Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Փաշինյանը կադրային լուրջ խնդիրներ կունենա, ավելին, կադրային սով կլինի. Ալեքսանդր Իսկանդարյան

Մայիս 4, 2018թ. 23:18
ալեքսանդր իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով,  մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ոչինչ չի խանգարի: Նա նաև այլ կանխատեսումներ արեց,  որոնք առնչվում են վարչապետի ընտրություններին հաջորդող փուլին:

ՙՙԵթե անգամ պարոն Փաշինյանը ձեռք բերի մի շարք ՀՀԿ-ականների աջակցությունը, միևնույնն է, նա ստիպված կլինի կոալիցիա կազմել, համաձայնություններ ձեռք բերել Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ-ի հետ և, ստիպված կլինի այդ համաձայնությունները կատարել: Իսկ սա խնդիր է՚՚:

Այս առումով քաղաքագետը կարծում է, որ  նոր խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են: ՙՙԻսկ դրա համար անհրաժեշտ է նախ փոփոխել ընտրական օրենսգիրքը: Այն պետք է փոփոխվի այնպես, որ ընտրություններն անցնեն նոր իշխանության կանոններով: Այս նպատակով ներկայիս պառլամենտին պետք է համոզել այդ որոշումներն ընդունել՚՚,- նշեց պարոն Իսկանդարյանը՝ շեշտելով, որ փողոցներից եկող ճնշումը չի կարող հավերժ լինել:

Ա.Իսկանդարյանն անդրադարձավ նաև կադրային խնդրին, նկատելով, որ Փաշինյանը կադրային լուրջ խնդիրներ կունենա, ավելին կարող է  կադրային սովը լինել, քանի որ Փաշինյանի պահեստային խաղացողները քիչ են. ՙՙՄենք գիտենք՝ ովքեր են Փաշինյանի մոտ կանգնած մարդիկ, նրանք կարողացան ակտիվ հանարհավաքներ կազմակերպել,   բայց խնդիրն այն է, թե ինչպե՞ս  կկարողանան  կառավարչական գործառույթներ իրականացնել:

Պարոն Փաշինյանը ինստիտուցիոնալացված իշխանություն չունի: Նա ունի մասնագետների լավ խումբ՝ հանրահավաքների կազմակերպման համար, ընդ որում՝ ինքը՝ Փաշինյանը ևս այդ գործում տաղանդավոր, հաջողակ և ստեղծարար անձնավորություն է: Բայց կառավարության ղեկավարման համար այլ ռեսուրս է պետք. ազդեցիկ մարդիկ, տարածաշրջանային ռեսուրսներ: Այս ամենը բացակայում է, ուստի և պետք է ստեղծվի շատ կարճ ժամանակահատվածում: Եվ հենց այս գործընթացին ենք ականատես լինելու մոտակա ժամանակներում՚՚:
Հարցին՝ արդյոք նման կառավարությունը կկարողանա ՞արդյունավետ գործել, քաղաքագետը նշեց. «Չգիտեմ՝ ինչպես կլինի հետագայում: Աշխարհում նման դեպքեր շատ են եղել, երբ իրավիճակը փակուղի է մտել, բազմաթիվ հեղաշրջումներ են եղել, ինչպես օրինակ Մեքսիկայում: Սակայն եղել են դեպքեր, երբ նման կառավարությունները գործել են. հեռու չգնանք՝ Հայաստանը 1991թ-ին: Որոշակի շրջապատի մարդիկ եկան իշխանության և ձևավորեցին քաղաքական էլիտան: Կապրենք, կտեսնենք»:

Իսկ թե ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության հաջողության գաղտնիքը, պարոն Իսկանդարյանն ասաց. «Նախ ես այն փաշինյանական չէի համարի և երկրորդ՝ որպես քաղաքագետ շատ մեծ զգուշությամբ եմ հեղափոխություն բառն օգտագործում: Վերջին իրադարձություններն ունեին մեկ հիմնական պատճառ. դա իշխանությունների լեգիտիմության ցածր մակարդակն էր: Իշխանությունները չհասկացան, որ ցածր լեգիտիմությամբ հնարավոր չէ մշտապես գոյատևել: Նրանք կարծում էին, որ եթե սովորեն ընտրություններ կազմակերպել, կարող են հավերժ ապրել: Վաղ թե ուշ նման բան լինելու էր: Զանգվածային բողոքի ցույցերը կարող են ծագել իշխանությունների ցածր լեգիտիմության ֆոնի վրա: Այս դեպքում խնդիրը զուտ տեխնիկական է դառնում. անհրաժեշտ է հմուտ, ընդդիմադիր շարժումները ճիշտ ուղղորդող մարդ, իսկ այդպիսինը անպայման գտնվում է»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն