Գլխավոր » NKR, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Հայաստանը միանալով ՌԴ առաջարկին՝ կատարեց ազնիվ ու շահեկան քայլ

Ապրիլ 13, 2018թ. 21:53
Աշոտ Ենգոյան

Հարցազրույց քաղաքագետ ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ հետ
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ռուսաստանը պահանջում է սկսել համատեղ հետաքննություն, դրանում ներառելով նաև ռուս մասնագետների: Մինչդեռ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը խիստորեն քննադատեցին այդ առաջարկը՝ այն համարելով ճշմարտությունը կոծկելու, հանրությանը մոլորեցնելու ցինիկ հնարք: Ռուսական կողմի առաջարկն, արդյո՞ք, արդար չէ:
-Միանշանակորեն ճիշտ է: Այդ հետաքննությանը Ռուսաստանի մասնակցությունը, գոնե դիտորդի կագավիճակով, խիստ պարտադիր է: Բայց մենք տեսանք, որ Արևմտյան երկրները Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ մերժեցին այդ առաաջարկը: Եթե իրենք, իրոք, ցանկություն ունեն պարզելու իրականությունը, պետք է լսեն ռուսական կողմի հարցերը: Հակառակ դեպքում, ռուսներն արդարացի են, երբ ասում են, որ այդ ամենը նախապես մտածված, կոպիտ սադրանք է:
Հարց է առաջանում ինչո՞ւ Արևմուտքը չի ցանկանում առերեսվել, դեմ առ դեմ կանգնել ՙհանցագործի՚ հետ: Դա լինում է այն դեպքում, եթե վստահ չէ իր ճշմարտացիության մեջ, կամ հասկանում են, որ իրենց կողմից բերվող փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Իսկ եթե իրենք համզված են, որ ունեն լուրջ փաստեր, ապացույցներ, ապա պետք է հակառակ պահվածքը դրսևորեին, այն է՝ գործում ընդգրկեին այդ ՙհանցագործ՚ կամ ՙմեղավո՚ կողմին, ինչպես ասացի գոնե դիտորդի կագավիճակով: Բայց գնացին ՌԴ առաջարկը մերժելու ճանապարհով, և դա լուրջ կասկածներ է առաջացնում:
Ինչ վերաբերում է ՌԴ հասցեին հնչած այդ արտահայտություններին, ապա չի կարելի հենց այնպես, առանց լուրջ փաստեր ներկայացնելու, պետություններին մեղադրել ցինիզմի, տեռորիզմի, ահաբեկչության մեջ: Նման պահվածքն անընդունելի է ժամանակակից միջազգային հարբերություններում:
Հայաստանն այն 14 երկրների շարքում է, որոնք պաշտպանում են համատեղ հետաքննություն իրականացնելու ՌԴ առաջարկը, ու ինչպես նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մենք կողմ ենք, որպեսզի կատարվածը մինչև վերջ բացահայտվի: Սակայն ներսում որոշ ուժեր շտապեցին այդ քայլը որակել ռուսամետ ու Հայաստանի շահերից չբխող: Տարօրինակ չե՞ն նման որակումները:
-Հայաստանը շատ ճիշտ քայլ կատարեց, և ես այն ողջունում եմ: Ասեմ ավելին, ես անհամաբերությամբ սպասում էի մեր երկրի արձագանքին: Այդ քայլը Հայաստանի համար շատ կարևոր էր: Մեր ռազմավարական դաշնակցին մեղադրում են ահաբեկչության մեջ, և եթե մենք լուռ նստեինք, ոչինչ չասեինք՝ մեծ սխալ կլիներ: Մյուս կողմից, մեզ պետք չէ Արևմտյան երկրների նման ձևական համերշխություն արտահայտել, մեզ պետք է իրականում հասկանալ, ճշտել, իրո՞ք, մեր ռազմավարական դաշնակից պետությունն ահաբեկիչ է՞, թե՞ ոչ: Եթե Ռուսաստանին մեղադրում են ահաբեկիչ երկիր լինելու մեջ, ստացվում է, որ մենք դաշնակից ենք ահաբեկիչ երկրի հե՞տ: Այս առումով, մենք պետք է խիստ շահագրգռված լինենք այդ հետաքննության իրականացման հարցում: Հաջորդը, բացարձակապես համոզիչ չեն Մեծ Բրիտանիայի ներկայացրած վեց էջանոց ապացույցները, դրանք չափազանց պարզունակ ու դպրոցականի մակարդակով ներկայացված ապացույցներ են, որոնք իբրև թե պետք է համախմբեն համայն աշխարհն ընդդեմ Ռուսաստանի: Բայց դրանք ամենևին սպառիչ պատասխաններ չեն ու ոչ մի դեպքում չի կարելի ընդունել որպես իրեղեն ապացույց: Արևմուտքն ընդամենը մեղադրեց ՌԴ-ին ՝ չներկայացնելով հստակ փաստեր: Փոխարենը, ես լսեցի ՌԴ ներկայացուցչի ՄԱԿ-ում հնչեցրած 12 հարցերը, կարծում եմ, որ մենք այդ բոլոր հարցերին կարող ենք միանալ: Այնպես որ, ես շատ ճիշտ եմ համարում Հայաստանի Հանրապետության դիմումը՝ սկսել համատեղ հետաքննություն, որպեսզի ինքներս մեզ համար ճշտենք իրողությունը: Ի վերջո, եթե իրո՞ք ՌԴ-ն է մեղավորը, դա մեր երկրի ապագայի հարցում ևս կողմնորոշիչ դեր կունենա: Ուրեմն, մենք չենք կարող անտարբեր, երբ հարցը վերաբերում է մեր ռազմավարական գործընկեր պետությանը: Հետևաբար, մենք լիարժեք իրավունք ունենք նման պահանջ բարձրացնելու: Ի վերջո, այստեղ կա նաև ինքնասիության խնդիր, եթե ոտնահարվում է քո դաշնակիցը և դու անտարբեր, լուռ ու մունջ նստած ես, նշանակում է, դու ոչ մի բան չես, դու ընդամենը ոչնչություն ես: Իսկ Հայաստանն իրավունք չունի նման կեցվածք ընդունելու, առավել ևս երբ այսօր մեր երկրի ձայնը լսելի է Արևմուտքում: Այնպես որ Հայաստանը միանալով ՌԴ առաջարկին կատարել է ազնիվ քայլ:
-Ի դեպ, Արևմուտքից ֆինանսավորվող վերլուծաբանները մեղադրելով Հայաստանին, շեշտում են, թե ՌԴ դիրքորոշումը պաշտպանելու համար մեր երկիրը շուտով վնասներ կկրի, օրինակ, Մեծ Բրիտանիան էլ փող չի տա: Ինչպե՞ս հասկանալ այս աղմուկը. նրանց միջոցով Արևմուտքը մատ է թափ տալի՞ս մեզ վրա, թե՞ սրանք առաջ ընկած Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ուզում երևալ և պահից օգտվելով քծնում իրենց հովանավորողներին:
-Ճիշտն ասած, ավելի շատ հակված եմ ձեր երկրորդ գնահատականին, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ուզում երևալ: Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է մատ թափ տալ մեզ վրա այն դեպքում, երբ Հայաստանը քայլ է արել դեպի Եվրոպա: Ես ավելի շատ համոզված եմ, որ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն են մատ թափ տրվել այն եվրոպական երկրների վրա, որոնք ձեռքի տակ չունենալով իրեղեն ապացույցներ, Սկրիպալների գործում պաշտպանում են Մեծ Բրիտանիային: Եվ ես ամենևին չէի ուզենա, որ մեր երկիրը հայտնվեր հենց այդ պետությունների շարքում:
Ինձ թվում է, որ Արևմուտքը պետք է կանխատեսեր, որ Հայաստանը հենց նման դիրքորոշում էր որդեգրելու: Իսկ մեր ներսի արևմտամետների բարձրացրած աղմուկն ընդամենը իրենց ստացած փողերն արդարացնելու միջոց է, գուցե նաև ավելին ստանալու ակնկալիք, և ուրիշ ոչինչ: Ես միանշանակորեն բացառում եմ Արևմուտքի կողմից Հայաստանին վնասելը, նման իրավիճակ չի կարող լինել: Դա կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացման ու չի բխի հենց Արևմուտքի շահերից, ավելին՝ ուղղակի կհարվածի նրանց շահերին, հատկապես, հիմա, երբ Հայաստանը ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո խորացնում է իր համագործակցությունը Արևմուտքի հետ:
-Իսկ մտածե՞լ ենք, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ՌԴ առաջարկին, արդյոք, հենց այդ անխոհեմ քայլը վտանգավոր չէ՞ր լինի մեր երկրի համար:
-Իհարկե, մեր երկրի համար առավել վտանգավոր կլիներ, եթե մեր իշխանությունը լուռ նստեր ու ոչինչ չասեր: Այդ դեպքում, մեզ լրջագույն վտանգ կսպառնար Արցախում: Ի դեպ, մինչ Հայաստանի քայլը ես խիստ անհանգստացած էի, մտածում էի, եթե մենք հստակ դիրքորոշում ցույց չտանք, շատ հնարավոր է, որ դա նպաստեր Ադրբեջանի ակտիվացմանը: Եվ ապրիլի 9-ից 17-ը, երբ մեր երկրում լուրջ փոփոխություններ են սպասվում ՝ գործող նախագահը հրաժարական է տալու, Ազգային ժողովը ընտրելու է նոր վարչապետ, այս փուլում հնարավոր էր, որ Արցախի սահմանին Ադրբեջանը դիմեր արկածախնդրության: Այ, դա իսկապես խիստ վտանգավոր կլիներ Հայաստանի համար: Մինչդեռ կողմ լինելով ՌԴ առաջարկին, մենք մի կողմից, ազնիվ քայլ ենք կատարում մեր ռազմավարական գործընկերջ հանդեպ, մյուս կողմից, բոլորին ասում ենք, որ ձգտում ենք ճշմարտությունն իմանալ:
Մինչ ՙՍկրիպալների գործի՚ ի հայտ գալը Եվրոպայում լուրջ խմորումն էին տեղի ունենում, կարո՞ղ ենք ասել, որ ներքին պառակտումները հարթելու համար Արևմուտքին օդ ու ջրի պես հարկավոր է ուժերը միավորող իրավիճակ:
-Այո, ներսում համախմբվելու համար իրենց հակավոր էր թշնամի ստեղծել, և Սկրիպալների գործը, միանշանակորեն համախմբող քայլ էր: Հիշենք, թե ի՞նչ իրավիճակ էր մինչդեռ այդ. մի կողմից եվրոպական մի շարք երկրներ հակված էին վերացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, մյուս կողմից, ՙԲրեքսիթի՚ հետ կապված լուրջ խնդիրների առաջ էր կանգնել Մեծ Բրիտանիան, արևմտյան ու արևելյան Եվրոպաները պառակտման վտանգի առաջ էին կանգնած: Ինչպես նար կար ՙՀյուսիսային հոսք՚ ռուսական նախագծի վտանգը, որով ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով պետք է հասնի Եվրոպա: Քանի որ այսօր կռիվ է գնում եվրոպական շուկայի համար, բնականբար այդ նախագիծը պետք է հարուցեր ԱՄՆ-ի դժգոհությունը: Այս ամենը, թերևս, մտահոգության առիթ դարձան և արևմտյան որոշ ՙհայրենասեր՚ ուժեր Ռուսաստանի դեմ գնացին նման սադրանքի՝ ՙՍկրիպալների գործը՚ սարքելով: Կարծում եմ, այս թեզը պետք չէ բացառել: Իսկ նման իրավիճակը բացարձակապես չի բխում ՌԴ շահերից, վերջինս չէր կարող այս թոհ ու բոհի մեջ գնալ նման քայլի, և 8 տարի անց Սկրիպալների դեմ նման գործողություն իրականացներ, այն էլ այդքան պարզունակ ձևով: Սա անտարմաբանական քայլ է: Պուտինը ու իր շրջապատը կշռադատված, սթափ մարդիկ են, նրանք երբեք նման սադրանքի չէին կարող գնալ:
– Հայր ու դուստր Սկրիպալները, կարծես, արթնանում են, սա նշանակում է, որ սպասվում է նոր զարգացումներ. ի՞նչ կարող է փոխվել:
-Արևմուտքն իրեն դրել է փակուղու մեջ: Այսքան մեծ աղմուկից հետո նրանք չեն կարող հետ կանգնել ու հրաժարվել իրենց պնդումներից: Քանի որ դա միանշանակորեն կարող է Մեծ Բրիտանիայում հանգեցնել իշխանափոխության: Արևմտյան մամուլն արդեն բավականին խստորեն քննադատում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին ու վարչապետ Թերեզա Մեյին: Հետքայլը նաև ԵՄ-ում լուրջ խնդիրներ կստեղծի, կբացվի ամեն ինչ ու ԵՄ անդամ երկրները կհասկանան, որ իրենք ընդամենը կամակատարներ են: Այսինքն, իրենք հասկանոմ են, որ հետքայլը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Արևմուտքի համար: Նման իրավիճակում Ռուսաստանն ու բոլոր սթափ մտածող, տրամաբանող պետությունները պետք է ցույց տան, որ իրենք շատ լավ գիտակցում են, թե իրականում ի՞նչ է կատարվում: Եվ Հայաստանը պետք է լինի հենց այդ սթափ մտածող երկրների շարքում: Միայն նման դեպքում մեր երկրի արժեքը, հեղինակությունը կբարձրանա: Այնպես որ, Հայաստանը ճիշտ ուղու վրա է ու պետք է շարունակի իր ազնիվ, շիտակ քաղաքականությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն