Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանի խոսքը չի կարող անդրադառնալ հայ պատգամավորական խմբի աշխատանքի վրա

Մարտ 11, 2018թ. 20:14
Սուրեն Սարգսյան

Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-Հայաստանի խորհրդարանի պատգամավորական խումբը Վաշինգտոնում է, հանդիպումներ է ունենում, թե’ ԱՄՆ Կոնգրեսում, թե’ տարբեր ուղղություններով. հայ-ամերիկյան համագործակցությունը նոր բան չէ, ինչո՞ւ այս այցը համարվեց աննախադեպ և ի՞նչ մեսիջներ կողմերն ուղղեցին մեկմեկու:
-Եթե խոսենք հայ-ամերիկյան խորհրդարանական, այսինքն, ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի համագործակցության մասին, ապա այս այցը կարելի է առանձնացնել հետևյալ առումներով: Նախ, սա Հայաստանի նոր և մեծ լիազորություններով օժտված Ազգային ժողովի առաջին պատվիրակությունն է, որ մեկնեց Վաշինգտոն:
Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում որ այս աշխատանքային պատվիրակության կազմում ներկայացված են ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը` իշխանություն, թե ընդդինություն, սա նույնպես, եթե չասենք հազվադեպ, ապա քիչ պատահող երևույթ է: Մեկնել են հինգ հոգի` ամեն խմբակցությունից մեկական պատգամավոր` ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ: Կարևորում եմ այն հանգամանքը, որ պատվիրակության կազմում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Սա ևս խթանելու է երկու խորհրդարանների նույն հանձնաժողովների աշխատանքը: Մանավանդ, ինչպես գիտեք, ԱՄՆ Կոնգերսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը բավականին հայամետ գործիչ է, չնայած նրա լիազորությունները մի քանի ամսից ավարտվում են, բայց նրա հետ այժմ կարելի է շատ ակտիվ աշխատել և լավ հիմքեր ստեղծել նրա իրավահաջորդի հետ աշխատանքներ տանելու համար:
Վերջին տարիներին հայ-ամերիկյան շփումներն այնքան էլ ակտիվ չեն, կարելի է ասել հազվադեպ են, այս առումով ևս, նման այցը շատ կարևոր է:
Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը սկսում է ակտիվ համագործակցել հենց այն պետությունների հետ, որտեղ խորհրդարանը մեծ ազդեցություն ունի գործադիր իշխանության վրա, ու ԱՄՆ-ը հենց այդպիսի պետություններից է:
Ինչ վերաբերում է մեսիջներին, դրանք, բնականաբար, հնչել են այցելության ժամանակ` տարբեր հանդիպումների ընթացքում, որոնց մի մասը հանրության լայն շրջանակների համար տեսանելի չեն: Ամերիկացիների հետ, մանավանդ, խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում մենք շատ անելիքներ ունենք: Վստահ եմ, որ մեր պատվիրակները կբարձարացնեն հարցեր, որոնք հուզում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև ԱՄՆ-ում հայկական սփյուռքին, որը, մասնավորաբար, Վաշինգտոնում բավականին ակտիվ է գործում:
Իմ տեղեկություններով, կողմերը խոսել են տնտեսական համագործակցության հարցերի շուրջ, ակտիվորեն քննարկվել է կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի ստորագրումը, ԱՄՆ-ից Հայաստանին օգնություն տրամադրելու խնդիրը, խոսվել է Հազարամյակների մարտահրավերների ծրագրի վերաբացման շուրջ: շ
Ինչ վերաբերում է հանդիպումներում քաղաքական բաղադրիչին, ապա բավականին կարևոր են երկկողմ հարաբերությունների խորացմանը միտված քայլերը: Վերջերս Հայաստան էր այցելել կոնգրեսականներից կազմված մի խումբ, որը եղավ ոչ միայն Երևանում, այլ նրանցից երկուսը մեկնեցին Արցախ, ինչը նույնպես չափազանց կարևոր երևույթ է:
Ինչևէ այս այցը լինելու է երկկողմ հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը միտված լուրջ քայլ, քանի որ Հայաստանի նոր խորհրդարանն ունի մեծ լիազորություններ և դա նոր թափ է հաղորդելու կապերի ընդլայնմանը:
Ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփայերը հայտարարելով, թե. ՙՙՍա նոր Հայաստանն է՚՚:
-Կոնգրեսականը վերջերս գտնվում էր Հայաստանում ու իր աչքով է տեսել մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները, փոփոխությունները: Կարծում եմ, նման գնահատական տալը պայմանավորված է այն ամենով, ինչին ինքն անձամբ ականատես եղավ Հայաստանում: Ըստ իս, նոր Հայաստան ասելով, Ջեքի Սփայերը նկատի ունի ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությամբ Հայաստան, ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցող Հայաստան, ԵՄ հետ համաձայնագիր ստորագրած ու հարաբերություններն ավելի խորացնելու պատրաստ Հայաստան:
-Աշխարհում փոփոխվում է քաղաքական իրավիճակը և դա մեր երկրին պարտադրում է փոխել սեփական քաղաքական օրակարգը: Մասնավորաբար, եթե արևմտյան հայկական լոբբին տասնամյակներ շարունակ աշխատել է Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ, ապա այժմ օրակարգում առաջնություն պետք է տրվի Արցախի հարցի հայանպաստ լուծմանը և պայքարը ագրեսոր Ադրբեջանի հակահայ նկրտումների դեմ: Չե՞ք կարծում, որ մեր պատվիրակությունը Վաշինգտոնում նաև այս կարևոր ուղղություններով պետք է աշխատի:
-Վերջին տարիներին, մասնավորաբար, ապրիլյան պատերազմից հետո թե’ մեզ համար, թե’ սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի համար ակներև դարձավ, որ Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությունն ամենից կարևոր մարտահրավերն է, որի հետ մենք բախվում ենք ամեն օր: Ու, չնայած դանդաղ, բայց արդեն իսկ տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից քայլեր են տարվում, որպեսզի արցախյան խնդիրն առաջ քաշվի որպես հիմնական ու ամենակարևոր մատահրավեր: Եվ սա բնական է, քանի որ Հայաստանի ու Արցախի հայությունն այսօր կանգնած է ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ, որովհետև մեր հարևանն ագրեսիվ է ու ամեն ինչ անում է մեզ վնասելու համար ոչ միայն ռազմի դաշտում, այլև դիվանագիտական ճակատում: Վաշինգտոնում ազդեցիկ հայկական ներկայություն ունենալը բնավ չի նշանակում, որ մեր օրակարգային հարցերը պետք է ձևակերպվեն միայն Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ, այսօր օրակարգում պետք է լինի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման կամ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Կարծում եմ, որ մոտակա տարիներին այս թեման ավելի ակտուալ է դառնալու և ԱՄՆ նահանգների մակարդակով ԼՂՀ-ն ավելի շատ կճանաչվի որպես ինքնիշխան պետություն, այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության փաստն է ճանաչվել ԱՄՆ 48 նահանգների մակարդակով:
Ագրեսոր Ադրբեջանի հակահայկական դեմքը ցույց տալու համար փաստերը բազմաթիվ են, իսկ Ալիևն իր հայտարարություններով այդ հնարավորությունը մեզ լիուլի տալիս է, հեռու չգնանք, հիշենք, ընդամենը վերջերս Երևանն ու Զանգեզուրը գրավելու նրա ագրեսիվ նկրտումների մասին: Ի՞նչ կարող է անել մեր խորհրդարանական պատվիրակությունը, որպեսզի լիովին կիրարկվի 907 բանաձևը, համաձայն որի, ԱՄՆ-ի կողմից որևէ օժանդակություն չի կարող տրամադրվել Ադրբեջանին, մինչև վերջինս չդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Հայաստանի և Արցախի դեմ և չհամաձայնի խնդրի խաղաղ և արդարացի ճանապարհով կարգավորման հետ:
-907 բանաձևը, ընդամենը, Ազատության աջակցության ակտ օրենքի մի հոդված է, որը նախաձեռնվել է հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի շնորհիվ և այդ օրենքում 1992 թ. համապատասխան փոփոխություն է արվել նախկին սենատոր Ջոն Քերիի կողմից: Դրանով արգելվում էր որևէ օգնություն տրամադրվել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի վստահեցրել Կոնգրեսին, որ այդ օգնությունն ուղղված չէ Հայաստանի և Արցախի դեմ: Սակայն սեպտեմբերի 11-ի հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը ահաբեկչության սպառնալիքի ներքո որոշեց, այդուհանդերձ, Ադրբեջանին օգնություն տրամադրեց: Եվ ԱՄՆ նախագահն ամեն տարի նամակ է հղում Կոնգրեսին ասելով, որ շրջանցում է այդ իրավական ակտը և Ադրբեջանին օգնություն է տրամադրում, միաժամանակ նշում է, որ այն չի կարող խանգարել հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին: Մինչդեռ իրականությունն այլ է, ցանկացած պահին այս բանաձևը Ադրբեջանի կողմից շարունակում է խախտվել: Ես վստահ եմ, որ մեր խորհրդարանական պատվիրակներն այս հարցը կքննարկեն, մանավանդ որ, ըստ էության, խնդրի հասցեատերը ԱՄՆ Կոնգրեսն է, օրենքն ընդունվել է իր կողմից, ուրեմն, վերջինս կարող է այդ հարցում լինել հետևողական և ստիպել ԱՄՆ կառավարությանը վերանայել այդ մոտեցումը, որովհետև Ադրբեջանը խախտում է ԱՄՆ օրենքը` խաբելով Սպիտակ տանը և Կոնգրեսին:
-Հայկական պատվիրակության ԱՄՆ կատարած այցին զուգահեռ լսվեց ԱՄՆ դեսպանի` Հայաստանին ուղղված հերթական քննադատությունը կոռուպցիայի հարցում` բավական կոշտ ձևակերպումներով: Ինչո՞ւ այս պահին դեսպան Միլսը հիշեց Հայաստանը քննադատելու իր կողմից նախընտրելի թեման` շեշտելով թե կոռուպցիան կանդրադառնա ներդրումների վրա, լավ իմանալով, որ հայկական խումբը նաև ներդրումների ուղղությամբ է աշխատանք տանում Վաշինգտոնում: Միտում կա՞, դեսպանի քայլը կարո՞ղ է անդրադառնալ մեր պատվիրակների աշխատանքի վրա:
-Առաջին, միտում չեմ տեսնում: Երկրորդ, ԱՄՆ դեսպանը ևս աջակցել է, որ այդ այցը տեղի ունենա: Եթե հետևեք հանդիպուների օրակարգին կհամոզվեք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և այլ պետական կառույցներ ակտիվ աջակցել են այցի կայացմանը: Երրորդ, պետք է հաշվի առնեք, որ դեսպանը շատ ակտիվ է շփվում հայկական զլմ-ի հետ և կոռուպիայի մասին խոսում է իր գրեթե բոլոր հարցազրույցներում, ոևոնցում իր մեսիջներն ու մոտեցումները գրեթե նույնն են: Այսինքն, ԱՄՆ դեսպանի կողմից կոռուպցիային տրվող գնահատականը նորություն չէ, դրան համարժեք գնահատական են տալիս նաև միջազգային կառույցները, նաև ՀՀ իշխանությունը, դրա համար էլ կան հատուկ հանձնաժողովներ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարում են: Այսինքն, այդ առումով որևէ միտում ԱՄՆ դեսպանի կողմից չկա ու չի կարող լինել: Իսկ այդ հայտարարությունը չի կարող անդրադառնալ մեր պատվիրակների աշխատանքի վրա, որովհետև դեսպանի հայտարարությունն, ըստ էության, մի ամբողջ քաղաքականության մասն է: Եթե Հայաստանում չի գործում Հազարամյակների մարտահրավերներ ծրագիրը, ապա դրա կարևոր նախապայամաններից մեկն էլ կոռուպցիոն ինդեքսի բարձր լինելն է, իսկ ԱՄՆ-ը պարբերաբար ասում է` այդ ծրագիրը չի գործի այնքան ժամանակ, քանի դեռ համաձայն այդ ինդեքսի Հայաստանում կոռուպցիոն վիճակը չի բարելավվել:
Նաև նկատի ունենանք, որ Հայաստանում քաղաքականություն թելադրում է ոչ թե դեսպանը, այլ Վաշինգտոնը: Այնպես որ, դեսպանի հայտարարությունը պետք չէ համարել խոչընդոտ կամ ինչ-որ լրացուցիչ մեսիջ կամ ճնշման մեխանիզմ ամերիկյան Կոնգրեսի վրա, պետք չէ կարծել, թե ինչ-որ տեղից, ինչ-որ մեկը մեսիջ է տվել, որպեսզի խաթարի կամ խնդիրներ ստեղծի հայկական կողմի համար:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն