Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Ժաննա Դ՛Արկ խաղացող Զարուհի Փաստանջյանը դավաճանել է երևանցիներին ու ծառայում է դրսի ուժերի՞ն

Մարտ 20, 2018թ. 09:12
Զարուհի

Ավագանին քաղաքական ինստիտուտ չէ, ավագանու ամբիոնը քաղաքական հարթակ չէ, ավագանիներն էլ, չնայած ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը, քաղաքապետարան են գալիս ոչ թե քաղաքական, այլ քաղաքային խնդիրներ լուծելու՝ աղբահանություն,  տրանսպորտ,  կանաչապատում և այլն: Իսկ եթե որևէ կուսակցական քաղաքին առնչվող հարցերը փորձում է քաղաքականացնել, նշանակում է հստակ նպատակներ ու շահեր ունի:

Երեկ մեկնարկած Երևանի ավագանու հերթական նիստում ԵԾ նախագահ Զարուհի Փոստանջանը  հայտարարեց իր նպատակի մասին՝ եկել է, որ իրականացնի հայկական հեղափոխություն: Սա, բնականաբար, քաղաքական հայտարարություն է, ծրագիր, որը տիկինը պատրաստվում է գլուխ բերել ի հաշիվ երևանցիների, ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Փոստանջյանը մի նոր քաղաքական սկանդալային օրակարգ է բերում ավագանու նիստի, դրանով նա ուղղակիորեն խաթարում է քաղաքային մարմնի աշխատանքները: Երևանին ու երևանցուն առնչվող հարցեր լուծելու փոխարեն, բան ու գործ թողած մարդիկ ժամերով զբաղվում են տիկնոջ ՙՙգլորած քարը փոսից հանելով՚՚:  Բնականաբար, այս իրավիճակը չի կարող բխել երևանցիներիս շահերից:

Եվ ահա, ՙԵրկիր Ծիրանի՚  խմբակցությունը երեկ ներկայացավ իր հերթական սկանդալային շոու օրակարգով. առաջարկում էին նախ, Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով, երկրորդ, Մյասնիկյանի արձանի հետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան: Առաջին օրակարգը նախ տարօրինակ էր հետևյալ առումով. ինչպես բնիկ երևանցիներն են հիշում, դա մշտապես եղել է մեկ փողոց՝ մեկ անվամբ, ուրեմն, ինչպե՞ս կարելի է վերցնել և կիսել առանց այդ փոքր փողոցը ու երկու տարբեր անուններով անվանակոչել: ՀՀԿ և ՙԵլք՚ խմբակցության անդամներն իրականում դեմ չլինելով Վուդրո Վիլսոնի անունով փողոց ունենալու գաղափարին, միաժամանակ զարմացած էին՝ իսկ ինչո՞ւ ԱՄՆ նախագահի անունով փողոց ունենալ Հայաստանի ազգային հերոսի փողոցի հաշվին: Եվ ինչու դրա համար չգտնել մեկ այլ փողոց:

Զարուհի Փոստանջյանը նախագծերը ներկայացնելիս նախ նկատեց, թե վերջապես, շնորհիվ  դրանց իրեն կհաջողվի քաղաքապետարանում ծավալել քաղաքական քննարկում, փաստորեն, հենց սա էլ տիկնոջ նպատակն էր: Ինչպես ասաց ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԸ, հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երևակայությամբ անընդհատ քաղաքապետարանը փորձում են մղել քաղաքական դաշտ:

Ե՛վ ներկայացված օրակարգերը, և՛ Զարուհու քաղաքական ելույթն ուղղակի սադրանք էր. նա Հայաստանի անկախության 25 տարիներն անվանեց պարտության տարիներ, սպառնաց պատասխանատվության կանչել բոլորին, այդ թվում 1996-ի կեղծված ընտրությունների մեղավորներին, որոնց ցանկում հիշեց անցած ու ներկա իշխանություններին՝ հատուկ շեշտելով Վազգեն Սարգսյանի անունը:
Տիկինը հստակ հաշվարկել էր, որ փողոցի անվանափոխության առաջարկն ու իր ելույթը վրդովվեցնելու են ՀՀԿ-ին, և մանավանդ, ԵԿՄ անդամներին, այլև ընդդիմադիր ՙԵլք՚ դաշինքին, որի կազմում ընդգրկված կուսակցություններից մեկը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կողմից ղեկավարվող ՙՀանրապետությունն՚ է:

ՙՙԱկնհայտ է, որ կա միտում, ստանձնել են պատվիրատուների ծաղրածուների դերն ու կատարում են կեղտոտ, նողկալի, զազրելի պատվեր: Սա հերթական բեմադրությունը չէ, որը հատուկ է նախագիծը բերողներին, սա պարզ հաշվարկ է ու շահ, բիզնես շահ՚՚,- հայտարարեց ՙԵլքի՚ ներկայացուցիչ ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Իսկ ԱՆԱՀԻՆ ԲԱԽՇՅԱՆԻ համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ մեր ազատամարտի հերոսի` Վազգեն Սարգսյանի անունով փողոցն են ուզում վերանվանել՝ նրա դերը նսեմացնելով, կամ որքանո՞վ է բարոյական Մարտի 1-ի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի անհրաժեշտության հիմնավորումը կապել ազգային հերոսի անվան հետ: ՙՙԻ՞նչ են ուզում ասել սրանով նախագծի հեղինակները, որ հայոց բանակի հիմնադիրն ու հայ ժողովուրդը չեն հաղթե՞լ արցախյան պատերազմում: Այսպես ե՞նք արժևորում մեր ժամանակի հերոսներին: Թե՞ նպատակը անտեսանելի ու տեսանելի ուժերին ծառայելն է ու ՙԵլքը՚ պառակտելը՚՚:

Անահիտ Բախշյանի ելույթը դուր չեկավ օրվա ՙհերոսուհուն՚ և չխնայեց, ցավ պատճառեց իր նախկին կուսակցական ընկերոջը, նախագահականից մեդալ ստանալու համար ցեխ շպրտելով նրա հասցեին: Իսկ հետո Անահիտ Բախշյանն այսպես մեկնաբանեց իր հասցեին հնչած փոստանջանական մեղադրանքին. ՙՙՈւզում եմ մեր հասարակությանը տեղյակ պահել, որ 2011-ին ՀՀ անկախության 20- ամյակի առթիվ ՙԺառանգություն՚ խմբակցությունը նախագահականից ստացավ պատգամավորի թեկնածության առաջարկ, ում կտրվեր այդ մեդալը: Այդ որոշումը իմ անունով չի եկել, այլ դա կայացվել է խմբակցությունում. կուսակցության որոշումն է եղել` այդ մեդալը տալ Անահիտ Բախշյանին՚,-ասաց և շեշտեց, որ խմբագրության որոշմամբ է ստացել այդ մեդալը, այդ ժամանակ երկրորդ կարծիք չի հնչել, որ չվերցնենք։ Ու այդ ամենը Զարուհին լավ գիտեր…

Չուշացան, թե ՙԵլքից՚, թե ՀՀԿ-ից հնչող քննադատական խոսքերը, պարզ, հստակ ասվում էր, որ ԵԾ կանանց քայլերից համոզվել են, որ գործ ունենք երկրի, ժողովրդի դավաճանների հետ, որոնք բիզնեսով են զբաղված:

ՙՙԵլք՚՚-ից Անի Խաչատրյանը, ում կնքահայրն է եղել Վազգեն Սարգսյանը, Փոստանջյանին անվանեց դավաճան, որը բորենու հոգեբանությամբ Վազգենի հիշատակի դեմ կռիվ է տալիս. ՙՙԶազրախոս, հայկական կեղծ ժաննա Դ՛Արկ խաղացող, համայն հայությանը եւ Արեւմտյան Հայաստանը հետ բերող, տիկի՛ն, դուք ձեր մայր կուսակցությունն եք քանդել: Քաղաքակիրթ երկրներում նման հակապետական նախաձեռնության հեղինակները կարժանանային քաղաքական եւ հանրային պարսավանքի՚՚:

Ավագանիներին վրդովեցրել էր այն որ պատվեր կատարող, մարտնչող տգիտությունը կարող է հանդգնել ԱՄՆ նախագահին արժևորել ի հաշիվ ազգային հերոսի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակի:

ԵԿՄ փոխնախագահ ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆԻ ելույթը կտրուկ էր. ԵԾ առաջարկները որակելով թուրքին հարիր արաքը, ասաց, դա դրսի պատվեր է.ՙՙԻնձ համար ակնհայտ է, որ ԵԾ-ն գործում է բացառապես դրսի պատվերով, դրսի հրահանգներով, ընդ որում, գործելաոճը միշտ նույնն է` գնալ հնարավոր բոլոր տեսակի սադրանքների, ազդել ավագանու, քաղաքապետարանի, Հայաստանի վարկանիշի վրա: Իսկ դուրսը ես շատ ավելի հեռու էի պատկերացնում, բայց այս նախաձեռնությունից պարզ դարձավ, որ պատվերը կարող է գալ շատ մոտիկից` ուղիղ հարևան հանրապետությունից՚՚: ԵԾ քայլը համարելով վիրավորանք բոլոր կռված տղերքի, բանակի սպաների, զինվորների հասցեին, Զարուհուն ու իր տիկնանց կոչ արեց.ՙՙՀեռու պահեք ձեր կոյուղաջրոտ ձեռքերը մեր սպարապետի հիշատակից՚՚:
ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆՆ ասաց, թե ԵԾ խմբակցության քայլերում չարի ուժ է տեսնում, կա վտանգավոր սադրանք.ՙՙԻնչի՞ եք ուզում հասնել, որ սպարապետի հազարավոր զինակիցները վրդովվե՞ն ու դուրս գան փողո՞ց: Երբեք չեք հասնի ձեր ուզածին Փողստանջյան՚՚:

ՙԵլքի՚ ավագանու անդամները վստահ էին, որ այդ տկարամիտ նախաձեռնությունը ԵԾ կողմից միտումնավոր է արվել և ուղղված է ՙԵլքի՚ դեմ, փորձ է արվում պառակտել, սադրել ու իրենց ներքաշել էժանագին տրագիկկոմեդիայի դաշտ: ԵԾ-ի առաջարկները համարելով Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ ուղղված քայլ ՙԵլք՚ խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆի հայտարարությունից հետո անդամները լքեցին դահլիճը, չնայած խոստացել էին՝ մնալ ու թույլ չտալ, որ սադրանք պարունակող օրինագծերն ընդունվեն:

Նրանց հետևից չուշացավ Զարուհու կշտամբանքը.ՙՙԿներեք, ՙԵլքը՚ ստեղծվել է որպես արհեստական միավոր, արհեստական օրակարգի ներքո ու այն մարդկանց կողմից, որոնք մեկ շաբաթ առաջ իրար ուղղակի հոյհոյում էին՚՚:

Ի դեպ, ԵԾ ներկայացրած օրակարգը կաղում էր նաև իրավական տեսանկյունից, ասվեց, որ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն նորմատիվ ակտի ու անհատական բնույթ կրող ակտի համատեղ ներկայացումն իրավական տեսակետից սխալ է: ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ համոզմամբ երկու ակտերը մեկ հարցի մեջ ներառելն արվել է միտումնավոր:ՙՙՍադրանք պարունակող նախագիծ է, որոշել եք ու ձին թամբել, քշում եք՚՚:

ԵԾ կանանց քայլերը Երևանի ու երևանցու հանդեպ թշնամանք որակելով ՀՀԿ ավագանու անդամ ԳԻՐԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ բերեց հետևյալ փաստարկը, որ ԵԾ-ն ուղերձներ է ուղղել Երևանի քույր քաղաքների քաղաքապետերին, նպատակը եղել է խաթարել տարիների ընթացքում Երանի ստեղծած սերտ կապեր աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքների հետ: ՙԵԾ-ն իր դավադիր նամակներով փորձել է անամոթաբար վարկաբեկել մեր քաղաքի վարկանիշը: Սրանից հետո մնում է, որ Ալիևին հրավիերեք Երևանում թեյ խմելու՚՚:
ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆՆ ասաց, թե մինչև հիմա չէր կարողանում հասկանալ, 5000 տարի ի՞նչ սխալներ ենք արել, որ երկիր ենք կորցրել, հիմա տեսնելով ԵԾ կանանց քայլերը հասկացավ, որ դաժան, հզոր պատմության ընթացում միշտ գտնվել են երկրի դեմ գործող նման մարդիկ: Հիշեցրեց , որ տիկինը եղել է երկու գումարման ԱԺ պատգամավոր, մեզանից ստացել է 120 000 դոլար, որպես աշխատավարձ, մինչդեռ ոչ մի արժեքավոր բան չի տվել մեր երկրին ու ժողովրդին բացի սկանդալներից: Իսկ հիմա թիրախավորել է մեր քաղաքը ու իրեն իրավունք է վերապահում դատի տալ գործ անողներին:

Իգիթյանն ասաց, թե Մյասնիկյանի արձանից մինչև հրապարակ դա մեր երկրի գաղափարական առանցքն է ու անկախ նրանից, թե օտարը մեզ որքան լավ է վերաբերվել, այդ հատվածը օտար մարդու տեղ չէ, առավել ևս ի հաշիվ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի: Առաջարկեց, աշխատանքայն խումբ ստեղծել ու մտածել Վիլսոնի անվան փողոցի շուրջ՝ մեկ այլ տեղում, քանի որ այս ԵԾ խմբակը փորձում է սիրաշահել ամերիկացիներին, բայց դա էլ շատ-շատ անհաջող է անում:

Փաստորեն, Զարուհի Փոստանջյանը ճիշտ տեղ չի ընտել իր քաղաքական բիզնեսի իրականացման համար: Եթե խորհրդարանում քաղաքական գործիչները քաղաքական նրբանկատությամբ նախընտրում էին զերծ մնալ Զարուհու քայլերն իրենց անվամբ կոչելուց, ապա Երևանի ավագանու անդամները դա չհանդուժեցին: Մարդիկ չեն ուզում գործ ունենալ տիկնոջ քաղաքական  խաղերի հետ, չեն ուզում հանդուրժել դրանք: Իսկ երեկ արդեն նպատակահարմար գտան զգուշացնել նաև երևանցիներին, որ հանձին ՙՙԵրկիր Ծիրանիի՚՚ ավագանում կա ազգային շահերից ճամարտակող, սակայն իրականում դրսին ծառայող մի խմբակ:

Այնպես որ, եթե ԵԾ նախագահը շարունակի իր էժանագին սադրիչ քայլերը, ապա իր անփառունակ քաղաքական կարիերան կավարտի որպես վարկաբեկված գործիչ:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն