Գլխավոր » Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Պետք չէր գունազարդել, չափազանցնել Բակո Սահակյանի վաշինգտոնյան այցը. Արցախը վարում է հավասարակշռված քաղաքականություն և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ հետ

Մարտ 19, 2018թ. 22:36
Գառնիկ Իսագուլյան

Հարցազրույց Արցախի նախագահի խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ
Արցախի Հանրապետության նախագահը վաշինգտոնյան այցի շրջանակներում կարևոր հանդիպումներ է ունենում ամերիկյան ՙՙուղեղային կենտրոնների՚՚ հետ. ի՞նչ կարող ենք ակնկալել այս՝ բացառիկ համարվող այցից, մասնավորաբար, ԼՂ խնդրի լուծման հարցում հետագա քաղաքական որոշումներ կայացնելու տեսանկյունից:
-Այս այցն ամենևին էլ եզակի կամ բացառիկ չէ, նման այցեր տարբեր ժամանակներում եղել են: Իհարկե սա կարևոր այց է, Բակո Սահակյանը հետաքրքիր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ելույթ է ունեցել տարբեր ինստիտուտներում, սակայն պետք չէ բացառիկ համարել, այն հերթական այց է: Արցախի Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարը նման հանդիպումներ ունենում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրամիության երկրներում, Ռուսաստանում, բոլոր այն ՙուղեղային կենտրոններում՚, որոնք զբաղված են արցախյան խնդրով, խոսքս Մինսկի խմբի մասին է:

Ինչ վերաբերում է քաղաքական որոշումներ կայացնելուն, դրանք դրսում չեն կայացվելու և որևէ մեկը մեզ նման որոշում չի կարող պարտադրել, ամեն ինչ կախված է նախ մեզանից: Քաղաքական ցանկացած որոշում բացառապես պայմանավորված է նրանով, թե Հայաստանն ու Արցախը տնտեսական, ռազմական, սոցիալական, քաղաքական առումով ի՞նչ վիճակում են գտնվում: Սրա վրա պետք է սևեռենք մեր ուշադրություն: Իսկ ակնկալիքները նախ մեզանից են. Արցախը նախ բոլոր ՙուժային կենտրաններին՚ պետք է ներկայանա իր պետական ինստիտուտներով, ուժեղ բանակով, որովհետև Արցախը տարածաշրջանում խաղաղության ամենակարևոր երաշխավորն է: Սրանից կախված էլ ՙուժային կենտրոնները՚, ի դեմս ԱՄՆ-ի, իրենց վերաբերմունքն ու մոտեցումներն անպայմանորեն կդրսևորեն:
Այս այցն առիթ էր որպեսզի ևս մեկ անգամ հստակ ներկայացվի Արցախը, նրա արձանագրված հաջողությունները, հնչի խնդրի լուծման առնչությամբ Արցախի դիրքորոշումը, Արցախի, որպես պետության, հետագա նպատակները: Այդ ամենը ԱՄՆ կողմին հասու դարձավ Արցախի առաջին դեմքի՝ նախագահի միջոցով: Բնականաբար, Արցախի ղեկավարությունն էլ հետևեց ամերկյան կողմի ելույթներին, հնչած տեսակետներին: Չնայած կոնգրեսականների մակարդակով է այս հանդիպումները տեղի ունենում, բայց ես վստահ եմ, որ տեղեկատվական ամբողջ հոսքը հասնում է Սպիտակ տուն:
Այցի համայնապատկերին հայաստանյան վերլուծական որոշ շրջանակներ այն միտքը շրջանառեցին, թե Վաշինգտոնը կարող է հանդես գալ հայկական երկու պետությունների ապագայի երաշխավորը. փոքր-ինչ չափազանցված ակնկալիք չէ՞:
-Պետք է զերծ մնալ նման մտքեր արտահայտելուց, որովհետև Հայաստանի ու Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավորը առաջին հերթին հենց Հայաստանն ու Արցախն են: Կարծում եմ, մենք մի քիչ շատ գունազարդեցինք ու չափազանցրինք վաշինգտոնյան այցը, քան կա իրականում: Եվ ձեր հիշատակած միտքը հենց այդ չափազանցության հետևանք է: Ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է այս մեծ ուշադրությունը, անհասկանալի է, թե այս սովորական այցն ինչո՞ւ այդչափ բուռն լուսաբանվեց, վերջապես, սա Բակո Սահակյանի առաջին այցը չէ, ոչ էլ վերջինն է լինելու: Նույն կարգի այցեր Արցախի ղեկավարության կողմից լինում են Ռուսաստան, ԵՄ երկրներ, բայց ոչ մի անգամ նման աղմուկ չի եղել: Իհարկե, սա լավ այց է, բայց, կրկնում եմ, անհասկանալի է այս մեծ աժիոտաժը:
-Ինչո՞ւմն է ձեր մտահոգությունը, նման ոգևորության մեջ վտա՞նգ եք տեսնում:
-Անշուրտ, դա բոլորովին չի բխում Արցախի շահերից, հակառակ կարող է վնասել: Բացատրեմ միտքս: Այս ամենին ուշադիր հետևում է և Ռուսաստանը, և Եվրամիությունը, ու եթե մենք հանկարծ ամբողջ ծանության նժարը թեքում ենք դեպի Վաշինգտոն, անդադար խոսում ենք այն մասին, թե ԱՄՆ-ն է լինելու մեր միակ երաշխավորը, մենք ուղղակիորեն վտանգում ենք Արցախը: Փաստորեն, այդ կերպ առիթ ենք տալիս Ադրբեջանին, որ ասի, թե տեսեք՝ Հայաստանն ու Արցախը գնում են դեպի Արևմուտք, ուրեմն ժամանակն է խնդիրի լուծման այլ մոտեցում ցուցաբերել: Ես զարմանում եմ, որ դա մեզ մոտ չեն ուզում հասկանալ: Ինձ զարմացնում են նաև որոշ լրատվամիջոցներ, հատկապես, արևմտյան կողմնորոշում ունեցողները, որոնք անհասկանալի փութաջանությամբ սևեռվել են վաշինգտոնյան այցի լուսաբանման վրա:
Կայքեր կան, որոնք այս օրերին շրջանառում են ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի մի հարցազրույցը, որտեղ նա ասել է, թե 5 շրջանների վերադարձման պայմանագիր կա: Հաջորդ օրը ես դա հերքել եմ՝ հանդես գալով բավական ծավալուն հարցազրույցով, որտեղ խոսել եմ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ Դուգինի դիրքորոշումների մասին, նաև ասել, որ նա ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից: Բայց ընդամենը մեկ օր անց իմ մեկնաբանությունը հանվեց կայքից, մինչդեռ Դուգինի խոսքերն արդեն երեք շաբաթ է կայքերից դուրս չեն գալիս: Սա անհասկանալի մուտեցում է: Հարց է առաջանում, ո՞վ է շահագրգռված, որ ստեղծվի տպավորություն, թե Ռուսաստանը մեր թշնամին է, իսկ միակ բարեկամը ԱՄՆ-ն է: Նման բան չկա, Արցախը բոլորի հետ վարում է հավասարակշռված քաղաքականություն: Չմոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ու երկու երկները մեկմեկու հետ կապված են բազմաթիվ կապերով: Ինչ-որ ուժեր կարծես միտումնավոր փորձում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Իհարկե, անկարող են դա անել, բայց ճգնում են ստեղծել տպավորություն, թե Հայաստանը Արցախի հետ վազում է դեպի Արևմուտքի գիրկը ու փորձում Ռուսաստանին հասկացնել, թե ժամանակ է, որ դու քո վերաբեմունքն արտահայտես ու անմիջապես որոշակի գործողությունների անցնես:
-Այդպիսի ճիգեր, Ռուսաստանին չեղած բաներ հասկացնելու ջանքեր բանեցնում է Բաքուն:
-Բաքուն անում է՝ հասկացանք, մե՞նք ինչու ենք անում: Ինչո՞ւ ենք աղմուկ բարձրացրել մի այցի շուրջ, որի կարիքը չկա, երբ նման այցեր լինում են բոլոր ուղղություններով: Վերջերս Բակո Սահակյանը Ռուսաստանում էր, հետո մեկնեց Բրյուսել, շուտով կգնա Լիբանան, հետո կմեկնի Մոսկվա: Այնպես որ, վաշինգտոնյան այցի առիթով բարձրացված այս մեծ աղմուկը ավելորդ է: Այլ բան է, եթե այցը գնահատվի սթափ և իրատեսորեն, ասվի, որ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է և իրականցնում է շատ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն թե՜ Արևմուտքի, թե՜ ԵՄ, թե՜ Ռուսաստանի հետ: Չմոռանանք, որ Իրանը ևս ոչ պակաս հետաքրքրված է արցախյան խնդրով: Վերջերս Իրանի հայտնի թերթերից մեկը ծավալուն հարացազրույց էր տպագրել Արցախի ԱԳ նախարարի Մ. Մայիլյանի հետ, ու ամենևին չեմ բացառում, որ Բակո Սահակյանը մոտ ժամանակներս այցելի նաև Իրան: Այնպես որ, մենք տարբեր ուղղություններով հաստատում ենք մեր հարաբերությունները ու պետք չէ սևեռվել վաշինգտոնյան այցի վրա այն այսչափ չափազանցնելով և ուռճացված ներկայացնելով:
Գուցե ոգևորող երանգ հաղորդեց մինչ այցը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կոչը՝ ուղղված ԱՄՆ վարչակազմին՝ ճանաչել Արցախի անկախությունը ու այն շեշտադրումը, որ Արցախը Ստալինի անօրինական որոշմամբ է միացվել Ադրբեջանին։ Իսկ ավելի վաղ կոնգրեսական Ֆրենք Փալոնն էր կոչ արել վերացնել արհեստական խոչընդոտները, բացել ԱՄՆ Արցախ համագործակցության դռները:
-Նման կոչերն առաջին անգամ չէ, որ արվում են, չմոռանանք, որ ԱՄՆ 8 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը: Ու այդ ֆոնին ձեր հիշատակած կոչերն ավելի մեծ արժեք չունեն: Բացի այդ, չմոռանանք նաև, որ Ռուսաստանի կողմից ևս բազմիցս հնչել են նման հայտարարություններ. Կազիմիրովը, Զատուլինը ևս կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը: Ասելիքս այն է, որ պետք չ է փորձել հակադրության մեջ դնել ՙուժային կենտրոնների՚ վերաբերմունքը ու տպավորություն ստեղծել, թե Արցախը նրանցից մեկին տալիս է նախապատվություն, իսկ մյուսին՝ ոչ: Նման բան չկա, Արցախի Հանրապետությունը վարում է շատ հավասարակշռված քաղաքականություն և ԱՄՆ-ի և ԵՄ և ՌԴ հետ, որևէ մեկին ոչ նախապատվություն է տալիս, ոչ էլ մեկի դերակատարությունը ստորադասում է մյուսին: Սա շատ կարևոր հանգամանք է:
Այցը դիտարկվում է նաև հետևյալ հարթույթյան մեջ. կանխատեսվում է, որ Հայաստանում, Ադրբեջանում տեղի ունեցող ընտրական գործընթացներից հետո ԼՂ կարգավորման գործընթացում կարող են տեղաշարժեր լինել ։ Եվ ԱՄՆ-ը լավ հասկանալով, որ հնարվոր չէ որևէ քայլ անել առանց Ստեփանակերտի համաձայնության, փորձեց այս այցով ուղիղ շփմամբ շոշափել Արցախի ղեկավարության տրամադրությունները, մասնավորաբար, տարածքային զիջումների հարցում:
-Ընդհանրապես մենք քաղաքական, լրագրողական բառապաշարից պետք է հանենք ՙհողերի, տարածքների զիջում՚ ձևակերպումը: Հավատացեք, որ Արցախի Հանրապետության նախագահը չի գնացել ԱՄՆ, որպեսզի հայտարարի, թե Արցախն ի՞նչ զիջումների է պատրաստ: Արցախն ու Հայաստանն արդեն զիջումներ արել են: Հիշենք. առաջինը 1994-ին էր, երբ Ադրբեջանի խնդրանքով, միջազգային հանրության հորդորներով Արցախի Հանրապետությունը ստորագրեց զինադադրի պայմանագիրը: Երկրորդ, 1998-ին բավականին ծանր, անհարմար վիճակում էր հայտնվել Ադրբեջանը, քանի որ բանակցությունների սեղանի շուրջ նստած էր Արցախի ներկայացուցիչը, և հայկական կողմերն այստեղ էլ գնացին զիջման՝ Արցախը դուրս եկավ բանակցություններից: Երրորդ մեծագույն զիջումը եղավ 1995-ին: ԽՍՀՄ տարիներին՝ 1990-ի ընտրությունների ժամանակ դե ֆակտո Ադրբեջանի կազմից դուրս եկած ԼՂԻՄ-ը իր պատգամավորներն ընտրեց Հայաստանի Գերագույն խորհրդում, ունեինք 11 պատգամավոր: ԽՍՀՄ գոյության պայմաններում ԳՄ-ն աշխատում և որոշումներ էր կայացնում, ու որևէ մեկը չէր ասում, թե այդ խորհրդարանը լեգիտիմ չէ: Այսինքն, դեռ ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ը Հայաստանի մաս կազմեց: Անկախացումից հետո, երբ Արցախը կարողացավ հաղթել մեզ պարտադրված պատերազմում, մենք կարող էինք 1995-ին շարունակել 1990-ի ընտրական գործընթացը, Արցախը կարող էր Հայաստանի հետ միասին կազմակերպել 1995-ի խորհրդարանական ընտրությունները, սակայն Հայաստանը գնաց անհասկանալի ու մեծագույն զիջման և Արցախում չձևավորեց ընտրատածքներ: Այսպիսով, հայկական կողմը գնացել է երեք ահռելի զիջումների, բայց մենք տեսանք, որ դրանք որևէ դրական արդյունք չտվեց, Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի կոշտացավ, նկրտումներն ավելի մեծացան, ախորժակն ավելի բացվեց:
Մեր կողմից արված այդ հսկայական զիջումների դիմաց ի՞նչ զիջում է մինչ օրս արել Ադրբեջանը՝ ոչ մի զիջում: Ու հիմա սպասել, թե Արցախը կամ Հայաստանը պետք է գնան ինչ-որ զիջման, այն էլ տարածքների, բացառվում է: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բազմիցս ասել է՝ որևէ տարբերություն չկա Թալիշի, Քարվաճառի, Իշխանաձորի, Բերձորի, հարավային շրջանների ու Ստեփանակերտի միջև: Զիջման մասին խոսք չի կարող լինել հատկապես այն տարածքների շուրջ, որոնք ըստ Սահմանադրության այսօր գտնվում են Արցախի Հանրապետության իրավասության ներքո: Նաև չմոռանանք, որ Մարտունին, Մարատակերտը, Հյուսիսային, Արևելյան շրջանը, Շահումյանի, Գետաշենի ենթաշրջանները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Եվ այս ամենով հանդեձ, զարմանում եմ, որ մենք դեռ մտածում ենք, եթե հայկական կողմերը, այս դեպքում Արցախը, գնացել է հանդիպումների, ուրեմն խոսելու է տարածքների զիջման մասին: Մոռացեք, նման բան գոյություն չունի: Հայաստանն ու Արցախը թվարկածս երեք մեծագույն զիջումների դիմաց դեռ սպասում են Ադրբեջանի պատասխանին: Նախ վերջինս պետք է հայկական կողմերի զիջումներին համարժեք զիջումներ կատարի, որից հետո կխոսենք:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնում Արցախի տրամադրությունները շոշափելուն, կարծում եմ, բոլոր այն կենտրոնները, որոնք զբաղված են արցախյան հարցի կարգավորմամբ՝ե ԱՄՆը, Ռուսասատանը, Եվրամիության երկրները, շատ լավ տիրապետում են իրաավիճակին ու շոշափելու, նոր բան հայտնաբերելու անհրաժեշտություն չկա: Ուղղակի նրանք մեկ անգամ ևս այս այցի ընթացքում լսեցին Արցախի տեսակետները: Ամեն անգամ, երբ եռանախագահներն այցելում են տարածաշրջան, լինում են Երևանում, Բաքվում, Արցախում, քանի որ շատ լավ հասկանում են՝ առանց Ստեփանակերտի դիրքորոշման որևէ հարց տարածաշրջանում հնարավոր չէ լուծել: Ի դեպ, նկատենք, որ Հայաստանն էլ մշտապես հայտարարում է, որ ինքը կանգնած է Արցախի կողքին և ոչ թե հանդես է գալիս Արցախի փոխարեն: Այնպես որ, վաղ, թե ուշ վերականգնվելու է բանակցային նախկին ձևաչափը ու Արցախը մասնակցելու է բանակցություններին: Ավելին, մենք հասնելու ենք նրան, որ Արցախն ու Ադրբեջանը որպես հավասար սուբյեկտներ նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու որոշեն, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս խնդիրը:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն