Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Վիգեն Սարգսյանը վտանգներ է տեսնում Արցախյան հիմնախնդրի շուրջ վարչապետ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններում

Մայիս 13, 2018թ. 22:58
վիգեն Սարգսյան

ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան  հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնած դիրքորոշումների մասին.

 

Երեք օր առաջ, մամուլի իր ասուլիսում Հայաստանի վարչապետը  որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել: Վստահ եմ, որ նա նպատակ չի դրել բարդացնել Հայաստանի վիճակն այդ հարցում, բայց ակնհայտորեն արել է պնդումներ, որոնք ոչ միայն արժանացել են Ադրբեջանի բավականին ագրեսիվ արձագանքին, այլև, վստահ եմ, մտահոգում են նաև մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահությանը:

Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք` «հակամարտության կողմ»:

Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ինձ համար նաև անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը, ասելով, որ Հայաստանը պետք է այդ բանակցություններում հանդես գա Հայաստանի անունից, իսկ Արցախի իշխանություններն` Արցախի: Ստացվում է, որ Հայաստանը բանակցություններում Արցախի մոտեցումներից անջատ, առանձին օրակարգ ունի: Գոնե մինչև այս պահը  այդպես չի եղել:

Այնուհետև, վարչապետն ասել է, որ կա նոր մոտեցում. բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է դրանցում Արցախի մասնակցության հանգամանքով: Դա կարող է հնչել որպես նախապայման, այնինչ Հայաստանը միշտ հայտնի է եղել որպես նախապայմաններ չառաջադրող, գործնական և վստահելի բանակցող: Երևի թե վարչապետը նկատի ուներ մեկ այլ բան, որ առանց Արցախի մասնակցության վերջնական լուծման հանգել և որևէ նման լուծում իրականացնելն անհնարին է: Բայց այդ դեպքում էլ պարզ չէ, թե ո՞րն է այդ մոտեցման նորությունը: Դա Հայաստանի մշտական մոտեցումն է եղել, նախագահ Սարգսյանի բազմիցս արտահայտած կարծիքը: Ավելին, այն հստակորեն ստացել է Մինսկի խմբի համանախագահող երկրների լիարժեք սատարումը: Այս մոտեցումը որպես «նոր» ներկայացնելը կարող է հնարավորություն տալ այլ դերակատարներին վերանայել այս ակնհայտ ճշմարտության մասով իրենց դիրքորոշումը:

Վերջապես, ինձ հասկանալի չէ Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ վարչապետի դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը միշտ սատարել է այն մոտեցմանը, որ կարգավիճակի միջազգային ճանաչումը պետք է հետևի կարգավորման գործընթացին, և հենվի կարգավորման տառի և ոգու վրա: Իհարկե, մենք միշտ ողջունել ենք ճանաչման հայտարարությունները, բանաձևերը, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի դրսևորում, բայց ինքներս երբեք դրանք չենք նախաձեռնել: Նման մոտեցումը կարող է խոչընդոտել բանակցություններին:

Վերջապես, արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ: Որպես օրինակ` պնդումն առ այն, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման խնդիր երբևէ չի եղել: Իհարկե, խաղաղապահների տեղակայման հարցն արծարծված է նաև հանրայնորեն շրջանառված մի շարք նախագծերում, օրինակ` Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում:

Ակնհայտ է, որ արհեստավարժ թիմի շուտափույթ ձևավորումն իրոք կարևոր է` հնարավոր վտանգները շրջանցելու տեսանկյունից:

Չէ՞ որ, ղարաբաղյան հիմնախնդիրն ու դրա խաղաղ կարգավորումը մեր թիվ մեկ մարտահրավերն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/12/956637/

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն