Գլխավոր » TOP, Հարցազրույցներ, Քաղաքականություն

 ՀՀԿ-ն պետք է իր ձայնը տա հօգուտ Փաշինյանի վարչապետության, միայն այդ կերպ հնարավոր կլինի լիցքաթափել լարվածությունը. քաղաքագետ

Մայիս 2, 2018թ. 18:41
Արթուր ՂԱզարյան

<<Մեր երկրում ստեղծված  ներքաղաքական ճգնաժամը դառնում է  պայթյունավտանգ ,  նման իրավիճակում ես այլընտրանք չեմ տեսնում, քան այն, որ ժողովրդի թեկնածուն պետք է ընտրվի երկրի վարչապետ: Եվ, իմ կարծիքով, հենց սա պետք է լինի փոխզիջման կամ երկխոսության հիմքում, քանի որ միայն այդ քայլը կարող է մեղմել ստեղծված  լարվածությունը>>. մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Ըստ քաղաքագետի երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀԿ-ն ճիշտ քայլ չարեց դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

<<Կարծում եմ, ՀՀԿ-ն  պետք է իր ձայնը տար Փաշինյանին,  չմերժեր նրա թեկնածությունը: Մանավանդ որ, մինչ այդ արդեն ասվել  էր, թե  ՀՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածուն, այսինքն, կար նախատրամադրվածություն, որ  ՀՀԿ-ն կօգնի, կաջակցի Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Բայց դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում լարվածությունն աճեց: Եվ եթե այս օրերին չդրսևորվի համապատասխան խոհեմություն ու ՀՀԿ-ն պաշտոնապես հանդես չգա  հայտարարությամբ, որ պատրաստ է քվեարկելու ժողովրդի թեկնածուի օգտին, հավատացեք, լարվածությունը չի մեղմվելու, դեռ մի բան էլ այն կարող է շատ ավելի բացասական հետևանքներ ունենալ>>:

ԱԺ արտահերթ ընտրությունների հրավիրումը քաղաքագետը համարում է անխուսափելի գործընթաց, քանի որ հասարակական շարժումը ցույց է տալիս, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում հասարակական պահանջը:

<<Փաստորեն մեկ տարի առաջ ձևավորված Ազգային ժողովն այսօր հասարակության վստահությունը չի վայելում, այսինքն, այլ այլևս լեգիտիմ չէ: Դա նշանակում է, որ պետք է խորհրդարան գան նոր ուժեր ու տեղի ունենան նոր վերադասավորումներ, որտեղ, կարծում եմ, որևէ քաղաքական ուժ չպետք է ունենա մեծամասնություն: Այդ դեպքում միայն հնարավոր կլինի ձևավորել ռեալ, խելամիտ կոլաիցիոն կառավարություն>>:

Փոխարենը Ղազարյանը դեմ է  ընտրությունների շուտափույթ, հապճեպ կազմակերպմանը, մի պարզ պատճառով. <<ԱԺ ընտրությունների շտապ կազմակերպումը չի կարող բխել որևէ  քաղաքական ուժի շահերից: Քանի որ մի կողմից ընտրությունների կազմակերպումը ժամանակատար գործընթաց է, մյուս կողմից, Վենետիկի հանձնախումբն ասում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունից առնվազն մեկ տարի հետո  պետք է կազմակերպվեն ԱԺ ընտրություններ: Եվ ուրեմն, այս հանգամանքը հաշվի առնելով, կարծում եմ, ԱԺ ընտրություններն առնվազն մեկ տարի հետո պետք է տեղի ունենան>>:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն