Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Ո՞ւմ գործիքն է խառնաշփոթ ստեղծած այս մարդը, դեպի ո՞ւր է տանում երկիրը

Ապրիլ 24, 2018թ. 16:53
Սերգեյ Շաքարյանց

Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ.

Վաղը՝ ապրիլի 25-ին, մեր պետության համար վճռորոշ օր է. սպասվում են բանակցություններ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև: Վերջինս սակայն պնդում է, որ բանակցությունները միմիայն կարող են վերաբերվեն իշխանության անցնցում հանձմանը, այլ քննարկում չի լինելու: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը: 
-Նախ, ասեմ, որ գործընթացն իր մեջ ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Ցավոք, բացասականը գերակշռում է դրականին: Մեր աչքի առաջ ունենալով Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը, պետք է ասենք` միակ դրականն այն է, որ Երևանի փողոցներում արյունահոսություն չեղավ, շենքերի կտուրներին նստած չէին օտարերկրյա դիպուկահարներ: Միաժամանակ ոստիկանները չէին սպառնում ցուցարարներին ու ողբերգական դեպքեր չգրանցվեցին: Բայց ամեն ինչ դեռևս առջևում է: Ոչ ոք դեռ չգիտի, թե ի՞նչ հունով կընթանան զարգացումները: Աստված տա, որ չլինեն վտանգներ: Իսկ Նիկոլը պետք է լավ հիշի մարտի 1-ը. 10 տարի առաջ մենք ունեցանք 10 զոհեր ու նա դրանում ունի իր մեղքի մեծ բաժինը: Եվ դա ոչ ոք չի կարող ժխտել:
Ինչ վերաբերում է բացասականին, ապա ես դա կհամարեմ նախ վարչապետի հրաժարականը: Ըստ իս, պետական ինստիտուտները զիջեցին փողոցին, այսինքն, Հայաստանում պետական ինստիտուտներ կամ չկան, կամ չեն գործում: Հին խոսք կա, արժեք ունի այն իշխանությունը, որն ի վիճակի է պաշտպանել իրեն տարբեր ռիսկերից: Ցավոք, կատարվածը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն չկարողացավ գոնե ինքնապաշտպանվել: Ու այդ բացասականը շարունավելու է նաև այսօր:
Ինչ վերաբերվում է բանակցելուն, ես դրա իմաստը չեմ տեսնում: Բացատրեմ, թե ինչո՞ւ: 2015-ին Նիկոլ Փաշինյանը դեմ չարտահայտվեց ընդունված Սահմանադրությանը, ոչ մի քայլ չարեց, չբողոքարկեց այդ փոփոխությունների դեմ, ինչը փաստում է այն մասին, որ նա ընդունում է այս արևմտամետ Սահմանադրությունը: Ուրեմն, այսօր նա ի՞նչ բարոյական իրավունք ունի դեմ գնալու  Սահմանադրությամբ հաստատված կարգին և հակասահմանադրական քայլեր,  որոշումներ կայցնել:
Նա  հրապարակել է իր առաջիկա քայլերը. վարչապետը պետք է ընտրվի փողոցում,  հետո պետք է կազմավորվի ժամանակավոր կառավարություն, հետոª կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա չի՞ նշանակում է, որ հեղափոխությունը թևակոխում է երկրորդ փուլ:
– Ես չեմ ցանկանա այս ամենն անվանել հեղափոխություն, քանի որ մենք իրականում գործ ունենք փողոցում կատարված հեղաշրջման հետ: Ինչ վերաբերում է նրա հռչակած քայլերին, ապա դրանք ուղղակիորեն հակադրվում են իր կողմից ընդունված  սահմանադրական կարգին: Սրանք անհիմն պահանջներ են, և Նիկոլի հերթական կեղծիքը: Իսկ նման հայտարարություն անող գործիչը պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատն ու հեռանա քաղաքական դաշտից, այլևս չհայտնվի քաղաքականության մեջ, որովհետև նա քաղաքականությունից բան չի հասկանում, որովհետև նա ընդամենը փողոցային դեմագոգ է:
Ազգային ժողովի ընտրությունները մեկ տարի առաջ են եղել, նա ճանաչել է դրանց արդյունքները, չի բողոքարկել Սահմանադրական դատարանում, այլ սուսիկ-փուսիկ ստացել է իր մանդատդ: Ու հիմա եկել և իր իսկ ընդունած Սահմանադրությանը հակասող հայտարարություններ է անում: Կնշանակի, Նիկոլը կա’մ 2015-ին է ստել, կամ հիմա է ստում: Իսկ ստախոս քաղաքական գործիչը ոչ մի բարոյական իրավունք չունի նման կոչեր հնչեցնելու: Եթե դու այս լարված պահին ստում ես հարթակից, ուրեմն դու ոչ մի բարոյական իրավունք չունես խոսելու ազգի անունից:
Իսկ եթե Նիկոլն իրոք լուրջ քաղաքական գործիչ է, ուրեմն առաջին, պետք է վայր դնի մանդատը, պահանջի առ ոչինչ ճանաչել ներկայիս, կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը, որպեսզի Հայաստանը վերադառնա նախագահական Սահմանադրությանը: Եվ մենք այսօր ոչ թե պետք է մտածենք փողոցում վարչապետական ընտրություններ անցկացնելու մասին, այլ պետք է իրականացնենք երկրի նախագահի, գլխավոր հրամանատարի ընտրություն:
Երկրորդ տարբերակն ըստ իս պետք է լինի հետևյալը. Նիկոլը պետք է փողոցից վերադառնա խորհրդարան, և ՙԵլք՚ խմբակցության հետ պետք է առաջադրի վարչապետի թեկնածու: Կընտրվի այն թեկնածուն, որը խորհրդարանում կհավաքի ձայների մեծամասնությունը: ՍԱ է սահմանադրական քայլը:
Երրորդ տարբերակը կլինի փողոցային պայքարի շարունակումը, ինչը վտանգներով հղի ճանապարհ է, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Երևանի փողոցներում չեն լինեն ողբերգական գործողություններ, քանի որ, մենք չգիտենք, թե ի՞նչ մասսաներ են ներգարվվելու այս գործընթացի մեջ:
Պատմությունը ցույց է տվել, որ հեղաշրջումների ալիքի վրա իշխանության եկածներն ավելի վատն են եղել, քան նրանց նախորդները, քանի որ էֆորիայի մեջ հայտնված ժողովուրդն իրականում անտեղյակ է մնում հեղաշրջում իրականացրած ուժի ծրագրերին: Մեզ մոտ հիմա այդ վիճակն է. թե ո՞րն է վարչապետության ակնակլիքներ ունեցող Փաշինյանի ծրագիրը, ի՞նչ պատկերացումներ ունի նա երկրի ապագայի, ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ` ոչ ոք չգիտի:  
-Այո, ոչ ոք չգիտի, որովհետև Նիկոլն, իրոք, չունի ծրագիր: Մարդիկ անգամ Նիկոլին չեն էլ հարց տալիս, լավ, մեկ մարդու հեռացրիր, իսկ ինչո՞ւ չես խոսում օլիգարխիկ համակարգի մասին, չես ուզում  նրանց էլ հեռացնել,  չես ուզո՞ւմ կատարել նրանց ունեցվածքի ազգայնացում: Եթե Նիկոլն այս ճանապարհքով չի գնալու, ուրեմն ինչի՞ համար էին նման գործողությունները:
Նիկոլ Փաշինյանը չունի ծրագիր, որովհետև նա մշտապես եղել է շախմատային զինվոր, ու հիմա որպես այդպիսին փորձում է հասնել վերջին ՙվանդակին՚: Նիկոլի թիկունքում ինչ-որ մեկը խաղում է, ու այդ խաղացողից է կախված, թե ի՞նչ ծրագրեր նա կներկայացնի և ե՞րբ կանգ կառնի: Իսկ թե ո՞վ է իրական խաղացողը` մենք կիմանանք այն պահին, երբ Նիկոլը կհնչեցնի այս ամենին մասնակից թիմերի ու  անձերի անուններ: Միայն այդ ժամանակ բոլորիս համար պարզ կդառան, թե ո՞ւմ զինվորն է Հայաստանում խառնաշփոթ իրավիճակ ստեղծած այս մարդը և դեպի ուր է ուզում տանել երկիրը:
Մի բան շատ լավ գիտեն իմ սերնդակիցները, որ Նիկոլ Փաշինյանը եղել է  կառավարվող գործիչ: Նա մուտք գործեց քաղաքական դաշտ անվերջ օգտագործվելով, ուրեմն, նա միշտ էլ կմնա այդպիսին: Եթե նախկինում` 2008-ին Նիկոլը գործիք էր աշխատում, ինչո՞ւ չի կարող նույնը լինել նաև 2018-ին, եթե մեկ անգամ կարողացել է խաղաղ քաղաքում բարիկադներ կառուցել, ինչո՞ւ չի կարող  նույնն անել նաև այսօր: Ու կառավարիչները գնահատեցին նրա ՙտաղանդը՚` նորից  օգտագործելով: Տաս տարի առաջ օգտագործված գոծիչը հիմա էլ հանգիստ օգտագործվում է, ստացվում է, որ նա երկակի օգտագործման գործիք է:
Իսկ այսօրվա երիտասարդությունն այս ամենի մասին չգիտի: Նրանք փոքր էին, երբ Նիկոլն անդադար օգտագործվում էր, հետևաբար, չէին կարող իմանալ իրականությունը: Բայց այն մարդիկ, որոնք այս ամենի մասին հիշում են, պետք է բարձրաձայնեն ու պատասխանատվություն պահանջեն և Նիկոլից, և այն ուժերից, որոնք հակասահմանադրական կոչեր ու լոզունքներ են հնչեցնում:
 -Չասացիք, թե ի՞նչ ուժեր եք տեսնում Նիկոլի թիկունքում: 
-Չեմ զարմանա, եթե լինեն տարբեր օլիգարխներ: Իսկ օլիգարխիան այն շերտն է, որն հանուն իր հարստության պահպանման կարող է անգամ թշնամու հետ համագործակցել: Նախկինում նրանք շտապեցին դառնալ ՀՀՇ-ական, հետո դարձան ՀՀԿ-ական, հիմա կարող են հեղաշրջման թիկունքում լինել, իսկ հաջորդ օրը բարեկամություն անել թուրքի հետ:
Նաև չեմ զարմանա, եթե Նիկոլի թիկունքում լինի նրա կնքահայրը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի վերջո, չմոռանանք, որ Նիկոլի քաղաքական  շրջանակը կամ հենարանը ՀՀՇ-ն է: Ամեն դեպքում ես այն կարծիքին եմ, որ Նիկոլն ինքը չէր կարող այս ամենը կառավարել,  եթե չլինեին կառավարիչներ:
Իսկ ամբոխը սթափ չէ, ամբոխը բան չի տեսնում, նա ուզում է տոնախմբություն անել:    Երբ համատարած խելագարությունը շարունակվում է, մարդիկ կորցնում են մտածելու կարողությունը, չեն գիտակցում անգամ, որ իրենց կողքին կարող է հայտնվել թշնամին: Օրերս Հայաստան են եկել թուրքեր, որոնք ըստ համացանցով շրջանառվող տեսանյութի, անգամ հանդգնել են բարձանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու անմահ կրակի մոտ երգել թուրքական մի երգ, խնդրել են Ալլահին փրկել թուրքերին: Սա ցեղասպանության զոհերի հիշատակը պղծող գործողություն է: Իսկ ո՞վ կարող է ասել, որ թուրքեր վաղը չեն հայտնվի նաև հրապարկում, ցույցերի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է անվտանգությունը, իհարկե չի երաշխավորում:
-Իրոք, զգոնության ու սթափության պահ է, երկրի ճակատագիրն է նժարին:   
-Համաձայն եմ, այս իրավիճակը գնահատում եմ շատ բարդ, անգամ չեմ խուսափի ասել ծայրահեղ վտանգավոր: Տարածաշրջանում սրվել է իրավիճակը, ամեն մի երկիր իր ներսում պատրաստվում է, խոսքս, տարբեր մակարդակի պատրաստության մասին է, քանի որ բոլորը սպասում են լուրջ բախումների: Նման իրավիճակում  տարբեր կարգի սահակաշվիլիների ի հայտ գալն անթույլատրելի է:
Կան մարդիկ, որոնք ասում են, թե սա մեր երկրի ներքին գործն է, մեր ներքին խնդիրը: Մոռանում են, եթե քո երկրի ներքին գործերում դրսևորվում են այլ երկրների շահերը, ուրեմն, ներքին գործն այդտեղ ավարտվում է: Սա բոլոր փոքր երկրների, ազգերի ճակատագիրն է:
Մենք պետք է ուշքի գանք և հասկանանք, որ նման դեպքերն օգտագործում են հենց դրսի ուժերը, նրանց գործակալները կամ գործակալական ցանցերը:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն