Գլխավոր » NKR, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Արցախի ժողովուրդ» եզրույթի օգտագործումը կոպտագույն սխալ է. այն փոխարինել «Արցախի բնակչություն» կամ «Արցախի հայություն» տարբերակներով

Մարտ 3, 2018թ. 15:18
Վարդան Ոսկանյան

«Արցախի ժողովուրդ» եզրը և դրա շրջանառումը փաստաթղթերում և պաշտոնական ու ոչ պաշտոնական լրատվության մեջ, ըստ իս, կոպտագույն քարոզչական սխալ է․

Այդ ձևակերպման դիվանագիտական հիմնավորումներից և նրբություններից, անկեղծ ասած, տեղյակ չեմ, սակայն կարծում եմ՝ հասարակ մահկանացուներիս ընկալման մեջ «Արցախի ժողովուրդ» բնորոշումը ակամայից առաջացնում է թյուրընկալում, թե գործ ունենք քաղաքական, մշակութային կամ էթնիկական առումով ինչ-որ ժողովրդի հետ, որը տարբեր է Հայաստանի ժողովրդից, ինչը ոչ միայն կոպտագույն սխալ է և բոլորովին չի համապատասխանում իրականությանը թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում, այլ նաև ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։

Բերեմ մի կոնկրետ իրական դեպք՝ ասածս ավելի հիմնավոր դարձնելու համար․ մի քանի տարի առաջ, երբ հայկական կողմի հրավերով Արցախ էր այցելել Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովը, Ստեփանակերտի համալսարանում մեր գործընկերնեից մեկը ռուսերենով ներկայացնում էր Արցախի խնդիրը՝ բավական հաճախ գործածելով «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը։ Թալիշ քաղաքական գործիչը անկեղծ զարմանքով դարձավ ինձ և հարցրեց՝ «Իսկ ի՞նչ է, այստեղ ուրի՞շ ժողովուրդ է ապրում, քան Հայաստանի Հանրապետությունում»։

Եթե նույնիսկ դիվանագիտական ինչ-ինչ փաստաթղթերում կամ հայտարարություններում այդուամենայնիվ անհրաժեշտ է կիրառել «Արցախի ժողովուրդ» ձևակերպումը, կարծում եմ՝ մյուս բոլոր դեպքերում պետք է ուղղակի խուսափել այս եզրույթից՝ այն փոխարինելով «Արցախի բնակչություն» կամ «Արցախի հայություն» տարբերակներով։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն