Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

«Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը». հատված պոեմից

Փետրվար 22, 2018թ. 10:44
Արմեն 1

Ներկայացնում ենք հատված ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը» պոեմից 

Ո՞րն է գաղտնաբառն
Իմ հիշողության,
Գուցե՝ «Հատուցո՞ւմ»:
Եվս մի պահանջ
Որը հնչում է
Ճիշտ ու աննահանջ:
Բայց ակներև է,
Որ չկա հստակ
Որևէ ցուցում…

Անվերջ աղոթե՞լ,
Թե՞ հավետ ատել:
Ո՛չ և կրկին՝ ո՛չ:
Ամենից առաջ՝
Անկումը հատել
Եվ ամեն հարցում,
Գործունեության
Ամեն ոլորտում
Ձգտել հաղթության:

Բայց հայի համար, ուր էլ որ լինի,
Կա մի՛ Հայրենիք,
Որ Հայաստանն է:
Եվ մեր ինքնության
Միակ ոստանը,
Որից մի օր մենք
Պիտի կատարենք
Մի նոր վերելքի
Հզոր ոստյունը…

Ու կանգ առ, կանգ առ դու մի պահ, եղբայր,
Չէ՞ որ սա տարածք, հող չէ պարզապես,
Այլ մի ամբողջ աշխարհ:…
Այստեղ է Արը հիմնել իր բարը,
Միհրն է հենել երկնի կամարը,
Այստեղ են բռնել Արևի կատարը,
Այդպիսով հաշվել պտույտն ու օրը,
Այստեղ են գրել Հայոց տոմարը,
Ու այստեղ են կտրել մարդկության պորտալարը……
Այստեղ հողը պինդ է,
Այստեղ ծիլը խինդ է,
Այստեղ ձյունը գունդ է:
Այստեղ գինին թունդ է:
Այստեղ սարը գիրթ է,
Ու թնդում է սիրտդ:
Այստեղ լեռ ու կիրճ է,
Այստեղ Աստված խիղճ է,
Մարգարիտ է ցողը,
Ու աղոթք է շողը:
***
Եվ դրա համար ասում եմ նորից.
Ինչ հաջողության դրսերում հասնենք,
Դա վաղացուկ է, մի տեսակ անհենք:
Պետք է երկիրը նախ ոտքի հանենք:
Մենք միայն մի տուն-Հայրենիք ունենք,
Ուր որ ամեն մարդ իր գլխի վերև
Ունենա տանիք,
Նաև անելիք,
Այսինքն սրտին մոտիկ աշխատանք,
Կազմի ընտանիք,
Տեսնի ապագա
Իր զավակների ու երկրի համար:
Ուստի մեզ պետք է
Կրթվել, զարգանալ,
Հմտանալ գործում,
Ու առաջ գնալ,
Չդոփել ցածում:
Բազմանալ այնպես,
Որ շեն չլինի
Անմանկապարտեզ,
Որ ոչ մի դպրոց
Էլ չմնա գոց,
Երկիրս լինի
Անառիկ ամրոց:
Ու թե հարգում ենք մենք Կոմիտասին,
Դեռ օրոցքի մեջ զավակը հայի,
Պետք է հենց նրա երգերը լսի:…
Չգնել ոչ մի
Թուրքական ապրանք,
Մենք դրա համար
Վճարում ենք թանկ:
Եվ մոլորակին,
Արդի աշխարհին
Շարժվել համաքայլ,
Վտանգի հանդեպ,
Համայն հայությամբ
Ելնել անայլայլ:…
Այր լինի, թե կին
Վարժ տիրապետել
Որևէ զենքի՝
Պատրաստ առաջին
Կանչով իսկ կանգնել
Սահմանը պահող
Զինվորի կողքին:

Կառուցել ոչ թե 10 եկեղեցի,
Այլ 5 գործարան,
Այս մեր օրերում
Աշխատատեղից լավ աղոթարա՞ն:…
Եվ թող ինձ ներեն
Ազնիվ տղերքը՝
Կանգնած սահմանին,
Բայց պաշտպանության գիծը առաջին
Կրթօջախներն են,
Որ պիտի ուսյալ
Եվ լուսավորյալ
Սեփական երկրին,
Ազգին նվիրյալ
Մարդ դաստիարակեն:…

Հարցում ազգային լինել միաբան,
Կյանքում հանրային՝ իրար օգնական,
Գործում պետական՝ ճշգրիտ, անկաշա՛ռ,
Եվ ամեն ինչում հարգել օրենքը,
Սա՛ է վերելքի առանցքն ու հենքը:
Եկեք հասկանանք,
Որ մոռացումի, խավարի միջից,
Մենք հազվե-հազիվ,
Մռայլ, վեցդարյա անդունդի խորքից
Անկախություն ենք նվաճել նորից,
Վերականգնել ենք պետականություն,
Որ այն ի՞նչ անենք,
Արմատը կրծե՞նք,
Մեջից խարխլե՞նք,
Մեր հողը լքե՞նք,
Եվ հետո գնանք ումի՞ց ինչ ուզենք:

Կեղտոտ արյունից իմ ազգի սրտին
Դիրտ է կպել, դի՛րտ,
Որը քերում է, սակայն չի քերվում,
Որ խանգարում է նաև արարել,
Բայց մի օր պիտի այն հաղթահարել:
Եվ թե ուզում ենք մենք հզորանալ,
Եթե ուզում ենք մենք առաջ գնալ,
Հանուն գոյության մեր Հայրենիքի,
Հանուն զավակաց գալիք վերելքի,
Նման հարցերում հստակ, աններում
Շահը անձնական պետք է մոռանալ:

Եկեք հասկանանք.
Թե որ խեղճ լինի մեր պետությունը,
Իսկ քաղաքացին չունենա ապրուստ,
Էլ ո՞ւմ ինչին է մեր գոյությունը,
Կամ էլ կուտակած հարստությունը:
Ուստի ասում եմ այն, ինչ ասացի,
Եվ ամեն մեկը պիտի գիտակցի,
Որ վերընթացի
Չունենք ուրիշ ելք:…
Քան նոր զարթո՛նքը, չունենք ուրիշ ելք,
Պետք է հավաքվել ու հավաքել խելք,
Դասերը քաղել դառը անցյալի,
Ու այսօր հիմնել վերելքը գալիք:
Եվ սա է ահա հոգուս ատյանի
Ինքնաքննության
Դատավճիռը անբեկանելի.

Ունենալ հզո՛ր, արդար պետություն,
Ահա՛ հարգանքի տուրքը լավագույն
Մեր սրբադասվող նահատակներին,
Աղետ վերապրած ապուպապերին…
Հարգանքն իսկապես հենց այն կլինի,
Որ ամեն մի մարդ ի՛ր գործը անի:
Թող մեզ խրատեն մեր մանուկների
Հավատով լեցուն աչքերը փայլող,
Որ իրենց թողնենք երկիր զարգացող,
Որ մեր սերունդը չլինի տնթող,
Սերունդը հաջորդ չմնա անհող:
Սա է հիմնական պատգամն անսքող:
Ուստի կարող եմ ասել անվարան,
Որ գաղտնաբառը իմ հիշողության
Հենց զարգացո՛ւմն է:

2015թ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն