Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է

Փետրվար 20, 2018թ. 21:17
Ղարաբաղյան շարժում

Անցել է երեսուն տարի այդ հիշարժան տարեթվից։ Դա նշանակում է, որ 1988 թվականին ծնված երեխաներն այսօր տղամարդիկ եւ կանայք են, որոնցից շատերն արդեն ավարտել են բանակային ծառայությունը, հասցրել են բուհեր ավարտել, ծնողներ դառնալ։ Մի խոսքով, իրենք արդեն կյանքի փորձ են կուտակել։
Ասենք, խոսքը միայն նրանց մասին չէ, այլ նաեւ նրանց, ովքեր այն ժամանակ, լեգենդար եւ ողբերգական 1988 թվականին արդեն տասը, տասնհինգ տարեկան էին… Խոսքն ընդհանրապես այն սերունդների մասին է, որոնք տարիքի, բնության տրամաբանության բերումով չէին կարող գիտակցված ընդունել պատմական եւ բախտորոշ իրադարձության էությունն ու մանրամասները եւ շատ քիչ բան գիտեն այն մասին, թե ինչ է մեր ժողովրդի համար 1988 թվականի փետրվար 20-ը։
Եվ դա նրանց մեղքը չէ. դա նրանց դժբախտությունն է։ Իսկ մեղավոր ենք մենք՝ ավագ սերունդը։ Հին իմաստունները տագնապով կրկնում էին, թե պետք է կշտամբել ու պատժել հայրերին նրա համար, որ զավակները չգիտեն կամ վատ գիտեն իրենց ժողովրդի, իրենց ընտանիքի պատմությունը։
Հավանաբար դա տեղի է ունենում այն պատճառով, որ յուրաքանչյուր սերունդ ունի իր գերակա տեղեկատվությունը, իր տարեգրությունը։ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ ժողովուրդը միշտ հանդիսավորապես նշում է այն տարեթվերը, որոնք կապված են բախտորոշ իրադարձությունների հետ։
Չէ՞ որ դա չի արվում միայն պատմական հիշողությունը թարմացնելու համար, այլ ավելի շուտ նրա համար, որ մանրազնին յուրացվեն պատմության դասերը, որոնք սթափորեն չիմաստավորելու դեպքում անհնար է ռազմավարաբար մտածել ապագայի մասին։
Ես երջանկություն եմ ունեցել ծնվելու Արցախում։ Սակայն ոչ միայն այդ պատճառով պետք է հայտնվեի եւ հայտնվեցի սոցիալական այն երկրաշարժի էպիկենտրոնում, որն ստացավ «Ղարաբաղյան շարժում» անվանումը։
Եվ այսօր, երբ ողջ ժողովուրդը բոլոր հինգ մայրցամաքներում նշում է փառապանծ տարեդարձը, ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում մի նյութ հենց փետրվարի 20-ի մասին, ստեղծված տարեգրական էջերի հիմքի վրա, քանզի ո՛չ անվերջանալի ուղեւորությունների ժամանակ, ո՛չ պաշտոնյաների աշխատասենյակներում, ո՛չ էլ Արցախի խրամատներում երբեք չեմ բաժանվել իմ հուշատետրից։

1988 թվականի փետրվարից դեռ շատ առաջ ես գրել եմ օրագրում. «Ինձ վիճակվել է տեսնել մեծ գետերի շատ ակունքներ։ Սելիգեր լճի մոտ տեսել եմ մի աղբյուր, որում, ինչպես կենդանի բջջի մեջ, դրված է Վոլգայի գենետիկ կոդը։ Ցատկել եմ թելանման այն առվակի վրայով, որն աստիճանաբար թափ ու լայնք էր հավաքում, դառնալու համար հզոր Դնեպր։ Եվ ամեն անգամ միտք եմ արել ցանկացած Շարժման մի ինչ-որ աստվածային նախանշանակության վրա…»։
Եվ ահա, թերթելով իմ այն ժամանակների օրագրային գրառումները, հիշում եմ, թե ինչպես այդ ամենը եղավ եւ երբ այդ ամենը սկսվեց։ Հիշում եմ անվերջանալի պայքարի բուն տարեգրությունը, որ մենք անվանեցինք Շարժում։ Հին մտածողներն ասում էին, թե շարժումը կյանք է։ Ամեն ինչ ածանցված է Շարժումից։ Նույնիսկ ինքը՝ Ժամանակը, ոչ միայն փիլիսոփայական կատեգորիա է, այլեւ շարժում, որն ունի ընդամեը մի չափում՝ անցյալից ապագա։ Ազատության համար պայքարը նույնպես շարժում է։
Այստեղից էլ՝ Ղարաբաղյան շարժում, որն ըստ էության, իհարկե, սկսվել էր 1988 թվականի փետրվարի 20-ից շատ ավելի շուտ։ Գուցե սկսվել էր այն օրը, երբ ադրբեջանական վանդալները Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում բուլդոզերով գետնին հավասարեցրին Մեծ Հայրենականում զոհված իրենց համերկրացի հայ զինվորների հուշարձանը։ Իսկ գուցե, երբ կացնով (դարձյալ կացնով) գլխին հարվածելով, հենց հերկված դաշտի ակոսում սպանեցին ութսունամյա հերկող Մարկոս Յուզբաշյանին, եւ մարդասպանը մնաց անպատիժ։ Իսկ գուցե այն օրը, երբ Կարադաղլու գյուղի ադրբեջանցի «ուսուցիչն» ու իր հանցակիցները ութ տարեկան հայ տղայի գլխին մեխեր մեխեցին եւ հանեցին աչքերը (դատարանում նա լկտիաբար ցուցմունք տվեց, որ իբր վախենում էր, որ երեխայի աչքերում կտպվի իր դեմքը)։
Գուցեեւ այն ժամանակ, երբ աղդամցի վեց հրեշներ բռնաբարեցին տասնվեցամյա հայ աղջկան, իսկ մարմինը գցեցին Հայոց ցեղասպանության եւ պատերազմի զոհերի Ստեփանակերտի հուշահամալիրի Հավերժական կրակին։ Այո, չափից ավելի շատ էին Ղարաբաղյան շարժում սկսելու պատճառներն ու առիթները։
Եվ սակայն, կարծում եմ, որ սկիզբը դրեցին մշակույթի եւ արվեստի գործիչների նամակները՝ ուղղված երկրի հասարակայնությանը եւ ղեկավարությանը։ Այն գրողների, բանաստեղծների, հրապարակախոսների հոդվածներն ու գրքերը, որոնք, հարգանք արտահայտելով բարձր հասցեատիրոջ նկատմամբ, ձգտում էին բացահայտել Լեռնային Ղարաբաղում եւ Նախիջեւանում, Բաքվում եւ Գարդմանքում, Գանձակում ու Շահումյանի շրջանում հայերի նկատմամբ գործադրված խտրականության էությունը։
Այսօր, ժամանակի բարձունքից նայելով Շարժման խորքը, մեզանից ոմանք այդ նամակների հեղինակներին համարում են պարզամիտ մարդիկ։ Ես խորհուրդ չէի տա շտապ եզրահանգումներ անել. խոսքն այնպիսի ժամանակների մասին է, երբ նույնիսկ նման նամակ ստորագրելը ոչ պակաս արիություն էր պահանջում, քան կրծքով հրակնատ փակելը։
Դեռեւս 60-ականների կեսերին, Ալիեւ ավագի օրոք, որն այն ժամանակ ղեկավարում էր պետանվտանգության կոմիտեն, սկսվեցին աննախադեպ բռնաճնշումներ Արցախի մտավորականության դեմ։ Բագրատ Ուլուբաբյանի լեգենդար խումբը, որը մարզում հսկայական աշխատանք էր տանում, դեռեւս 1965 թվականին տասնյակ հազարավոր արցախցիների ստորագրահավաք կազմակերպեց հայկական պատմական մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու պահանջի տակ։ Եվ 13 մարդուց կազմված ողջ խումբը ենթարկվեց բռնաճնշումների։ Շատերին արտաքսեցին հարազատ օջախներից՝ այդպիսի չարագույժ գործողություններով միայն սրելով իրավիճակը եւ յուղ լցնելով Ղարաբաղյան շարժման ջահի վրա։
Տարիներ անց, միլի մեջլիսի նիստերից մեկում, Նախիջեւանից պատգամավոր ընտրված Հեյդար Ալիեւը բացեիբաց խոստովանեց, թե իրեն խանգարեցին կենսագործել Ղարաբաղում հայության վերացման եւ, ինչն արդեն արվել էր Նախիջեւանում, հայկական ինքնավար կազմավորման փաստացի լուծարման ծրագիրը։
Հանուն արդարության հարկ է ասել, որ Ալիեւը զուր էր համեստություն անում. Արցախի համար իր մահաբեր մտադրությունների իրականացմանն ուղղված քայլերը բավական արդյունավետ էին։ Սկսեց նրանից, որ Արցախի ղեկավար նշանակեց իր սնածու Բ.Կեւորկովին, որը մարզկոմի առաջին իսկ, այսպես ասած, գաղափարախոսական պլենումում, կատարելով իր շեֆի հրահանգը, ձեռնարկեց մտավորականության ջարդը։ Բավական է հիշել «Սովետական Ղարաբաղ» թերթի սեփական թղթակից Յաշա Բաբալյանի վտարումն Արցախից միայն նրա համար, որ գրչակիցների շրջապատում կարդացել էր Արամայիս Սահակյանի «գաղափարախոսական կրիմինալով» ներծծված բանաստեղծությունը, որում պոետը տարակուսանք էր հայտնում, թե մարդկությունը արդեն տեսել է լուսնի հակառակ կողմը, իսկ այ, իրեն՝ բանաստեղծին, չի հաջողվում աստվածաշնչյան լեռանը նայել հակառակ կողմից։ Յաշայի հետ կապված դեպքի մասին հազարավոր նամակներ մենք ուղարկեցինք աշխարհով մեկ։
Այդ, ինչպես արտասահմանյան թերթերը գրեցին, «տխմարության» եւ «անհեթեթության» արձագանքն այնքան բուռն էր, որ Բաքվում իրար անցան։ Հայտնի դարձավ, որ այն երկրների խորհրդային դեսպանատները, որտեղ հայկական մեծ գաղութներ կային, տեղեկացրել էին ԽՍՀՄ արտգործնախարարությանը այդ տեսակի անհեթեթությունների վտանգավորության մասին, որոնք կարող են պատասխան շղթայական ռեակցիա առաջացնել։
1977 թվականին մեզ հայտնի դարձավ, որ Բաքվի կուսակցական առաջնորդն իր ուղիներով համառորեն առաջարկում է Արցախի մասին նյութ նախապատրաստել «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» ամսագրում տպագրելու համար։ Այդ ամսագիրը մոլորակի կոմունիստական, բանվորական կուսակցությունների տեսական եւ տեղեկատվական հրատարակությունն էր, որ լույս էր տեսնում 32 լեզուներով, 145 երկրներում, ԽՄԿԿ-ի միջոցներով։
Ալիեւը լավ էր հաշվարկել. բավական է այնտեղ տպագրվեր իրեն անհրաժեշտ նյութը «Ղարաբաղի տեղի» մասին, որպեսզի հասարակական կարծիքում երկար ժամանակով ամրագրվեր ինքնավար մարզի Ադրբեջանի կազմում ընդգրկված լինելը։ Գլխավորն այն էր, գտնում էր Ալիեւը, որ նյութը նախապատրաստեին տարբեր երկրների անկախ լրագրողներ։ Հարցազրույցը, իհարկե, կտա ոչ այլ ոք, քան հայ, հենց այդ նույն Կեւորկովը։
Շուտով ամսագրի վեցերորդ գրքույկում տպագրվեց արտասահմանյան ժուռնալիստներ Ս.Միտրի եւ Ա. Խաբի զրույցը կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Այն հարցին, թե «Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը գտնվում Ադրբեջանի կազմում եւ ոչ թե Հայաստանի, որից բաժանված է ընդամենը հողի մի բարակ շերտով, ըստ էության պատասխանեց Ալիեւը՝ Կեւորկովի շուրթերով. «Մարզը Հայաստանից բաժանված է բարձր սարերով։ Ղարաբաղը ծաղկեց Ադրբեջանում, եւ միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ»։
Եվ առանձնակի ընդգծեց պատվիրված նախադասությունը. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետականություն ձեռք բերեց Ադրբեջանի կազմում եւ այդ ճակատագիրն ընտրեց կամովին»։ Նյութում խցկված էին անհեթեթ օրինակներ, որոնք իբր հաստատում էին հայերի եւ ադրբեջանցիների եղբայրությունը։ Եվ զրույցի վերնագիրը նույնպես մտածված էր այն ժամանակների ոգով՝ «Մենք տեսանք ազգերի եղբայրությունը»։
Հենց որ ամսագիրը մեր ձեռքն ընկավ, որոշվեց օպերատիվ կերպով արձագանքել, ընդ որում՝ հնարավորինս բարձր։ Գտանք ավանդական ձեւը. բաց նամակ Բրեժնեւին, որն արդեն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, մնալով, բնականաբար, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար։ Բրեժնեւի անունը այն ժամանակ մի տեսակ մարմնավորում էր արդեն բուն ԽՍՀՄ տերությունը։ Նամակի վրա աշխատում էինք Սերո Խանզադյանի տանը։ Նամակի տեքստին կցված էր վերլուծական մեկնաբանություն։
Այստեղ ես պարզապես պարտավոր եմ մի անհրաժեշտ շեղում կատարել։ Վերակառուցման թեժ պահին հաճախ էր վիճակվում կարդալ եւ լսել, թե ինչպես են ոմանք ժամանակի բարձրությունից հեգնում Չարենցին եւ Իսահակյանին, Շիրազին ու Կապուտիկյանին եւ շատ ուրիշների, թե՝ տեսեք-տեսեք, չափազանց մեծարական նամակներ կամ բանաստեղծություններ էին գրում՝ նվիրված Ստալինին կամ այլ առաջնորդների։ Մինչդեռ այդ դեպքերում նույնպես բանաստեղծները մտածում էին ավելի շուտ հայրենիքի, եւ ոչ թե իրենց մասին։
Ավագ սերունդը լավ գիտեր, որ ոչ միայն իրենցից յուրաքանչյուրի, այլեւ յուրաքանչյուր հանրապետության բախտն էր կախված մազից, հետեւաբար՝ յուրաքանչյուր ժողովրդի։ Օրինակ, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված նոր (Ստալինյան) սահմանադրության մեջ միանգամից բարձրացվեց մի քանի ինքնավար կազմավորումների կարգավիճակը։ Ինքնավար մարզերը վերածվեցին ինքնավար հանրապետությունների, իսկ ինքնավար հանրապետությունները՝ միութենականների։ Եվ դա արվեց մեկ մարդու՝ Ստալինի գրչի մի հարվածով։
Այսինքն՝ երբեմն թանաքի կաթիլից էին կախված ժողովուրդների ճակատագրերը։ Բավական էր, ասենք, հայերը հոսանքին դեմ գնային, որպեսզի գրչի այդ նույն հարվածով Հայկական ԽՍՀ-ն վերածեին Հայկական ԻԽՍՀ-ի։ Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովը այդ առիթով գրել է. «Ստալինը լավ էր հասկանում, որ Անդրկովկասի իր գծած քարտեզը Հայաստանը խոցելի է դարձնում առաջին հերթին ՌՍՖՍՀ-ի հետ սահմանի բացակայության պատճառով, ինչը նրա ձեռքը փաստարկ էր տալիս հայերին շանտաժելու եւ նրանց դեմ սադրանքներ կազմակերպելու համար»։ Այնպես որ մեր հանճարների ու պայծառ գլուխների վերամբարձ խոսքը ավելի շուտ ոչ այնքան վարվեցողության տուրք էր, որքան պարտադրված դիվանագիտություն։
Ճիշտ է, երբ Սերո Խանզադյանի տանն աշխատում էինք նամակի վրա, ժամանակներն այլ էին։ Հետեւաբար վերաբերմունքի եւ դիմելաձեւի ոճն էլ ուրիշ էր։ Եվ այդ մասին լավ գիտեր Սերո Խանզադյանը (եւ ոչ միայն նա, այլեւ Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սեւակը, Բագրատ Ուլուբաբյանը, Համո Սահյանը, Լեոնիդ Հուրունցը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ջոն Կիրակոսյանը եւ շատ ուրիշներ), որն առաջարկեց ինձ. «Եկ տրորենք այդ դեմագոգների քիթը։ Բայց դրա համար դու պետք է գտնես համապատասխան մեջբերում հենց հասցեատիրոջից՝ Բրեժնեւից»։ Մեզ պետք էր համարժեք պատասխան տալ Կեւորկովի փարիսեցիական նախադասությանը, թե միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող վատ ապրեմ, բայց լինեմ Հայաստանի հետ։
Եվ ահա թե ինչպիսի տեքստ ստացվեց, որը ստորագրեց հայ գրող-ռազմաճակատային, ԽՍՀՄ գրողների միության վարչության անդամ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, հանրապետության գրողների միության սկզբնական կուսկազմակերպության քարտուղար Սերո Խանզադյանը. «Իսկ չէ՞ որ այդ նախադասությունը կապ ունի ոչ թե պարզապես Հայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի հետ։ Եվ դա ասվում է այն բանից հետո, երբ դուք, թանկագին Լեոնիդ Իլյիչ, նշելով Խորհրդային Հայաստանի հիրավի ծաղկունքը, ասացիք. «Խորհրդային Հայաստանի ժողովուրդը, կոմունիստները եւ անկուսակցականները, բանվորները, գյուղացիները եւ մտավորականությունը հիանալիորեն զուգակցում են հայրենասիրության ոգին մեկ այլ, խորհրդային մարդու համար ոչ պակաս կարեւոր հատկության՝ ինտերնացիոնալիզմի հետ»։ Այդ մեջբերումը ոչ միայն զինաթափեց սադրիչներին, այլեւ թույլ տվեց ողջ աշխարհով մեկ հայտարարել ամենագլխավորի մասին. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը երբեք իր կամքով չի ընտրել իր ներկայիս «բախտը», որով նա փաստորեն զատված է հայրենիքից։ Եվ նման «բախտն», իհարկե, ինքնին անարդարություն է, որը պետք է վերացվի»։

Շարունակելի

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն