Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ամենամեծ վտանգն այն է, որ այս հեղափոխությունը չվերաճի օլիգարխափոխության

Մայիս 4, 2018թ. 21:28
վիգեն հակոբյան

Հարցազրույց քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

– ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը խորհրդարանական  բոլոր ուժերը, կարծես թե, համարում են անխուսափելի, ու հիմա խնդիրը  ժամկետների հստակեցման մեջ է, ե՞րբ կազմակերպել: Արդյոք, բոլոր խաղացողների շահերի՞ց է բխում, որ ընտրությունները շուտափույթ կազմակերպվեն:

  -Նախ ես այն կարծիքին չեմ, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են:   Չնայած հեղափոխական ընդդիմությունը, նրա կողքին կանգնած ընդդիմադիրներն ու  ՀՀԿ-ն ասում են, թե կողմ են, որ լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, սակայն   ցանկություն արտահայտել դեռ քիչ է ու չի նշանակում, որ դրանք անխուսափելիորեն կայանալու են: Որպեսզի դա լինի նախ պետք է, որ կողմերի  կարծիքները չփոխվեն, օրեր անց, արդյոք, բոլորը կմնա՞ն նույն համոզման, թե՞ կողմերից մեկը, նոր իրողություններով պայմանավորված, հանկարծ կարողէ մտափոխվել: Իսկ մենք այս օրերին տեսանք, թե ինչպիսի արագությամբ է իրավիճակ փոխվում, տարբեր խաղացողներ են մտնում խաղի մեջ ու դուրս գալիս: Հետևաբար, ԱԺ արտահերթ ընտրություններ կարող են կայանալ միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերն էլ, իրոք, դա ցանկանան:

Ինչ վերաբերում է ժամկետներին. այս պահի դրությամբ ոչ մեկին առանձնապես ձեռք չի տալիս, որ ընտրությունները տեղի ունենան հենց հիմա, շատ արագ: Թեպետ, եթե մայիսի 8-ին ՀՀԿ-ն չառաջնորդվի իր հայտարարության ոգով, այսինքն՝ չաջակցի  պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին ու Փաշինյանը չընտրվի, այդ դեպքում իրավունքի ուժով տեղի կունենան արտահերթ խորհրդարանականընտրություններ՝ 30-ից 45 օրվա ընթացքում:

Արտահերթ ընտրությունների արագ անցկացման մեկ այլ տարբերակ էլ կա: Եթե խորհրդարանը դեմ քվեարկի Փաշինյանի ներկայացրած ծրագրին, դրանից հետո դարձյալ խորհրդարանը կլուծարվի և կանցկացվեն արտահերթ ընտրություններ:  Ամեն դեպքում, այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ չի շտապում և այնքան էլ շահագրգռված չէ, որ  արտահերթ ընտրություններն արագ անցկացվեն: Նկատելի, էր որ այսհարցի շուրջ  բոլոր կողմերն անորոշություն են պահպանում:

-Թվում է, պետք է, որ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու լինի ընտրությունների արագ կազմակերպումը՝  հեղափոխական տրամադրությունները ընտրատեղամասեր ուղղորդելու հաշվարկով: Բայց մյուս կողմից, վարչապետ ընտրվելու դեպքում նա շատ գործ ունի անելու, դեռ պետք է կատարի տված խոստումը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարի, ինչը ժամանակ է պահանջելու:   

-Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում նշում է, որ ընտրությունները պետք է անցկացնել ողջամիտ ժամկետներում, իսկ երբ նրան հարց է ուղղվում, թե ի՞նչ ասել է ողջամիտ ժամկետ, նա պատասխանում է՝ դա կարող է լինել երկու ամիսը կամ մինչև մեկ տարին: Ինչո՞ւ է դա արվում. իմ վերլուծությունը հետևյալն է ցույց տալիս: Առաջին, Փաշինյանը հայտարարում է, որ պետք է կատարի փոփոխություն օրենսդրության մեջ, մասնավորաբար, Ընտրական օրենսգրքում,  Կուսակցությունների մասին օրենքում: Կառաջանա նաև  հարակից օրենքներում, ենթաօրենսդրալկան ակտերում փոփոխություն իրականացնելու  անհրաժեշտություն: Դրանք ԱԺ-ում հաստատելու համար պետք է պայմանավորվածություններ ձեռք բերի ՀՀԿ-ի՝ ԱԺ մեծամասնության հետ, որը  փաստորեն վերածվում է ընդդիմության: Այս ամենի համար նրան ժամանակ է պետք: Երկրորդ, այս ընթացքում Փաշինյանը պետք է  հեղափոխության արդյունքները կապիտալիզացնի տեղերում, ինչի համար ևս նրան ժամանակ է հարկավոր: Պետք է ստեղծի իր կուսակցության՝ ՔՊ-ի կառույցները, փորձի վերահսկողության տակ առնել ԿԸՀ-ն, տեղական հանձնաժողովները, իսկ սա հսկայական գործընթաց է, որը պահանջում է  քաղաքական, ֆինանսական, կազմակերպչական, կադրային հսկայական ռեսուրսներ: Եվ դարձյալ ժամանակ է պետք: Այսինքն, չնայած իր համար կարևոր է պահպանել այս հեղափոխական վերելքի  ոգին, բայց մենք գիտենք, որ ընտրությունների ժամանակ հիմնական գործընթացը իրականացնում են   ինստիտուցիոնալ կառույցները: Այնպես որ Նիկոլ Փաշինյանին ժամանակ պետք, որպեսզի պատրաստվի ընտրություններին:

-Կարծես թե, ընտրությունների  արագ անցկացումը  չի բխում նաև  Նիկոլ Փաշինյանի ներկայիս գործընկերների՝ ՙԾառուկյան՚ դաշինքի ու ՀՅԴ շահերից: Առավել ևս  այն չի բխում ընդդիմություն դարձող ՀՀԿ-ի շահերից: 

Եթե հիմա անցկացվեն ԱԺ ընտրությունները, ապա այս հեղափոխական ինքնամաքրման գործընթացում դուրս է մղվելու փողի գործոնը, և մարդիկ հեղափոխականությամբ տոգորված փող չեն վերցնեն և ոչ էլ նրանց կառաջակվի: Առավել ևս, որ վարչապետ Փաշինյանը, ունենալով լծակներ, այդ թվում և ուժային, թույլ չի տա, որ ընտրություններում ֆինասական ռեսուրսն ակտիվորեն օգտագործեն այն կուսակցությունները, որոնք ընտրությունների ժամանակ մշտապես հենցել են այդ ռեսուրսի վրա: Եվ այդ պարագայում Փաշինյանի ներկայիս դաշնակից կուսակցությունները ձայների լուրջ կորուստներ կունենան:

Ինչ վերաբերում է  ՀՀԿ-ին, այստեղ մեկ այլ խնդիր էլ կա: ՀՀԿ-ի համար ևս ձեռնտու է  հնարավորինս ձգձգել ընտրությունների անցկացման ժամանակը, որպեսզի փորձի ինքնամաքրվել, այս ընթացքում համոզի ընտրողին, որ ինքը փոխվել է, ու նոր տեսքով հանդես գա: ՀՀԿ-ն, իհարկե, հասկանում է, որ ինքն այլևս չի կարող լինել իշխանություն, բայց գոնե կարողանա լուրջ ընդդիմություն լինել ու քաղաքական դաշտում իրենից ինչ-որ բան ներկայացնել:

Այսպիսով, թե՛ Փաշինյանին, թե՛ նրա ներկայիս գործընկեր կուսակցություններին, թե՛ ՀՀԿ-ին ձեռք չի տալիս ընտրությունների շուտափույթ կազմակերպումը: Մնում է պայմանավորվեն ողջամիտ ժամկետի շուրջ:

-Արդեն իսկ նկատելի փոփոխություն կա ընդդիմադիր Փաշինյանի, հեղափոխական Փաշինյանի ու  վարչապետի թեկնածու Փաշինյանի մոտեցումներում, դիրքորոշումներում: Այս  փոփոխությունը, իր նախկին դիրքորոշումներից հրաժարումը չի՞ կարող ժողովրդի մոտ հիասթափություն առաջ բերել, հետևաբար,  վարկանիշի  անկում:   

-Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է անդրադարձել իր մոտեցումների փոփոխմանը, ասելով, որ  ընդդիմադիր եղած ժամանակ այլ մոտեցումներ է ունեցել, օրինակ, արտաքին քաղաքականության հարցերի շուրջ, բայց հիմա, նոր իրավիճակից ելնելով, իշխանության լինելով, դրանք կամ մեղամացվելու են կամ նույնիսկ  վերանայվելու:

Փաշինյանի հետևից գնացած զանգվածները փողոց դուրս եկան ընդդեմ Սերժ Սարգսյանի ու գործող համակարգի, և այդ ժամանակ նրանց  քիչ էր հետաքրքրում  Փաշինյանի ապագա ծրագրերը, այսինքն, նրան ընկալում էին որպես համակարգի հակառակորդ, որը եկել է  զանգվածների  օգնությամբ այդ համակարգը ցրելու:

Ու քանի դեռ այդ հեղափոխական տրամաբանությունն է աշխատում, և կա համակարգից ազատվելու խնդիր, մարդիկ մեկ բանի մասին են մտածում՝ համակարգից ազատվենք, հետո կտեսնեք: Շատերին անգամ թվում է, թե Փաշինյանի  մեղմ, զգուշավոր դիտարկումները այսփուլում արվող տակտիկական քայլերն են, որոնց նպատակն է հնարավորություն տալ  փափուկ անցում կատարելու համար: Փաշինյանի կոչով հրապարակ ելած մարդիկ ամենևին  չեն էլ խորանում նրա ապագա ծրագրերի մեջ:

Բայց այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. մարդիկ մեծ սպասումներ ունեն գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանից, ակնկալում են գերքայլեր տնտեսական,  ներքաղաքական, աշխարահաքաղաքական հարթություններում: Իսկ այս սպասումների, հույսերի չիրականացման դեպքում հասարակության մոտ կնվազի Փաշինյանի հանդեպ հետաքրքրությունը ու նա կարող է կորցնել իր հեղինակությունը:

Մյուս կողմից, Փաշինյանի կողքին կան քաղաքական ուժեր, որոնցից ամեն մեկն ունի իր դիրքորոշումները, մեկը արևմտամետ է ու վաղը կարող է հարցեր դնել Փաշինյանի առաջ, մյուսը՝ ՙՍասնա ծռերին՚ է ուզում բանտից հանել, և հիմա արդեն Փաշինյանի առաջ հարցեր է դնում, իհարկե, վերջինս դեռ մանևրում է, ասելով՝ օրենքի շրջանակներում կկայանա դատավարություն: Նիկոլը նաև խնդիրներ է ունենալու հարթակում իր կողքին կանգնած տարբեր խմբերի հետ, որոնք տարբեր նպատակներ ու շահեր ունեն, և ես չեմ կարծում, որ նրանց շահերը համընկնելու են այլևս պետական գործիչ Փաշինյանի դիրքորոշումների հետ:

-Այսպիսով ստացվում է բավականին վտանգավոր իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտնվել պատանդի վիճակում՝ իր կողքին կանգնած, սակայն տարբեր շահեր հետապնդող ուժերի կողմից:

-Եթե Փաշինյանն ընտրվի վարչապետ, իր համար բավականին բարդ շրջան է սկսվելու, և նա մինչև առաջիկա ընտությունները պետք է փորձի հնարավորինս քիչ կորուստներ ունենա, թե՛ իմիջային առումով, թե՛ իր դաշնակիցների, հենց միայն նրա համար, որ իր կողքին այսօր կանգնած ժամանակավոր գործընկերներն առանձնապես վստահելի ուժեր չեն: ՀՀԿ-ն էլ իր հերթի որպես ընդդիմություն ամնն ինչ կանի, որպեսզի բարդացնի Փաշինյանի կյանքը:

Սրա հետ մեկտեղ կա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ, կան բարդ խնդիրներ, կապված Արցախյան հիմնախնդիր հետ, պետք է հստակեցվեն քաղաքական, պետական, տնտեսական ու ներանձնային հարաբերությունները որոշ երկրների առաջնորդների հետ:

Բացի այս, Փաշինյանին առջևում դժվարին փուլեր են սպասվում,ու  շատ ավելի բարդ են լինելու հենց պատասխանատվության տեսակետից: Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որն իր մեջ ներառելու է տարբեր տնտեսական  ու քաղաքական շահեր ունեցող ուժերի: Նիկոլ Փաշինյանը   որպես պրագմատիկ գործիչ  շատ լավ պատկերացնում է, թե այս պահին ովքե՞ր են իր կողքին, ովքե՞ր են իր հետ սկսել այս հեղափոխությունը, ովքե՞ր են ճանապարհին միացել իրեն, ու ովքե՞ր են  վերջնախաղում հայտնվել հարթակում: Կարծում եմ, այս ամբողջ  ՙՙպարտիայում՚՚ Փաշինյանը շատ լավ է հասկանում առկա վտանգներն ու հնարավորությունները: Իսկ ամենից գլխավոր վտանգն  այն է, որ հանկարծ այս հեղափոխությունը չվերաճի օլիգարխափոխության:

-Երբ մեկ էլ հանկարծ ՙՙՆի-կոլ, Նի-կոլ՚՚ վանկարկումները կարող են փախարինվել ՙՙԾա-ռուկ-յան՚՚ վանկարկումներով:

-Ուզում եմ հավատալ, որ Փաշինյանը լինելով  փորձառու գործիչ, հստակ կպատկերացնի,  թե ի՞նչ քայլերով կարող է դրանից խուսափել, որպեսզի հանկարծ, ինչպես ասացի,  այս հեղափոխական իշխանափոխությունը չվերաճի օլիգարխափոխության:

 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն