- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ինչպե՞ս ճեղքել թուրք-ադրբեջանական շրջափակումը, Հայաստանի համար որո՞նք են կոմունիկացիոն իրատեսական ծրագրերը

Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ հետ
-Վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ նախագահի մյունխենյան ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս խոսվում է Սև ծովի և Պարսից ծոցի միջև նոր տարանցիկ միջանցք ձևավորելու անհրաժեշտության մասին՝ նշելով, թե այժմ բանակցություններ են վարվում բոլոր շահագրգիռ երկրների հետ: Հայտնի է, որ այս ծրագրի շուրջ քննարկում է եղել նաև Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ: Որպես մասնագետ ինչպե՞ս եք գնահատում ծրագրի իրականացման հնարավորությունը:
– Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու ծրագիրը նորություն չէ, դրա շուրջ բանակցային երկարատև գոծընթաց է ծավալվել: Այս հարցում ժամանակին ստեղծվեց, այսպես կոչված, Հյուսիս-Հարավ ծրագիրը, որի հիմքում ընկած էր մի պայմանագիր, որը կնքվել էր դեռևս 10 տարի առաջ՝ Հնդկաստանի, Իրանի, Ռուսաստանի միջև: Նպատակը՝ Պարսից ծոցի և Սև ծովի միջև կոմունիկացիոն համակարգի իրականացումն էր: Սակայն ծրագիրը սառեցվեց՝ պայմանավորված Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով: Իսկ երբ դրանք հանվեցին, ՙՙՀյուսիս-Հարավ՚՚ ծրագրի շուրջ նկատվեց ակտիվացում, սկսվեցին բանակցությունները: Հայաստանը, բնականաբար, շահագրգռված է այս ծրագրով, այն հետաքրքիր, գլոբալ ծրագիր է, ոչ միայն կարող է Սև ծովի և Պարսից ծոցի միջև նոր տարանցիկ միջանցք ձևավորել, այլև ձգվել հյուսիս՝ Ռուսաստանով դեպի Սկանդինավյան երկրներ, հարավ՝

Պարսից ծոցով մինչև Հնդկաստան՝ նախաօվկիրանոս և այլն:
Սակայն խնդիրն այն է, թե մենք ինչպե՞ս կարող ենք միանալ այս ծրագրին: Այստեղ է, որ առաջանում են մի շարք հարցեր և դա պայմանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի մեջև առկա սուր մրցակցությամբ: Ադրբեջանն ունենալով որոշակի երկաթուղային հնարավորություններ դրանով որոշակի առավելություններ է սատանում, սակայն Հայաստանն էլ ունի աշխարհագրական դիրքի առավելություն. ճանապարհը Հայաստանով շատ ավելի կարճ է ու շատ ավելի արդյունավետ:
Նախագահի խոսքը, թե այժմ բանակցություններ են վարվում բոլոր շահագրգիռ երկրների հետ, հույս է ներշնչում: Այս իրավիճակում մեզանից պահանջվում է ճիշտ հաշվարկել ու գրագետ աշխատել:
Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի կառուցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2007 թվականին: Մեզ համար շահեկան, բայց նաև շատ թանկ այս ծրագիրը, որը նախնական հաշվարկներով կարժենա մոտ 3.2 միլիարդ դոլար, կարո՞ղ է, ի վերջո, կառուցվել:
-Նախ ասեմ, որ Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղային կապի ստեղծումն իրականում չունի աշխարհաքաղաքական կարևորություն, ինչպես ներկայացվում է: Այն ավելի շատ ունի տարածաշրջանային կարևորություն: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Իրան-Ադրբեջան երկաթուղուն, սա ևս գլոբալ էֆեկտ չունի, վերլուծաբաններն են սիրում ամեն ինչին տալ աշխարահաքաղաքական կարևորություն, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում:
Իրան-Հայաստան երկաթուղու տարածաշրջային կարևորությունը նրանում է, որ մենք կարող ենք Իրանի հետ լինել երկաթուղային կապի մեջ, այն ելք է դեպի Սև ծով, և հետո այդ երկաթգիծը Վրաստանը կկապի վրացական Փոթիի հետ, քանի որ Վրաստան-Ռուսաստան երկաթուղային կապը, չեմ կարծում, որ մոտ ապագայում վերականգնվի:
Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու համար հարկավոր կլինի հաղթահարել գերբարդ ռելիեֆ, այն լեռներով անցնող ճանապարհ է, տասնյակ թունելներ ու կամուրջներ պետք է կառուցվեն: Ու սա է պատճառը, որ թանկ է: Նաև ասեմ, որ երկաթուղին կլինի միակողմանի ճանապարհ, ոչ թե երկկողմանի, ինչպիսին լինում են սովորաբար, մեծ նշանակություն ունեցող երկաթգծերը. կսկսվի Մեղրիից ու կհասնի մինչև Սոտք, այստեղ կմիանա Հայկական երկաթուղուն:
Ամեն դեպքում, չնայած առկա բարդություններին, շատ կարևոր կլինի երկաթուղոի կառուցումը Հայաստանի տնտեսական շրջափակումը ճեղքելու առումով, մեզ հնարավորություն կտա ավելի լայն ու ավելի մեծաքանակ առևտուր անել Իրանի հետ: Այս երկաթուղին կարող է հայկական, իրանական ապրանքը հասցնել մինչև Վրաստանի սևծովյան նավահանգիստ: Խնդիրն այն է, որ երկաթուղու կառուցման համար պետք է գտնել ֆինանսավորողներ: Եթե այն կոմերցիոն տեսակետից հետաքրքիր լիներ, հավատացեք, շատ արագ կգտնվեին ներդրողներ: Բայց այն, որ գործը տեղից չի շարժվում, նշանակում է, որ ներդրումներ չկան:
– Ի՞նչ եղավ ՙՙՄետաքսի ճանապարհի՚՚ ստեղծման հեռանկարը:
-Չինաստանը հիմա կոմունիկացիոն ծրագիր է իրականցնում, որը կոչվում է ՙՙՄեկ գոտի, մեկ ճանապարհ՚՚ : Իրենց նպատակն է այդ մետաքսի ուղու ստեղծումը: Դրա շուրջ այսօր գնում են բանակցություններ: Երկու տարի առաջ Հայաստանի տարածքով որոշակի ապրանք տեղափոխվեց Եվրոպա- Վրաստան-Հայաստա ուղղությամբ: Այն փորձնական ծրագիր է, նպատակն էր հասկանալ, թե որքա՞ն ֆինանսներ են ծախսվելու ու որքանո՞վ այն կլինի ձեռնտու:

Պարզվեց, որ այն բավականին հետաքրքիր ու միցունակ ծրագիր է, այսինքն, հայկական ուղին օգտագործելը կոմերցիոն առումով շահավետ է: Հիմա խնդիրն այն է, թե որքանո՞վ այս փորձնական ծրագիրը կկարողանանք վերածել գլոբալ տնտեսական ծրագրի: Սրա ուղղությամբ աշխատել է հարկավոր:
Այսպիսով, թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Հայաստանն ի՞նչ ուղղություններով կարող է ուժեղացնել իր կոմունիկացիաները, ի վերջո, որո՞նք են մեզ համար իրատեսական ծրագրերը:
-Առաջին իրատեսական ծրագիրը Հյուսիս-Հարավ անվտոճանապարհի կառուցումն է, այն իրատեսական է նաև ֆինանսական առումով: Հյուսիս-Հարավը ստրատեգիկ նշանակություն ունի մեզ համար, ինչը հնարավորություն կտա դառնալ տարանցիկ երկիր Իրանի համար. իրանական մեքենաները Սև ծովով դեպի Պարսից ծոց և հակառակ ուղղությամբ կնախընտրեն շարժվել Հայաստանով ոչ թե Ադրբեջանով: Չնայած այսօր էլ իրանական մեքենաները նախընտրում են անցնել Հայաստանով, բայց եթե լինի որակյալ ճանապարհ, ապա մի քանի անգամ կմեծանա թողունակությունը: Եթե հիմա տարեկան 25-30 000 իրանական մեքենա է հատում մեր սահմանը, ապա ճանապարհի առկայության դեպքում այդ թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 100 000-ի: Կան հաշվարկներ, համաձայն որոնց, եթե ավարտվի Հյուսիս-Հարավ հայաստանյան մայրուղու կառուցումը, ապա այն շատ ավելի մրցունակ ու արդյունավետ կարող է լինել, քան նույնիսկ Ադրբեջան-Իրան երկաթուղու շահագործումը, որը նախատեսել են ավարտել մինչև այս տարա ավարտը:

Ի դեպ, Ադրբեջան-Իրան երկաթուղին կողմերը կարող էին դեռևս 10-15 տարի առաջ կառուցել, սակայն իրանական կողմը, ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից, անընդհատ ձգձգում է: Իրանը հասկանում է, որ Ադրբեջանն արագացնում է այս գործընթացը Հայաստանի մեկուսացումն ուժեղացնելու համար, ինչը Իրանին ձեռնտու չէ: Որպեսզի ձախողվի Ադրբեջանի՝ Հայաստանն ավելի սեխմելու ցանկությունը, որպեսզի մեր նպատակները դառնան իրականություն, հարկավոր է հնարավորինս արագացնել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, անտեսելով բոլոր բարդությունները:
Երկրորդը կարևոր ծրագիրը մեզ համար բարձրավոլտ էլեկտրական կայանի կառուցումն է: Եթե կարողանանք ստեղծել եռակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան, ապա քառակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան բարձրավոլտ համակարգը, ի դեպ, քառակողմ պայմանագիրն արդեն իսկ կնքված է, ապա Հայաստանը կդառնա տրանզիտ երկիր: Այս ուղղությամբ հենց հիմա աշխատանքներ են կատարվում՝ կառուցվում են բարձրավոլտ կայանները: Սա հնարավորություն կտա եռապատկել Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալները: Եթե այսօր տարեկան ստանում են 350 մլն խմ գազ, նոր ծրագրի կյանքի կոչմամբ կարող ենք այդ թիվը հասցնել 1 միլիարդի: Սա մեզ հնարավորություն կտա էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան: Այսինքն, սա շատ հեռանկարային ծրագիր է: Ես գիտեմ, որ Վրաստանում կան շատ մասնագետներ, որոնք շահագրգռված են եռակողմ այս ծրագրի իրականցմամբ, քանի որ հույս ունեն, որ Թուրքիայից ու Աղրբեջանից խորքային կախվածության մեջ գտնվող Վրաստանը ինչ-որ չափով կկարողանա դուրս գալ կախյալ վիճակից:
Այսպիսով, եթե Հայաստանը շատ լրջորեն աշխատի հիշատակածս երկու ուղղություններով, որոնք ամենից իրատեսականն են, համոզված եմ, մեր երկիրը շատ շուտով մեծ հաջողությունների կհասնի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ