Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Հնարավո՞ր է պատկերացնել, որ թշնամին հարձակվում է, իսկ հայ զինվորը գտնվում թմրանյութի ազդեցության տակ . ՊՆ-ն դեմ է թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացմանը

Մարտ 15, 2018թ. 17:28
Թմրանյութ+

ՀՀ Քրեական օրենսգրքի նախագիծի շուրջ երեկ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, նպատակն էր նախագծի որոշ հակասական դրույթներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համապատասխանեցնելը: Հետաքրքիր քննակում ծավալվեց արարքների քրեականացման ու ապաքրեկանացման հարցի ու, մասնավորաբար, զինվորական հանցագործություններից երկուսի՝ վիրավորանքի և թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման շուրջ:
Թեմայի շուրջ զրուցեցեինք ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղական ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
-Աշխարհում թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման միտում կա, բայց կան ոլորտներ որտեղ ուղղակի անթույլատրելի պետք է լինի դրանց օգտագործումը. այդ ոլորտներից է բանակը: Որքանո՞վ է ճիշտ որոշ իրավապաշտպանների պնդումը, թե թմրամիջոցի օգտագործումը քրեորեն հետապնդելի արարք չպետք է համարել զինված ուժերում: Դա չի՞ կարող ազդել մեր բանակի մարտունակության, բարոյահոգեբանական վիճակի վրա, ի վերջո, թմրամիջոց օգտագործած զինծառայողը որքանո՞վ կարող է իրականցնել զինվորական կանոնադրությամբ նախատեսված իր գործառույթները:
– Միանշանակ դեմ ենք թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացմանը: Ինքս կողմ եմ նաև շատ խիստ պատժի, եթե սովորական քաղաքացու համար սահմանված է վարչական տույժ, ապա այլ է զինծառայողի պարագայում: Զինծառայողի աշխատանքը չկանոնակարգված է, այսինքն, եթե ես հիմա ձեզ հետ զրուցում եմ, սակայն րոպեներ անց կարող եմ հրաման ստանալ գտնվելու ծառայության վայրում և իրականացնելու համապատասխան գործողություն: Պատկերացրեք, ի՞նչ կկատարվի, եթե ես գտնվեմ թմրանույթերի ազդեցության տակ ու հայտնվեմ այնտեղ, որտեղ պետք է հրաման տամ: Պատկերացնո՞ւմ ենք հետևանքները. դրանից հետո որքան ուզում են թող տուգանքներ սահմանեն:
Զինվորական ծառայողը գիշեր-ցերեկ ծառայության մեջ է, արձակուրդ ասվածը մեզ համար գոյություն չունի: Նրանք, ովքեր աշխատում են 5 օր, ուրբաթ օրն էլ մեկ ժամ շուտ տուն են գնում, զինծառայողներս աշխատում ենք նաև կիրակի օրերին ու հայտնի չէ, թե ե՞րբ տուն կգնանք: Մենք կատարում ենք մյուսներից տարբերվող աշխատանք և կատարում ենք բոլորի համար: Մյուս կողմից, ունեք անկանխատեսելի թշնամի, որն ամեն պահի կարող է սկսել պատերազմական գործողություններ: Եկեք մի պահ պատկերացնենք, թշնամին իրականացնում է ռազմական գործողություններ, իսկ մեր մի ամբողջ գումարտակը գտնվում է վայրի կակաչի սերմերի, կամ վայրի կանեփի ու մարիխուանայի ազդեցության տակ ու էֆորիայի մեջ հանգիստ նստած են: Գուցե կասեն, դե, լավ է, հանգիստ նստել են, իրա հետ կռիվ չեն անում, չեն վիճում, իսկ մտածում ե՞ն, ի՞նչ կլինի մարտական գործողության ժամանակ: Կներեք, ո՞ւմ մեղադրենք այս դեպքում:
-Իրավապաշտպան Սաքունցի տրամաբանությամբ՝ մեղավորը հրամանատարն է, ասում է, թող հսկեն ու ոչ թե զինվորին ազատազրկեն թմրանյութ օգտագործելու համար:
-Չեմ ընդունում այս մոտեցումը: Նախ, հրամանատարի համար սահմանված է պատասխանատվություն, ցանկացած դեպքում առաջնահերթ պատասխանատուն հրամանատարն է: Եվ իզուր չէ, որ բազմաթիվ հրամանատարներ աշխատանքից ազատվել են, զինվորական կոչումներից զրկվել են հենց նրա համար, որ անհրաժեշտ վերահսկողություն չեն իրականացրել: Բայց պետք է նայել նաև խնդրի մյուս կողմը: Չմոռանանք, որ դասակի ամենակրտսեր հրամանատարն իր ենթակայության տակ ունի 30 զինծառայող, որոնք մարտական հերթապահության սահմաններում պաշտպանում են մինչև 250-300 մետր տարածք: Դասակի հրամանատարը պարզապես չի կարող պարբերաբար բոլորին հսկել: Դա անհնար է: Ի վերջո, թմրանյութ կարելի է ստանալ ամեն ինչից, երկու դեղեր կարող են իրար խառնել ու թմրանյութը պատրաստ է: Եվ հետո, անհնար նման խոտերից մաքրել ամբողջ տարածքը՝ դաշտերը անտառները, ողջ բնությունը:
Տեսեք, հեռուստատեսությունը, ինտերենետը, փողոցի գովազդային վահանակները ողողված են մոլեխաղերի գովազդով՝ տոտոներով ու վիվառոներով: Իսկ մենք գիտենք, որ զինծառայողներին չի թույլատրվում մոլեխաղերով զբաղվել, դա համարվում է քրեական հանցագործություն: Հիմա ի՞նչ անենք, մտածենք, եթե ողջ եթերով հեռարձակվում են այդ խաղերը, ուրեմն, թող մեր զինծառայողները ևս նստեն ու պոկեր, բլոտ խաղան: Բայց հասկանո՞ւմ ենք դրա վտանգները մեր պետության համար, այն կարող է աղետալի լինել: Միայն թե չասենք, թե մարդու իրավունքը սահմանափակվում է, սա այն տիրույթն է որտեղ մարդու իրավունքը գործում է հստակ սահմանափակումներով և ավելի բարձր է պետության շահը:
-Ցավոք, որոշ իրավապաշտպաններ առաջ են մղում հենց մարդու իրավունքը՝ անտեսելով բանակի առանձնահատկություններն ու մեր պետության շահերը :
-Գիտեք, մարդու իրավունքների պաշտպանությունն, իհարկե, գերակա արժեք է մեր երկրում: Մեր Սահմանադրությամբ ամրագրել ենք, որ պետությունը սահմանափակված է մարդու իրավունքներով: ՊՆ-ում գործում է կառույց, որը կոչվում է մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոն, որը լուրջ աշխատանք է տանում զինված ուժերում: Բայց մարդու իրավունքը միայն մեկ անձի իրավունքը չէ. հարց եմ ուզում տալ, մյուս մարդկանց իրավունքներն անտեսում ե՞նք, պետության շահերն անտեսում ե՞նք: Զինծառայողը, կատարելով իր ծառայողական պարտականությունը, պաշտպանում է մեր բոլորիս կյանքի իրավունքը ու մեր պետության շահերը, իսկ պետությունը զուտ անվանում չէ, միայն քարտեզ չէ, պետությունը մարդիկ են: Եթե մենք մեկ անձի, տվյալ դեպքում, մեկ զինծառայողին իրավունք ենք վերապահում թմրանյութ օգտագործել, չենք մտածո՞ւմ, որ դրանով վտանգում ենք մնացած բոլոր մարդկանց կյանքի իրավունքը, պետության անվտանգությունը: Հետևաբար, զինծառայողի կողմից որոշակի արաքների հնարավոր կատարումը պետք է գտնվի քրեական պատժի սպառնալիքի տակ: ՊՆ-ն միանշանակորեն պնդելու է, որ թմրանյութեր օգտագործելն ու մոլեխաղեր խաղալը զինված ուժերում չապաքրեականացվի:

Դառնանք վիրավորաքի խնդրին՝ ապաքրեականացնե՞լ, թե՞ ոչ: Միջազգային մասնագետները նկատում են, որ վիրավորանքն ինքնին հանցագործություն չի համարվում, եթե այլ հանգամանքներ չկան, որոնք այն կտեղափոխեն քրեական տիրույթ: Հետևաբար, ողջանիտ են համարում վիրավորնաքի ապաքրեականացումը: Գուցե զինված ուժերի պարագայում այս հարցը և՞ս այլ մոտեցում է պահանջում, չէ՞ որ եղել են դեպքեր, երբ վիրավորանքը ինքնասպանության պատճառ է դարձել:
-Սա, իրոք, քննակման ենթակա հարց է: Միգուցե սովորական վիրավորանքը ապաքրեականացվի, բայց մյուս դեպքերում, եթե դա ունենում է որոշակի հետևանքներ՝ պետք է սանկցիաների մեղմացում լինի: Վիրավորանք ասածն էլ, ի վերջո, հարաբերական է, մեկի համար նույն խոսքը վիրավորանք է, մյուսի համար՝ սովորական խոսք: Օրինակ հայերիս համար ծնողներին ուղղված հայհոյանքը կարող է հասնել սպանության, ռուսների մոտ դա սովորական երևույթ է: Մենք զորամասերից մեկում մենք մի դեպք ունեցանք, երբ զինծառայողն իր ծառայակից ընկերոջը տեղում գնդակահարեց հենց ծնողների հասցեին հայհոյելու համար: Կամ ՙարա՚ խոսակցական բառը, որը բոլորն են օգտագործում, բայց կարող է բանակում լուրջ հետևանքներ ունենալ: Բանակում մեկմեկու ՙարայովՙ դիմելը լուրջ վիրավորանք է համարվում, որին կարող է մի ամբողջ պատմություն հաջորդել, մի ամբողջ ստորաբաժանմունք կարող է այդ բառի օգտագործման արդյունքում իրար խառնվել: Չմոռանանք նաև մեր հասարակության վիճակը, կրթական մակարդակը. բանակ են զորակոչվում տարբեր շերտերից, ունենք և փայլուն դաստիարկություն ստացած երիտասարդներ, և այնպիսիք, որոնցից պետք է միայն հեռու մնալ: Այս ամենը պետք է հաշվի առնել: Հետևրաբար, մենք կողմ ենք, որ զինծառայողին վիրավորանք հասցնելը, որն արտահայտվել է անպարկեշտ բնույթի արտահայտությամբ, որպես հանցակազմ մնա օրենսգրքում, բայց կարող է պատիժը նվազեցվել:
Զինվորական հանցագործությունների մասին օրենսգիրքը պետք է հստակ լինի, ու մանրամասնորեն ամրագրի աման ինչ: Այժմ աշխատանքային խմբի հետ մենք քննարկում ենք բոլոր տաբերակները: Կարծում եմ, կհանգենք ոսկե միջինին, որը մեզ համար կլինի անհրաժեշտ ու ընդունելի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն