- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Իշխանություն-ընդդիմություն երկխոսության համար անհրաժեշտ են վստահելի մարդիկ

<<Ղարաբախ կոմիտեի>> նախկին անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ 

-Ցանկացած երկխոսություն այսօր անհրաժեշտություն է մեր երկրի համար: Սակայն պետք է իմանալ, թե ո՞վ է այն իրականացնելու և ինչպե՞ս է այն կազմակերպվելու: Նման երկխոսության կազմակերպումը սխալ կլինի հանձնարարել,  օրինակ, վարկաբեկված դատավորին, մարդիկ կարող են դա չհասկանալ: Ճիշտն ասած, ես վերջին տարիներին երկու անգամ ստիպված եմ եղել դիմել Սերժ Սարգսյանին ու   մատնացույց անել, թե ինչպե՞ս պետք է երկխոսությունը կազմակերպել: Դա մարտի 1-ից հետո էր, երբ հանրապետությունը դարձյալ խորը ճգնաժամի մեջ էր, սարսափելի վիճակ էր: Սակայն իմ առաջարկը չընդունվեց, ու գերադասվեց , որ այդ միջնորդությունը իրականացնի քծնող մտավորականությունը, այլ ոչ թե այն բարձրագույն մտավորականությունը, որին վստահում է ժողովուրդը:

Ասելիքս այն է, որ երկխոսության համար անպայման պետք են վստահելի մարդիկ: Իսկ  երկխոսությունն էլ ոչ թե պետք է լինի այսպես՝ մի կողմում նստեն  այս կամ այն իշխանավորները, նրանց դիմաց նստեն այս կամ այն ընդդիմադիրները, այլ այն պետք է լինի շատ լայն,  ու պետք է դառնա  բազմախոսություն, որից հասկացվի, թե դեպի ո՞ւր է գնում երկիրը:

-Մյուս կարևոր խնդիրն էլ այն է, թե ի՞նչ քաղաքական օրակարգի շուրջ պետք է կայանա այդ երկխոսությունը:

-Շատ հստակ պետք է լինի երկխոսության թեման կամ օրակարգը: Օրինակ, Սերժ Սարգսյանը կարող է հայտնի մտավորական Տիգրան Մանսուրյանի ականջին շշնջալ՝ ինձ առաջարկեք, որ ես փոխեմ դատական, դատախազական ու ներքին գործերի  համակարգերը, ու օրենքների վերահսկողությունը հանձնենք ժողովրդին, որն էլ կձևավորի ժողովրդական վերահսկողության համակարգ: Այ, սա կլինի կոնկրետ և քննարկման արժանի քայլ:Պետք է վերանա այս  թալանի համակարգը և ստեղծվի համակարգ մարդու համար, որտեղ մարդն իրեն մարդ կզգա, իսկ հայրենիքը՝ հայրենիք: Սրանից կարևոր օրակարգ հիմա չկա:

armarLur.com