Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Երկխոսությանն այլընտրանք չկա

Ապրիլ 21, 2018թ. 20:05
Գարիկ Քեռյան

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին մայրաքաղաքում ընթացքող բողոքի ակցիաների հետ ու համոզմունք հայտնեց, որ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով: Իսկ ո՞րն է լինելու երկխոսության քաղաքական օրակարգը:

Խնդրի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ

-Խորհրդարանական կառավարման համակագրում նախագահի ինստիտուտի պահպանումը առաջանային նշանակություն ունի այն առումով, որ քաղաքական ճգնաժամերի պայմաններում նախագահը միշտ կատարում է խորհրդատվական, խորհրդակցական, միջնորդ և ճգնաժամից դուրս գալու գործառույթ: Սա ընդունված է գրեթե բոլոր խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում: Եվ ես ուրախ եմ, որ նախագահն իր պաշտոնավարման սկզբում, իհարկե ցանկալի չէր, որ առնչվեր նման քաղաքական ճգնաժամի հետ, նման հայտարարությամբ հանդես եկավ: Բացվել է ճակատ նրա գործունեության համար: Միանշանակ  ողջունելի է նրա առաջարկը, քանի որ երկխոսությունից բացի այընտրանք չկա: Մեր սոցիալական, տնտեսական, դրա հետ մեկտեղ, պատերազմական ու աշխարհաքաղաքական իրողությունները մեզ թույլ չեն տալիս գտնվել ներքաղաքական ճգնաժամի մեջ: Երկխոսությունը հրամայական է ու սա պետք է գիտակցեն բոլոր քաղաքական ուժերը՝  իշխանությունը և ընդդիմությունը:

-ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը հայտարարեց, թե. ՙ ՙՄենք չենք մերժում, և ասում ենք՝ եղբայր, պատրաստ ենք ցանկացած ընդդիմադիր խմբակցության, կուսակցության հետ, քննարկել, եթե կա քաղաքական օրակարգբայց «Մերժիր Սերժին»-ը քաղաքական օրակարգ չէ՚՚՚։ Ուրեմն,  ի՞նչը կարող է լինել օրակարգի թեմա:

 -Կարծում եմ, պետք է համաձայնության գալ ծրագրային քաղաքականության շուրջ: Ինչպես նաև, հնարավոր է հանգուցալուծում լինի կադրային քաղաքականության մեջ, և որոշակի տեղաշարժեր լինեն հենց այստեղ: Ընդդիմությունը պետք է հստակ ձևակերպի, թե ո՞ր ոլորտներում չի վստահում նոր վարչապետին, գուցեև այդ ոլորտների շուրջ հնարավոր լինի գալ փոխհամաձայնության  ու կատարվեն կադրային փոփոխություններ: Սա, իհարկե,  նման ճգնաժամերին ոչ բնորոշ քայլ է, քանի որ այդպիսի  համաձայնություն ձեռք է բերվում ընտրություններից հետո իշխանական կոալիցիոն գործընկների մեջ: Բայց քանի որ ընդդիմությունն այս պահին ունի հասարակության մի մասի աջակցությունը և առաջ է եկել ներքաղաքական ճգնաժամ, սա կարող է ինչ-որ կերպ լուծման միջոց լինել: Եթե իհարկե, ընդդիմությունն ու իշխանությունը դրա շուրջ գան համաձայնության:

-Որոշ վերլուծաբաններ իրավիճակի հանգուցալուծում համարում են ԱԺ ընտրությունները: Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող լարվածությունը, որքանո՞վ նպատակահարմար է երկիրը նորից ներքաշել նախընտրական գործընթացների մեջ:

-Կարծում եմ, այս հարցը պետք է  քննարկել ոչ թե նպատակահամարության, այլ հետևյալ տեսանկյունից: Կան երկու հարցեր, որոնց շուրջ իշխանությունը՝  քաղաքական կոալիցիան, չի գնա երկխոսության: Դրանցից մեկը  Սերժ  Սարգսյանին վարչապետական լիազորություններից զրկելն է, իսկ մյուսը՝ խորհրդարանական նոր ընտրություններ հրավիրելը: Նման զիջման իշխանությունը չի գնա: Եվ եթե ընդդիմությունը պնդի միայն այս երկու կետերի շուրջ, երկխոսությունը չի կարող կայանալ:

-Ստացվում է փակուղի, որը կարող է հանգեցնել բախման:

-Դրա իրավունքը մենք չունենք: Գտնում եմ, որ նախագահի երկխոսության առաջարկին պետք է մասնակից դարձնել անկուսակցական ու չեզոք մասնագետների՝ քաղագետների, իրավաբանների, նրանք կարող են հավաքել երկկողմանի առաջարկությունները, նախագահի հետ կազմել հանձնաժողով և դառնալ միջնորդ կողմերի միջև՝ հասնելու իրավիճակի լուծման:

Ցավոք մեզանում չկա անկուսակցական ներուժը օգտագործելու այդ մշակույթը՝ ոչ իշխանության, ոչ ընդդիմության մոտ: Ամեն ինչ նեղ կուսակցականացված է: Բայց կողմերը պետք է գիտակցեն, որ մենք իրավունք չունենք հանդուրժել ներքաղաքական ճգնաժամ, դա մեզ համար շատ ծանր հետևանքներ կունենա:

armarLur.com

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն