Գլխավոր » Լրահոս

Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք

Մայիս 11, 2018թ. 21:09

2002 թ. հրապարակված «ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» քննադատական հոդվածում արծարծել եմ Հայաստանի Հանրապետության կայացմանը խոչընդոտող մի շարք կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք, ցավոք սրտի, ոչ միայն չլուծվեցին, այլև վերջին 16 տարիների ընթացքում է՛լ ավելի խորացան։ Ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո այդ խնդիրները պետք է արագ ու, եթե հարկ լինի, կոշտ լուծումներ ստանան։ Ժամանակը չի սպասում…

Մեջբերում եմ այդ հոդվածից ընդամենը մեկ հատված.

«Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք.
1. պետություն, որն ապահովել է իր ներքին անվտանգությունը, այսինքն՝ իր ենթակայության տակ գտնվող ուժային կառույցների միջոցով կարողացել է սաստել ու նաև տարանջատվել կազմակերպված հանցագործ այն ուժերից, որոնք առավել խոշոր չափերով թալանում են պետական ու հանրային ունեցվածքը:
Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի Հանրապետությունում: …ներքին կազմակերպված հանցագործ ուժերը, հաճախ անպատիժ մնալով, կատարել են պետական ու հանրային ունեցվածքի վիթխարի չափերի հասնող թալան և դրան հարակից բազմաթիվ խոշոր հանցագործություններ, ինչը հասարակության մեջ ծնել է խոր հուսալքություն, անօգնականության զգացում, առաջացրել անպատժելիության մթնոլորտ, հանցածին լայն միջավայր, օրինախախտ տնտեսական գործունեության մեջ մասնագիտացող կոռումպացված քաղաքական վերնախավ : Այս երևույթները, յուրաքանչյուրն իր հերթին, առաջացրել են վտանգավոր հասարակական միջավայր, այդ թվում՝ ժողովրդի օտարվածություն պետությունից, ազգի շահերի հանդեպ անտարբերություն, ազգային արժեքների և մշակույթի զանգվածային ուրացում, կործանարար չափերի հասնող արտագաղթ:
2. Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք պետություն, որը, հենվելով իր վերը նշված ներքին անվտանգության վրա, կենտրոնացնում է իր ռեսուրսներն արտաքին ուժերի ոտնձգությունները կանխատեսելու, դրանք կանխարգելելու և դիմագրավելու, ինչպես նաև տնտեսական, բնապահպանական և այլ սպառնալիքները հաղթահարելու վրա:
Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Ներքին անվտանգության երաշխիքների բացակայությունն անհնար է դարձրել պետական մարմինների, ինչպես նաև քաղաքական-հասարակական առողջ ուժերի ուշադրության կենտրոնացումն արտաքին սպառնալիքների վրա: Հայաստանի տեղեկատվական, բարոյահոգեբանական ու տնտեսական ոլորտների դեմ դրսից կազմակերպված լայնածավալ քայքայիչ գործողությունները հաճախ դուրս են մնում պետական մարմինների ուշադրությունից։
Արմեն Այվազյան, «ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»,

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն