Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Մեր ազգայինը շատ կապված է համամարդկայինի հետ, տարանջատելը շատ դժվար է

Փետրվար 21, 2018թ. 22:35
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Հարցազրույց արձակագիր ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ  հետ

 

Պարոն Խանջյան, նախ՝ շնորհավորում եմ Ձեզ պետական մրցանակ ստանալու առիթով։ Եվ՝ զրուցենք մեր մշակույթի, արվեստի, մեր երկրի մասին. ի՞նչպես կբնորոշեք մեր մշակույթը, ո՞րն է հայկական մշակույթի առանձնահատկությունը։
– Հայկական մշակույթ ասելիս անմիջապես հետ եմ գնում դեպի առասպելները, Հայկի նետի հետ սրընթաց անցնում եմ մեր էպոսով, դիցաբանության փոքր ու մեծ առասպելներով, մեր բազմաստվածության, Արա Գեղեցիկի, ապա Քրիստոսի ժամանակներով դեպի միջնադարյան մանրանկարչություն, պոեզիա ու գալիս եմ մինչև մեր օրերը։ Սա է մեր մշակույթը։ Եվ քանի որ պատմությունն այդքան հին է, ժամանակի մեջ համարյա առասպելի է նմանվել, տեղ-տեղ՝ հեքիաթի։ Պատմություն է թվում, բայց արդեն արվեստ է դարձել։
Իսկ այսօ՞ր։ Ինչպե՞ս պահպանել այդ մշակույթն այսօրվա մեջ։
– Կարծում եմ այսօրվա մշակույթը մեծ առաքելություն ունի՝ մեր անցյալը, հինը, այն, ինչ նշեցի, այսօրվա մեջ ներկայացնելու, բայց ներկայացնելու ոչ որպես պարզապես հին ժամանակների պատմություն, այլ՝ որ այն ժամանակի հետ խոսի, դառնա այսօրվա նյութ՝ այսօրվա թիրախներին նայող և ինչ-որ խորհուրդներ բերող։ Դա միանգամայն հնարավոր է և կախված է մեր արվեստագետների խորատեսությունից։ Հատկապես կինոյի ասպարեզում։

Իմ կարծիքով այսօր մի սխալ միտում կա. մերոնք գնում են ամերիկյան ՙՙէքշնների՚՚, ֆանտաստիկայի ուղղությամբ։ Դա նախապես պարտված ճանապարհ է, քանի որ նույնիսկ մեծ տերությունները չեն հասցնում խոշոր կինոարտադրողների հետևից։ Դրա համար մեծ գումարներ են պետք։ Դա մերը չէ։ Մենք պետք է զարգացնենք հեղինակային կինոն՝ մեր պատմությանը, հեռանկարին ու նաև մեր ժամանակին նայելով։ Այդտեղ միայն մենք կարող ենք, գոնե կինոյի մեջ, ինչ-որ բանի հասնել, դրանով կարող ենք հետաքրքիր լինել։ Պետք է փոքր միջոցներով ավելի խորիմաստ, շատ բան ասող ֆիլմեր նկարահանենք և ոչ թե մակերեսով անընդհատ սահենք, օրինակ՝ մեր սերիալներով։

Ազգայինը պահպանել պետք է, իհարկե, մեր ավանդույթների մեջ, դրանք վերականգնելով։ Կարելի է այդ ամենը շատ գեղեցիկ թատերականացնել-բեմականացնել։ Օրինակ՝ չարի ու բարու, չարքերին անիծելու, Արտավազդի հետ կապված միստերիաները, շատ հետաքրքիր ու խորհրդանշական են։ Այդ ամենի թիրախը ջահելությունը պետք է լինի, ջահելությունը, որ այսօր, ինտերնետով տարված, մեր ձեռքից գնում է։ Ջահելությանը նման հերոսական, տեսարժան բաներով պետք է գրավել, հետ բերել։

Մյուս կողմից էլ խնդիրը պարզապես հինը ներկայացնելը չէ, այն պետք է կապվի մեր ժամանակի հետ՝ այսօրվա ամեն մի առանձին խնդրի հետ զուգահեռվելով ու այն ժամանակվա լուծումներից դասեր քաղելով։ Կլինի դա Արցախի խնդիր, թե որևէ այլ։ Որպեսզի ոչ միայն մենք առաջ գնանք մեր այսօրվա փողապներով ու կոստյումներով, այլ մեր հերոսներն էլ մեզ հետ գան իրենց տարազներով, չուխաներով, հին զենքերով։ Դա պետք է դառնա առաջ շարժվող, զարգացող մի ընդհանուր պլաստ, միասնական երթ՝ ժամանակի մեջ։ Եվ դա, իհարկե, նախ և առաջ արվեստի, մշակույթի խնդիրն է։

– Մեր օրերում, երբ ժամանակն այնքան է արագացել, որ նույնիսկ ներկան, առօյան է դժվար ապրելը, ո՞րը կարևորի այսօրվա մարդը՝ ազգային թե՞ համամարդկայինը։

– Գիտեք, ազգայինը շատ կապված է համամարդկայինի հետ, տարանջատելը շատ դժվար է։ Թեկուզև վերցնենք քրիստոնեությունը. դա ի սզբանե մերը չի եղել, բերվել է։ Այո, ազգայինը պետք է ավելի կարևոր լինի, բայց դա էլ պետք է ընդհանուրի մեջ մտնի, ընդհանուր զարգացման, ընդհանուր պատմության, ամբողջ մոլորակի, մարդկության հետ դիտարկվի։ Հին ժամանակներից մինչև մեր օրերն այնքա՜ն բան ենք տվել մարդկությանը։ Ես չեմ խոսում այնպիսի պարզունակ բաների մասին, որ այսօր շահարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն. Տոլմա, լավաշ, մերն է, մերը չէ… Շատ ավելի հիմնավոր բաների մասին եմ խոսում, ասենք՝ իրավունքի ոլորտից, արտաշիսյան սահմանաքարերից մինչև Արամ Խաչատրյան կոմպոզիտոր ու Վիկտոր Համբարձումյան գիտնական։

Մենք այնքան բան ենք տվել համամարդկային արվեստին, մշակույթին, գիտությանը, որ ինչ-որ տեղ նաև պետք է վերցնենք, այլապես կկղզիանանք։
Իհարկե, համամարդկայինի մեջ պետք է ամեն ինչ դիտարկվի, սակայն մեր արյան մեջ է ազգայինը, և, բնականաբար, այն պետք է ավելի կարևորենք։

Մի առիթով ասել էիք, որ Հայաստանը մեծ տերությունների հետ իր տնտեսությամբ չի կարող ոտք մեկնել, այլ միայն՝ իր մշակույթով։ Այսօր ներկայանալի՞ ազգ ենք և ինչո՞վ։
– Դեռևս՝ ոչ, բայց կարծես՝ սկսել ենք… ինչ-որ հոգատարություն երևում է, գործեր արվում են թե՛ պետականորեն, և թե՛ անհատների մակարդակով։ Մարդիկ հասկացել են, որ դա պետք է։ Կամ էլ՝ պետք է գլոբալացվենք, տարալուծվենք։ Մեզ պահողը մշակույթն է։ Եթե նույնիսկ տնտեսությամբ դիտարկենք, ապա առավելևս՝ տնտեսությոունն ավելի ինտեգրված է ուրիշների տնտեսության մեջ, հատկապես փոքր երկրներինը։ Ու որպես դրան հակակշիռ մշակույթը միշտ պետք է լինի, և որքան դեպի գլոբալացում գնանք, որի դեմ առանձնապես չենք էլ կարող պայքարել, այնքան հակակշիռը պետք է մեծացնենք, ծանրացնենք։ Դրա համար պետք են իսկապես երկրի համար հոգացող, ցավացող մարդիկ, անհատներ։ Դա դժվար է անելը։ Արվեստագետներն իրենց արվեստանոցներում դա անում են, այո։ Բայց այդ ամենը նաև դուրս պետք է բերվի, դրվի ռելսերի վրա։ Եվ դա պետք է պետությունն անի…
Կա՞ն խնդիրներ, որ այսօր հայ մտավորականը, գրողը, բարձրաձայնում է իշխանությանը։
– Կան խնդիրներ և դրանք բարձրաձայնվում են։ Հատկապես երիտասարդ գրողների մեջ կան մարդիկ, որ ընդդիմադիր կեցվածք են ընդունում, երբեմն՝ չափազանցված կամ սեփական եսը կայացնելու փուլում լինելով և այդ պատճառով՝ ընդդիմադիր տեսակն ավելի ընդգծելով։ Այստեղ ճշմարտությունը պետք է գտնվի։
Ուրիշ խնդիր էլ կա. իշխանությունը պարզապես դրվագ է, այն այսօր է մեզ համար հույժ կարևոր և իսկապես կարևոր է։ Բայց երբ ժամանակի մեջ ենք նայում… օրինակ մի հիսուն տարի առաջվա իշխանությանը ինչպե՞ս ես այսօր նայում. եղել՝ անցել է։ Եթե արվեստագետը սևեռվի, պատեհապաշտության նման մի բան կստացվի, իսկ արվեստի մեջ կպարտվի։ Գուցե տվյալ ժամանակի մեջ նա օգտակար քայլեր անի, բայց եթե արվեստ է ստեղծում, առհասարակ մի քիչ ավելի լայն պետք է նայի։

Պարտադիր չի նա կտրված լինի քաղաքականությունից, բայց, օրինակ, երթուղայինի վարձավճար նվազեցնելը գրականության գործը չէ, ոչ էլ՝ նկարչության։ Բայց դա փորձում են գրականություն, արվեստ սարքել։

Իսկ ի՞նչ խնդիր պետք է լուծի մտավորականը կամ արվեստագետն այսօր։ Կարո՞ղ է նա ինչ-որ չափով իր վրա վերցնել պետություն պահպանելու խնդիրը։

– Այսօր, վաղը, երեկ… յուրաքանչյուրն իր խնդիրները պետք է ունենա։ Դրանով է արվեստը հետաքրքիր՝ այն ահատական է։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր խնդիրը։ Հաճախ արվեստագետը կարող է նույնիսկ մտավորական չլինել, ոչ մեծ ինտելեկտ ունենալ, չմտածել քաղաքականության մասին, բայց լինել մեծ նկարիչ, գույնի ու ձևի հոյակապ զգացողություն ունենալ, հանճարեղ նկարներ, գլուխգործոցներ ստեղծել կամ բնատուր տաղանդով օժտված պոետ լինել։ Մենք ունեցել ենք նման մարդիկ։ Մտավորականն ու արվետագետը տարբեր հարթակների վրա են, և արվեստագետից պետք է պարզապես ավեստ պահանջել։ Իսկ պետություն պահպանելը յուրաքանչյուրի գործն է։ Արվեստագետ կա, որ դա անում է իր արվեստով և լավ է անում։

– Եթե ամփոփենք, Հայաստանի՝ Ձեր տեսլականն ինչպիսին է։

– Եկեք շատ չցնցենք երկիրն ու միանգամից շատ մեծ պահանջներ չդնենք, այլ հասկականք, որ Հայաստանն այդ պահանջները բավարարող երկիրը չէ, գոնե առայժմ, շատ օբյեկտիվ պատճառներով։ Կարողանանք սիրել ու մի կողմ թողնել էգոիստական մեծ պահանջները։ Եկեք սիրով մոտենանք և մի քիչ քիչ ցնցենք։ Կոչ չեմ անում իշխանություն պահպանել կամ փոխել, դա իմ գործը չէ։ Իհարկե, ամեն ինչ պիտի փոխվի, բայց անցնցում.  ծեծված թեմա է, բայց դրսից ունենք մեծ սպառնալիքներ, ունենք վատ հարևաններ, նույնիսկ լավ համարվողը շատ խորամանկն է, ինչպես քաղաքականության մեջ է միշտ եղել։ Անընդհատ պետք է զգույշ լինենք, պետք է սիրենք երկիրը, պինդ մնանք մեր դիրքում, ունենանք շատ ճկուն դիվանագիտություն՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին։

Մեր իշխանությունն ամեն ինչ կացնային ձևով է անում երկրի ներսում։ Այնինչ՝ պետք է ժողովրդի հետ ավելի շատ խոսել։ Ոչ թե պետք է ընդդիմադիրներն առանձին խոսեն, այլ հենց իշխանությունը պետք է գա ու խոսի։ Ժողովուրդը պետք է սպառիչ պատասխան ստանա ոչ թե միջնորդավորված, այլ հենց առաջին դեմքից։ Դա պետք է, որպեսզի մարդիկ իրազեկված լինեն և չտրվեն անհեթեթ բամբասանքին։ Այսինքն պետք է արվի միասնական, երկիրը, պատմությունը, ազգը սիրելով։ Ով կարող է անում է, ով չի կարող՝ լքում է երկիրը։ Ոչ մեկին չեմ մեղադրում. շատ դժվար է, մարդիկ չեն ուզում չքավոր ապրել։
Իմ դիտարկումներով հասկացել եմ, որ Եվրոպան հիսուն-վաթսուն տարի առաջ վայրենի է եղել, կոտորել է տարբեր ժողովուրդների, իսկ մեր ժողովուրդն այդքան թերություններով հանդերձ, իրոք, քրիստոնյա է։ Այս կարգի ժողովրդին հենց այս կետում ապրելը տաժանակրություն է։ Բայց պետք է դիմանանք, երևի առաքելություն է։ Հենց այդ խաչն է։

Կարծում եմ այս քաղաքական իրավիճակը կթեթևանա, թեև՝ ոչ լրիվ. մենք միշտ էլ լարվածության մեջ ենք լինելու։ Միգուցե դա ինչ-որ տեղ նույնիսկ օգտակար է, քանի որ զգոնություն ու սթափություն է ապահովում։ Միայն պետք է շատերն իշխանության մեջ գիտակցեն սա և այդ զգոնությունն ունենան ու սիրեն ժողովրդին, որ իրենց հետ այս երկրում ապրում է և հեշտ չի ապրում։
ԼԻԼԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն