Գլխավոր » TOP, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Այն, ինչը դուրս է տվել Լեոնտևը եթերում, վտանգավոր սադրանք է, նա դադարել է գլուխ հանել ՀՀ-ՌԴ հարաբերություններից. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյան

Մայիս 6, 2018թ. 20:25
Վարդան Տողանյան

 

Անդրադառնալով «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում «Ռոստնեֆտի» փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Լեոնտևի հնչեցրած արտահայտություններին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խստորեն դատապարտել է այն:

Ստորև ներկայացնում ենք դեսպանի գրառումը, որը  տեղադրված է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Մի քանի խոսք ռադիո «Կոմսոմոլսկայա պրավդա» եթերում (2018թ. մայիսի 3-ի) «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտությունների մասին։ Դժվար է ասել, որքանով է Միխայիլ Լեոնտևը կոմպետենտ ածխաջրածինների և արդյունահանման և իրացման հարցերից, սակայն պատմության և աշխարհաքաղաքականության մեջ, և, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններից, նա ակնհայտորեն դադարել է գլուխ հանել։ Էլ չասած մեր երկրում ձևավորված ներքին քաղաքական իրադրության մասին։

Ի դեպ, Միխայիլ Լեոնտևին ես անձնապես գիտեմ ավելի քան քսան տարի և մի ժամանակ նրան համարել եմ Անդրկովկասի հարցերում բավական տեղեկացված փորձագետ, բայց այն, ինչը դուրս է տվել նա այդ եթերի ընթացքում, կարելի է միայն գնահատել որպես վտանգավոր սադրանք՝ և դրա հետ մեկտեղ բացարձակ անկրթության ակնհայտ դրսևորումներով։

Ինձ թույլ չեմ տա մեջբերել այդ արտահայտությունները և  այդ ձևաչափում կսահմանափակվեմ միայն հարցով. ինչի՞ մասին եք խոսում, Դուք, պ-ն մամուլի քարտուղար։

Կցանկանայի վերստին կրկնել, որ Հայաստանում տեղի ունեցողը ներքին քաղաքական երևույթ է, Ռուսաստանի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և հանրապետության արտաքին քաղաքականության  վեկտորի փոփոխության մասին այստեղ խոսք չկա։ Դրա վկայությունները բազմաթիվ են։

Այս իրավիճակում մնում է մտածել, որ հենց դա չի բավարարում Միխայիլ Լեոնտևին։ Եվ բացառված չէ, որ նա ունի դրա սեփական դրդապատճառները, որոնք սկզբունքորեն դժվար չէ հասկանալ։

Ցանկացած դեպքում ակնհայտ է մնում մեկ բան. պ-ն մամուլի քարտուղարի արտահայտությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան փորձ սևացնելու Հայաստանը և, եթե կուզեք, ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ատելություն հրահրելու փորձ։

Ես խստագույնս դատապարտում եմ այդ արտահայտությունները, և խնդիրը միայն ձևակերպումների մեջ չէ։ Սակայն, միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների, էլ չասած Հայաստանի համար եղբայրական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին եզրակացություններ չարժե անել՝ մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով։

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չենթարկվել այսպես կոչված «փորձագետների» կողմից վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին և ներողամիտ չլինել Հայաստանում իրադարձությունների ֆոնի վրա իրենց PR-ն անելու փորձ ձեռնարկողներին»,- ասել է դեսպանը։


Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն