Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Պետք է այնպես զինվենք, որ Ադրբեջանի համար պատերազմը վերածվի ինքնասպանության, լինի վերջինը

Ապրիլ 4, 2018թ. 21:21
իՍԿԱՆԴԵՐ
Երկու տարի առաջ, այս նույն օրը Արցախում գնալով մեծ թափ ստանալով, շարունակվում էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Թեև Արցախում ունեցանք տարածքային կորուստ, բայց Արցախի Պաշտպանության բանակը կարողացավ պատերազմի ավարտին ունենալ հաղթական արդյունք երեք առումով.
1. Թշնամուն մարդկային ավելի մեծ կորուստ պատճառեց, քան իր կորուստն էր:
2. Թշնամուն տեխնիկայի ավելի մեծ կորուստ պատճառեց, քան իր կորուստն էր:
3. Թույլ չտվեց, որ Ադրբեջանը հասնի իր հիմնական նպատակին կամ նպատակներին:
Վերոնշյալին զուգահեռ, պատերազմը կարևոր դաս եղավ Արցախի Պաշտպանության բանակի, ինչու ոչ, նաև Հայաստանի Հանրապետության բանակի համար` համապատասխան զենք-զինամթերքով, ռազմական տեխնիկայով բանակում առկա բացը լրացնելուն նպատակաուղղված աշխատանքներն ակտիվացնելու առումով: Թեև անցած ժամանակաընթացքում նոր սպառազինություն, ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ կարևոր և անուրանալի աշխատանք է կատարվել, սակայն առկա արդյունքները դեռ բավարար չեն, դրանցով չի կարելի գոհանալ և ապահովության զգացում ունենալով, հանգստանալ:
2016թ. պրիլի 4-ի լույս 5-ի գիշերը թշնամին առաջնային գծի հարավային ուղղությամբ կիրառեց նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Դրա ռեակտիվ արկերի մի մասը չպայթեց Ադրբեջանի ուզած վայրում, մի մասն էլ ընդհանրապես չպայթեց: Այդ կապակցությամբ տարբեր ենթադրություններ եղան` Ուկրանիան Ադրբեջանին պիտանիի տեղ վաճառել է պիտանիության ժամկետն արդեն սպառված արկեր, դրանք անորակ են եղել, «Սմերչ» համակարգն օգտագործած ադրբեջանցի զինվորականները չեն տիրապետել դրա օգտագործման նրբություններին և այլն, սակայն ովքեր գիտեն, թե «Սմերչն» իրականում ինչ զինատեսակ է, միանգամայն լրջորեն են վերաբերվում դրան:
Այս տարվա փետրվարի 19-ին մեր «Հայաստանը պետք է շուտափույթ ձեռք բերի «Սմերչ» համակարգերի նոր, լրացուցիչ խմբաքանակներ՝ չեզոքացնելու համար Երևանին սպառնացող վտանգը» հրապարակմամբ արդեն մասնակիորեն անդրադարձել ենք, թե հատկապես ինչի պակաս ունենք մենք: Այս զինատեսակը Հայաստանի համար թշնամուն զսպող կարևոր գործոններից մեկն է, քանի որ ունի թիրախի խոցման շատ մեծ մակերես (672 000 քմ, այսինքն՝ մոտ 70 հեկտար), ընդ որում, մեծ ճշտությամբ: Այն իր հեռահարությամբ ու թիրախի խոցման արդյունավետությամբ մոտ է «Երկիր-երկիր» դասի մարտավարական նշանակության հրթիռներին, ինչպիսին է, օրինակ, «Точка-У»-ն:
Երեք «Սմերչ» համակարգը թիրախի խոցման արդյունավետությամբ հավասարազոր է երկու «Точка-У»-ին: Որպես համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, այն ռեակտիվ արկի մարտավարական-տեխնիկական բոլոր կարևոր բնութագրիչներով աշխարհում այսօր չունի իրեն հավասարը, թերևս բավական է ասել միայն, որ հեռահարությամբ ամերիկյան նմանակին գերազանցում է ավելի քան կրկնակի:
«Սմերչն» իր մարտավարական-տեխնիկական բնութագրիչներով գերազանցում է նաև խորհրդային արտադրության «Торнадо-Г» և «Ураган» համակարգերին: «Սմերչ»-ի արկերի զրահարությունը 120-160 միլիմետր է:
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ «Սմերչ»-ի ռեակտիվ արկերը Ադրբեջանի ունեցած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից անորսալի և անխոցելի են, քանի որ վերջինները միաժամանակ չեն կարող ուղեկցել և խոցել այդքան մեծաթիվ արկեր («Սմերչ»-ի միայն մեկ մեքենան 38 վայրկյանում կարող է 12 արկ արձակել): Պարզ է, որ եթե ռեակտիվ արկերը միաժամանակ արձակվեն մի քանի մեքենաներից, Ադրբեջանի ունեցած С-300 և «Patriot» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը թիրախների մեծ քանակի պատճառով չեն կարողանա դրանցից բոլորին խոցել: Սակայն, ճիշտ նույնը կարելի է ասել նաև Արցախի և Հայաստանի առնչությամբ` միայն այն տարբերությամբ, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամերիկյան արտադրության «Patriot» համակարգեր չունի (դրանք Ադրբեջանը գնել է Իսրայելից):
Ավելին. հրապարակված տվյալների համաձայն, Ադրբեջանը 2004-2005թթ. «Սմերչ» համակարգեր ստացել է Ուկրաինայից, 2007թ. դրությամբ արդեն 12 միավոր ուներ: Բացի այդ, Ռուսաստանի հետ 2001-2012թթ. պայմանագիր է կնքել «Սմերչ»-ի 18 համակարգ ստանալու վերաբերյալ և ստացել է: Մատակարարումը սկսվել է 2013 թվականից:
Հայաստանը նույնպես Ռուսաստանից գնել է «Սմերչ» համակարգեր: Դա հնարավոր է եղել Երևանում 2015թ. հունիսի 26-ին կնքված և ՌԴ տրամադրած 200 մլն դոլար վարկային համաձայնագրի շրջանակում: «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտ»-ի (SIPRI) հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանը 2016-2017-ին Ռուսաստանից ներկրել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այստեղ նշենք, որ մեր երկիրը, ըստ որոշ տեղեկությունների, մինչ այդ էլ ուներ նշված համակարգերից (հնարավոր է, որ խոսքը «Սմերչ»-ի չինական նմանակի մասին է), սակայն դրանց ընդհանուր քանակը, կարծում ենք, բավարար չէ Նախիջևանի և Ադրբեջանի` Գեղարքունիքի մարզին սահմանակից Գետաբեկի և Դաշկեսանի շրջանների կողմից Երևանին սպառնացող վտանգը վստահորեն չեզոքացնելու կամ զսպելու համար, քանի որ պատերազմի դեպքում դրանք հարկ կլինի կիրառել նաև Հայաստանի այլ վայրերից և Արցախից:
Այս առումով, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտ է, որ Հայաստանը ձեռք բերի «Սմերչ»-ի նոր խմբաքանակ, գոնե մի 20 միավոր (այլ երկրներ արտահանման համար նախատեսված ռուսական «Սմերչ»-ի մեկ համակարգի արժեքը 12,5 մլն ԱՄՆ դոլար է, սակայն դա չի վերաբերվում Հայաստանին, քանի որ մեր երկիրը Ռուսաստանից սպառազինությունը, ինչպես հայտնի է, ձեռք է բերում գործարանային գներով):  Գաղտնիք չէ, որ Հայաստանը հատկապես իր ունեցած «երկիր-երկիր» և «երկիր-օդ» դասի հրթիռների շնորհիվ է կարողանում զսպել Ադրբեջանի ախորժակը, քանի որ ունեցած տանկերի և այլ զրահատեխնիկայի, ինչպես նաև ավիացիայի առումով էապես զիջում է թշնամուն:
Ի դեպ, հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ ապրիլի 3-ին «Ժամանակ»-ի, իսկ վերջինս էլ անանուն աղբյուրների վրա հղում կատարելով տեղեկացրին, որ Ռուսաստանը պատրաստվում է 3-րդ վարկը տրամադրել Հայաստանին (ի տարբերություն նախորդի, անտոկոս), որով մեր երկիրը Ռուսաստանից գնելու է զենքի հերթական խմբաքանակը, մասնավորապես` «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների նախորդից ավելի մեծ խմբաքանակ, որը «տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները»:
   Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա դրա համար կարելի է միայն ուրախանալ, քանի որ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմը տեսանելի ապագայում ուղղակի կբացառվի, եթե, իհարկե, այժմ աքլորացող այդ պետությունը չի ուզում դիմել ինքնասպանության: «Իսկանդեր»-ի հրթիռները ոչ միայն Ադրբեջանի, այլև նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հակահրթիռային համակարգերի կողմից անխոցելի են:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նոյյան տապան
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն