Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Այ Նիկոլ ջան, դու որ անցել ես իշխանության յանից, բա ես ո՞ւմ յանից անցնեմ, ընձի ո՞ւր ես մենակ թողնում, գնում». Սեյրան Սարոյան

Մայիս 1, 2018թ. 13:32
Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում նախ նշեց, որ թեև չէր ցանկանում խոսել, բայց այս «կրիտիկական պահին» չի կարող չխոսել։

Պատգամավորը բավականին երկար ելույթ ունեցավ։ «Այս պետությունը հենց այնպես չի ստեղծվել, այն մեզ ոչ մեկը նվեր չի տվել, ամեն թիզ հող գրավելու համար հարյուրավոր ընկերներ ենք կորցրել։ Էսօր նենց մթնոլորտ է ստեղծվել մեր հանրապետությունում՝ ոնց որ աշխարհի վերջն ըլնի։ Բացի էդ՝ որ մեղավորներ ենք ման գալիս սաղս իրար մեջ, կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ։ Գիտեմ՝ ժողովուրդ կա, որ էսօր շատ պրոբլեմներ ունի, իշխանությունից դժգոհ է։ Այո, մարդիկ կանգնեցին ոտքի, փորձեցին իրենց քայլն անել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանն է խանգարում էս ժողովրդին, մոռանալով Սերժ Սարգսյանի արած գործերը, լավն ու վատը։ Ամեն դեպքում, չկա տենց մարդ, որ աշխատի ու չունենա սխալներ։ Մենք ինչո՞վ կարեցանք օգնել, եթե գիտեինք այդ ճիշտ ուղիները։ Եթե չենք արել, ուրեմն մենք էլ էինք սխալ։ Եթե գիտեինք այդ ճիշտ ուղիները, ուրեմն պարտավոր էինք բարձրաձայնել։ Այսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու։ Այսօր, եթե մտադրություն կար, որ փորձում էինք ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի հետ, այդ մարդն ասեց՝ լավ, չե՞ք ուզում, այ մարդ, ես գնացի, էս աթոռը ձեզ, սաղ էլ ձեզ»,- ասաց Սարոյանը։

 Պատգամավորի խոսքով՝ այն ժամանակ ասում էին՝ Սերժ Սարգսյանն է ամեն ինչի մեղավորը, բայց ըստ նրա՝ ստացվում է, որ պաշտոնակռիվ է գնում. «Տենց չի կարելի։ Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, իրոք Նիկոլի նման ընդդիմադիր չկա, էսօր, որ Նիկոլը գնաց իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ է լինելու, մնում եմ մենակ ես։ Տենց ո՞նց կլինի»։

Երբ դահլիճից արձագանքեցին, որ Աշոտյանը կլինի ընդդիմադիր, նա հակադարձեց. «Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր, ա՛յ տնաշեններ»։

«Էսօր իրոք Նիկոլը ժողովրդին պետք է, նա ժողովրդի կողմից խոսում էր, կռիվ էր տալիս, բայց էսօր եկավ իշխանության՝ արդեն անցել է իշխանության յանից։ Այ Նիկոլ ջան, դու որ անցել ես իշխանության յանից, բա ես ո՞ւմ յանից անցնեմ, ընձի ո՞ւր ես մենակ թողնում, գնում»,- նկատեց նա։

Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ պետք է ստեղծված իրավիճակից լուծումներ գտնել. «Այսօր ոչ թե պետք է կրակի տակ բենզին լցնենք, սկսենք իրար նեղացնել, այլ եկեք մտածենք՝ սրա տակից ոնց ենք դուրս գալիս։ Պատկերացնո՞ւմ ես՝ ՀՀԿ-ն, որը ինչ լիդերներ է ունեցել, եկել ասում ենք՝ դու շատ վատն ես, եկեք՝ ռադ եղեք, գնացեք ձեր տները, մենք ենք լավը։ Տենց ո՞նց կլինի։ Լավ, ճիշտ ա, 100 հազար ժողովուրդ հավաքվել ա, սաղ մեր ժողովուրդն են, մեր երեխեքն են, բայց ՀՀԿ-ին 800 հազար ձեն ա տվել մեր ժողովուրդը։ Ենթադրենք, ինձ 20 հազար մարդ ձեն ա տվել, դրանից 3 հազարն էս իշխանությանը չի սիրել, հիմա հրապարակում է, էլի իմ ժողովուրդն է, ինձ սիրել է, իշխանությանը չի սիրել, բայց 17 հազարն էլ տունն են, չէ՞, բա դրա մասին չե՞նք մտածում։

Ինչի՞ են ուլտիմատումներով խոսում՝ չէ, ես էսօր պիտի դառնամ վարչապետ, ինչի՞։ Նիկոլ ջան, մենք լավ էլ ընդդիմադիր ենք, ինչի՞ վարչապետ, արեցիր քո գործը, լավ էլ քայլեցիր, մարդն էլ ասաց ՝ չե՞ք ուզում ինձ՝ առեք ձեր աթոռն էլ, դուք էլ։ Բայց ինչի իմեննո դու։ Օրինակ՝ ես Նիկոլի տեղը լինեի՝ կասեի՝ Սասուն ջան, Արամ ջան։ Հիմա, որ ես լինեի, ասեի՝ ինձ վարչապետ տվեք, կասեին՝ էսքան բան արեցիր, որ քեզ վարչապետ դնեն։ Նիկոլին վարչապետ էլ դնեք, էլի ընդդիմություն է, էլի ելնելու է՝ կռիվ անի։ Եկեք՝ խելացի ձևով մտածենք, ժողովրդին հանգստացնենք, որ Աստված չանի՝ այս խաղաղ ցույցերը դառնան կրակի բուն»։

Նա նկատեց. «Եթե մեկն ու մեկին թվում է, որ էն ժողովուրդը մերն են, էն միլիցեքը մեր երեխեքը չեն, ուրեմն մենք մարդ չենք։ Ում քթից էլ արյուն եկավ, ամբողջ մեղավորությունը մեր բոլորիս վրա է։ Հիմա այս կուսակցությանը ո՞նց կարելի ա փչացնել, ո՞նց կլինի տենց բան։ Ախր իրենք կուսակցություն են փչացնում, ժողովուրդ, ուզում ենք՝ սարքենք առնետավազք, եսիմ ինչ։ Աթոռակռի՞վ եք անում, դավայ, ցրեք Ազգային ժողովը, թազա սկսենք, տենանք՝ ով ինչքան ձեն կհավաքի։ Իշխանություն տանք ձեզի՝ հիմա նույն Հանրապետականի խաղերը դո՞ւք խաղաք, ասեք՝ մենք ենք իշխանությունը, մենք պիտի լցենք»։

Ըստ Սարոյանի՝  այսօր ժողովուրդն արդեն հասկացել է, որ փողը դեր չի խաղալու, ոչ էլ իշխանությունն է դեր խաղալու. «Հեն ա, իշխանություն ենք, կարո՞ւմ ենք դպրոցի դիրեկտորներին չթողնենք գան միտինգ, կամ ուսանողներին ասենք՝ մի գնացեք միտինգ։ Ի՞նչ ա անում իշխանությունը, ժողովուրդը որ կանգնեց ոտի, ով ուզում ես՝ էղի։ Բայց մենք որ ամեն ինչ տանում ենք քանդելու, սա խայտառակություն է։ Ի՞նչ պառլամենտ, ինչի՞ մասին եք խոսում, որ թողենք՝ իրար քֆուր էլ կտաք արդեն։ Մի հատ բարի ելույթ չտեսա ես։ Նիկոլին ասում են՝ գիտե՞ս քանի սնարյադ պիտի կրակես, քանի՞ տանկ ունենք․ Նիկոլը քաղաքական գործիչ է, էն էլ՝ ընդդիմադիր, շա՞տ գիտի Նիկոլը։ Փորձում ենք փչացնել, մենք էլ քաղաքական ուժ ենք, պիտի փչացնենք, բայց ըտե՞նց։ էնքան էդ հարցը տվիք, Սասունը հելավ, կադղավ, դուրս եկավ զալից։ Քանի՞ անգամ նույն հարցը կարելի ա տալ։ Դրա համար եկեք հանդուրժող լինենք, ժողովուրդն ու իշխանությունն ամեն ինչ հասկացան։ Ինչ պետք էր, որ Նիկոլն ապացուցի էս երկրում, ապացուցեց, հիմա մեզ պետք ա գտնել ճիշտ ուղիներ, որ ժողովրդին հանդարտացնենք»։

Սարոյանը հայտարարեց, որ շփման գծում իրավիճակը լարված է. «Հիմա տեսեք՝ թուրքերն ինչ են անում Ղարաբաղում, զանգեք, տեսեք՝ Մարտունիում ինչ ա կատարվում։ Թուրքերն էլ են արդեն ջոկել, որ մենք պառակտվել ենք։ Մեր ամբողջ հաղթանակներն եղել է սրա վրա, որ, երբ թուրքերն իրար ուտում էին, պառակտված էին, մեր հաղթանակները մենք իրար վրա գրանցում էինք։ Հիմա մենք ո՞ւր ենք գնում, նույն ճամփո՞վ»։

Պատգամավորն անդրադարձավ նաև բուժվելու նպատակով ԱՄՆ կատարած այցին. «Գնացել էի՝ բուժվելու, հասել եմ Ամերիկա, իմացել եմ, որ սաղ խառնվել ա իրար, հորս արև՝ դաժե բժշկի մոտ չեմ գնացել, նույն րոպեին տոմսերս փոխել, հետ եմ եկել, ասել եմ՝ Աստված ջան, հանկարծ արյուն չթափվի մեր երկրում։ Էս էլ ու կպրծնենք, էլ ազգ էլ չէ, ցեղ էլ իրավունք չունենք կոչվելու։ Դրա համար բոլորդ լուրջ մտածեք՝ էս ճգնաժամից ոնց ենք դուրս գալիս, հետո մտածենք նոր իշխանության մասին։ Նույնիսկ մենք՝ մեծամասնությունս, դաժե չենք փորձել փոքր կուսակցություններին փչացնել։ Անգամ հոկտեմբերի 27-ից հետո թույլ չենք տվել՝ ժողովուրդը հելնեն իրար կոտորեն, չենք թողել, որ անարխիա լինի։ Արամ Սարգսյանին հալալ ա, ախպերը՝ մեռած, ասում էր՝ էս ժողովուրդը պետք ա հանգստանա։ Տեսեք՝ ինչերից ենք դուրս եկել, էսօր ինչ ենք ուզում անել։ Մենք թշնամիներ չենք, էս պահին թքեք ամեն ինչի վրա, մենակ մտածենք՝ մեր ժողովրդին ոնց ենք հանգստացնում, որ համոզված լինի, որ ինքը հաղթանակած գնում է տուն։ Մի հատ թեթև կրակոց, ու էսօր ոչ մեկս ոչ մեկի տերը չենք։ Պատկերացնո՞ւմ ես՝ մի հատ ջահելի քթից արյուն գա, ինչ է կատարվելու մեր երկրում, մեր սահմաններում, ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Հասել ենք անդունդի ծերին, եկեք՝ չվռազենք, ուշ լինի՝ նուշ լինի»։

Ելույթի վերջում Սարոյանը դիմեց ժողովրդին. «Ժողովուրդ ջան, կոչ եմ անում՝ էմոցիաներին չտրվեք, ով էլ գա էս երկրում վարչապետ, արդեն չի կարա ոտը քցի ոտին, նստի։ Սա էն ժողովուրդը չի, լրիվ փոխված թազա սերունդ է, որը բոլորիս էլ դուր է գալիս։ Խնդրում եմ ևս մեկ անգամ, որ նորմալ ձևով կլոր սեղանի շուրջ նստենք ու բոլոր հարցերին լուծում տանք»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն