Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հավաքների մասնակիցներին հորդորում ենք մանկահասակ երեխաների թողնել տանը, հետը չվերցնել կտրող-ծակող իրեր. ԱԻՆ-ի կոչը

Մայիս 2, 2018թ. 15:05
ԱԻՆ

ՀՀ մայրաքաղաք Երեւանում եւ այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման եւ ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԻՆ-ը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Սիրելի ժողովուրդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին եւ մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն: Կոչ ենք անում հանրահավաքների եւ երթերի ընթացքում ցուցաբերել աչալրջություն՝ հաշվի առնելով, որ մարդկանց զանգվածային հավաքների եւ անկանոն տեղաշարժի հետեւանքով առաջացող հրմշտոցը, խուճապը կարող են հանգեցնել մարմնական, այդ թվում՝ նաեւ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները եւ տարեցները:

Հավաքների եւ երթերի մասնակիցներին հորդորում ենք՝

մանկահասակ երեխաների թողնել տանը.

հետը չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ եւ չկապել փողկապ.

հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.

մասնակիցներից որեւէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար

Հիշեցնում ենք, որ հանրահավաքների, ցույցերի եւ երթերի ընթացքում վտանգավոր է նաեւ տարատեսակ հրագործական՝ ճայթռուկների, հրավառությունների, ծխագլանակների, ջահերի եւ այլ միջոցների կիրառումը: Ուստի՝ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշություն եւ հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, հատկապես՝ մարդկային զանգվածի մեջ գտնվելիս, քանի որ դրանց կիրառումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, հատկապես, եթե  մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ:

Հաշվի առնելով բազմամարդ հանրահավաքների ժամանակ կիրառվող լուսաձայնային մեծաքանակ տեխնիկայի առկայությունը՝ հանրահավաքների մասնակիցներին հորդորում ենք լուսաձայնային սարքավորումներից եւ էլեկտրական լարերից պահպանել անվտանգ հեռավորություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը եւ արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման գրավականն է:

Հիշեցնում ենք, որ ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ շուրջօրյա, անվճար 911 կամ 112 հեռախոսահամարներով:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն