- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

«Երեւանը թշնամիներ ունի, որոնք չեն հապաղի այս իրավիճակից օգտվել». Վլադիմիր Ջաբարով

Հայաստանում քաղաքական ճգնաժամի ուժային լուծման տարբերակը, որի կոչ է արել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է եւ կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության օրինականությունը։ Երկրին լուրջ հետեւանքներ են սպասվում, այդ թվում՝  արտաքին քաղաքակության ոլորտում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Չի կարելի այդպես իշխանության գալ, քանի որ հետագայում այդ վարչապետի օրինականությունը կասկած կհարուցի»,–ասել է Ջաբարովը։ Նրա խոսքով՝  իրադարձությունների այդպիսի զարգացումը Հայաստանի համար հղի է լուրջ հետեւանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում։ «Երեւանը թշնամիներ ունի, որոնք չեն հապաղի այս իրավիճակից օգտվել»,–հավելել է սենատորը։

Իրավիճակը երկրում նա տագնապալի է անվանել. «Այն բանից հետո, երբ Փաշինյանը կոչ է արել անհնազանգության ցույցեր իրականացնել, արգելափակել կենսական կարեւորություն ունեցող ճանապարհները, մեծապես աճում է ոստիկանության եւ ընդդիմադիր առաջնորդի կողմնակիցների բախման հնարավորությունը»։

Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել եւ հույս հայտնել, որ սթափ դատողությունը արդյունքում կհաղթանակի. «Շփոթեցնում է, որ կառավարման նախագահական ձեւից խորհրդարանական կառավարման ձեւին անցումը շատ ցավոտ է՝ նշանակում է՝ ամեն ինչ չէր մտածված։ Ակնհայտ է հիմա, որ իրավիճակը ինչ–որ պահի բաց է թողնվել»,–ենթադրում է նա։

Սենատորի կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ խորհրդարանական ընտրություն անցկացնել եւ փոփոխել երկրի վարչապետի ընտրման կարգը, օրինակ, խորհրդարանական կուսակցությունների կոալիցիայի հիմքի վրա։