օսիպյանը։

Մեր խնդրանքով անդրադառնալով սպասվող ընտրությունների ընթացքում թաղային հեղինակությունների հնարավոր դերին՝ Օսիպյանը ընդգծեց. ֊ «Ուզում՝ լինեն այ այդ Ձեր ասած նախընտրական, ընտրական շրջան և որևէ մի թաղային հեղինակություն գա… շատ եմ ուզում՝ անկեղծ եմ ասում։ Ցանկացած թաղային հեղինակություն՝ անկախ նրա՝ ով լինելուց։ Կլինի՝ կտեսնենք»։

Դիտարկմանը, թե՝ «հասկանալի է խոսքերի ենթատեքստը», Հայաստանի ոստիկանապետը արձագանքեց. ֊ «Ոստիկանությունը ապաքաղաքականացված է, բայց ամեն դեպքում՝ ընտրական, հետընտրական, եթե լինեն զարգացումներ, մենք ուղղակի պարտավոր ենք ապահովել հասարակական կարգ։ Եթե այդ օրերը գան, ես անպայման իմ պահանջները կդնեմ։ Մենք պետք է բացառենք, և ես Ձեզ խոստանում եմ՝ ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լինի նախադեպ չունեցող ընտրություններ»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնում նշանակեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Ոստիկանապետի առաջ վարչապետի դրած առաջին խնդիրը կոռուպցիան համակարգից արմատախիլ անելն է։

Ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումը «խայտառակ որոշում» է որակել իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Ես խիստ բացասական եմ գնահատում այդ նշանակումը, ինչո՞ւ, որովհետև հենց ինքն այն անձանցից է, որն անմիջապես ներկա է եղել, ղեկավարել է ոստիկանության գործողությունները բազմաթիվ ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ՝ թե՛ 2008 թվականին, թե՛ 2013 թվականին՝ Շանթ Հարությունյան, դեկտեմբերի 2-ին, պարտադիր կենսաթոշակային վճարումների հետ կապված, բազմաթիվ, բազմաթիվ միջոցառումներ, և մենք տեսել ենք, որ այդ բոլոր բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ, ընդհուպ մինչև Ոստիկանության ներքին զորքերի ծառայության զորամասեր։ Անձը, որն անմիջականորեն, նորից եմ կրկնում, ղեկավարել է և կառավարել է ոստիկանության գործողություններն այդ բողոքի ցույցերի ընթացքում, նշանակել ոստիկանության պետ, իմ մոտ հարցեր է ծագում և լուրջ մտահոգություն, ի դեպ, որի եղբոր որդու կողմից դանակահարության այդ խայտառակ պատմությունը նույնպես հիշում եք։ Օսիպյանին ընդհանրապես պետք է հանել օրակարգից», – ասաց Սաքունցը։

Անդրադառնալով իր եղբորորդու հետ կապված դեպքին՝ Օսիպյանն ասաց. – «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, և դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»։

Օսիպյանը միևնույն ժամանակ նշեց՝ պարտավոր չէ իր եղբորորդու համար ինքը պատասխանատվություն կրել։

«Հաջորդն ասեմ՝ ինքն իմ հարազատն է, ես պարտավոր չեմ նախևառաջ պատասխան տամ։ Յուրաքանչյուրն էլ ունի հարազատներ: Ճիշտ է, ես դրանից չեմ հրաժարվում, ինքը ստացել է իր արժանի պատիժն իմ կողմից, բայց ես նաև պարտավոր էլ չեմ իր համար պատասխանատվություն կրել», – ասաց ոստիկանապետը։

Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանին՝ օրերս հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը իր տուն է հրավիրել վերջինիս որդուն Շահեն Հարությունյանին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում այդ մասին գրառում էր կատարել և նույնիսկ շնորհակալություն հայտնել Օսիպյանին։ Հարցին՝ թե առհասարակ ի՞նչ զգացուղություններ ուներ Շահենի հետ հանդիպելիս, ոստիկանապետը պատասխանեց. ֊ «Շանթին ես շատ վաղուց եմ ճանաչում՝ 10 թե 15 տարի։ Բայց այստեղ էլ մենք՝ ոստիկանությունը, գործել ենք օրենքի սահմաններում։ Ես պնդել եմ դատարանում և հիմա էլ՝ մենք գործել ենք օրենքի սահմաններում։ Թե ինչ գնահատական է տվել այդ արարքին, դա արդեն դատական համակարգն է գնահատական տվել։ Իսկ այն, որ Շահենը հյուրընկալվել էր մեզ մոտ՝ ես դա նորմալ եմ գտնում, հրավիրում եմ բոլորին էլ, ով ցանկություն է ունենում՝ թող գան»։

azatutyun.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն