Գլխավոր » Լրահոս, Վերլուծական

Հեղափոխության անտեսված կողմը.Նարե Շարմազանովա

Մայիս 2, 2018թ. 23:45
Nare

Ում համար ՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն:

Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն: Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել եւ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել: Բայց այս հեղափոխությունն էլ ունի անտեսանելի կողմեր: Ու դրանցից մեկը, գուցե աննշանը՝ ես եմ: Ու եթե մարդիկ մտահոգված էին դրսում կանգնած երեխաներով և նրանց անվտանգությամբ, ես և հեղափոխության այս կողմում մնացած անչափահասները անտեսված մնացինք:

Չէ՞ որ հեղափոխության տեսանելի կողմը փողոցում կանգնած անչափահասներն են: Ես բարեբախտաբար թե ցավոք, հեղափոխության անտեսանելի անչափահասն եմ, ում համար երկար ժամանակ պիտի պահանջվեր բացահայտելու երևույթներ և իրավիճակներ, որոնց համար արժեր ապրել «մղձավանջ երազը»:

Այս օրերին շատ է խոսվում, որ հեղափոխությունը խաղաղ եկավ, առանց տուժածների և ագրեսիայի, թալանված խանութներ և ջարդուփշուր եղած մեքենաներ չկային: Փոխարենը կա այս ամենի դարձյալ անտեսանելի կողմը՝ թալան, որի դերակատարները «ընկերներս» էին, ջարդուփշուր եղած հարաբերություններ, որոնք դեռ երեկ այնքան թանկ էին ու թվում էին՝ անդավաճան:

Այո, հեղափոխության ժամանակ զոհեր չունեցանք՝ անարյուն էր և, փառք Աստծո: Միայն թե ինքս «հուղարկավորեցի» շատերին… Վերքեր էլ եղան, ցավոտ էլ է: Նրանց անունները մեկ-մեկ գրեցի թղթի վրա: Ասում են՝ երբ ուզում ես սիրածդ մարդուց հեշտությամբ բաժանվել, գրիր նրա անունը թղթի վրա, հետո այրիր: Գրեցի էլ, պատռեցի էլ, վառեցի էլ, բայց նրանց պատկերները չեն հեռանում աչքիս առաջից: Նրանք այստեղ են ՝ սրտիս մեջ, իսկ մտքումս՝ մի հարց ՝ ինչի՞ համար:

Ասում են՝ կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել ճիշտ հաշվով: Այս օրերին ես կորցրի այդ հաշիվը. ի՞նչ էի արել նրանց, ում իմն էի համարում, նրանք էլ՝ կարծես թե ինձ՝ իրենցը: Ասացին ՝ «Սա քաղաքականություն ա, մի խառնի անձնականի հետ»: Կամ՝ «Անկախ ամեն ինչից, մենք սիրում ենք քեզ ու քո կողքին ենք»: Կամ՝ «Դու մեծ պոտենցիալ ունես, ուդաչի…»: Ստացվեց ես ունեի թևեր, որ ճախրում էի, բայց նրանք կտրեցին իմ ոտքերը: Իսկ ոտքերս մինչ հեղափոխությունը ամուր էին, հիմա՝ էլ ավելի: Պարզապես զգացմունքների հեղեղից հետո բանականությունը փսփսաց, մի փոքր հետո ավելի բարձր, իսկ ավելի ուշ գոռաց ՝ ինչի՞ համար: Ինչի՞ համար են գեղեցիկ փաթեթավորված խոսքերը, եթե իրականում դուք իմ կողքին չեք: Ի վերջո, ամեն ինչ շատ պարզ է՝ չկա գոլ վիճակ: Կամ պաղ ես, կամ տաք: Եվ եթե կողքիս չես, չկա այլ երես, չկա այլ քող, որ կարողանա ծածկել ցավը:

Հարգելի պարոն ապագա վարչապետ, ես գիտեմ, որ քաղաքականությունը հեշտ գործ չի և շատ ավելի հեշտ է գեղեցիկ մտքեր ասելը, քան դրանք իրագործելը: Գուցե իմ խնդրանքը շատ չնչին է այն բոլոր մեծ ու փոքր, լուրջ ու բարդ գործերի համեմատ, որ պիտի արվի հայրենիքի համար: Բայց որպես այս հեղափոխության անտեսված կողմ, խնդրում եմ. փորձեք վերացնել այն ատելությունը, որ այս օրերին տեղատարափ անձրևի պես թափվեց: Փորձեք Ձեր օրինակով կրթել ինձ նման անչափահասներին, սովորեցնել , որ ատելությունը լավ չի, որ վատ է, երբ հեղափոխական հարթակից երեխան հայհոյում է իր պապի տարիքի մարդուն, և մեծերը ծափահարում են նրան:

Փորձեք բացատրել անչափահասներին, որ այդ քաղաքական գործիչները, ում «ֆուֆլո» են ասում, իրենց նման անչափահասների հայրեր և պապիկներ են: Փորձեք սովորեցնել, որ իսկապես անկախ բոլոր իրավիճակներից, դավաճանությունը լավ չի: Փորձեք սովորեցնել նրանց, որ ընկերությունը չի վաճառվում «օրվա քյարով», ինչպես հորս ընկերներից մեկն ասաց ՝ «Մերժում եմ Սերժին, որովհետև ինձ համար իմ քյարն ա կարևոր»:

Սովորեցրեք մեծերին ու փոքրերին, որ կարելի է չդավաճանել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է: Սովորեցրեք, որպեսզի նրանք չտրվեն վարակիչ ալիքին, եթե ունեն իրենց ճշմարտությունը: Սովորեցրեք նրանց, որ մտավոր և ֆիզիկական ուժը կարելի է վաճառել, բայց վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին, որովհետև դա է մոդայիկ, որովհետև դրսում դրան ծափահարում են:

Փորձեք սովորեցնել՝ նախ մեծերին, որ հեղափոխությունը հաղթելու համար պետք չի տղամարդուն կնոջ շորերով պատկերել, փորձեք արժևորել ու քաջալերել մարդկանց, ովքեր զուսպ են, ովքեր քմծիծաղ չեն տալիս ու չեն «ղժում» ընկերոջ վրա, ովքեր ամիսներ առաջ, օրինակ, շնորհակալ էին «պարոն Շարմազանովին», իսկ այսօր նա «վատ մարդ է»: Ու «որքան հնարավոր ա՝ պետք ա արագ տարածել այդ ինֆոն»: Ու այսպես շարունակել՝ որքան վատ նրանց, այնքան լավ՝ մեզ մոտիվացիայով:

Հ.Գ.

Եթե Ձեզ հաջողվի աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ պրոցեսների արանքում ժամանակ գտնել և հիշել անչափահասիս խնդրանքը և քարոզել սեր և հանդուրժողականություն, ես իրապես կլինեմ Հայաստանի հպարտ քաղաքացի: Այս ամենը հեշտ չէ , բայց տեսեք՝ ինչ կարող եք անել:

Էդուարդ Շարմազանովի դուստր՝ Նարե Շարմազանովա

 

 
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն