Գլխավոր » Analitika, Politics, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Փուլային լուծումը՝ փուլային հաղթանակն է

Հունվար 29, 2018թ. 21:58
Armen Ayvazjan

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը հասցնի հաջորդ  հարվածը՝ դրա վայրն ու ժամանակն ընտրելով իր հայեցողությամբ», —  “Голос Армении” թերթին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

Պարոն Այվազյան, վերջին շրջանում ձեր գիտական հետազոտությունների կիզակետում է Հայաստանի ռազմական պատմությունը, ներառյալ` ռազմավարությունը, մարտավարությունը և այլն։ Ի՞նչ կարող է մեզ տալ պատմական փորձն այսօր՝ նկատի ունենալով, որ Հայաստանն արդեն գրեթե երեք տասնամյակ է` Ադրբեջանի դեմ մշտական պատերազմական վիճակում է։ Մի պատերազմ, որն ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով մերթ աշխուժանում է, մերթ թուլանում։

— Պատերազմն անանցողիկ պատմական երևույթ է, ուստի, կարծում եմ` մենք ամենալուրջ կերպով պետք է զբաղվենք նրա բազմակողմանի ուսումնասիրությամբ։ Հիշենք հին չինական ռազմական մտքի դասականի՝ Սուն Ցզիի «Ռազմավարության արվեստը» հայտնի երկի առաջին իսկ նախադասությունը. «Պատերազմը պետության համար մեծ գործ է՝ կենաց ու մահու հարց, գոյության կամ կործանման ուղի։ Հետևաբար, պատերազմը ենթակա է խորագույն իմաստավորման»։ Խորհրդային ժամանակաշրջանում՝ անկախ պետականության բացակայության պայմաններում նմանատիպ հետազոտություններ Հայաստանում, բնականաբար, չեն անցկացվել։

Վերջին քառորդ դարում այս առումով որոշ առաջընթաց կա. ի հայտ են եկել ինքնուրույն ուսումնասիրություններ, որոնք սահմանել են հայ ռազմաքաղաքական ստրատեգիային վերաբերող մի շարք կարևոր դրույթներ ու հասկացություններ (խոսքը ոչ թե ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հետևողականորեն մշակվող ռազմական պլանների, այլ այսպես կոչված մեծ ռազմավարության մասին է)։ Գործի սկիզբը դրված է, թեև այս բնագավառից շատ ու շատ բան դեռևս կարոտ է պրոֆեսիոնալ վերլուծության, այդ թվում՝ Հայաստանի ռազմական պատմությունը։ Ինչ վերաբերում է մեր ներկային, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտությանը և այն միջոցառումներին, որոնք բաղձալի խաղաղություն կբերեն, ապա անմիջապես շեշտեմ, որ պատերազմը մեզ պարտադրված է. անկախ մեր խաղաղասիրական ցանկություններից Ադրբեջանը կարող է նոր մեծ հարձակում սկսել։

Մեզանում շրջանառվում է երկու ծայրահեղ տեսակետ։ Ոմանք պնդում են, որ ագրեսորին սաստելու և խաղաղության հասնելու միակ միջոցը «Բաքվի գրավումն» է։ Մյուսներն ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ, պնդելով, թե սպառազինության վրա ահռելի միջոցներ ծախսող, ավելի մեծ մարդկային, տարածքային և այլ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանը մի շարք չափանիշներով գերազանցում է Հայաստանին, ուստի նրան հաղթելը, մեղմ ասած, դժվար գործ է։

Նախ, առաջին մոտեցման մասին։ Զննելով համաշխարհային ռազմական պատմությունը, պետք է արձանագրենք, որ բազմաթիվ պատերազմներ ավարտվել են ոչ այնպես, ինչպես, օրինակ, Երկրորդ համաշխարհայինը՝ թշնամու անվերապահ կապիտուլյացիայով և նրա մայրաքաղաքի գրավմամբ։

Հատկապես մայրաքաղաքի գրավում, թվում է, այնքան էլ հաճախ չի պատահել…

Այո։ Օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմը չի ավարտվել Բեռլինի գրավումով, XVIII-XX դարերի ռուս-թուրքական պատերազմներում միշտ (մեկ մասնավոր բացառությամբ) հաղթել են ռուսները, սակայն դա չի ուղեկցվել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսի (Ստամբուլի) գրավմամբ։ 1967 ու 1973 թվականներին Իսրայելը պատերազմել է Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի դեմ և հաղթել, բայց ո՛չ Կահիրեն, ո՛չ Դամասկոսը, ո՛չ էլ Ամմանն իսրայելյան զորքերի կողմից չեն գրավվել։ Ճիշտ է, 1982 թվականին Լիբանանի դեմ պատերազմում Իսրայելը պաշարեց, ապա որոշ ժամանակով օկուպացրեց Արևմտյան Բեյրութը, բայց Լիբանանում ուրիշ իրավիճակ էր. արդեն յոթ տարի շարունակվում էր քաղաքացիական պատերազմը և Իսրայելն օգտվեց դրանից, դաշնակցելով հակամարտող կողմերից մեկին ու նրա զինուժից աջակցություն ստանալով։ Հենց սա էլ հնարավոր դարձրեց Արևմտյան Բեյրութի ռազմակալումը։

Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ, գոնե առայժմ, չի ընթանում, ոչ էլ կա որևէ զինուժ՝ բացի պետականից։ Հետևաբար, Բաքվի գրավումը պատկերացնել որպես ագրեսորի դեմ վերջնական հաղթանակ՝ ճիշտ մոտեցում չէ։ Հայկական կողմի լիակատար հաղթանակ կարող է հանդիսանալ մեր զորքերի որոշակի  առաջխաղացումը դեպի ներկայիս Ադրբեջանի խորքն ու այդպիսով հայոց պատմական հողերի ևս մի մասի ազատագրումը։ Հաղթանակ կարող է լինել նաև ռազմական կամպանիան, որի ընթացքում կհաջողվի ոչնչացնել ադրբեջանական բանակի խոշոր զորամիավորումներ ու զորամասեր։ Սա կխաղաղեցնի ու կսառեցնի Բաքվի ռեժիմի հարձակողական նկրտումները տևական ժամանակով (10, 20, 50 տարով)՝ անհրաժեշտ դադար տալով մեզ մեր պետությունն ու նրա հաստատություններն ամրացնելու, տնտեսությունը զարգացնելու և բնակչության աճն ապահովելու համար։ Ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման տակ ես հասկանում եմ մեր փուլային հաղթանակը։ Այդ հաղթանակի առաջին փուլը կայացել է 1991-1994 թվականների պատերազմում՝ ռազմավարական առումով ձեռնտու բնագծերում մեր զորքերի ամրանալով։

Իսկ ի՞նչ ռազմական ստրատեգիաներ էր գործածում հին Հայաստանը, և նրանցից ո՞րն է, ձեր կարծիքով, առավելագույնս կիրառելի այսօրվա իրավիճակում։

Եթե վերցնենք, օրինակ, IVV դարերում Մեծ Հայքի թագավորության Սասանյան Իրանի դեմ կիրառվող պաշտպանական հայեցակարգը, ապա այն ուներ երեք հիմնական ստրատեգիա, որոնք բազմիցս էին ուժի մեջ դրվել պարսկական ներխուժումների ժամանակ, այն է.

1) կանխարգելիչ հարված պարսիկներին՝ իրենց իսկ սահմանամերձ տարածքում,

2) ներխուժման ետ մղում՝ Հայաստանի սահմանամերձ գոտում պարսկական բանակի ճանապարհը կտրելու և ճակատամարտելու միջոցով,

3) Հայաստանի խորք պարսիկների ներթափանցման դեպքում նրանց ուժերի ջլատում և սպառում՝ գլխավոր ամրոցների պաշտպանությունը կազմակերպելու և միաժամանակ թիկունքում տարաշարժուն (հիմնականում՝ հեծելազորային) հայկական բանակի պահպանման միջոցով, որն, ընտրելով հարմար պահն ու ճակատամարտելու համար իրեն ձեռնտու վայրը կամ դարանակալելով, հանկարծակի և վճռական հակահարձակման էր անցնում։

Սկսած հատկապես VII դարի վերջից, նման ստրատեգիա էին կիրառում բյուզանդական բանակները՝ արաբների դեմ պատերազմներում։ Այս առումով ավելորդ չի լինի մեջբերել Մաո Ցզե-Դունին, որը, հենվելով իր անձնական զորավարական փորձի ու նաև չինական ռազմական տեսության վրա, գրում էր. «Հաճախ այնպես է պատահում, որ տարածքը հանձնելով, իրականում այն պահպանում ես։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ «որպեսզի վերցնես՝ սկզբում պետք է տաս»։

Ըստ ամենայնի, երրորդ տարբերակն ու «որպեսզի վերցնես՝ սկզբում պետք է տաս» մոտեցումը մեզ ձեռք չի տալիս…

Միանշանակ՝ ոչ։ Թշնամու զորքի ներթափանցումը երկրի խորքերն ու նրան սեփական տարածքում ուժասպառ անելը, այսինքն՝ երրորդ ստրատեգիայի կիրառումը ծայրահեղ միջոց էր համարվում նույնիսկ IVV դարերում, երբ Հայաստանի տարածքը մոտավորապես 10 անգամ ավելի մեծ էր, քան այսօր։ Այդպիսի ճեղքումն ուղեկցվում էր բնակչության զանգվածային բնաջնջումով և գերեվարումով, թալանով, քաղաքների և մշակութային-կրոնական արժեքների ոչնչացումով և այլն։ Այսօր մենք առավել ևս պետք է խուսափենք այդ ստրատեգիան կիրառելուց, քանի որ մեր տարածքն ու ռազմավարական խորությունը շատ են սեղմվել։ Այդ իսկ պատճառով, բոլոր հնարավոր պաշտպանական ու հարձակողական ստրատեգիաներից հայկական կողմի համար ամենաընդունելին կանխահարձակ (նահախարձակ) հարվածն է կամ կանխահարձակ պատերազմը։ Ընդգծեմ, որ խոսքը վերաբերում է ոչ այնքան կանխարգելիչ (preventive, превентивный) պատերազմին, որի ժամանակ հարձակողական գործողությունների առարկան կանխատեսվող հնարավոր միջնաժամկետ սպառնալիքն է, որքան ռազմական ուժի կանխահարձակ (preemptive, упреждающий) կիրառումը, երբ հարվածը հասցվում է երկրի անվտանգությանն ակնհայտ կարճաժամկետ սպառնալիքի դեպքում՝ կանխելով անխուսափելի ագրեսիան։

Իսկ ինչպե՞ս կընկալեն այդպիսի կանխիչ ստրատեգիան միջազգային հանրությունն ու մեծ տերությունները։

— 2016 թվի ադրբեջանական ագրեսիայից ու նոր մեծ պատերազմին ալիևյան զինվորականության անթաքույց (անգամ լայնորեն ազդարարվող) պատրաստություններից հետո հայոց ընդհանուր կամ մասնավոր կարգի կանխահարձակ ռազմական գործողությունները կլինեն ու կդիտվեն ոչ այլ ինչ, քան պաշտպանական կամպանիա։ Այդպիսի գործողությունները միանգամայն համապատասխանում են ժամանակակից միջազգային իրավունքի դրույթներին, մասնավորապես՝ անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության դիմելու պետության անկապտելի իրավունքին (ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի 51-րդ հոդվածը)։ Պետք է հիշել, որ միջազգային իրավունքն անհրաժեշտության դեպքում թույլ է տալիս ու նախատեսում է ռազմական գործողությունների ծավալումն ագրեսորի տարածքում՝ զինված հարձակումը չեզոքացնելու և նրա կրկնությունը կանխելու նպատակով։

Կան պատերազմի տարբեր տեսակներ՝ պաշտպանական, հարձակողական, շարժունակ (մանևրային), դիրքային… Այսօր Հայաստանը սահմանային-դիրքային պատերազմի մեջ է։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը հասցնի հաջորդ  հարվածը՝ դրա վայրն ու ժամանակն ընտրելով իր հայեցողությամբ։ Քանզի այդ դեպքում, անգամ եթե կանխատեսում ես հնարավոր հարձակումը ու նախապատրաստվում այն դիմագրավելուն, միևնույն է, շատ դժվար է լինում արգելել թշնամու առաջխաղացումը քո տարածքի խորքը։ Եթե Ադրբեջանը ռազմարվեստի բոլոր կանոններով ձեռնարկի ընդհանուր հարձակում՝ գրեթե միաժամանակ մարտի մեջ մտցնելով իր մոտոհրաձգային, տանկային, հրթիռահրետանային և օդային հիմնական ուժերը, ապա շատ բարդ կլինի մեր ձեռքում պահել այն ճակատամասերը, որոնք ադրբեջանցիք կընտրեն իրենց ճեղքումներն ապահովելու համար։

Իմիջիայլոց, վերը հիշատակված երկրորդ ստրատեգիան՝ զսպել հարվածը, պահել ճակատային գիծը, հյուծել թշնամուն, այնուհետև նոր հակահարձակման անցնել, մեզ համար դարձյալ լավագույնը չէ՝ մեր ռեսուրսների և ռազմավարական խորության անբավարար լինելու պատճառով։ Այդպիսի ստրատեգիան, հիշենք, 1943 թվականին կիրառեց Կարմիր բանակը Կուրսկի ճակատամարտում։ Բայց Կարմիր բանակի ուժերը բավարարում էին։ Զորակայանը (Ստավկան) թիկունքում ստեղծել էր մի ամբողջ պատեստային ճակատ՝ Ստեպնոյ ճակատը, գեներալ Կոնևի հրամանատարությամբ։ Բայց նույնիսկ տեխնիկայով ու զորքերով հագեցած ու Կուրսկի աղեղի ողջ երկայնքով խորը շարանված պաշտպանության պայմաններում գերմանացիներն այն որոշ ճակատամասերում ճեղքեցին։ Ու եթե չլիներ Ստեպնոյ ճակատը, նրանք կարող էին հասնել տպավորիչ հաջողության։ Մեր դեպքում այդպիսի հզոր պահեստային ճակատի ստեղծումը հնարավոր չի թվում։ Այդ իսկ պատճառով էլ մեզ համար առավել ընդունելի է, կրկնեմ, կանխահարձակ հարվածի ստրատեգիան։

Եկեք ավելի մանրամասն խոսենք մյուս ծայրահեղ մոտեցման մասին, որը շոշափեցիք մեր զրույցի սկզբում. «Սպառազինության վրա ահռելի միջոցներ ծախսող, ավելի մեծ մարդկային, տարածքային և այլ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանը մի շարք չափանիշներով գերազանցում է Հայաստանին, ուստի նրան հաղթելը, մեղմ ասած, դժվար գործ է»…

— Համաշխարհային ռազմական պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, երբ հակառակորդին թվաքանակով, սպառազինվածությամբ և ընդհանուր ռեսուրսներով զիջող զորքերը, այդուամենայնիվ, նրա հանդեպ հաղթանակ են տարել։ Նույնիսկ մեծ կայսրություններն են այդպես պարտվել։ Հռոմեական կայսրությունն ընկավ գերմանական ցեղային միավորումների հետ պատերազմում։ 1722 թվականին աֆղանական ցեղերի միացյալ ուժերը կարողացան ջախջախել իրանական բանակը և գրավել Սեֆյանների մայրաքաղաք Սպահանը։ Նման դեպքերում վճռորոշ դեր են խաղում զորքերի բարոյահոգեբանական բարձր մակարդակն ու մոտիվացվածությունը, ինչպես նաև թշնամու ճամբարում անհամաձայնությունն ու խառնաշփոթը։ Եվս մեկ կարևոր գործոնը հայկական զորքերի մարտավարական գերազանցությունն է. կասկած չկա, որ հայկական սպայակույտն ադրբեջանականից ուժեղ է։ Այս ամենն ավելի կարևոր է, քան նորագույն սպառազինությունը, որը դեռ պետք է կարողանալ օգտագործել։ Սա այն պարագայում, որ հայկական բանակը բավականին լավ է զինված ժամանակակից՝ նոր և նորագույն զենքով։

Ես միշտ հանդես եմ գալիս թշնամուն թերագնահատելու դեմ, բայց առաջիկա մեկ-երկու տարում ադրբեջանական բանակը հազիվ թե կարողանա ամբողջովին յուրացնել ժամանակակից սպառազինությունների այն բոլոր տեսակները, որոնք գնել է ալիևյան ռեժիմը՝ էլ չասած մարտական իրադրության բարդագույն պայմաններում այդ զենքի հմուտ օգտագործման մասին։ Այս ամենից զատ, Ադրբեջանը պոտենցիալ առումով անկայուն, արհեստական ազգային ինքնություն որդեգրած պետություն է, որտեղ էթնոկրոնական տարբեր խմբեր բռնի կերպով «ադրբեջանցի» են հռչակվել։ Ուժեղ սոցիալական ցնցումը, առավել ևս խոշոր ռազմական պարտությունը կարող է բերել այդ պետության կազմաքանդմանն ու նրանից տարբեր խմբերի ու մասերի անջատվելուն, ինչպես դա պատահեց նորերս Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։

Վերջում կուզեի խոսել ևս մեկ հարցի մասին։ Մեր քաղաքական վերնախավը և հանրությունն առհասարակ ոչ այնքան համարժեք են ընկալում հակամարտության ներկա փուլը։ Չպետք է մոռանալ, որ մենք ներքաշված ենք հենց ռազմական կոնֆլիկտի մեջ. Ադրբեջանն անընդհատ լուրջ սադրանքներ է իրականացնում, սահմանին ամեն օր կրակում են, կան ոչ փոքրաթիվ զոհեր։ Այս ամենով հանդերձ՝ մեծ տարբերություն է զգացվում այն եզրաբանության (տերմինաբանության) մեջ, որը գործածում են հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներն ու պաշտոնատար անձինք։ Ադրբեջանում գործածվում է «ճակատ» եզրույթը, մեզանում՝ «շփման գիծը», նրանք ասում են «թշնամին», մերոնք՝ «հակառակորդը»…

Կամ անբարյացակամ հարևանը…

—Կամ էլ այդպես։ Մեր կողմից առկա է հակամարտության համարժեք ընկալման վտանգավոր խախտում, որն Ադրբեջանի օգտին է։ Արհեստականորեն իջեցվում է հակամարտության այն օբյեկտիվորեն տրված նշաձողը, որն, ուզենք թե ոչ, սահմանել է Բաքվի ռեժիմը։ Մենք չպետք է այդպես վարվենք, որովհետև դա պարզապես վտանգավոր է։ Ուշադրություն դարձրեք վերջերս տարածված այն հաղորդագրության վրա, ուր ասվում էր Ռուսաստանից Ադրբեջանի գնած զենքերի նոր խմբաքանակի մասին։ «Ամենասեղմ ժամկետում զենքն ուղարկվելու է դեպի ճակատ, որպեսզի ուղղվի թշնամու դեմ», — արձանագրում էր ադրբեջանական կողմը։ Դեպի ճակատ, թշնամու դեմ, այսինքն՝ մեր դեմ։ Իսկ մեզանում տակավին պոլիտկորեկտ տերմիններ են գործածվում։ Այդպես չի կարելի։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Politics, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն