Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Նոր կառավարության կազմը կձևավորվի քննարկումների արդյունքում. Նիկոլ Փաշինյան

Մայիս 8, 2018թ. 21:03
Նիկոլ փաշինյան

        ՀՀԿ ԱԺ խմբակցության  58 պատգամավորներից 13-ը այսօր քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին: Ի դեպ, ՀՀԿ-ական 13 պատգամավորները հիմնականում գործարարներ  ու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են:

Իսկ ընտրվելուց հետո, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ՙՙ Մենք բաց են քննարկումների  և համագործակցության համար: Մեր խնդիրն է երկրում ձևավորել համերաշխության մթնոլորտ՚՚:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր խոսքում շեշտեց, եթե նորընտիր վարչապետն ու իր թիմը իրականացնեն այն քաղաքական գիծը, որը կհանգեցնի մեր երկրի կայունացմանն ու զարգացման,  և չի փոխի ՀՀԿ կողմից որդեգրված արտաքին վեկտորը, ապա ՀՀԿ-ն  կօժանդակի ու կհամագործակցի նրա հետ: Դուք պատրա՞ստ եք նման համագործակցության:

-Մենք բաց ենք  քննարկումների  և համագործակցության համար: Մեր խնդիրն է երկրում ձևավորել համերաշխության մթնոլորտ, ինչը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք քննարկումներ ու աշխատանքային հարաբերություններ բոլոր պատգամավորների հետ: Եվ  ես պատրաստակամություն եմ հայտնում, որպեսզի հաստատվեն աշխատանքային հարաբերություններ: Եթե ասում ենք համերաշխություն, դա չի կարող  կարգախոս լինել, բայց գործնականում այլ բան նշանակել: Մենք իհարկե աշխատելու ենք այդ ուղղությամբ: Բայց ես ուզում եմ  ճիշտ հասկանանք, երբ ասում ենք ազգային համերաշխություն և միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում և մեր բոլոր տեսակետները նույնական են, ու քննադատությունը նշանակում է ազգային միասնության խաթարում: Ոչ՝ ամենևին: Աշխատանքային մթնոլորտում քննարկումներ կունենանք,  հաշվի առնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները՝ մենք պետք է այս մթնոլորտը կարողանանք փոխել:

 -Ինչո՞ւ ՀՀԿ-ն քվեարկեց ձեր օգտին:

-Քանի որ երկրում  իրավիճակ է փոփոխվել: Կարծում եմ, որ դեռ նրանց գնահատականն ամբողջական չէ: Բայց եղած  գնահատականն է պատճառը, որ քվեարկության հարցում նրանքնման  որոշումը կայացրեցին:

ՀՀԿ-ն, ըստ ձեզ, կլինի՞ կառուցողական ընդդիմություն, թե՞ նրանք կօգտվեն Ազգային ժողովում իրենց մեծամասնություն լինելու հանգամանքից և  կխոչընդոտեն ձեր ներկայացրած նախագծերի ընդունմանը: Մասնավորաբար, առաջիկայում ներկայացվելիք կառավարության ծրագրի տապալում չե՞ք կանխատեսում:  

-Կարծում եմ, որ մենք բոլորս կլինենք կառուցողական ու մեր երկրի հետագա զարգացման հարցում կհասնենք լրջագույն հաջողությունների: Իսկ ինչ վերաբերում է կառավարության ծրագրի տապալմանը, անկեղծ ասած, այդ մասին ես չեմ մտածում, քանի որ մինչ այդ կան շատ անելիքներ:

-Ողջ ժողովրդի առաջ նման պատասխանատվության ստանձնումը ձեզ չի՞ վախեցնում:

-Ես պատասխանատվության զգացում ունենում ու սովոր չեմ վախենալ որևէ բանից:

-Ինչպիսի՞ կազմ կունենա նոր կառավարությունը,  էական փոփոխություններ կլինե՞ն: Կոնկրետ թեկնածուների հարց քննարկե՞լ եք, անուններ կարո՞ղ եք տալ:

-Մենք  ասում ենք, որ  այդ ամենը տեղի է ունենալու քննարկումների արդյունքում: Եվ եթե ես  հիմա անուններ հրապարակեմ, կստացվի, որ իրական չեն քննարկումների մասին իմ կողմից արվող հայտարարությունները: Կառավարության կազմում  էական փոփոխություններ, իհարկե,  կլինեն: Կան բազմաթիվ թեկանածուներ, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, պրոֆեսիոնալներ, որոնք պետք է անպայմանորեն ներգրավված լինեն երկրի կառավարման գործում:

-Կփոխվե՞ն երկրի համար կարևոր պաշտոններ զբաղեցրած նախարարները, ինչպիսիք են  Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարները:

-Իհարկե, փոփոխություն լինելու է:

-Առջևում ԵԱՏՄ գագաթաժողովն է,  կհանդիպե՞ք Պուտինի հետ:

-Այո, իհարկե: Ես հույս ունեմ, որ տեղի կունենա երկկողմ հանդիպում:  ԵԱՏՄ գագաթաժողովին անպայմանորեն մասնակցելու եմ:

 -Ձեր արտաքին քաղաքականությունը՝ աշխարհի ուժային կենտրոնների հետ  համագործակցության առումով,  շատ չի տարբերվում  ՀՀԿ-ի  քաղաքականությունից: Նաև կարծես առանձնապես չի տարբերվում ներքւն  հարցերում, այդդեպքում ինչո՞ւ վարչապետի փոփոխությունը  եղավ առանցքային ձեզ համար:

-Արտաքին քաղաքականության հետ կապված ես համաձայն եմ: Մեր շարժման  օրակարգում չենք ունեցել արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Բայց ներքին օրակարգին առնչվող  հարցերը բազմաթիվ են, և հստակ տարբերվում են, ինչպե՞ս չեն տարբերվում:

-Դուք և ՙԵլք՚ խմբակցությունը բազմիցս քննադատեցիք նախկին վաչապետ Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ը վարչապետի նստավայր դարձնելու  համար, ի՞նչ եք պատրաստվում անել դուք:

-Ինչպես այդ, այնպես էլ  նման բոլոր հարցերը կքննարկվեն:

-Կթվարկե՞ք այն երեք կարևորագույն քայլերը, որոնք առաջնահերթ են ձեզ համար, ո՞ր ոլոտներից եք նախատեսում սկսել փոփոխությունները:

-Ես խորհրդարնաում ասած իմ ելույթում նշեցի երեք առաջնահերթությունների մասին:  Դրանք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, ռազմաարդյուանբերական համալիրի զարգացմանը: Ասացի, որ հեղափոխականություն պետք է կատարվի գյուղատնտեսության մեջ, նաև զբոսաշրջության համար են ահռելի հնարավորություններ բացվում: Մարդիկ գալու են տեսնեն այն  երկիրը,  որտեղ սիրո, համերաշխության հեղափոխություն է իրակնացվել:

Ինչ վերաբերում է երեք կոնկրետ քայլերին, առաջին կարևոր քայլը դա իհարկե ընտրական համակարգի բարեփոխումների մեկնարկն է: Եվ  մենք այդ ուղղությամբ անպայման միջոցներ կձեռնարկենք: Բայց ամենից կարևոր ու առաջնային գործը, որով զբաղվելու եմ, դա այն է,որ պետքէ լսեմ մեր երկրի անվտանգության միջավայրի վերաբերյալ զինված ուժերի ու Ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչների  զեկույցը :

-Ֆելիքս Ցոլակյանը կլինի՞ ԱԱԾ ձեր թեկնածուն:

-Ոչ:

-Անվտանգության ոլորտում առաջարիներ ունե՞ք:

-Բոլոր ոլորտներում մենք ունենք հստակ առաջարկներ: Բայց այդ առաջարկների նշանակությունը կպարզվի միայն զինված ուժերի ու ԱԱԾ մարմինների ներկայացուցիչների զեկույցը լսելուց հետո:

-Ձեր ելույթում ասացիք, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ. առաջիկայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ, որպես ՄԽ անդամ երկրի ղեկավարի,  պատրաստվո՞ւմ եք այդ հարցը բարձրաձայնել:

-Խնդրում եմ, իմ ելույթում արված ձևակերպումն ընդունել ի գիտություն: Իսկ ես այնտեղ ասացի, որ բանակցությունները չեն կարող լիարժեք լինել, քանի դեռ Արցախը դրանց չի մասնակցել: Եվ մենք, իհարկե, աշխատելու ենք այդ խնդիրը լուծելու համար:

-Որպես վարչապետ սկսելով ձեր աշխատանքը ո՞ր լիազորություններն եք կրճատելու:

-Արդեն ասել եմ, որ սուպեր վարչապետական համակարգ չպետք է լինի: Եվ մենք կաշխատենք այդ ուղղությամբ:

-Եթե հանկարծ հասարկության սպասելիքները չարդարանան ի՞նչ կանեք:

-Նման բան չի լինի:

-Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները քննարկվե՞լ եք, ե՞րբ եք նախատեսում: Ի դեպ աշնանն անցկացնելու մասին է խոսվում:

-Այս հարցը ևս կքննարկենք: Աշնանը անցկացնելը տարբերակներից մեկն է:

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն