Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Մեր դաշնակցային հարաբեություններին սազական չէ, որ Ռուսաստանը հսկայածավալ զենք է մատակարարում Ադրբեջանին

Մարտ 22, 2018թ. 09:41
Միհրան Հակոբյան

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ  հետ

-Ռուսաստանի Դաշնությունում կայացած նախագահական ընտրություններից հետո կանխատեսվում է, որ կսկսվի բարեկամ, ոչ բարեկամ երկրների հետ հարաբերությունների հստակեցման փուլ:  Ռուսաստանի ու Արևմուտքի միջև սրվող դիմակայության իրողության պայմաններում երկընտրանքի առաջ կարող են կանգնել այն երկրները, որոնք ունեն լավ հարաբերություններ թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ: Ի՞նչ իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանը: Կհաջողվի՞ մեզ պահել հավասարակշռություն:

 

– Ռուսաստանի Դաշնությունում կայացած նախագահական  ընտրություններից հետո ԱՄՆ նախագահը զանգահարեց ՌԴ վերընտրված նախագահին, շնորհավորեց նրան, իսկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ  ասաց, թե ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ,  որպեսզի քննարկեն միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, հատկապես, սպառազինությունների մրցավազքը, ինչը դուրս է եկել վերահսկողությունից:  Սա կարևոր քաղաքական մեսիջ էր, հուսանք, որ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններն առկա վիճակից ավելի չեն սրվի, և լարումն աստիճանաբար կնվազի: Հուսանք, քանի որ կան տեսանելի նախադրյալներ:

Իսկ փոքր պետությունները, որոնք երկու կողմի հետ էլ փորձում են լավ հարաբերություններ պահպանել,  պետք է իրենց շահերը փնտրեն ոչ թե եղած սուր խնդիրները սրելով, կամ գնան կրակի վրա ջուր լցնելու ճանապարհով, այլ իրենց դերը փորձեն գտնել այն կիզակետերում, որտեղ խաչվում են երկու կողմերի շահերը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը որևէ խնդիր ունենալ չի կարող, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը՝ երկկողմանի ձևաչափով: Ինչպես նաև,  ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ պետություն է, այսինքն, մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ ոչ միայն երկկողմանի ձևաչափում, այլև ինտեգրացիոն հարթակներում՝ մեկը՝ տնտեսական, մյուսը՝ ռազմական:

Սրա հետ մեկտեղ մենք շատ լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի, ԵՄ երկրների հետ, սա կարևոր հանգամանք է, ինչը Հայաստանին հեռու է պահում վտանգավոր իրավիճակներից, այստեղ կարևոր հանգամանք է այն, որ Հայաստանի քաղաքական մոտեցումները բոլոր կողմերի՝ թե  Ռուսաստանի, թե  ԱՄՆ-ի ու ԵՄ համար պարզ և հասկանալի են:

 – Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ինչ-որ էջեր շտկելու, գուցեև սրբագրելու անհրաժեշտություն չկա՞:

-Մենք ոչ միայն Ռուսաստանի նաև Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության հետ ունենք հստակեցում պահանջող տարբեր հարցեր, իսկ մեր թիվ մեկ խնդիրը համագործակցության խորացումն է: Բայց դա բավականին բարդ խնդիր է, որովհետև միակողմանի ձևաչափերով ոչ մի հարց չի լուծվում, պետք է լինի երկկողմանի ցանկություն, ասել է, թե դրա հիմքում պետք է ընկած լինեն երկկողմանի շահեր: Կարծում եմ, խոշոր խաղացողների շահերից է բխում  Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարբերությունների  ամրապնդումը՝ սկսած քաղաքականից, մինչև անվտանգություն ու մշակույթ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նախագահական ընտրություններից հետո ՌԴ արտաքին  քաղաքական կուրսի մեջ նոր բան չի սկսվում, այն վաղուց է սկսվել, Արևմուտքի հետ հարաբերություններում առկա լարվածությունը նոր երևույթ չէ, մի քանի տարվա պատմություն ունի:

ՌԴ ընտրություններից հետո Հայաստանի կյանքում էլ առանձնապես ոչ մի բան չի փոխվելու, իսկ հայ-ռուսական հարաբերություններում կա ոչ թե ինչ-որ բան սրբագրելու, այլ դրանք զարգացնելու անհրաժեշտություն՝ սկսած ռազմականից, մինչև քաղաքական: Մենք պետք է կարողանանք մեր հարաբերությունները նոր որակի բարձրացնել, ավելի սերտացնել, դա հատկապես վերաբերվում է ռազմատեխնիկական  համագործակցությանն ու Հարավային Կովկասում ՌԴ անվտանգության քաղաքականությանը:

Սա միայն ՌԴ շահերից չի բխում, այլև ԵՄ-ի,  ԱՄՆ-ի,  կարծում եմ, նաև Չինաստանի շահերից, քանի որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի կայունությունը պահպանող հիմնական գործոնն է, Հարավային Կովկասում մեկ այլ ռամաքաղաքական միավոր չկա: Իսկ տարածաշրջանում մենք  գործ ունենք ագրեսիվ,  անկանխատեսելի Թուրքիայի հետ,  էքսցենտրիկ, միևնույն ժամանակ բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել ցանկացող Իրանի հետ, և  գործ ունենք ահաբեկչական, ռազմաքաղական կուրս որդեգրած Ադրբեջանի հետ, ու այս իրավիճակում  տարածաշրջանում միակ խաղաղություն  պարտադրող,  զսպող երկրները Հայաստանն ու Արցախի Հանրապետություններն են՝ մեր միացյալ զինված ուժերով: Այնպես որ,  շատ կարևոր է մեր մերձավոր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը,  հատկապես, քաղաքական տնտեսական, ռազմաքաղաքական առումով:

-Ռուս վերլուծաբաններից մեկն ասել է՝ թե Հայաստանի  հետ հարաբերությունները  գնալով ՙՙդանդաղ սառում են՚՚, միաժամանակ նկատելով, թե սովորաբար նման դեպքերում մեղավորը ուժեղ կողմն է լինում, այսինքն՝ Ռուսաստանը, ու վերջինս էլ պետք է քայլեր կատարի գահավիժող ընթացքը կանխելու համար: Չէ՞ք կարծում, որ ռուսական կողմի այդ քայլը նախևառաջ պետք է լինի դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը:

-Այստեղ կա խնդիր, և՛ ռուսները, և՛ մենք անելիք ունենք: Մեր դաշնակցային հարաբեություններին սազական չէ այն, որ Ռուսաստանը հսկայածավալ զենք է մատակարարում Ադրբեջանին: Դա չի բխում մեր ռազմաքաղաքական հարաբերությունների տառից և ոգուց: Այնուհանդերձ, մեր ռուս գործընկերները նաև Հայաստանի զինված ուժերին են ռազմական տեխնիկա, սպառազինություն  մատակարարում, ընդ որում,  էժան, արտոնյալ, նույնիսկ, կարելի է ասել, սինվոլիկ գներով, որովհետև մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք: Ռազմատեխնիկական համագործակցության վերջին լուրջ օրինակը ՙԻսկանդեր՚ հրթիռային համակարգի մատակարարումն էր, որն ի դեպ,  ՌԴ-ն միայն ՀՀ-ին է մատակարարել,  նույնիսկ ընդհանուր պետության մասին պայմանագիր ունեցող Բելառուսին չի տրամադրել: Սա վկայում է ՀՀ-ՌԴ միջև վստահության բարձր մակարդակի մասին: Բայց երկու երկրները պետք է ավելի շատ աշխատեն, ու եթե մեր  ռուս գործընկերներն աշխարհաքաղաքական  խնդիրների մեջ են, այնուհանդերձ, մենք պետք է նրանց բերենք այն համոզման, որ այս ուղղությամբ համագործակցությունն ու Ադրբեջանին զսպելը  նույնպես շատ կարևոր է:

-Առավել կարևոր, քան  զենքի բիզնե՞սը:

-Դա բիզնես չէ, ինչպես նշում են ռուս գործընկերները: Բավական է միայն դիտարկել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ ՌԴ օրենքը, որտեղ որպես առաջնային դրվագը նշված է ոչ թե բիզնեսը, այլ այն, որ Ռուսաստանը զենք մատակարարելով այս կամ այն պետության,  իր ազդեցությունն է մեծացնում այդ պետության ու տարածաշրջանի վրա: Այնպես որ, այստեղ միայն բիզնեսի հետ գործ չունենք,  այն համակցված է քաղաքական շահերի հետ: Ընդհանրապես, զենքի միջազգային շուկան շատ դժվար է զուտ բիզնես անվանելը, դա նարնջի վաճառք  չէ: Զենք մատակարարող պետությունը կարող է ինչ-որ մի երկրի նվեր տալ, մյուսին՝ շատ թանկ վաճառել, ու այդ գումարով իր ռազմավարական գործընկեր երկրներին ավելի արտոնյալ գներով կամ անվճար զենք մատակարել: Այս հանգամանքն էլ կա:

-Արցախը վարում է հավասարակշռված քաղաքականություն և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ հետ: Սակայն կան որոշ շրջանակներ, որոնք առիթը բաց չեն թողնում ընդգծելու, թե  Արցախի խնդրում միակ երաշխավորը կարող է լինել միայն Արևմուտքը:  ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցը  ևս ամեն կերպ փորձ արվեց ներկայացնել որպես միակ ու բացառիկ, կարծես, հատուկ հակադրելով մոսկովյան այցերին: Նման մոտեցումները վտանգավոր չե՞ն Արցախի համար: 

-Եթե իրապես լինի հակադրում, ապա վտանգավոր են: Սակայն  իրականում կատարվեց է հետևյալը.  ԼՂՀ նախագահը այցելեց ԱՄՆ ու այնտեղ ունեցավ բարձր մակարդակի հանդիպումներ և դա նորմալ է: ԼՂՀ նախագահը պարբերաբար այցելում է ոչ միայն Վաշինգտոն, նաև Մոսկվա, Փարիզ ու տարբեր մայրաքաղաքներ,  կարծում եմ, նման այցերի հաճախականությունը պետք է ավելի բարձրացնել:

Ինչ վերաբերվում է  մեկ բաժակ ջրում փոթորիկ անող շրջանակներին, ապա մարդկանց ձեռքը ֆեյսբուքյան էջ է ընկել, մի քանի հատ էլ ինտենետային կայք, փորձում են դեմքի լուրջ արտահայտությամբ  կանխատեսումեր ու եզրահանգումներ անել,  պատրանքներ ստեղծել,  իրավիճակ, որն իրականության հետ կապ չունի: Ուզում են ցույց տալ, իբրև թե, Արցախը Ռուսաստանի գրկում էր, հիմա պոկում, գցում են ԱՄՆ գիրկը՞, մի բաժակ ջրում փոթորիկ անող մարդիկ են, որ ինչ-ինչ շահեր ունեն: Հայաստանը ազատ երկիր է, խոսքի իրավունք ունեն բոլորը, թող խոսեն, ո՞վ է խանգարում: Դրանից ոչինչ չի փոխվում: Այդ մարդիկ քաղաքական  գործոն չեն ու դժվար, թե հետագայում լինել, իրենք սովորական պրոպագանդիստներ են և իրենց աշխատանքն են անում, ինչը որոշում ընդունող մարդկանց շրջանակում ոչինչ չի փոխում: Ավելին՝ ծիծաղելի է այդ ամենը:

– Հայաստանյան որոշակի շրջանակները ջանադրաբար աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների, նաև մեր երկրի կողմից իրականացվող  ՙՙև…և՚՚-ի արտաքին քաղաքականության դեմ: Ուզում եմ հասկանալ, այդ իմպուլսները նրանք որտեղի՞ց են   ստանում՝ Արևմուտքի՞ց:

–  Արևմուտքում անլուրջ մարդիկ չկան, ես չեմ կարծում, որ Արևմուտքը  Հայաստանում պահում է ինչ-որ մարդկանց, որոնք պետք է ինչ-որ խնդիրներ ներսում ստեղծեն: Եթե Արևմուտքը նման մտադրություն ունենար, կարող էր Հայաստանում ավելի լուրջ աշխատել ու շատ ավելի լուրջ արդյունքներ գրանցել, ու նման  տաղտկալի, հաճախ ծիծաղելի իրավիճակ չէր լինի:

Մի քանիսը դրսում ՙՙսիմպատիաներ՚ՙ ունեն. Հայաստանում կան խմբակներ, որոնց համար  հակառուսականությունը դարձրել է բիզնես, կան շրջանակներ էլ որոնց համար  հակաարևմտյան  հայտարարություններ հնչեցնելն է բիզնես դարձել,այնպես որ, կողմերը բիզնես անելով ընտանիք, տուն են պահում: Իսկ նման  բիզնես անողները չեն կարող խանգարել մեր պետական շահերին, որովհետև մեր պետության ղեկավարության մեջ անլուրջ մարդիկ չկան:

Հարցազրույցը վարեց՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն