Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանը զիջում է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Վազգեն Մանուկյանին, և՛ Կարեն Դեմիրճյանին». Արմեն Աշոտյան

Մայիս 1, 2018թ. 16:16
Արմեն Աշոտյան

«Այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է։ Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց։ Երբ դուք սկսեցիք շարժումը, ձեզ ոչ ոք չէր հավատում, ձեզ մոտ ստացվեց, դուք ներշնչեցիք հույս, էներգիա, ոգևորեցիք մարդկանց, անկախության հաստատումից ի վեր կուտակված խնդիրները վեր հանեցիք»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խնդրելով այլևս չշահարկել Սերժ Սարգսյանի անունը։

«Այդ ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ։ Մենք բոլոր ձեր ասած՝ նոր Հայաստանում ենք ապրում, և եկեք՝ նոր գինին չլցնենք հին տակառների մեջ. կամ պայթեցնելու է, կամ թթվի»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանը նկատեց. «Դուք ասացիք՝ «Մերժիր Սերժին», Սերժ Սարգսյանը գնաց, չուզեցիք Կարեն Կարապետյանին, նա չառաջադրվեց, մերժեցիք ՀՀԿ-ին՝ մենք որևէ թեկնածու չենք առաջադրել։ Այս հաջողությունը ձերն է, այդ արմատների մեջ մենք մեր մեղավորությունն ունենք, և այս դահլիճում գրեթե չկա հանրությանը հայտնի գեթ մեկ գործիչ, որ իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների ծագման մեջ։ Երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ժողովրդավարությունը տոտալիտար ճնշման մեխանիզմներով չի հաստատվում, հնարավոր չէ այդպես»։

Ըստ նրա՝ Փաշինյանի ելույթը՝ որպես վարչապետի թեկնածու, դիմադրողական էր, արժանապատիվ էր, բայց բավարարող ու համարժեք չէր Հայաստանում առկա խնդիրներին. «Ընդդիմադիր այն բոլոր առաջնորդների մեջ, որ տեսել եմ այս ընթացքում, Նիկոլ Փաշինյանը զիջում է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Վազգեն Մանուկյանին, և՛ Կարեն Դեմիրճյանին։ Նա հրաշալի, խարիզմատիկ, ինտելեկտուալ, ահավոր խելացի մարդ է, բայց կան գործոններ, որոնք այս կամ այն պարագայում հնարավոր չեն դարձնում այդ պաշտոնավարումը։ Ես չեմ ընդունում այն բանաձևը, որ գիտեք՝ կամ դուք իմ եղբայրն եք, կամ ես ձեզ պետք է խաչեմ։ Այս մոտեցումն անհասկանալի է։ Ինչո՞ւ են ժամանակակից մեսիաները փոխանակ իրենք խաչվելուն՝ ուրիշներին ուզում խաչել, չեմ հասկանում դա»։

Աշոտյանի դիտարկմամբ՝ ընտրությունը վատի և կործանարար տարբերակի միջև է. «Վատն այն է, որ ես հիմա չեմ կարող դուրս գալ ասել՝ ամեն առումով շատ վատ է, բայց կործանարար եմ համարում այն մոտեցումը, երբ առկա աշխարհաքաղաքական պայմաններում մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որն անձամբ ինձ համար Հայաստանի ավարտի սկիզբն է։ Ես չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ դառնա Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետ։ Ուզում եմ կապիտալիզացնենք այն, ինչ այսօր ունենք բոլորս, չէ՞ որ այս հաղթանակը բոլորինս է»։

Նա նշեց, որ ՀՀ-ն պետք է մնա՝ որպես պետություն. «Մենք հայրենիք զիջելու իրավունք չունենք, ու խնդիրը բացարձակապես Նիկոլ Փաշինյանը չէ»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն