Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Երկիրը չունի այդքան ռեսուրս, որ շաբաթներով, եթե ոչ՝ ամսով մտնի ներքաղաքական լարվածության ու քաղաքական ճգնաժամի փուլ և էնտեղ լռվի

Մայիս 2, 2018թ. 04:02
++

Այն, որ իրավիճակ է փոխվել, դրա ամենից ակնհայտ, փաստացի կատարված արտահայտությունը պետության ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Դրա փաստացի արտահայտությունը փողոցներ ու հրապարակներ ելած հայրենակիցներն են, հասարակության մի զգալի մասը:
Ո՞րն է քաղաքական ուժերի խնդիրը նման պայմաններում: Ընկալել իրավիճակը, գնահատել համարժեք, նստել բանակցությունների, քննարկումների ու գալ փոխընդունելի համաձայնության՝ իրավիճակից ելնելու ուղիների ու քայլերի վերաբերյալ: Առանց շոուների, առանց ճառախոսությունների ու նման այլ ցուցադրությունների, որոնցից չգիտեմ, թե ով՝ ոնց, ես, որպես Հայաստանի քաղաքացի՝ արդեն լրիվ կուշտ եմ, էսօրվա չափաբաժինն էլ հաշված՝ կուշտ-կուշտ:
Ինձ արդեն չի էլ հետաքրքրում, թե որ դաշնակցականը ուր գնաց, որ ծառուկյանականն ինչ ասաց, ով էր հանրապետականից և ում հակադարձեց, ով էր «Ելք»-ից ու ինչ մեղադրեց:
Առհասարակ, որևէ մեկին պիտակելու ու որակելու հարց չի իմ ընկալմամբ: Չնայած, նյուսֆիդիս 90 տոկոսը լցոնված է վիրավորական արտահայտություններով, ատելության ու նման հույզերի դրսևորմամբ (սիրո և համերաշխության ճառերին հակակշռելու համար երևի): Բայց դա էլ արդեն հետաքրքիր չի: Հետաքրքիր չեն նաև առանձին, այդ թվում հազար տարվա ընկերների կողմից, էսպես ասած՝ անձնապես բան թելադրելու ակցիաները: Իրենց որոշելիքն է… Խոսել եմ դրա մասին, չեմ պատրաստվում կրկնել:
էականը ու ինձ հուզողն էսօր սա է.
Երկիրը չունի այդքան ռեսուրս, որ շաբաթներով, եթե ոչ՝ ամսով մտնի ներքաղաքական լարվածության ու քաղաքական ճգնաժամի փուլ և էնտեղ լռվի:
Քաղաքական ուժեր, նստեք, առանց ճարտասանության ցուցադրական ելույթների, պայմանավորվեք, ելեք ասեք՝ էսպես ու էսպես, պայմանավորվեցինք. ընտրությունների ենք գնում արտահերթ, մինչև էդ ընդունում ենք էս ու էս օրենքը (արագացված), անում ենք արդար մարդավարի ընտրություն ու շարժվում առաջ:

Արմեն Հակոբյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն