Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ի՞նչը ստիպեց ՀՀԿ-ին մտափոխվել

Մայիս 4, 2018թ. 23:51
Գագիկ Մինասյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր  ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Մայիսի 2-ին ԱԺ լիագումար նիստում կազմակերպված սուր հարց ու պատասխանից հետո ՀՀԿ-ներժեց վարչապետի պաշտոնում  Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը, մինչդեռ մեկ օր անց  կայացրեցիք որոշում՝ պաշտպանել ժողովրդի և ԱԺ 35 պատգամավորների կողմից առաջադրված թեկնածուին։  Հարց է առաջանում ՝ի՞նչը ստիպեց  ՀՀԿ-ին  մեկ օր անց մտափոխվել: 

-Ամեն ինչ շատ պարզ է, պետք չէ այլ  բաներ փնտրել, որովհետև ամեն ինչ չափազանց   բացահայտ է: Սկսեմ սկզբից: Նիկոլ ՓԱաշինյանին ուղղված մեր  հրապարակային  հարց ու պատասխանը տեղի ունեցավ երկու օր. նախ ՀՀԿ խմբակցությունում,  մեկ օր անց հարցեր ու պատասխաններ, ապա ելույթներ եղավ  ԱԺ լիագումար նիստում:

Այդ կերպ ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որպեսզի մեր ժողովրդին  ներկայացնի, տեղեկացնի վարչապետի թեկնածու Նիկալ Փաշինյանի մոտեցումների առնչությամբ ունեցած իր մտահոգությունները: Սրա հետ մեկտեղ, մենք շատ ուշադիր  հետևեցինք, թե  մեր հարցերի  ու ելույթների մեջ ձևակերպված, բարձրաձայնված  մտահոգություններն, արդյոք,  փոխեցի՞ն  հանրության տեսակետը վարչապետի թեկնածուի հանդեպ: Եվ  տեսանք, որ դրանից հետո ևս հանրության այն հատվածը, որը հրապարակում էր ու փոքր թիվ չէր կազմում,  շարունակեց պնդել իր տեսակետը, այն է՝ վարչապետի պաշտոնում տեսնել Նիկոլ Փաշինյանին: Եվ մենք հասկացանք, որ այս իրավիճակում ԱԺ մեծամասնության  տեսակետը չի կարող տարբերվել  հրապարակում գտնվող մեր ժողովորդի այդ հատվածի տեսակետից: Սա  վճռորոշ դեր խաղաց ու  ստիպեց մեզ վերանայելու մեր դիրքորոշումը:  Իսկ նման ծանրակշիռ հարցեր էինք ուղղում Նիկոլ Փաշինյանին, քանի որ ինքներս էինք ուզում հասկանալ նրա հայացքները: Մենք նրան ճանաչում ենք որպես հռետոր, որպես քաղաքական ընդդիմադիր գործիչ,  բայց երբևէ առիթ չի եղել ճանաչելու նաև որպես վարչապետի թեկնածու: Հետևաբար,  մեր խորքային հարցերը հստակություն մտցնելու նպատակ ունեին: Եվ նրան հնչեցրած պատասխանների  հիման վրա  էլ կատարեցինք մեր  քվեարկությունը:

-Եվ դեմ քվեարկեցիք:

-Այո, քվեարկեցինք դեմ, քանի որ նրա շատ պատասխաններ մեզ չբավարարեցին: Բայց հիշենք թե ինչ իրավիճակր էր երկրում. և  ՀՀԿ խմբակցության, և ԱԺ լիագումար նիստերը հրապարակային էին ու մեր ժողովրդի մի զգալի հատվածը այդ օրը համակարգիչների կամ հեռուստացույցերի առաջ նստած հետևում էր ու ներքաղաքական ճգնաժամի լուծում փնտրում:  Մենք տեսանք, որ հանրության այն հատվածը,  որն այդ օրերին հրապարակում էր, իրավիճակի հանգուցալուծում տեսնում էր իր կողմիցնախընտրելի  վարչապետի թեկնածուի առաջադրմամբ: Հենցսա էր, որ վճռորոշ եղավ մայիսի 2-ին կայացրած մեր որոշման համար:

-Այսպիսով, կարո՞ղ ենք արձանագրել, որ  ՀՀԿ-ն հաշվի նստավ հրապարակ դուրս եկած ժողովրդի պահանջի հետ:

-Իհարկե:  Մենք չէինք կարող դեմ գնալ մեր ժողովրդի հրապարակ դուրս եկած հատվածի ցանկությանը: Եվ ՀՀԿ-ն հայտարարեց, վարչապետի թեկնածու չի առաջադրելու և աջակցելու է  խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ: Ի դեպ,  ՀՀԿ-ն իրենց կախված ամեն ինչ արեց, որպեսզի խորհրդարանում ծավալվի  քաղաքակիրթ երկխոսություն.  հարց ու պատասախանի ժամանակ ոչ վիրավորական խոսքեր հնչեցին ոչ եղան պիտակավորումներ:

-Բայց  ՀՀԿ տարածած հայտարարության մեջ վարչապետի թեկնածուի անունը չի հիշատակվում, իսկ մարդիկ ուզում են հստակ հավաստիանալ, ՀՀԿ-ն մայիսի 8-ին սատարելո՞ւ եք Փաշինյանին, թե՞  այլ իրավիճակ կարող է ստեղծվել:

-Խորհրդարանական երեք խմբակցությունները՝ «Ծառուկյան» և Ելք  դաշինքները, ՀՅԴ-ն, դեռևս առաջին քննարկման ժամանակ՝ մայիսի 1-ին, ներկայացրին վարչապետի նույն թեկնածուին:  Հետևաբար, ես հեռու եմ այն մտքից, որ իրենք մայիսի 8-ին խորհրդարանին կներկայացնեն մեկ այլ թեկնածուի: Ուրեմն, ՀՀԿ-ն էլ  կսատարի նրան, ում  այսերեք ուժերը կներկայացնեն: Ի դեպ, մեկ հավելում.  խորհրդարանում վարչապետի թեկնածուին առաջին   և երկրորդ անգամ  ներկացնելու գործընթացների միջև կա մեծ տարբերություն: Եթե առաջին ներկայացման ժամանակ յուրաքանչյուր խմբակցություն կարող  է առաջադրել սեփական թեկնածուին, ապա երկրորդի ժամանակ առաջադրման սկզբունքը փոխվում է, այլևս ամեն խմբակցություն չի կարող իր թեկնածուին ներկայացնել, դա կարող է անել  պատգամավորների 1/3-ը: Իսկ են  «Ծառուկյան», Ելք, ՀՅԴ-ն խմբակցությունների պատգամավորների  թվաքանակը դրա համար լիուլի բավարար է: Հեռու եմ այն մտքից, որ վարչապետի թեկնածուի ս հարցում այսերեք ուժերի կողմից  որևէ անակնկալ  կարող է մատուցվել: Այնպես որ նրանաք կներկայացնեն իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանին ու ՀՀԿ-ն էլ կսատարի:

-Կարո՞ղ ենք ասել, որ մայիսի  8-ին Հայաստանն անպայման կունեն նոր վարչապետ, չնայած,  դավադրության տեսության սիրահարներն արդեն հազար ու մի սցենար են շրջանառում:  

-ՀՀԿ-ն դավադրություների սիրահար չէ, ու նման սցենարներ փնտրելն անլուրջ զբաղմունք է, քանի որ այդպիսիք չկան:  Իսկ մայիսի 8-ին մենք համոզված եմ, որ կունենանք նոր վարչապետ: Նա կլինի  պատգամավորների  1/3-ի կողմից  առաջադրված թեկնածուին, և ես երաշխավորում եմ, որ ՀՀԿ խմբակցությունը նրան կսատարի:

-Այս օրերին հասցրեցի՞ք  վերլուծել,  թե երկրում ի՞նչ կատարվեց,  ինչու՞ կատարվեց,  զգո՞ւմ եք, որ ժողովրդական նման պայթյունը նախ և առաջ երկրի ոչ լիարժեք կառավարման հետևանք էր՝ իր բոլոր բացասական դրսևորումներով:

 –Իհարկե, մտածել ենք, ու դեռ շատ է այս ամենը վերլուծվելու: Պատճառները տարբեր են, անկասկած, կա նաև ոչ լիարժեք կառավարման հանգամանքը: Չկա մի իշխանություն, որն իր գործունեության ժամանակ թերություններ ունեցած չլինի: ՀՀԿ-ն էլ բացառություն լինել չի կարող: Ուղղակի նման  զանգվածային գործընթացների բնույթը, տեխնոլոգիան այնպիսին է, որ հասարակությունը բաժանում է  սև ու սպիտակի, և Հայաստանում մենք դրա ականատեսը եղանք: Եվ դա ցավալի է:

Բայց նաև պետք է արձանագրել, որ ՀՀԿ կուսակցությունն իր գործոնեության ընթացքում  չափազանց լուրջ բարեփոխումներ է իրականացրել ցանկացած ոլորտում: Ի դեպ, մեր ընդդիմախոս պարոն Փաշինյանն ընդունեց, որ մենք  ահռելի փոփոխություններ ենք կատարել մասնավորաբար, արտաքին քաղաքականության ոլորտում: Մեր փոքր երկրի համար արտաքին քաղաքականության ոլորտում կատարված ճշգրիտ,  հաշվենկատ քայլերը չափազանց կարևոր են, դրանք ուղղակիորեն  անդրադառնում են երկրի ներքին կյանքի վրա: Երբ երկու գերկենտրոնները՝ Արևմուտքն ու Ռուսաստանը հակասության մեջ էին, Հայասանի իշխանությանը  հաջողվեց աննախադեպ իրավիճակ հաստատել ու նորմալ հարաբերություններ հաստատել և մեր ռազմավարական գործընկեր  Ռուսաստանի հետ, և  ԵՄ հետ: Հայաստանն իրականացրեց աննախադեպ քաղաքականություն, ինչը մեկ այլ երկրի դեռ չի հաջողվել:

-Երկրի ներսում ևս շատ շուտով կունենանք բացառիկ, աննախադեպ իրավիճակ.  երեք ուժերի միավորմամբ կձևավորվի փոքրամասնության կառավարություն, իսկ  խորհրդարանում  հանձին ՀՀԿ-ի կունենանք ընդդիմադիր մեծամասնություն: 

  -Սովորաբար քաղաքական մեծամասնությունն է կառավարություն ձևավորում է: Սակայն  միջազգայնորեն  ընդունված  կարգավիճակ  է նաև փոքրամասնության կառավարությունը: Իհարկե,  նման դեպքերը ոչ հաճախ  են պատահում, բայց փորձը կա, երբ միշտ չէ, որ մեծամասնությունն է ձևավորում  գործադիր իշխանություն: Օրինակները կան Արևմտյան երկրներում, այդպիսի երկիր է Բուլղարիան:

– ՀՀԿ-ն իր 58 ձայնով չի՞  կարող ձախողել 47 ձայն ունեցող փոքրամասնության կառավարության ծրագրերը:

-Կարևոր հարց հնչեցրիք. Ես կարծում եմ, որ մեր անցյալը մեզ դա թույլ չի տա  անել: Եվ մշտապես հեռու եմ եղել  այն մտքից, որ իշխանություն չունեցող քաղաքական ուժի միակ գործը իշխանության առաջարկությունները մերժելն է: Այնպես որ  փոքրամասնության կառավարությունը շատ հանգիստ կարող է  համագործակցել ու արդյունավետ աշխատել ԱԺ մեծամասնության հետ:

Սա նշանակո՞ւմ է, որ այնքան էլ  հակված չեք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

-Այս պահին մեզ համար նախ կարևոր է ունենալ երկրի վարչապետ, որից հետո կտեսնեք:

Իհարկե,  Աժ ներքին կառուցածքի տեսակետից, այո, ընտրություններն են  վերաձևում խորհրդարանի խճանկարը, բայց մյուս կողմից, եթե  փոքրամասնության կառավարությունը  կարողանա  իրականացնել իր գործառույթները, կնշանակի, որ  խորհրդարանում ՀՀԿ-ի 58 ձայնը և փոքրամասնության կառավարության  47 ձայները ոչ թե կվնասեն աշխատանքին, այլ հակառակը, այն կլինի աշխատող մեխանիզմ:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն