- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Նիկոլ Փաշինյանին և նրա համախոհներին. ԱՀՎԿ հայտարարությունը

Այս օրերին համայն հայության ուշադրության կենտրոնում է Երևանը եւ տեղի ունեցող քաղաքացիական ընդվզումը: Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը չի կարող անտարբեր մնալ Հայաստան Պետության տարածքում ընթացող բողոքի ցույցերի և քաղաքացիական զարգացումների նկատմամբ :

Հայաստան Պետությունը գտնվում է իր համար շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և ցանկացած անհամաչափ ցնցում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության վրա։ Հասարակությունը շատ լավ տեղյակ է, թե ինչ վտանգների մեջ կարող է հայտնվել մեր պետությունը։
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ներկայացնելու իր կարծիքն ու տեսլականը երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ և նաև՝ իր իրավունքները պաշտպանել քաղաքացիական անհնազանդության միջոցով ՝ երբևիցե չմոռանալով, որ պետության անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը ներքին կայունությունն է:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատմությունն ունի կրկնվելու հատկություն, այն կարող է կրկնվել, և մենք կանգնած ենք այդ կրկնության շեմին։ Պատմության կրկնությունը հաճախ նույնացվում է Ցեղասպանության հետ, որը սխալ մոտեցում է։
Երեւանյան այս իրադրության մեջ կարող է կրկնվել Ալեքսանդրապոլի պայմանագրի մեկ այլ տարբերակը՝ արդեն Ադրբեջան և Թուրքիա պետությունների մասնակցությամբ։ Նոր Ալեքսանդրապոլի պայմանագիրը կվերահաստատի հին Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հիշեցնենք՝ Հայաստանի Խորհրդային կառավարությունը այն չճանաչեց, քանի որ իշխանության է անցել 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ պայմանագրի կնքվելուց մի քանի ժամ առաջ։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով, ապա այն վերավավերացվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին՝ Կարսում կնքված պայմանագրով։

Պետք է հաշվի առնենք՝ Հայաստանի Հանրապետության երաշխավորը այս սահմաններում հանդիսանում է ՌԴ-ն՝ 1921թ.հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։ Եթե որևէ մեկը ցանականում է վերանայել ՌԴ-Հայաստան պայմանագրերը, ինչը սկզբունքորեն կարող է տեղի ունենալ, ապա Հայաստանի պետական տարածքների հարցը դառնում է վիճահարույց և անխուսափելի է դառնում Հայաստանի նկատամամբ զինված ագրեսիան հարևան թշնամական երկրների կողմից, ինչին կհաջորդի Նոր Ալեքսանդրապոլի Պայմանագիրը ։

Նոր Ալեքսանդրապոլի պայմանագրով վերջնականապես Թուրքիային կանցնի՝
1. Կարսի մարզը, Սուրմալուի գավառը,
2.Նախիջևանը և Արցախը հայտարարվում են Թուրքիայի հովանավորության ներքո,
3. Զանգեզուրը դիտարկվում է որպես վիճելի, ապառազմականացված և տարանցիկ տարածք ։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Բերված տարբերակը ամենավատագույնն է և ամենաանսպասելին, սակայն պիտի հիշենք՝ նենգ թշնամին սպասում է պատեհ առիթի՝ վերջնականապես տապալելու մեզ ։

ԱՀՎԿ վարչապետ՝

Ա. Մկրտչյան,

ԱՀՊ ԱԺ նախագահ՝
Տ. Բագրատունի