Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանը պատրաստ չէ և չի գնա կառուցողական քայլերի

Փետրվար 9, 2018թ. 14:34
Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հերթական տարածաշրջանային այցը սկսեց Բաքվից. փետրվարի 7-ին համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի ղեկավարության հետ, փետրվարի 8-ին ժամանեցին Երեւան, իսկ այսօր կլինեն Ստեփանակերտում։ Ի՞նչ ակնկալիքներ ունի Ղարաբաղյան կողմը համանախագահների հետ հանդիպումից եւ ինչպես է գնահատում բանակցային ստատուս քվոն։
Մեր հարցերին պատասխանում է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ։
-Սա ծրագրված այց է՝ համանախագահների առաջին տարածաշրջանային այցը այս տարի, եւ բնական է, որ հանդիպման ընթացքում պետք է քննարկվեն շփման գծում ստեղծված իրավիճակին, առաջիկա անելիքներին վերաբերող հարցերը։ Հատկապես՝ կա մի ուղղություն, որտեղ կարծես թե ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. նկատի ունեմ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, որի մասին հայտարարեցին համանախագահները արտգործնախարարների հետ վերջին հանդիպումից հետո։
Առայժմ խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին է, չէ՞։
-Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, որովհետեւ առանց Կասպրշիկի անձնակազմի ընդլայնման՝ դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի այդ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնել. մարդիկ մշտապես պետք է գտնվեն շփման գծում, հարկ եղած դեպքում լինեն տեղերում, որպեսզի կարողանան հետեւել իրավիճակի զարգացմանը եւ լիարժեք իրականացնել իրենց գործառույթները։ Իհարկե, Ադրբեջանը շարունակելու է խոչընդոտել Կրակովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, եւ մենք դա տեսնում ենք։ Համանախագահների հետ յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունները ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից։
Ինչի՞ մասին է խոսքը, եթե նույն Ալիեւն արդեն Երեւանն է «պատմական ադրբեջանական քաղաք» հռչակում՝ հայտարարում է, որ «Էրիվանի կորուստը» չսպիացող վերք է Ադրբեջանի համար, եւ իրենց ռազմավարական նպատակը Զանգեզուրը եւ ամբողջ Հայաստանը, այդ թվում՝ Երեւանը գրավելն է։ Սեփական ժողովրդին այսպիսի անհեթեթ հայտարարություններով կերակրող մարդը չի կարող կառուցողական քայլեր անել։ Այնուամենայնիվ պետք է շարունակել աշխատանքները գոնե տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը պահպանելու ուղղությամբ։
Ալիեւը շատերին անակնկալի բերեց՝ հայտարարելով ապրիլին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ըստ ձեզ, ինչո՞ւ է շտապում, ի՞նչ խնդիր է լուծում՝ առաջ գցելով հոկտեմբերին տեղի ունենալիք հերթական ընտրությունները, Ադրբեջանի նախագահի «ձիով քայլն» ինչպե՞ս կարող է ազդել բանակցային գործընթացի վրա։
-Բնական է, որ մենք ուշի-ուշով հետեւում ենք Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին։ Տարբեր կարծիքներ կան, թե ինչու Ալիեւը գնաց այդ քայլին, ոմանք նույնիսկ ինչ-որ ձեւով դա կապում են Արցախի դեմ հնարավոր սադրանքների հետ, բայց ես այնքան էլ չեմ ընդունում այդ մոտեցումը, որովհետեւ Ալիեւն այն մարդն է, որից ամեն ինչ կարելի է սպասել. նա խնդիր չունի քողարկելու իր նպատակադրումները եւ առանց նման «մախինացիաների» էլ կարող է ամեն պահի գործի դնել սադրանքների զինանոցը։
Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի էլ փորձել թաքցնել իր ռազմատենչ նկրտումները, մշտապես հանդես է եկել բացահայտ ահաբեկչական, ռասիստական հայտարարություններով։ Սա իսկապես հետաքրքիր ֆենոմեն է, որովհետեւ սովորաբար երբ մարդը ուզում է հարձակվել, գոնե փորձում է քողարկել իր իրական նպատակը, որպեսզի օգտագործի անսպասելիության գործոնը եւ անակնկալի բերի հակառակորդին։ Ադրբեջանի դեպքում մենք դա չենք տեսնում։
Կարծում եմ, Ադրբեջանի նախագահն ավելի շուտ ներքաղաքական ինչ-որ հարցեր լուծելու համար է գնացել այդ քայլին։ Մասնավորապես միջազգային կառույցների ճնշման տակ նա ստիպված է ազատ արձակել քաղբանտարկյալների մի մասին եւ նախագահական ընտրություններից առաջ բանտերից ազատելով քաղաքականապես ակտիվ այդ տարրերին՝ կարող է խնդիրներ ունենալ։ Չեմ ասում՝ լուրջ խոչընդոտներ կունենա, բայց ամեն դեպքում դա իր համար անցանկալի զարգացում է, որը փորձում է կանխել՝ տեղափոխելով ընտրությունները։
Ի վերջո, այդ մարդիկ, հայտնվելով ազատության մեջ, կարող էին ակտիվ քարոզարշավ սկսել ալիեւյան կլանի դեմ, եւ չի բացառվում, որ պրոբլեմներ առաջանային՝ ռեժիմի վերարտադրությունը սահուն կերպով անցկացնելու առումով, բազմաթիվ այլ խնդիրներ՝ ներկլանային խաղերի հետ կապված։
-Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամանակավորապես սառեցնել բանակցային գործընթացը եւ «ինտենսիվ բանակցությունները» վերսկսել Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններից հետո։ Այդ ժամանակավոր դադարը կարո՞ղ է տարածվել հրադադարի ռեժիմի խախտումների վրա։
-Մտածել, որ հակառակորդը փոխելու է իր գործելաոճը եւ ձեռնպահ է մնալու շփման գծում իրավիճակն ապակայունացնելու շարունակական փորձերից՝ իհարկե, անհիմն լավատեսություն կլիներ։ Հակառակը, ընտրությունների շրջանում փորձելու են շահարկել Ղարաբաղյան խաղաքարտը, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն երկրում գոյություն ունեցող խնդիրներից։
Կարծում եմ, սա ուղղակի մի ձեւ է, պատրվակ՝ խուսափելու «զգայուն» խնդիրների քննարկումից։ Միջազգային հանրությունն ավելի հստակ է դնում մեխանիզմների ներդրման հարցը, եւ դա իրենց համար բարդություններ է ստեղծում. չեն կարող կանգնել ու ասել՝ հրաժարվում ենք կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ սա պատեհ առիթ է՝ ձգձգելու կարգավորման գործընթացը։
Իսկ գուցե ադրբեջանական վերնախավը պատրաստվում է քարը փեշից թափել եւ թեկուզ խորհրդանշական ինչ-որ զիջումնե՞ր անել հայկական կողմին՝ օրինակ, նույն մեխանիզմների ներդրման հետ կապված, եւ «դժվար որոշումներ» կայացնելուց առաջ ապահովում է թիկունքը՝ լուծելով իր վերարտադրության խնդիրը։
-Որեւէ ազդակ չեմ տեսնում, թե Ալիեւը պատրաստ է փոխելու իր քաղաքականությունը եւ ոչ միայն զիջումներ, անգամ կառուցողական փոքր քայլեր անելու։ Կարելի է ասել, որ դրա հավանականությունը գրեթե զրոյական է։
Եվ ուրեմն՝ կարող ենք արձանագրել, որ համանախագահների հետ հանդիպումից լուրջ սպասելիքներ չունեք։
-Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ համանախագահները, հասկանալով խնդրի բարդությունը, հիմնական շեշտը այսօր եւ տեսանելի ապագայում դնելու են խաղաղության եւ կայունության պահպանման վրա։ Ավելին ակնկալելը պարզապես իրատեսական չէ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն