Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական

Ինչքան անհավատ ու աղանդավոր կա իր գործը համարեց հայրենասիրության դասեր տալ Սրբազանին, որն իր ապրած կյանքով ապացուցել է իր նվիրվածությունն ու սերն առ հայրենիք և մեր եկեղեցին

Փետրվար 26, 2018թ. 23:31
Ծիրակի թեմի առաջնորդ

 

Ժողովրդական ասացվածք կա. <<Հիմարը քարը գցեց փոսը, հազար խելոք չկարողացան հանել>>: Վերջին ժամանակներս հաճախ ենք նման իրավիճակների ականատես լինում: Գուցե նրանից է, որ հիմարները շատացել ու ակտիվացե՞լ են, իսկ խելոքները՝ տկարացե՞լ: Պատճառները շատ են: Բայց տարօրինակ է նաև, որ կան մարդիկ, կառույցներ, նաև լրատվամիջոցներ, որոնք չեն  խորշում <<քար քցող>> հիմարի կարգավիճակում լինել, փաստորեն, ոմանց  նույնիսկ ձեռնտու է հիմարի դեր ստանձնելը, նրանց համար դա հարմար վիճակ է կեղծիք տարածելու, դատարկախոսելու, աջ ու ձախ վարկաբեկելու համար: Ի դեպ, այս առումով <<պարատ>> տարածք է ֆեյսբուքը, որի թիրախում, շնորհիվ քար քցողների,  հաճախ են հայտնվում  մեր ազգային արժեքները, մշակույթն ու  ինքնությունը, Հայ Առաքելական եկեղեցին, մեր բանակն ու այսպես շարունակ:

Եվ ուրեմն, այս տրամաբանությամբ, եթե  «քար քցող հիմարի» դերում լրատվամիջոցն է, կնշնակի այստեղ հստակ նպատակադրում կա:

Երկու օր առաջ մի լրատվամիջոցի և ֆեյսբուքի թիրախում հայտնվեց հայ հոգորականն ու եկեղեցին: Խոսքս Շիրակի մարզի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ բորբոքված արհեստածին աղմուկի մասին է, որի համար կեղծ պատճառ ծառայեցվեց չմկրտված զինվորին եկեղեցական կարգով հուղարկավորելուն,  իբրև թե, Սրբազանի դեմ լինելը:

Աղմուկ բարձրացնողները, որ հանդես եկան որպես զինվորի համար ցավողներ,  իրականում զինվորի կորստի մեծ վիշտը մոռացած լծվել էին Սրբազանին ու դրանով իսկ Հայ Առաքելական եկեղեցին անխնա քննադատելու կեղտոտ գործին:  Չարակամներն ամեն մի սրբություն ոտնատակ տված սկսեցին ջերմեռանդորեն քրքրել պատմության էջերն ու վատաբանող խոսքեր պեղել մեր հոգևորականների հասցեին: Անհավատներին հարիր մոլագարությամբ նրանք մոռացան ամեն ինչ՝ հայ եկեղեցու, հայ հոգևորականության մեծագույն վճռական դերը մեր ժողովրդի պատմության բախտորոշ շրջափուլերում՝ Ավարայրից մինչև Արցախյան ազատագրական պայքար։ Մոռացան ու հեթանոսների պես քարեր նետեցին…

                                <<Ով լսելու ականջ ունի՝ թող լսի>>

Ներկայացնենք դեպքերի իրական շղթան, քանզի շատերն աղմկեցին, զազրախոսեցին, սակայն  քչերը ունակ եղան լսել և իմանալ ճշմարտությունը:

Հայ զինվորի՝ Գրիգոր Եղոյանի մահվան բոթը լսելուն պես Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանձնարարում է տեր Կորյուն քահանային առաջարկել ծնողներին՝ զինվորի դին պարտադիր դնել գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում ու մատուցել եկեղեցական արարողություն: Որոշ ժամանակ անց քահանան տեղեկացնում է, որ զոհված զինվորը մկրտված չի եղել, Սրբազանն առաջարկում է՝ «Կարելի է բավարարվել քաղաքացիական ծեսով». ու հանձնարարում հոգևորականներին լինել զինվորի ծնողների կողքին և մխիթարել նրանց: Նույն ընթացքում Սրբազանի բացատրությունը լսելու  խնդրանքով՝ նրա հետ հանդիպում է Ախուրյան համայնքի բնակիչներից մեկը. «Ամեն ինչ բացատրեցի, նաև ասացի՝ թող լինի այնպես, ինչպես ուզում է մեր ժողովուրդը և հանձնարարեցի քահանային՝ չխոչընդոտել ու դին տեղափոխել եկեղեցի: Գյուղապետը բավարարված՝ խոնարհ, հանգիստ հեռացավ»,-պատմում է Շիրակի թեմի առաջնորդը:

Սակայն կարճ ժամանակ անց այդ <<խոնարհ>>-ը դառնում է Գյումրիի <<Գալլա>> հեռուստատեսության պրովակացիոն տեսանյութի հերոսը, այս անգամ արդեն  հանդես գալով որպես Սրբազանից դժգոհող ու իր իրավունքները պահանջող բողոքավոր:

Ինչ վերաբերում է «Գալլա» հեռուստատեսությանը. լրատվամիջոցի պատրաստած նյութը` վերնագրից սկսած մինչև վերջ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք է: Հապշտապ պատրաստված տեսանյութի հեղինակն այն կառուցել է հիմնվելով  մեկ կողմի կարծիքների վրա՝ չբարեհաճելով անգամ լսել հակառակ կողմի՝ Սրբազան հոր կարծիքը, այս կերպ խախտելով լրագրողական էթիկան: Իսկ տեսանյութի վերնագրով՝ «Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը» հեինակն  ուղղակի պրովոկացիա հրահրեց:

Իրականության հետ ոչ մի աղերս չունեցող այդ տեսանյութը տարածվեց համացանցով մեկ, որտեղ դրան սպասում էր ֆեյսբուքի պարապ հանրույթը՝ երեսուն արծաթով հերհյուրանքներ տարածողները:

Զազրախոսության, կեղծիքի մի հսկայական ալիք բարձրացավ. երկու օր շարունակ հեթանոս ու աղանդավոր զբաղված էին մեր եկեղեցու, հոգևոր հայրերի դեմ ուղղված կեղտոտ զրպարտությամբ: Ամեն մեկը փորձեց իր ձեռքները տաքացնել այս <<կրակի>> վրա: Մեջտեղ եկած միջակություններն իրար հերթ չտալով՝  հոխորտում էին: Աթեիստներն ու անհավատները, բողոքականներն ու աղանդավորները, մարդիկ, որ երբեք ոտք չէին դրել Հայ Առաքելական եկեղեցի հանկարծ դարձան զինվորի աճյունը եկեղեցում դնելու ջատագովներ. ինչպիսի~ փարիսեցիություն: Ամեն մեկն իր առաքելությունը համարեց հայրենասիության դասեր տալ Սրբազան հորը, որն իր ապրած  կյանքով ապացուցել է իր նվիրվածությունն ու սերն առ հայրենիք և մեր եկեղեցին:

Նույն պահին հայ հոգևորականների ֆեյսբուքյան գրառումներում միայն աղոթք էր հնչում՝ <<Աստված առավել սեր և միաբանություն պարգևի Հայոց ազգիս>>։

Իր թիկունքում նյութվող  դավին Սրբազանն անտեղյակ էր.  այդ ամենին տեղեկանում է միայն այն պահին, երբ բողոքականների թափորը, զոհված զինվորի դին ձեռքներին, մոտենում է եկեղեցուն:

«Իմ կողմից որևէ արգելք չի եղել զինվորի դին եկեղեցում դնելու հարմար, իսկ քաղաքացիական ծեսով հուղարկավորելն ընդամենը եղել է առաջարկ>>, – ավելի ուշ սրտի մեծ ցավով պարզաբանեց Սրբազանը, նկատելով. «Ցանկացած զոհված զինվոր ինձ համար սրբություն է, անկախ իր դավանաբանական պատկանելությունից.  քրիստոնյա է, այլադավան է,  առաքելական է, ավետարանչական է, աթեիստ է, հավատացյալ է: Հայրենիքի համար զոհված ցանկացած զինվոր սրբություն է, որովհետև հայրենիքը նույնքան սրբություն է ինձ համար» :

Պարզվում է, Շիրակի մարզում ու առավել ևս Ախուրյան համայնքում չի եղել հանգուցյալին եկեղեցում դնելու ավանդույթ և այն վերահաստատվել է Շիրակի թեմի առաջնորդի մեծ ջանքերով: Ավետիսյանների ընտանիքի ողբերգական դեպքից հետո, երբ ոմանք պնդել են նրանց դիերը թատրոնի շենքում դնելու մասին, Սրբազանն էր, որ պնդեց եկեղեցում դնելու և հավուր պատշաճի եկեղեցական ծես իրակացնելու մասին՝ չնայած փոքրիկ Հասմիկը մկրտված չէր: Եվ վերջապես. ՙԱպրիլյան պատերազմի  բոլոր զոհերին ես եմ պնդել, որ բոլորը դրվեն եկեղեցում ու եկեղեցական կարգով թաղվեն: Չենք նայել, ո՞վ է մկրտված, ո՞վ ոչ, պատրազմի թոհուբոհի մեջ բարոյական չէր մկրտվածն ու չմկրտվածը զանազանելը»,- ասում է Սրբազանը:

Սակայն Ախուրյանի ժողովուրդը, որի կողքին ամենաբարդ պահերին եղել Սրբազան հայրը, անկարող եղավ  գնահատել նրա 19 տարվա նվիրյալ աշխատանքը, չխնայեց նրան ու խայծը կուլ տվեց: Սա թերևս ամենամեծ ցավն է Սրբազանի համար:  «Վիրավորական է, այս մարդիկ ինձ 19 տարի ճանաչում են, կարելի էր չէ՞ հարգել այդ այդ տարիների աշխատանքը: Եթե նույնիսկ մեղք էի գործել, կարելի էր, չէ՞, այս մի մեղքը ներել, այս մի զարկը բաշխել, ինչու չբաշխվեց, արժանի չէի՞: Ճշմարտությունը մնում է այդպիսին, որքան էլ այն աղավազես, սուտը՝ սուտ, որքան էլ քողարկես»:

Սրբազանի մեկնաբանություններից հետո, իհարկե, շատերը սթափվեցին, ու չնայած անուղղելի աթեիստներն ու հեթանոսները դեռ շարունակում են իրենց վայնսունը, բայց նրանց կողքին ֆեյսբուքը  լցվեց Սրբազանից ներողություն հայցող  բազմաթիվ գրառումներով. «Աստված զորավիգ և աջակից լինի բոլորի կողմից սիրված Սրբազան Հորը: Աստված օգնական Սրբազան Հայր»: «Ձեր սրբությունը մի՛ տվեք շներին և ձեր մարգարիտները մի՛ գցեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն և ետ դառնալով, չպատառոտեն ձեզ»:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն