Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ընտրվել ՀՀ վարչապետ, ապա պետք է մի շարք օրենքների փոփոխման հարցում ստանձնի պատասխանատվություն. Արամ Սարգսյան

Ապրիլ 27, 2018թ. 19:16
Դեմկուս

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նկատի ունենալով, որ շարժման գլխավոր նպատակը համակարգից ազատվելն է, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է, այդ ճանապարհին հրամայական է դառնում միմիայն ճշգրիտ քայլեր իրականացնելը:

Գտնում ենք, եթե որպես շարժման և պայքարի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը, ով վայելում է հանրության վստահությունը, պատրաստ է  ընտրվել ՀՀ վարչապետ, այս դժվար պահին ստանձնել պատասխանատվություն,  ապա .

  1. Վարչապետ ընտրվելուց հետո, Ազգային Ժողովը 20 օրվա ընթացքում պետք է փոփոխություններ կատարի մի շարք օրենքներում, անդրադառնալով նաև Ազգային Անվտանգության Խորհրդի ձևավորման սկզբունքներին: Վերանայի ԱԱԽ կազմը, նրանում ներգրավելով հանրապետության Նախագահին և այն դարձնի նրան կից գործող մարմին: ԱԱԽ-ն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, կվերահսկի և կհամակարգի բոլոր գերատեսչությունների գործողությունները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական, ազգային անվտանգությունը:
  2. Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու փուլում հրավիրել կլոր սեղան՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ԽՈՐՀՈՒՐԴ, ուր մասնակիցները կպայմանավորվեն նոր քաղաքական միջավայրում ընտրությունների կազմակերպման և անցկացման պայմանների վերաբերյալ: Խորհրդի աշխատանքի արդյունքը պետք է ամրագրվի համաձայնության փաստաթղթոում:
  3. Ժամանակավոր կառավարության ձևավորումը նախընտրելի է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի որևէ քաղաքական միավոր ընտրությունների ընթացքում չօգտագործի ադմինիստրատիվ լծակները:
  4. Հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրության եթե գործող վարչապետը քաղաքական կառույցի ղեկավար է, պարտավոր է արձակուրդ ձևակերպել մինչև ընտրությունների ավարտը, առաջարկում ենք վարչապետի պաշտոնակատար նշանակել ապաքաղաքական կառավարող, այսպես ասած՝ տեխնիկական վարչապետ: Դա ավելի կբարձրացնի վստահության ձողը ընտրությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ:

Այս առաջարկները թելադրված են այն մտահոգությամբ, որ գործող համակարգի ներկայացուցիչները դեռ չեն հրաժարվել ռևանշ վերցնելու տրամադրությունից և որ անընդունելի կլինի մեկ այլ տեսակի անվերահսկելի իշխանության ի հայտ գալը:

 

Արամ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն