Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Երկխոսությունն ինչի՞ շուրջ պետք է տեղի ունենա

Ապրիլ 19, 2018թ. 21:05
Ալեն Ղևոնդյան

Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ

  Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն անչափահասը իրավունք ունի մասնակցել ցույցերի միայն ծնողների թույլտվությամբ ու համաձայնությամբ, սակայն երեկ ողջ օրվա ընթացքում Երևանի ու մարզերի դպրոցների դիմաց ցուցարարների խմբերը կոչ էին անում անչափահասներին դուրս գալ դասադուլի, արդյունքում, Փաշինյանի ղեկավարած ցույցի մասնակիցների նկատելի մասը դպրոցահասակ երեխաներ էին: Ձեր գնահատականը: 

– Զանգվածային միջոցառումներ, քաղաքացիական անհնազանդության երթեր կազմակերպելը, ընդհանրապես, մեծ ռիսկեր է պարունակում,  ու դրանց կազմակերպիչները, լիդերները միշտ չէ, որ կարողանում են պատշաճ կերպով վերահսկել գործընթացը: Փառք Աստծո, որ մինչ հիմա այն թիմը, որը փողոցային պայքարի է դուրս եկել, հիմնականում կարողանում է վերահսկել ընթացքը: Սակայն որոշակի  լարումներ լինելու են, ինչը  պայմանավորված է տարբեր գործոններով: Մասնավորաբար, ցույցերին մասնակցում են հասարակական տարբեր շերտեր ներկայացնող մարդիկ, որոնք ունեն տարբեր արժեքներ, մտածողություն, հայացքներ, և օբյեկտիվորեն բարդ է նրանց ղեկավարելը: Մյուս կողմից, այն քաղաքական թիմը, որը ներգրավված է գործընթացի մեջ, շատ ուշադիր է, անընդհատ հնչեցնում է կոչեր՝   ո՛չ բռնությանը, ինչը ես գնահատում եմ որպես դրական երևույթ:

Սակայն կա մի հանգանք, որին ես անձամբ ականատես եղա՝ գտնվելով ցույցերի տարածքում: Կա անչափահասներ, որոնք հնչեցնում են քաղաքական կոչեր և ներգրավվում են  գործընթացների մեջ որպես կողմ,  օրինակ, փողոցներ են փակում: Այստեղ, նախ օրենքի տեսանկյունից, կա հստակ խախտում, քանի որ իրավունք չունեն անչափահաս երեխաներին ներգավելու նման գործողությունների մեջ:  Եվ այն քաղաքական ուժը, որը ներգրավում է երեխաներին, ինքն իրեն մեծ ռիսկի առաջ է կանգնեցնում, նրան հետագայում կարող են մեղադրել, որ օգտագործել է  անչափահասների գործոնը: Եվ հանրահավաքների կազմակերպիչները պետք է համապատասխան հետևության հանգեն:

Քաղաքացիական անհնազանդությունն օբյեկտիվորեն ստեղծում է մի իրավիճակ, երբ տեղի են ունենում օրենքների, կանոնակարգերի խախտումներ. դիցուկ՝ ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրներ են ստեղծվում, պետական մարմինների բնականոն գործունեությունն է խաթարվում: Բայց մյուս կողմից էլ,  քաղաքացիական անհնազանդությունը, քաղաքացիական դիրքորոշում արտահայտելը,  քաղաքական պայքարը, ինչի հետևանքով, իհարկե,  երկրի որոշ համակարգեր կարող են կաթվածահար վիճակում հայտնվեն, բայց դիտարկվում են որպես քաղաքացիական պայքարի ձև: Եվ այս երկու երևույթների՝օրենքի խախտման ու քաղաքացիական պայքարի միջ բախումը մշտապես առկա է: Այն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև այն բոլոր երկրներում, որոնք այսօր գտնվում են ժողովրդավարացման գործընթացների մեջ:

– Փաշինյանը  հայտարարեց Հայաստանում թավշյա, անզեն, խաղաղ հեղափոխություն իրականացնելու մասին, որի գործիքակազմերն են փողոցներ,  պետական կարևորության շենքեր ներխուժելը, շրջափակելը, հանրային գույքը փչացնելը, քաղաքի երթևեկությունը կաթվածահար անելը, ոստիկանական շղթան ուժով ճեղքելու փորձերը և այլն: Սա խաղաղ ակցիա է՞, ընդդիմության նման գործողությունները ո՞ ւր կարող են հասնել:

-Եթե մենք,  ընդհանրապես, գործելաոճի մասին ենք խոսում, ուրեմն, պետք է արձանագրենք մի հանգամանք, որ նման ցույցերն ու նստացույցերը, բռնությամբ դուռ կոտրելը,  հանրային կարևորության շենքեր ներխուժելը խաղաղ ցույցի դրսևորում չեն: Բայց մյուս կողմից, բռնություն ասելով հասկանում ենք ուժի բացահայտ կիրառում: Իսկ մենք այսօր ունե՞նք նման իրավիճակ, իհարկե՝ չունենք: Հետևաբար, խաղաղ ցույցերի տրամաբանությունը դեռ տեղավորվում է ընթացիկ պայքարի ընդհանուր փիլիսոփայության մեջ: Այո, կարող են լինել տեղային դրսևորումներ՝ առանձին բախումներ ինչ-որ խմբերի, հատվածների միջև, բայց ընդհանուր առմամբ, շեշտադրումն այն է, որ ամեն ինչ պետք է լինի խաղաղ: Քանի որ ցույցերի կազմակերպիչները հասկանում են՝ ամենակարևոր գործոնն այն է, որ պետությանը հնարավորություն չտրվի օրինական ուժ կիրառել, ինչի իրավունքը պետությունն ունի: Կարող է ստեղծվել իրավիճակ, կամ գործողությունները կարող են հասնել մի այնպիսի կետի, երբ պետական համակարգի կառավարումը հայտնվի բարդ վիճակում, պատկերավոր ասած՝ իրավիճակն անցնի կարմիր գիծը, և ազգային, պետական, հանրային անվտանգությամբ  պայմանավորված՝  պետությունը ստիպված իրացնի իր սահմանադրական իրավունքներն ու լիազորությունները՝ դիմելով որոշակի՝ այդ թվում ուժային գործողությունների:

Սակայն այս պահի դրությամբ նման իրավիճակ Հայաստանում չկա: Ես ուզում եմ հետևյալ կարևոր միտքը շեշտել, որ երկու կողմերը՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ ցուցարաներն իրենց պահում են շատ կոռեկտ, զուսպ ու զգուշավոր, հասկանալով, որ  իրավիճակը վերահսկելիությունից դուրս գալու դեպքում կարող է վտանգավոր  հետևանքներ ունենալ:

-Ի դեպ, պետք է ասել, որ ոստիկանություն-ցուցարարներ նման փոխըմբռնումը մեզանում բոլորովին նոր իրողություն է:

-Այո, ես կարծում եմ, և՛ ոստիկանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ երկրի քաղաքական որոշում կայացնողները, և՛ ընդդիմությունը, խոսքս բացառապես Նիկոլ Փաշինյանի փոքր թիմի մասին է, կոնկրետ հետևություններ են արել: Նախ, մանրամասնորեն ուսումնասիրել են նման բոլոր շարժումների կենսագրությունը, ընդ որում, ոչ հայաստանյան, այլ անդրօվկիանոսյան, հասկացել են Հայաստան պետության առանձնահատկությունները, ու գիտակցում են, թե ի՞նչն է թույլատրելի, ինչը՝ ոչ: Հավաքաների ժամանակ երբեմն լինում են ներքին  խժդժություններ՝ անձնավորված կամ երիտասարդների հախուռն խառնվածքով պայմանավորված, բայց նկատելի է, որ հավաքների կազմակերպիչները անգամ նման  իրավիճակների վրա չեն կենտրոնանում, որպեսզի դրանք հանկարծ մուլտիպլիկատիվ էֆեկտ չունենան:

Բախումները համարելով անթույլատրելի, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը միաժամանակ ասել է թե այլևս չի հասականում իր գործընկերոջ՝ Փաշինյանի գործողությունների քաղաքական ենթատեքստը, տրամաբանությունը և վտանգներից խուսափելու համար նրան կոչ է անում  երկխոսության ու հաշտության: Այս պահին երկխոսությունը հնարավոր համարո՞ւմ եք:

-Ցանկացած քաղաքական փողոցային գործընթացների վերջնահանգրվանից առաջ իշխանությունը պետք է նման հայտարարություն անի: Եվ հնչած կոչը ես շատ տրամաբանական եմ համարում: Այլ հարց է, թե շարժման կազմակերպիչներն ի՞նչ խնդիր կամ խնդիրներ ունեն իրենց առաջ դրած,  քանի որ նման շարժումները  մեկ խնդիր չեն ունենում: Եվ եթե դա երկարաժամկետ պայքար է, ինչը,  կարծում եմ, այս դեպքում հենց այդպես է,  ապա հարց է առաջանում՝ երկխոսությունը կամ բանակցությունները ինչի՞ շուրջ պետք է տեղի ունենան: Այդ բովանդակությունն ինձ համար անհասկանալի է, ինչի՞ շուրջ պետք է խոսեն, քննարկեն: Պետք է հստակեցվի՝ խոսակցության օրակարգ կա՞, թե՞ չկա:

Մյուս կողմից, ընդդիմությունը որքանո՞վ է պատրաստ դրան. ունի  մաքսիմալիստական նկրտումնե՞ր, ի՞նչ է հասկանում  ՙՙթավշյա հեղափոխություն՚՚  ասելով, դա հոգևո՞ր, մտքի՞ հեղափոխություն է, գուցե ընդդիմության մոտ կա իրավիճակի փոփոխություն, կամ բուն, առաջադրված նպատակին դեռ չի հասել: Այսինքն, այստեղ կա ճշգրտումների մեծ դաշտ:

Բնականաբար, բախումը լինելու է վատագույն սցենարը, բայց և՛ իշխանությունը, որն այս ամբողջ ընթացքում իրեն ադեկվատ է պահել, և՛ ընդդիմությունը հասկանում են, որ բախման պարագայում իրենք շատ-շատ բաներ են կորցնելու: Նման զարգացումը  շահեկան չի լինի թե՛ մեկի, թե՛ մյուսի համար:

Իսկ  երկխոսության կոչեր դեռ շատ կհնչեն, պարզապես, պետք է հասկանալ, թե այդ կոչերի առարկայական օրակարգն  այս պահին ո՞րն  է, կա՞, թե՞ չկա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն