Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանում պատրաստվում է գունավոր հեղաշրջում. «Թե երբ կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները»

Ապրիլ 21, 2018թ. 23:54
գունավոր հեղափոխություն
Չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն հավաստումներին, թե իր ընտրվելու պարագայում Միացյալ Նահանգներն այլևս, այսպես ասած, չի արտահանի «գունավոր հեղափոխություններ», այսինքն՝ չի զբաղվի այլ երկրներում դրանց կազմակերպմամբ, ֆինանսավորմամբ, քաղաքական, քարոզչական և այլ աջակցությամբ, մեծ է վտանգը, որ «գունավոր հեղափոխություններ» կիրականացվեն նաև առաջիկայում:
   Գունավոր հեղափոխությունները միաբևեռ աշխարհակարգի հասնելու Արևմուտքի ռազմավարական ծրագրի բաղկացուցիչ մասն են, և ի սկզբանե էլ պարզ էր, որ նոր աշխարհակարգի հեղինակները կամ այս աշխարհի ճարտարապետները չեն հրաժարվի իրենց զինանոցում գտնվող այդ կարևորագույն զենքից: Այս առումով թերևս այնքան էլ կարևոր չէ, թե Դոնալդ Թրամփն իրականում ինչ է ցանկանում, և արդյոք անձամբ ի՞նքը կլինի «գունավոր հեղափոխությունների» կազմակերպում հրահանգողը, թե ոչ: Չպետք է մոռանալ, որ Միացյալ Նահանգները միայն ԱՄՆ նախագահը չէ… Այդ երկրում Սենատ ու Կոնգրես գոյություն ունեն, հրեական հզոր լոբբի կա, ծագումով հրեա, միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» կերտող, «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր Ջորջ Սորոս կա՝ համախոհների, գաղափարակիցների իր հզոր թիմով: Բացի այդ, Արևմուտքը միայն Միացյալ Նահանգները չէ, նաև Եվրոպան է, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Նոր աշխարհակարգի կառուցման, կերտման գործին են ծառայում նաև Եվրոխորհուրդը և Եվրամիությունը:
   Ի վերջո, աշխարհում նաև «300-ի կոմիտե» և նման այլ կառույցներ կան, նախկինի համեմատ էլ ավելի զորացած, գործում են «այս աշխարհի ճարտարապետները»… Այնպես որ, ԱՄՆ նորընտիր նախագահը եթե նույնիսկ անկեղծորեն է դեմ «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը, աջակցմանը, ապա դա բնավ երաշխիք չէ, որ առաջիկայում աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի կամ այլ ուժերի կողմից չեն իրականացվի «գունավոր հեղափոխություններ» կամ առնվազն չեն կատարվի դրանց իրականացման փորձեր:
   Հայաստանում գունավոր հեղաշրջման նախապատրաստման մասին Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին դեռ 2015թ. տված բացառիկ հարցազրույցով նախազգուշացրել է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան, հրապարակախոս Փոլ Քրեյգ Ռոբերթսը: Նա ներկայացրել է այն ճշմարտությունը, որի մասին լռում են:
Հիշենք, որ Փոլ Քրեյգ Ռոբերթսն ամերիկյան տնտեսագետ է, քաղաքական և տնտեսական վերլուծաբան, հրապարակախոս, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի (1981-1982թթ.) նախկին օգնական: ԱՄՆ-ում Փոլ Քրեյգ Ռոբերթսը համարվում է «ռեյգանական տնտեսական հրաշքի» գլխավոր ճարտարապետներից մեկը, շնորհիվ որի, հնարավոր դարձավ երկիրը դուրս բերել ձգձգվող «ստագֆլացիայից»: Ռոնալդ Ռեյգանը և ֆինանսների նախարար Դոնալդ Ռիգանը բարձր են գնահատել Ռոբերթսի մասնակցությունը 1981թ. ԱՄՆ տնտեսական վերածնունդը խթանած «Հարկերի մասին օրենքի» ստեղծմանը: Այդ կապակցությամբ Ռոբերթսը ֆինանսների նախարարի կողմից պարգևատրվել է «Meritorious Service Award» մրցանակով` ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ բացառիկ ներդրում ունենալու համար: Ժամանակին Փոլ Քրեյգ Ռոբերթսը «Վաշինգտոն Փոստ» թերթի մշտական սյունակագիրն է եղել, առնվազն 12 գրքի հեղինակ է:
  Պոլ Ռոբերտսը հայ հեռուստադիտողների համար Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին տվել է բացառիկ հարցազրույց, որում շոշափել է ինչպես ուկրաինական վերջին իրադարձությունները, այնպես էլ Հայատսանում տեղի ունեցող դեպքերը: Նա հայ հասարակայնությանը նախազգուշացրել է երկրում նախապատրաստվող հեղաշրջման մասին:
Ճիշտ է, ներկայումս Երևանում և Հայաստանում ծավալվող իրադարձություններն ունեն ՀՀ իշխանությունների գործունեությունից, իսկ շատ դեպքերում նաև անգործությունից ժողովրդական արդարացի և իրավացի դժգոհության լայն հենք, սակայն չանտեսենք, թե ովքեր են շարժման առաջնորդները, ուղղորդողները, խրախուսողները, ինչպես նաև պաշտպանողները, որոնցից մեկն էլ ԱՄՆ Պետական դեպարտամենտն է: Ի վերջո, չանտեսենք նաև հենց նույն հարցազրույցում ամերիկացի վերլուծաբանի ասածը՝ «Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները»:
Ստորև ներկայացնում ենք Փոլ Քրեյգ Ռոբերթսի հետ Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանի` Հայաստանին վերաբերվող հարցազրույցի առաջին մասը: Այլընտրանքային կարծիքին արժե ունկնդիր լինել: Բոլորս գիտենք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումները Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ, սակայն արժե լսել նաև Ռոբերտսի կարծիքը:
« – Հայաստանը դարձավ Եվրասիական միության անդամ, և ԱՄՆ դեսպանատան, ամերիկյան և եվրոպական հասարակական կազմակերպությունների և Հայաստանում և Վրաստանում քաղաքական ուժերի կողմից կտրուկ ակտիվություն է նկատվում: Նպատակները պաշտոնապես հայտարարված են՝ Հայաստանում հեղափոխություն իրականացնել: Փետրվարին Վիկտորիա Նուլանդը այցելել է Հայաստան եւ անցկացրել փակ հանդիպում ԱՄՆ-ի հասարակական կազմակերպությունների հետ: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են Հայաստանում նման ակտիվության պատճառները և նպատակները:
  – Նպատակները պարզ են, Հայաստանի վրա ազդեցություն ունենալն է: Վիկտորիա Նուլանդի այցի նպատակն է Հայաստանում հեղաշրջում կազմակերպելը: Ամերիկայի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ՀԿ-ների նպատակն է ունենալ խմբեր, որոնք կարող են դուրս գալ փողոց բողոքի ակցիաների, և քաղաքական գործիչների, որոնք կծառայեն Վաշինգտոնի համար, քանի որ լավ են վարձատրվում, և նրանք աշխատելու են այնպես, ինչպես Ուկրաինայում են աշխատել: Այսպիսով` ձեր մոտ սպասվում է հեղաշրջում, որը նույնական է Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին:
  Եվ դա Վաշինգտոնին ևս մեկ ռազմակայան կտա երկրում, որը Խորհրդային Միության մասն է կազմել: Եվ շատ խաբված մարդիկ միանում են հայ հասարակական կազմակերպություններին, որոնք համագործակցում են Վիկտորիա Նուլանդի հետ:
    Նպատակն է խզել  Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները:
    Սա այն է, ինչ տեղի է ունեցել Վրաստանում 2003-ին, վարդերի հեղափոխությունը: Դա նույնպես ՀԿ-ների կողմից կազմակերպված հեղաշրջում էր, որոնք մարդկանց փողոցներ հանեցին, քաղաքական գործիչներն էլ ֆինանսավորվում էին Վաշինգտոնի կողմից:
   Այսպես է աշխատում Վաշինգտոնը, և նրա նպատակներն են Հայաստանը, Ղրղըզստանը, թերևս Ղազախստանը, Ուզբեկստանը: Նման ցնցումների, որոնք ընդունված է անվանել ժողովրդավարական հեղափոխություն, կկազմակերպվեն բոլոր երկրներում, որոնք ԽՍՀՄ-ի մասն են կազմել:  Եվ, իհարկե, նրանք ոտնձգություններ են կատարելու ընտանիքի դեմ, փորձելու են ոչնչացնել ավանդական բարոյականությունը:
   Եթե Վաշինգտոնը կարողանա Հայաստանում հեղաշրջում կատարել ինչպես Ուկրաինայում, հաջորդ քայլը պետք է լինի հայկական ընտանիքի քայքայումը, միասեռականության լեգիտիմացումը, երեխաներին քաղաքական վերահսկողության տակից հանելը, ծնողների և երեխաների հարաբերությունների վերաձևակերպումը: Հայկական երկիրը պարզապես պետք է քանդվի և դառնա Ամերիկայի վասալ պետություն: Սա իրական վտանգ է Հայաստանի համար: ԱՄՆ-ն փորձում է ներկայացնել որպես ազատությունով մի հիասքանչ երկրի, որը խորհրդանշում է բարություն: Եվ աշխատում են այն մարդկանց հետ, ովքեր դեռ մնացել են Խորհրդային Միության 70 տարվա կոմունիզմի տպավորության տակ, և այդ մարդկանց շատ հեշտ է մոլորեցնել:
– Մարդկանց բարոյական արժեքների ոչնչացումը հեշտացնու՞մ է մանիպուլյացիան:
– Այո:
– Այդ պատճառո՞վ է իրենց նպատակը ընտանեկան արժեքները:
– Այո, միանգամայն ճիշտ է: Ամբողջ մշակույթը քանդվելու է. Վաշինգտոնը ոչնչացնում է  մշակույթները, տեսեք ինչ եղավ ճապոնական մշակույթի հետ, անգլիական, գերմանական, իտալական, ամենը ամերիկանացվել է, ֆիլմերը, երաժշտությունը, այնպես որ, եթե Վիկտորիա Նուլանդը եկել է Հայաստան, ապա Հայաստանում կլինի հեղաշրջում:
– Շատ շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ այս հարցազրույցը շատ կարևոր է հայերի համար, և շնորհակալություն ճշմարտությունն ասելու համար: Մենք կթարգմանենք այս տեսանյութը ռուսերեն և հայերեն:
– Նորեն համեցեք, Ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ Վաշինգտոնը դառնում է մեծ սպառնալիք ամբողջ աշխարհի համար, այդ թվում ամերիկացիների»:
Արթուր Հովհաննիսյան
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն