Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Հիմա թիվ մեկ խնդիրը մեր պետության անվտանգության ապահովումն է

Ապրիլ 25, 2018թ. 21:59
Արամ Սարգսյան

Հարցազրույց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-Կարեն Կարապետյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ սկսելու մասին` քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնակցելո՞ւ եք այդ  քննակումներին, և որպես իրավիճակից ելք ի՞նչ առաջարկ եք ներկայացնելու:

-Դեռևս ապրիլի 16-ին մեր կուսակցությունը  տարածեց հայտարարություն, որտեղ  շեշտեցինք, որ կա քաղաքական  խորհրդի ձևավորման անհրաժեշտություն, և այն ուժերը, որոնք այս տարիների ընթացքում մշտապես ներկայացրել են կառուցողական առաջարկներ, երկրում առկա  արատավոր համակարգն ապամոտնաժելու հարցում, պետքէ կարողանան միասին քննարկել ստեղծված իրավիճակն ու մատնանշել դրանից դուրս գալու ուղիներ: Մեր առաջարկը,  ցավոք, արձագանք չստացավ: Իսկ հիմա մենք ստացել ենք նախագահ Սարգսյանի հրավերը. անպայման կմասնակցենք այդ խորհրդակցություններին ու մեր տեսակետը կներկայացնենք:

Իսկ թե ի՞նչ ենք պատրաստվում որպես առաջարկ ներկայացնել, ասեմ, որ հանգուցալուծումը տեսնում ենք նախ օրենսդրական դաշտում: Այսինքն, նախապատրաստել և իրականացնել փոփոխություններ օրենսդրության մեջ,  հատկապես, Ընտրական օրենսգրքում ու Կուսակցությունների մասին օրենքում: Այս հարցում ամբողջովին համակարծիք ենք Նիկոլ Փաշինյանի հետ:  Ամենակարևորն այն է, որ այս անգամ պետք  է կարողանանք ապահովել այնպիսի ընտրություններ, որտեղ մրցակցությունը լինի ծրագրերի ու գաղափարների միջև, ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի ու փողի: Պետք է կարողանանք  ապահովել այնպիսի իրավիճակ,  մթնոլորտ, որտեղ մարդիկ կկատարեն գիտակցված ընտրություն, այսինքն, ընտրելիս կմտածեն ո՞ւմ են ընտրում, ինչպիսի՞ կենսագրության տեր մարդու  են ընտրում և ի՞նչ ծրագրի են տալիս իրենց քվեն: Միայն այդ պարագայում կկարողանանք դուրս գալ այս ոչ երանելի վիճակից:

-Փաստորեն, դուք ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եք ԱԺ արտահերթ ընտությունները:

-Արտահերթ ընտրությունները պետք է լինեն արդյունք:

Պահանջը, որն այժմ ներկայացնում է շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, այն է՝ ժողովրդի կողմից ընտրված վարչապետը պետք  է ձևավորի ժամանակավոր կառավարություն, կարծում եմ, ճիշտ կլինի, մի փոքր ձևափոխել: Այսինքն, Փաշինյանը կարող է լինել վարչապետի թեկնածու, քանի որ բոլորն հասկանում են՝ այս իրավիճակում, ժողովրդի նման աջակցությամբ նա մրցակից չունի, ու քաղաքական մյուս ուժերի հետ միասին կարողանա ձևավորել հստակ քաղաքական օրակարգ՝  քայլ առ քայլ գնալով նշված ծրագրի իրականացմանը: Այդ դեպքում  մենք  միանշանակորեն կպաշտպանենք այս  գործընթացը, որպեսզի ամեն ինչ լինի անցնցում,  որևէ բախում չլինի, որպեսզի մեր թշնամին չօգտվի ստեղծված իրավիճակից:

Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ  հիմա թիվ մեկ խնդիրը մեր պետության անվտանգությունն է: Բոլոր պայմանները պետք է ապահովված լինել, որպեսզի երկրի անվտանգությանը որևէ վտանգ չսպառնա: Սա այսօր մեզ համար ամենից գլխավոր հարցն է: Այս լարվածությունը կարող է  մեղմվել միայն  բանակցությունների միջոցով: Ես այն կարծիքին չեմ, որ կարելի է միայն ասել` դուք հեռացեք, ես գալիս եմ: Դա ճիշտ մոտեցում չէ: Պետք է մտածել, թե ինչպիսի՞ պայմաններով կարելի է իրականացնել  այդ հեռացումը, որպեսզի չվնասենք մեր երկրի անվտանգությունը:

-Փաշինյանի սցենարը հետևյալն է. նախ ուզում է ժողովրդական ալիքի վրա դառնալ  վարչապետ  ու  իշխանական  լծակներ ստանալուց հետո հայտարարել արտահերթ ընտությունների մասին: 

-Եթե պահպանվելու է ՀՀԿ իշխանությունը, ի՞նչ երաշխիքով ենք մասնակցելու այդ ընտրություններին: Մենք գիտենք, թե նրանք ինչպե՞ս են կազմակերպում ընտրություններ:  Խնդիրը նաև այն է, թե ժամանակավոր կառավարության մեջ կլինե՞ն քաղաքական տարբեր ուժերի ներկայացոցիչները, ուժեր, որոնք ևս կողմնակից են այս բոլոր քայլերին: Մենք կարծում ենք, որ այդ քայլերը պետք է  արվեն միասնական ու  մինչև ընտրությունները: Կրկնում եմ, այստեղ ամենից գլխավոր խնդիրը պետության անվտանգությունն ապահովելն է: Եվ եթե Փաշինյանը գիտի, թե դա ինչպե՞ս պետք է արվի, ուրեմն, այդ մասին պետք է հստակ հայտարարի:

-Բայց Փաշինյանը հիմա ընդամենը կոչեր է հնչեցնում, իսկ ծրագիր չկա:

-Այո, դրա համար էլ առաջարկեցինք ստեղծել քաղաքական խորհուրդ, և մեր առաջարկը պատահական չէ, այլ հիմված է  տարիների մեր հարուստ քաղաքական փորձի վրա: Հաջորդը,  մենք նաև ասում ենք, որ այս բոլոր գործողությունները պետք է լինեն բնականոն ընթացքով: Իհարկե,  ժողովրդի ցասումը, ոգևորությունն օգտագործելը լավ է, բայց  բոլորը չէ, որ պատկերացնում են, թե ինչպիսի՞ բարդություններ կան պետական կառավարման համակարգում: Խոսքս, մասնավորաբար, վերաբերվում է  արցախյան հիմնահարցին, մեր հարևանների  գործողությոններին: Ո՞վ պետք է երաշխավորի, որ վտանգավոր զարգացումներ չեն լինի:

-Նորմա՞լ իրավիճակ է, երբ փողոցն է դառնում երկրի ղեկավար, տվյալ դեպքում,  վարչապետ ընտրողը:

 – Հասկանում եմ հարցդ,  երկրի ղեկավար ընտրում են ընտրությունների ժամանակ, ոչ թե փողոցում: Բայց այդ հարցը պետք է ուղղել ՀՀԿ-ին, քանի որ  այս ուժը երկիրը բերեց, հասցրեց նման վիճակի: Հիմա խոսել այն մասին, թե ինչո՞ւ է ժողովուրդը փողոց դուրս եկել, դրա պատասխանը մեկն է, այն ՀՀԿ-ի վարած անմիտ քաղաքականության հետևանք է:

Բացի այդ, ընտրությունների հանդեպ հավատ չկա, հակառակը, կա անվստահություն, որ դրանք կարող են հերթական անգամ կեղծվել: Դրա համար այդ գործընթացները պետք է առնվեն ժողովրդական վերահսկողության տակ:

Երբ սկսեց անկում ապրել ՀՀՇ-ի իշխանությունը, մեր կուսակցության փոխնախագահն ասում էր՝ շուտով բոլորը կգնան ու ժեկերից տեղեկանք կբերեն, թե իրենք երբևէ ՀՀՇ կողմնակից չեն եղել: Նույնը կատարվելու է հիմա, երբ հուդաները երդվելու են, որ իրենք կապ չունեն այս ամենի հետ, որ իրենք մեղք չունեն:  Խորհրդարանում սուս ու փուս նստած, անլեզու ՀՀԿ պատգամավորները, որոնք ռեյտինգային համակարգով սղոսկեցին խորհրդարան, հիմա ծակ ու ծուկ են ման գալիս, որ գլուխները թաքցնեն: ՀՀԿ-ն այս փոսը փորեց ու իրենք էլ ընկավ իր փորած փոսի մեջ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն