Գլխավոր » TOP, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Իշխանություն վերցնելը մի բան է, այն կառավարելը մեկ այլ բան

Մայիս 10, 2018թ. 08:49
Ալեն Ղևոնդյան

                     Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ

-Ժողովրդավարական երկրներում իշխանափոխություն կատարվում է  ընտրությունների միջոցով. Հայաստանում կատարվածը  իշխանափոխություն է՞ր, թե՞  հրապարակի  պարտադրանքով մեկ կուսակցությունը փոխարինելու եկավ մյուսին:

-Հայաստանում իրավիճակը բավականին յուրահատուկ է: Մեր երկիրը որդեգրել է ինստիտուցիոնալ դեմոկրատական բարեփոխումների պարտավորություններ, որը ավել կամ պակաս հաջողությամբ կարողանում էր իրացնել վերջին տարիներին: Օբյեկտիվորեն մի բան հաջողվում էր, մյուսը՝ ոչ այդքան: Այս համատեքստում իշխանության փոփոխման լեգալ ու լեգիտիմ գործընթաց դիտվում էր ընտրությունների ինստիտուտը, որտեղ ընդդիմությունը տարիներ շարունակ օբյկետիվ ու սուբյեկտիվ պատճառներով չէր հաջողում:

Ներկայիս գործընթացները փաստեցին, որ այդ ինստիտուցիոնալ գործընթացը՝ քաղաքացիների գիտակցության ու շահերի ներկայացման տեսանկյունից, փաստորեն, իրեն սպառել էր: Դրա հիմնական պատճատներից մեկը  վստահության ու արդարության խորը, կուտակված ճգնաժամն էր:

Երբ քաղաքացիներն այլևս չեն հավատում պետության որդեգրած ինստիտուցիոնալ կառավարման մեխանիզմներին, ապա դուրս  են  գալիս փողոց: Իսկ փողոցն ի՞նչ լուծումներ է առաջարկում. դա քաղաքացիական անհնազանդության ակտներն են, և որպես վատագույն տարբերակ՝ բռնության գործադրումը: Փառք Աստծո, որ մեզանում բախում, բռնի ուժի իրացում տեղի չունեցավ, որովհետև երկու կողմերն էլ՝  թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիրներն ու նրանց առաջնորդող ուժը հասկացան, եթե գնան ուժի գործադրման ճանապարհով, ապա Հայաստանը կարող է ընկնել քաղաքացիական պատերազմի հորձանուտի մեջ ու դրանից այլևս դուրս չգալ:

Նոր շարժումը կիրառեց քաղաքացիական տեխնոլոգիաներ՝ ժողովրդի զգացմունքայնությունը հասցնելով իր բարձրակետին, և իշխանությունը հասկանալով իրավիճակի բարդությունը՝ գնաց զիջման: Սակայն մի բան նույնպես արձանագրենք. այս գործընթացում մենք տեսանք նաև, որ այն քաղաքացիները, որոնք օրինական ճանապարհով մասնակցել էին 2017-ի ընտրություններին ու հետընտրական շրջանում փողոց դուրս չէին  եկել, չէին բողոքել ընտրությունների արդյունքների կեղծումից,  այս օրերին փողոցում էին: Սա մեկ բան է նշանակում, որ մարդիկ դժգոհ էին: Այս համատեքստում հիշենք հին Հունաստանը, ուր մարդիկ հավաքվում էին հրապարակներում, որոշումներ կայացնում. մեզանում ևս նման իրողություն տեղի ունեցավ: Հայաստանում, ժողովուրդը փողոցում իրացրեց իր կառավարելու իրավունքը: Նաև պետք է նկատի ունենանք, որ գործող իշխանության հիմք համարվող քաղաքական կուսակցության ցածր օղակներից ևս մարդիկ  դուրս եկան փողոց ու դեմ արտահայտվեցին  կառավարման  համակարգին: Փաստորեն, ՀՀ-ում իրացվեց այն աքսիոմը, որ մեր տիպի երկրներում ցանկացած մեկը, ով կկարողանա գոնե մեկ շաբաթ 100-150 հազար մարդ փողոցում պահել, նա կաթվածահար կանի պետությունը ու կիրականացնի իշխանափոխություն: Մեր պարագայում դա կատարվեց:

-Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն անկեղծորեն խոստովանում են, որ այս ամենն իրենք փորձարկել են Երևանում տեղի ունեցած տարբեր քաղաքացիական շարժումներում, ուր բանեցվել են բազմաթիվ  քաղտեխնոլոգիաներ, նաև աշխատել են երիտասարդության որոշակի շրջանակների հետ: Այսինքն, այս ամենը տարիների նախապատրաստական փուլ է անցել:

 –Ես կասեմ այսպես, նրանք կարողացան գրագետ ու ժամանակին կիրառել այդ ճիշտ տեխնոլոգիաները: Ժամանակակից աշխարհում, ինտերնետի հասանելության պայմաններում նման տեխնոլոգիաներ հայթայթելը դժվար չէ, կա դրանց մեծ  պաշար, որը կարելի է օգտագործել ամենատարբեր քաղաքական գործընթացներում: Սոցիալական բունտերը, հեղափոխությունները, քաղաքացիական անհնազանդությունները գործիքակազմեր են, ու եթե ճիշտ ես ընտրում պահը,  իրավիճակը, լիդերին, ապա դրանք գործում են արդյունավետորեն և կիրառողը հասնում է իր նպատակին:  Բնականաբար, Փաշինյանի թիմը հետազոտել էր այդ ամենը թե՛ ՙՙէլեկտրիկ Երևան՚՚-ի, թե ՙՙԴեմ եմ՚՚-ի ու մյուս շարժումների ժամանակ, ճշտել մոթեդաբանությունը, թե ի՞նչ գործիքակազմ ճիշտ կլինի ընտրել:  Դեռ 2017-ի ընտրությունների ժամանակ ՙՙԵլքն՚՚ արդեն նման տեխնոլոգիրաներ կիրառեց. խոսեցին  մարդկանց հետ, հասկացան, թե ի՞նչ թիրախային խմբերի հետ պետք է աշխատեն:

Թե ովքե՞ր են  հնարել այդ տեխնոլոգիաները ու ինչի՞ համար են հնարել, դա կարևոր չէ, համացանցում կան անգամ նման ուղեցույցներ, որոնք ցույց են  տալիս, թե ինչպե՞ս կարելի է մի համակարգը քանդել ու ստեղծել նորը: Դրա համար բոլորվին պետք չէ գնալ ինչ-որ մեկի մոտ այդ ամենն ուսանելու,  տանը նստած էլ կարող ես կարդալ այդ ուղեցույցերն ու այն տեղայնացնել քո երկրում: Իհարկե, մեկի  մոտ դա հաջողվում է, մյուսի մոտ՝ ոչ: Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց: Բայց նաև պետք է հիշել, որ կան երկրներ, որտեղ  դրանց կիրառումը հանգեցրել է քաղաքացիական պատերազմների, ինչպես տեսանք  արաբական գարունների պատմությունը Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքի որոշ երկրներում, ունենք Ղրղըզստանի,  Վրաստանի փորձը: Ուկրաինայում դա հանգեցրեց պետականության ճգնաժամի:

Սակայն դրական իմաստով հետաքրքիր էր Հայաստանում կատարվածը: Ես ամենևին չեմ  կարծում, որ մեզ մոտ տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն, որովհետև այստեղ իսպառ բացակայում է արտաքին քաղաքական օրակարգի փոփոխման խնդիրը:  Կարծում եմ, մեզ մոտ կատարվեց հետևյալը. մի կողմից իշխանությունն օպերատիվ չէր արձագանքում տարիներով կուտակված խնդիրներին, կար անվստահություն, մյուս կողմից, ակտիվ գործեցին որոշ ներքին քաղաքական ուժեր, սրան էլ գումարվեց  քաղտեխնոլոգիրաների կիրառումը ու իրականացավ իշխանափոխությունը:

-Փաստորեն, մարդիկ հասկացան, որ կարող են մի քանի հազար հոգով  հավաքվել, տարբեր տեխնոլոգիաներ կիրառել ու երկրում անվերջ փոխել վարչապետ կամ նախագահ, նույն կերպ՝ դպրոցի տնօրեն, մինչև Ժեկի պետ, ու այսպես շարունակ: Սա լա՞վ է, թե՞ վատ:

-Դա շատ վտանգավոր երևույթ է, քանի որ երկրում ստեղծում է անկայունության ռիսկեր: Մարդկանց քանակը վերածվեց ուժի գործոնի: Այս մեխանիզմն աշխատացնելով, փաստորեն, հնարավոր է դառնում, այո, փոխել Ժեկի պետից մինչև երկրի ղեկավար: Սրանում կա նաև դրական գործոն, որ մարդիկ կարող են իրենց իրավուքների համար պայքարել: Մյուս կողմից, իհարկե, մեծ վտանգ կա, քանի որ բոլորը հասկացան, որ այդ նույն բանալիով կարելի է երկրում ամենատարբեր փոփոխություններ իրականացնել՝ ըստ իրավիճակի, ըստ ցանկության ու նպատակահարմարության: Եվ սա ռիսկային է:

Պետք է հաշվի առնել հետևյալը. հասարակության մեջ կա վստահության դեֆիցիտ, դատավորի, դասախոսի, չինովնիկի նկատմամբ վստահության պակաս կա, օրենքը միշտ չէ, որ պատշաճ աշխատում է, կա կաշառակերություն, գուցե  մարդիկ ունե՞ն  իրավունք ընդվզելու այդ ամենի դեմ: Իհարկե ունեն:

Սակայն այստեղ ամենավտանգավորն այն է, որ մենք կարող ենք այդ, երբեմն անկառավարելի, փոփոխությունների ցիկլից դուրս չգալ: Իսկ դա կարող է տանել ինքնաոչնչացման: Ես դեռ չեմ խոսում երկրին հասցվող վտանգի մասին, այլ զուտ հանրային  հաստատությունների օրինակն եմ դիտարկում: Եթե այդ ցիկլն անվերջ շարունակվի, ապա տվյալ հաստատությունն ուղղակի հօդս կցնդի, կոչնչանա: Հարց է առաջանում, իսկ ո՞վ է վերականգնելու այդ համակարգը, ինչն, ի դեպ, ամենից բարդ գործն է:

-Փաշինյանի կառավարությունը ևս պետք է, որ վախ զգա, ժողովուրդը կարող է գայթակղվել հեղափոխականությամբ  ու այդ ցիկլը շարունակել նաև իր կառավարման շրջանում: 

-Այս օրերին ես Ուջանից եկած գյուղացիներից այսպիսի միտք լսեցի, ասում էին՝ մենք չենք եկել կոնկերտ անձի համար, այլ եկել ենք, որ իրավիճակ փոխենք, ու եթե Փաշինյանն էլ իրեն չարդարացնի, մենք դուրս կգանք փողոց ու իրեն էլ կփոխենք: Սա մի կողմից քաղաքացու իրավունքն է, բայց մյուս կողմից իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում ու իրավիճակը դարձնում աբսուրդային: Երբ Փաշինյանի թիմը  ստանձնի  իշխանության կառավարման պատասխանատվությունը,  կարծում եմ,  սթափ կգնահատի իրավիճակը: Գիտեմ, որ նրանց շարքերում կան պրագմատիկ անձիք, որոնք լավ հասկանում են իրողությունները, կգիտակցեն, որ հեղափոխական ցիկլի կրկնությունը կարող է առաջին հերթին սրբել, տանի հենց իրենց:

-Իշխանության եկավ մի ուժ, որի կադրային բազան շարունակում է անհայտ մնալ, տեսանելի չեն անգամ թիմի այն կադրերը, որոնք  պետք է զբաղեցնեն երկիր համար կարևորագույն պաշտոններ: Սրան զուգահեռ փորձառու անձինք հեռանում են համակարգից:   

-Կարծում եմ, որ Նիկոլի թիմը միայն ՙՙՔաղաքացիական պայմանագիր՚՚ կուսակցությունը չէ,  այլ հարթակում նրա կողքին կանգնածներն են, և այդ մարդիկ միանշանակորեն ակնկալիքներ ունեն, թե իրենք ի՞նչ կարգավիճակով են ներկայանալու գործադիրում և ի՞նչ լծակների տեր են դառնալու: Սա օբյեկտիվ իրավիճակ է, քանի որ իրենք հաղթող կողմ են ու ամեն մեկն ակնկալում է, որ գալու է ժամանակը, ինչի համար ինքը պետք է ՙՙվճարվի՚՚:

Մյուս կողմից, հինգ կամ յոթ հոգով պետական համակարգ չես կարող կառավարել: Իրավիճակի ռիսկայնությունը նաև նրանում է, որ Փաշինյանն հենց ինքը եկավ ՙՙփողոցից՚՚ ու դարձավ պետության ղեկավար, իսկ պետական կառավարման համակագը շատ բարդ, ցանցային համակարգ է, որտեղ կան  մարդիկ, որոնք մեծ դերակատարություն ունեն պետության կայունության, գոյության ու պաշտպանության համար:

Փաշինյանի թիմը պարզ է, որ չունի կադրեր, կամ ունեն շատ քիչ: Կարծում եմ, եթե նրանց հռետորաբանությունը չլիներ այդքան սուր, միգուցե,  ազգային համաձայնության կառավարության շրջանակը լիներ ավելի մեծ ու շատ կուսակցություններ մասնակցեին կառավարման գործին,  ինչո՞ւ ոչ , նաև ՀԿԿ-ն որոշ փուլից հետո կարող էր համաձայնել ու աջակցել նոր կառավարությանը:

Բայց հիմա տարօրինակ վիճակ է ստեղծվել. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, կարծես, հայտնում են, որ ցանկություն չունեն Փաշինյանի կառավարության մեջ մտնելու, քանի որ ենթադրում են,  այն լինելու է ժամանակավոր կառավարություն: ՀՀԿ-ն բնականաբար, ևս չի լինի այդտեղ: Ու հիմա հնչում է հարցը, ովքե՞ր են կառավարելու պետությունը: Սա շատ կարևոր հարց է մի երկրի համար, որը  ռազմական հակամարտության մեջ է հարևան երկրի հետ, որը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ:  Այս հարցի պատասխանը ես չեմ կարող տալ: Միայն կասեմ, որ Փաշինյանի կառավարությունը  պետք է շատ զգույշ լինի: Երբ դիտարկում ենք անցկացնում, արդեն որոշակի ռիսկեր նկատում ենք:

Մյուս վտանգն էլ այն է, որ Փաշինյանի կառավարությունը չունի խորհրդարանական մեծամասնություն: Դա էլ նշանակում է, որ  ամենսովորական որոշում, նախագիծ անցկացնելու համար մեծ պայքար է լինելու ՀՀԿ-ի հետ: Ի՞նչ է ստացվում, որպեսզի ՀՀԿ-ն որևէ նախագիծ չմերժի պետք է ժողովրդին նորից փողոց հանե՞ն,  հոգեբանական կամ քաղաքացիական անհնազանդության միջոցով ճնշում գործադրե՞ն: Դա կլինի աբսուրդային իրավիճակ, ինչը ես, ցավոք, չեմ բացառում:

Փոքրամասնություն հանդիսացող կառավարության համար բարդ է լինելու այս խորհրդարանին կառավարելը: Իրենց բոլոր քայլերը ենթարկվելու են մոնիթորինգի, ՀՀԿ-ն հետևելու է ու քննադատելու է նոր կառավարության յուրաքանչյուր քայլը, այնպես որ պետք է լավ պատրաստվեն:

Քանի դեռևս  չկա նոր կառավարության կադրային ցուցակը  ինձ մոտ կա ներքին թերահավատություն: Դրա համար հայտնի խոսք կա մարդն իր ցանկությունների հարցում պետք է շատ զգույշավոր լինի, իշխանություն վերցնելը մի բան է, այն կառավարելը մեկ այլ բան:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն