Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Բաց նամակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին. Ատոմ Մարգարյան

Մայիս 2, 2018թ. 03:28
Ատոմ ՄԱրգարյան

 

Եկել է ճշմարտության պահը. դուք ուզած-չուզած պետք է առերեսվեք իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ ՀՀԿ քսանամյա իշխանությունը, չնայած վերջին շրջանի աննշան դրական փոփոխություններին, մեծ հաշվով տապալել է երկրի կառավարումը կյանքի բոլոր բնագավառներում։ Դա է վկայում ժողովրդի գերակշիռ մեծամասնության ընդվզումը։ Հարկավոր է ընդունել փաստերը և իրականությունը։

Այո, դուք մեղավոր եք ստեղծված վիճակի մեջ, դուք ձախողվել եք։ Իմ խորին համոզմամբ՝ իրողությունն այն է, որ ՀՀԿ-ն վեր է ածվել իր շարքերից կտրված մի խումբ անձանց տոտալիտար խմբավորման։ Իսկ հիմնական պատճառն այն է՝ որ խորհրդարանական խմբակցության ցուցակը անցյալ տարի ձևավորվեց մեկ անձի կողմից, այն էլ վերջին պահին՝ մի գիշերվա մեջ, առանց բաց կուսակցական քննարկումների, առանց համագումարի, առանց վարկանիշային քվեարկությունների, առանց արժանիներին առաջադրելու՝ զուտ անձնական հավատարմության սկզբունքի հիման վրան։

Շատերը իրավացիորեն հարց են տալիս՝ այդ դեպքում ու՞ր մնացին ՀՀԿ-ի “նոր ոգու”, “նոր դեմքերի”, նոր գաղափարների վերաբերյալ արծարծումները։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ 140 հազարանոց կուսակցության մեջ չգտնվեցին 58 կուսակցական արժանիներ ու ՀՀԿ մանդատների 1/4-ը բաժին հասան … 13 ոչ կուսակցական անձանց, այդ թվում՝ իրենց վաղուց սպառած խորհրդային մտածելակերպով թոշակառուներին կամ խորհրդարանական մշակույթին խիստ անհամատեղելի գրոտեսկային դեմքերին։ Ձեզանից որևէ մեկը այդ հարցերի պատասխանը ունի՞։ Իմ կարծիքով դա խայտառակություն էր ու ոչ վայել Հայաստանի Հանրապետության կյանքում առանցքային դերակատարության հավակնող կուսակցությանը։ Այսօրվա վիճակի պատճառները հենց դրա մեջ պետք է փնտրել։ Երբ որևէ կուսակցություն դառնում է մեկ կամ մի քանի անձանց ու խմբավորումների շահերի սպասարկու, միշտ էլ վերջը սա է լինում։

Դուք երբևէ ձեզ հարց տվե՞լ եք՝ եթե այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ցուցակը դրվեր ներկուսակցական փակ քվեարկության, դուք քանի՞ ձայն կհավաքեիք, և արդյո՞ք դուք այն մարդիկ եք, որ կրում եք Նժդեհի գաղափարախոսությունը, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի կամ Անդրանիկ Մարգարյանի պատգամները (թող ինձ ներեն ՀՀԿ խմբակցության իրոք պրոֆեսիոնալ փոքրաթիվ պատգամավորները)։ Զավեշտալի է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության ոչ հանրապետական պատգամավորն է կուրծք ծեծելով իբրև թե պաշտպանում ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, իսկ դուք անհաղորդ եք այդ ամենին։ Վստահ եմ՝ որ ձեր ճնշող մեծամասնությունը այլ մտայնությունների կրող է։ Ու ստեղծված քաղաքական ճգնաժամի խորքային պատճառների մեջ այդ գործոնը ոչ վերջին դերն է խաղացել։ Թե իրականում ինչ արժե ձեր մանդատների լեգիտիմությունը, երևում է ոտքի կանգնած ու ըմբոստությունից ալեկոծվող Հայաստանի ալեբախություններից։

Սակայն նկատի առեք՝ այսօր հրապարակներում մեր փայլուն և փոփոխություններ պահանջող անսասան երիտասարդությունն է, ուսանողությունը, մեր հայրենիքի սահմանները անառիկ պահող վաղվա զինվորը, ապրիլյան քառօրյայով անցած քաջերը, ազատամարտի հերոսները, մեր երկրի ներկայով ու ապագայով մտահոգ ու վճռական քաղաքացին։ Հավատացնում եմ, ոչ մի մանդատ ու արտոնություն չարժե նրանցից յուրաքնչյուրի արյան մեկ կաթիլն անգամ։ Պահանջում եմ, որպեսզի բացառվի ցանկացած բռնություն, ու բռնի ուժի գործադրում։ Ու եթե այնպես պատահի, որ ձեզ պարտադրվի ձեռքը մեկնել դեպի հերթական մարտի 1-ի կոճակը, դա ձեզ չի ներվի, քանզի 2008-ի մարտի 1-ի խարանը հավերժ դրոշմված է ձեզանից ոմանց ճակատին։

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության ընթացքում ձեր ելույթներում հնչած փաստարկներն ու տոնայնությունը խոսում են մի բանի մասին՝ դուք կորցրել եք ադեկվատությունը, ԱԺ պարիսպներից անդին դուք պարզապես չեք ընկալում թե ինչ է կատարվում Հայաստանում ու չեք գիտակցում հնարավոր հետևանքները։ Ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի զերծ մնալ երկիրը սահմանադրական փակուղի տանող քայլերից ու, առանց արյան ու բռնությունների, ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնը զիջել ընդիմության առաջնորդին։ Այլընտրանքը, իմ խորին համոզմամբ, քաղաքական դեժավյուն է ու տոտալ ֆիասկոն։

Ի վերջո, ոչ մի աղետ կամ ողբերգություն տեղի չի ունենա ու աշխարհը չի քանդվի, եթե ՀՀԿ-ն գերակշիռ քվե չստանա ու դառնա ընդդիմություն, այդ կարգավիճակում մասնակցի երկրի կառավարմանը։ Համոզված եմ՝ եթե ստեղծված իրավիճակից ողջամիտ հետևություններ չարվեն, վստահ եմ հազարավոր հանրապետականների չի մնա այլ բան, քան հրաժարվել կուսակցականի կարգավիճակից։ ՀՀԿ փլուզումն անխուսափելի կլինի։

Վստահ եմ՝ քաղաքական ճգնաժամի ուժային հանգուցալուծման պարագայում ՀՀԿ-ին սպասում է Խորհրդային Կոմկուսի անփառունակ ճակատագիրը՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով։ Քանի դեռ ուշ չէ, բացեք ձեր աչքերը, դուրս եկեք ժողովրդի մեջ (եթե նման համարձակություն ունեք իհարկե), նրանք ձեր ընտրողներն են, ինչի՞ց եք վախենում, եկեք խոսեք մարդկանց հետ։

Այն ժամանակ միգուցե կարողանաք սթափվել ու ողջամիտ որոշում կայացնել։

Ատոմ Մարգարյան տնտեսագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն