Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Բոլորը պետք է դասեր քաղեն կատարվածից, որպեսզի երբեք հեղափոխությունները մեր երկրում չկրկնվեն

Մայիս 8, 2018թ. 21:51
Մանե Թանդիլյան

Հարցազրույց  ՙՙԵլք՚՚ խմբակցության պատգամավոր  ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ

-Կա համոզմունքը, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կունենա կադրային լուրջ խնդիրներ, ոմանք անգամ  ՙկադրային սով՚ ձևակերպումն են օգտագործում:  Փաշինյանի համախոհները ևս չեն թաքցնում, որ իրենց չունեն կառավարման փորձ, կա գիտելիքի պակաս և այլն: Սրա հետ մեկտեղ լսվեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը, թե պատրաստ են համագործակցել, օգտակար լինել նոր կառավարությանը: Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ ներուժի մեկտեղմամբ երկիրը  դուրս բերել այս բարդ վիճակից:

-Նորանշանակ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում արդեն իսկ ասել է, որ կադրային ջարդ չի սպասվում,  ես համոզված եմ նրա խոսքի անկեղծության ու ճշմարտացիության մեջ: Իսկ դա  նշանակում է՝ այն բոլոր կադրերը, ովքեր արհեստավարժ են, պատրաստ են, ուզում են ծառայել մեր վաղվա Հայաստանի կերտմանը,  պետք է մնան կառավարման համակարգում: Այստեղ նաև պետք է դրսևորվի անձնական նեղ շահերից բարձր կանգնելու կարողություն: Այո, կա լավ կադրերի խնդիր, դա միշտ և ամենուր է առկա, ու այնպես չէ, որ դա միայն նոր իշխանության խնդիրն է: Հետևաբար, այն մասնագետները, ովքեր իսկապես պետականամետ մտածողության տեր մարդիկ են, և ուզում են, որ մեր պետությունը ոտքի կանգնի ու կանգնի արժանապատվորեն, ուզում են, որ երկիրը շատ արագ բռնի զարգացման  ուղի, ուրեմն,  պետք է կանգնեն նոր իշխանության կողքին: Պրոֆեսիոնալները պետք է իմանան, որ նոր կառավարության կողմից իրենք լինելու են պահանջված:

Այնպես որ, տեղին չեմ համարում որոշ քաղաքագետների ձևակերպումը, թե կադրային սով է լինելու, պետք չէ դրանով վախեցնել նոր իշխանությանը: Հակառակը, համախմբվել է պետք ու մեր ներուժը, գիտելիքները ծառայեցնել երկրին: Կարծում եմ,  բոլորը կլծվեն նոր Հայաստանի կառուցման գործին:

-Հնարավո՞ր է,  նոր կառավարությունը գնա նախկին իշխանության  կողմից ստեղծված մի շարք հիմնարար օրենքների վերացման կամ վերանայման ճանապարհով, խոսքս, մասնավորաբար, ազգ-բանակ գաղափարի մասին է, որը ժամանակին արժանացավ ՙՙԵլք՚՚ խմբակցության սուր  քննադատությանը:

-Կարծում եմ, այս պահին խոսել անցյալում հաստատված օրինագծերի մասին մի փոքր վաղ է: Քանի որ հիմա մենք նախ պետք է վերանայենք այն, ինչ տեղի է ունեցել անցած շրջանում, տանք համապատասխան գնահատական ու հասկանանք, թե նոր կառավարությունը որքանո՞վ է կարողանալու կիրառել եղածը: Նաև  որոշենք, թե ո՞ր լավագույն  օրինագծերը պետք է կյանքի կոչվեն: Ի վերջո, դրանք  որքանո՞վ են համապատասախանում այսօրվա Հայաստանին: Դեռ մտածել է պետք, քանի որ մենք այսօր այլ Հայստանում ենք ապրում, այլ իրավիճակ է: Եվ դրան համապատասխան էլ պետք է վերանայվեն նախկինում ընդունված օրենքները և գրվեն նորերը:

-Նորընտիր վարչապետ Փաշինյանը  դեռևս  հանգամանորեն չի  մանրամասնել Արցախի հարցում իր դիրքորոշումները: Եվ այդ անորոշությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմին հնչեցնել հայտարարություններ, թե այս ճգնաժամից  Հայաստանը դուրս կգա թուլացած և իրենք կկարողանան  նոր վարչապետից զիջումներ կորզել, հակառակ դեպքում կանցնեն ռազմական գործողությունների վերսկսման:

-Մի բան պետք է հայտնի լինի Ադրբեջանի իշխանությանը, որ Հայաստանի կառավարության փոփոխմամբ մեր երկիրը միայն պետք է առաջ գնա, ավելի ուժեցանա ու զարգանա: Եվ այն հռետորաբանությունը, որ կիրառում է ադրբեջանական կողմը,  ոչ միայն տեղին չէ, այլ անընդունելի է: Ու Հայաստանի նոր իշխանության կողմից նման հռետորաբանությունը կարժանանա էլ ավելի ուժեղ հակազդեցության: Կարծում եմ, որ իրենք պետք է հստակ գնահատեն ու հասկանան, որ Հայաստանի ներքին խնդիրները որևէ կապ  չունեն հայ ժողովրդի կարևոր հարցերի հետ:

 -Եվ իրոք, մենք ունենք ազգային հարցեր, որոնց շուրջ մշտապես մեր ժողովուրդը, մեր քաղաքական ուժերը՝ անկախ իրենց հայացքներից, միակամ են ու համախմբված:

-Միանշանակորեն այդպես է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Համոզմունքսէ, որ  արտաքին մարտահրավերները մշտապես համախմբել են հայ ժողովրդին ու մենք գիտենք, թե այդ միասնության, համախմբման արդյունքում ինչպիսի արդյունքներ ենք  գրանցել: Այնպես որ, Ադրբեջանը չպետք է ինչ-որ ենթադրություններ անի մեր ներքաղաքական փոփոխություններից, այլ ուղղակի պետք է ի գիտություն ընդունի, որ այս ամենից մենք դուրս ենք գալու ավելի համախմբված:

-Այսօր Հայաստանում այսպիսի քաղաքական իրողություն է. ունենք  փոքրամասնության կառավարություն, իսկ  Ազգային ժողովում՝ ընդդիմության մեծամասնություն: Սա վկայում է քաղաքական  ճգնաժամի առկայության մասին: Ինչպե՞ս հաղթահարել այս վիճակը, որպեսզի երկիրը դրանից չտուժի:

-Իսկապես կա խնդիր, այո, խորհրդարանում ունենք մեծամասնություն, որը չունի իր վարչապետը, սա հեղափոխական իրավիճակ է: Ու այս իրողությունը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի: Հետևաբար, պետք է առաջնորդվել ոչ թե իրավիճակը սրելու, այլ ճգնաժամը հաղթահարելու տրամաբանությամբ: Եվ երեկ բոլորս տեսանք, թե Ազգային ժողովը ինչպիսի լուծում տվեց վարչապետի ընտրության հարցին: Այսինքն, քաղաքական բանակցությունների միջոցով պետք է հանգուցալուծվեն բոլոր կնճռոտ հարցերը: Եվ սա է ամենից ճիշտ ուղին: Ես հույս ունեմ, որ կյանքի կկոչվի այն մեսիջը, թե  պետք է փակվի ատելության էջն ու համախոհության նոր էջ պետք է բացվի: Բոլորս պետք է գիտակցենք, որ նախկինում  եղել են բացթողումներ, որոնք էլ հանգեցրին հեղափոխության: Բոլորը պետք է դասեր քաղեն կատարվածից, որպեսզի էլ  երբեք հեղափոխությունները չկրկնվեն մեր երկրում:

Իսկ եթե մենք  այս գիտակցումը չունեցանք, պարբերաբար ճգնաժամերի մեջ ենք հայտնվելու: Նոր կառավարությունն ունի  խորը գիտակցում ու մեծ պատասխանատվություն, որպեսզի այս մեծ ոգևորությունը վերածի հանրային կապիտալի ու բարիքի մեր ժողովրդի և պետության համար:  Նաև չմոռանանք, որ սա լինելու է ժամանակավոր կառավարություն,  որը պետք է գնա ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է  օգնեն  նոր ընտրական մեխանիզմների մշակման հարցում՝ արդար, ազատ,անկաշառ ընտրությունների կազմակերպման համար:

-Կառավարության նոր  ծրագրի ընդունումից հետո Սահմանադրությունն այլ ուղի չի մատնանշում  Ազգային ժողովի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման  համար: Ուրեմն, ի՞նչ իրավական հիմքով նոր կառավարությունը կարող է հայտարարել  արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

  -Այո, եթե  առաջիկայում ներկայացվող նոր կառավարության  ծրագիրն ընդունվի, դա կնշանակի, որ արտահերթ ընտրություներիանցկացումը որոշակիորեն կհետաձգվի: Իսկ հետաձգման  անհրաժեշտություն կա հենցայն առումով, որ այս ընթացքում պետք է փոփոխության ենթարկվի Ընտրական օրենսգիրքը: Այսինքն, ժամանակավոր  կառավարության համար կա մեծ աշխատանք, ինչը կարող է տևել մինչև մեկ տարի:

Ի դեպ, Սահմանադրությամբ նաև մեկ հնարավորություն է սահմանված. մեկ տարի հետո կարող է կառավարության գործունեության նկատմամբ անվստահության հարցը բարձրացվել: Եվսա ևս արտահերթ ընտրությունների կազմակերպման համար հիմք է ստեղծում: Ի վերջո, ժամանակավոր կառավարության նպատակն է ազատ, արդար, ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձևավորելը: Բոլոր քաղաքական  ուժերը պետք է հնարավորություն ունենան մասնակցելու նոր ընտրություններին: Նոր ընտրություններն   անհարեժեշտություն են, որպեսզի  մեր ժողովորդին տանք հնարավորություն   ժողովրդավարական ճանապարհով կազմավորել ժողովորդի վստահությունը վայելող նոր կառավարություն և իշխանություն:

Ա. Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն